livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

ayriՀանցագործ աշխարհում կինը դեր չունի: Համենայնդեպս, դեռ հին խորհրդային աշխարհում այդ սկզբունքը դրված էր, որը այս կամ այն չափով հասել է մինչեւ մեր օրերը: Սակայն այդ սկզբունքն ամենեւին էլ չէր նշանակում, որ հանցագործ աշխարհում կինն առհասարակ տեղ չունի, մասնավորապես՝ չի կարող հանցավոր բնույթի գործողությունների գնալ: Դեռ ավելին՝ կային եւ կան նույնիսկ հանցավոր «մասնագիտացումներ», որտեղ եթե ոչ հիմնականում, ապա գոնե շատ հաճախ գլխավոր դերակատարությունը հենց կանանց վրա էր դրված: Մի շարք «մասնագիտացումներում» էլ կանանց օգնությունից չէին խորշում օգտվել անգամ «հեղինակությունները»:

Բայց միանշանակ է, որ բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում տեղի ունեցած ընդհանուր հանցագործությունների մեջ կանանց բաժինը միշտ էլ անհամեմատ փոքր է եղել տղամարդկանց համեմատ: Առավելագույնը՝ ընդհանուրի 10-15, բացառիկ ժամանակագրական կտրվածքով՝ 20-25 տոկոս: Դա մի կողմից` խոսում է այն մասին, որ կանայք շատ ավելի քիչ են հակված հանցագործության, քան տղամարդիկ: Թեեւ կան նաեւ այլ հոգեբանական գնահատականներ: Մասնավորապես, որ կանայք ավելի քիչ են դիմում հանցագործության, քանի որ դրա կարիքն ավելի քիչ ունեն, քան տղամարդիկ: Դա մոտավորապես բացատրվում է այսպես. հանցագործությունը հիմնականում կատարվում է եկամուտ ստանալու ակնկալիքով, ասենք՝ վաճառակետից մի կտոր հաց գողանալու ու սնվելու կամ բանկեր թալանելու տեսքով: Իհարկե, եղել են եւ կան այլ շարժառիթներ եւս, օրինակ` վրեժի, նախանձի, խանդի կամ էլ, ասենք, մոլագարության հողի վրա սպանությունը եւ նման այլ բաներ: Սակայն ցանկացած վիճակագրության մեջ դրանք ընդհանուրի փոքր մասն են կազմում՝ առյուծի բաժինը թողնելով եկամտի ակնկալիքով իրականացվող հանցագործություններին: Իսկ եկամուտ ասվածը պետք է հասկանալ որպես ապրուստի, ընտանիքը կերակրելու միջոց: Այդ հոգսն էլ, դեռ մարդկության ստեղծման ժամանակներից սկսած, հիմնականում տղամարդու ուսերին է, եւ որոշ հոգեբաններ հենց դա էլ համարում են կանացի հանցագործությունների սակավության պատճառը:

Սակայն թեկուզեւ քիչ, այնուամենայնիվ կանայք էլ են դիմում հանցագործության: Ինչո՞ւ: Այս հարցին մեծ թվով հոգեբաններ, փիլիսոփաներ են փորձել պատասխանել, բայց այդպես էլ մեկ հիմնական պատասխան գոյություն չունի: Եվ հիմնական եզրակացություններից մեկն էլ այն է, որ այստեղ առհասարակ պատասխան չկա. կինը կարող է հանցանք գործել` ելնելով ամենատարբեր նկատառումներից, պատճառներից, իրավիճակներից: Ընդ որում՝ նույնիսկ ամենածանր հանցագործություններ: Բերենք ամենաթարմ օրինակը, որը օրերս տեղի ունեցավ հենց մեր կողքին՝ Հայաստանում: Մայրը սպանեց իր անչափահաս՝ 6 եւ 4 տարեկան երկու զավակներին: Կարելի է փորձել տարբեր բացատրություններ գտնել` սկսած այդ կնոջ հոգեկան վիճակից, վերջացրած աղանդների հետ կապով: Բայց չէ՞ որ անգամ կենդանական աշխարհում է իգական սեռի մեջ դրված իր ձագերին ոչ միայն չվնասելու, այլեւ նույնիսկ սեփական կյանքի գնով պաշտպանելու գրեթե ամենազոր բնազդը: Մարդկային ցեղի մոտ այդ բնազդին գումարվում են նաեւ բանականությունից բխող արգելքները: Ուրեմն ինչո՞ւ այդ ամենը տվյալ դեպքում դադարեց գործել, սակայն ինքնապաշտպանության բնազդը մնաց: Չէ՞ որ զավակներին սպանելուց հետո այդ կինը փորձում էր նաեւ իրեն կյանքից զրկել, սակայն այդպես էլ դա չարեց: Մի խոսքով` սրանք հարցեր են, որոնց վրա մասնագետները կարող են երկար գլուխ կոտրել...

Ամեն դեպքում փաստն այն է, որ կանայք ավելի հաճախ, քան ընդունված է մտածել, դիմում են ծանր հանցագործությունների, այդ թվում՝ սերիական սպանությունների: Ընդ որում, նման բազում փաստեր եղել են բոլոր ժամանակներում եւ երկրներում: Սկսելով այս հոդվածաշարը՝ մենք ընթերցողին կներկայացնենք նման մի շարք պատմություններ: Սակայն կանխավ խոստովանենք, որ ներկայացնելով փաստերը` ամենեւին էլ նպատակ չենք հետապնդում փորձել գլուխ հանել նաեւ դրանց հոգեբանական կողմից: Դեպքերը տեղի են ունեցել տարբեր ժամանակներում, այսինքն՝ դրանց վրա մեկ մասնագետ չէ, որ գլուխ է կոտրել, սակայն արդյունքում այդ փաստերը մինչ օրս էլ հոգեբանական տեսանկյունից դեռ բազում հարցեր են առաջ քաշում:

Իր զոհերի թվով մեզ հայտնի պատմություններում կին սերիական մարդասպանների թվում առաջինը ընդունված է համարել Բելլ Սորենսոն Հաննեսսին՝ Սեւ այրի մականունով: Նրա հայտնի զոհերի թիվը 42-ն են, սակայն կա նաեւ տեսակետ, որ իրականում Սեւ այրին ավելի մեծ թվով մարդկանց` 49-ին է զրկել կյանքից:

Մինչ Սեւ այրու պատմությունը կներկայացնենք, ասենք, որ ավելի մեծ թվով մարդկանց կյանքից զրկած կանայք էլի կան: Օրինակ` Տոնկա-գնդացրորդուհին ¥Անտոնինա Մարկովա-Հինզբուրգ¤: Ծառայելով գերմանական զորքերին՝ ծագումով մոսկվացի Տոնկա-գնդացրորդուհին գրավված խորհրդային տարածքներում ստանձնել էր դահճի պարտականություն եւ գնդակահարում էր իր իսկ հայրենակիցներին: Այդ կերպ 1941-1943թթ.-ին Տոնկա-գնդացրորդուհու զոհերի թիվը գերազանցեց 1500-ը: Սակայն խոսքը պատերազմական ժամանակների մասին է, եւ Տոնկա-գնդացրորդուհուն թեեւ կարելի է դավաճան, դահիճ եւ այլ մականուններով կնքել, սակայն սերիական մարդասպան, այդ բառի բուն իմաստով, նրան ճիշտ չէ համարել: Ուստիեւ սերիական մարդասպան-կանանց մեջ առաջնության «դափնին» մնում է Սեւ այրուն:

Բնության մեջ Սեւ այրին գոյություն ունեցող ամենաթունավոր սարդերից մեկն է: Նրա խայթոցը 5-7 օրվա ընթացքում սպանում է մարդուն: Սակայն հազվադեպ է պատահում, որ կենդանու թույնը վտանգավոր լինի նաեւ իր ցեղակիցների համար: Եվ Սեւ այրին էլ այդ եզակիներից մեկն է. զուգավորումից անմիջապես հետո այս տեսակի էգ սարդերը, որոնք 2-4 անգամ ավելի մեծ են, քան արուները, սպանում եւ ուտում են արուներին:

Իրենց մեկ կամ մի քանի ամուսիններին սպանած «Սեւ այրի» մականունով կանայք պատմության մեջ շատ են ի հայտ եկել: Բերենք թեկուզեւ ամենավերջին օրինակներից մեկը. 2008թ.-ին ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում իրավապահները տարիների ընթացքում ¥1952թ.-ից մինչեւ 1986թ.-ը¤ իր 5 ամուսիններին սպանելու մեղադրանք ներկայացրեցին 76-ամյա թոշակառու Բետտի Նոյմարին: Օմսկի բնակչուհի Նատալյայի զոհը 1990-ականներին դարձան նրա երեք ամուսինները... Կարելի է բերել տասնյակ, եթե ոչ հարյուրավոր «Սեւ այրիների» այլ օրինակներ: «Սեւ այրի» մականունն էր կրում նաեւ1956թ.-ին Մոսկվայում ծնված Մարիա Բերգերը, նա ինքը՝ Լուիզա Մոնրոն, Իրմա Կոխը, Մարիա ֆոն Շտեֆենբերգը, Էլզա Գրյունը եւ այլն, եւ այլն: Տասնյակ անուններով եւ դեմքերով այդ կինը, լինելով խորհրդային գիտաշխատողների միակ դուստրը, տարիներ շարունակ որոնվում էր Ինտերպոլի, ՀՖԲ-ի, ԿԳԲ-ի եւ մի շարք այլ ոչ պակաս նման հեղինակավոր կառույցների կողմից` ահաբեկչական կազմակերպություններ ղեկավարելու, սպանությունների եւ մի շարք այլ ծանր հանցագործությունների մեղադրանքով: Մարիա Բերգերի անչափ ուշագրավ պատմությանը եւս դեռ կհասնենք: Սակայն իր բացառիկ դաժանությամբ, կարծում ենք, անգամ նրանից էր մի քանի գլխով առաջ կանգնած Բելլ Սորենսոն Հաննեսսը:

Ծնվել է 1859թ. նոյեմբերի 11-ին՝ Նորվեգիայում: Այնտեղ, ավելի ճիշտ՝ մինչ ամուսնությունը նա կրում էր Բրունգիլդա Ստյորսետ անունը:

Աղքատ քարագործի ընտանիքում Բելլը 8-րդ երեխան էր: 1877թ.-ին, երբ Բրունգիլդան դեռ Նորվեգիայում էր, առաջին անգամ հղիացավ: Սակայն ավարտը ողբերգական է. նորվեգական ազգային տոնակատարություններից մեկի ժամանակ, երբ Բրունգիլդան մասնակցում էր ընդհանուր պարերին, ինչ-որ տղամարդ ոտքով հարվածեց նրա փորին, եւ արդյունքում նա կորցրեց երեխային: Եվ քանի որ այդ տղամարդը շատ հարուստ էր, կարողացավ ազատվել պատժից: Սակայն շատ չանցած նա մահացավ: Պաշտոնական ախտորոշումն էր՝ ստամոքսի քաղցկեղ: Սակայն Բրունգիլդայի հետագա ճակատագիրը ուսումնասիրողները տարիներ անց այդ ախտորոշումը լուրջ կասկածի տակ առան...

Ինչեւէ,  Բրունգիլդային ճանաչողները միաբերան պնդում են, որ այդ դեպքերից հետո նրա բնավորությունն ամբողջովին փոխվեց: Հաջորդ երեք տարիներին նա աշխատում էր տարբեր ընկերություններում, գումար կուտակում եւ 1881թ.-ին տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ էլ Բրունգիլդան դարձավ Բելլ:

Երեք տարի անց՝ 1881-ին, Բելլը ամուսնանում է չիկագոյաբնակ գործարար Մեդս Սյորենսոնի հետ: Ամուսնությունից երկու տարի անց ամուսինները հիմնեցին քաղցրավենիքի խանութ, որի գործերն այնքան էլ հաջող չէին, եւ մեկ տարի անց խանութը հանելուկային պայմաններում այրվեց: Արդյունքում ամուսինները ստացան բավականին պատկառելի ապահովագրավճար:

Համատեղ կյանքի ընթացքում Բելլն ու Մեդսը ունեցան չորս երեխա: Նրանցից երկու ավագները դեռ մանուկ հասակում մահանում են: Բժշկական եզրակացության մեջ պատճառը նշվում է աղիքային հիվանդությունը, որի ախտանիշները, սակայն, չափից դուրս նման են թունավորման ախտանիշներին:

Զավակներից շատ չանցած՝ 1990թ.-ին, մահանում է նաեւ Մեդսը: Ընդ որում, հենց այն միակ օրը, երբ նրա կյանքի ապահովագրման երկու պոլիսները միաժամանակ ուժի մեջ էին: Պաշտոնական ախտորոշումն էր՝ սրտային անբավարարվածություն: Սակայն դեղորայքը, որ նա պարբերաբար ընդունում էր, այս անգամ «պատահականորեն» չէր ազդել: Ընդ որում, դիակն ուսումնասիրած բժիշկներից մեկը հաստատեց, թե Մեդսը մահացել է ստրիխինի թունավորումից, սակայն ընտանեկան բժիշկը վկայեց, թե նա հիվանդ սիրտ ուներ:

«Սեւ այրուն» երեխաների եւ ամուսնու մահից հետո բաժին է հասնում 8500 դոլար ապահովագրավճար, որը մեր ժամանակներում համարժեք է մոտ 220 հազարին: Չնայած ամուսնու հարազատները կասկածում եւ Բելլին են մեղադրում ամուսնու եւ երեխաների սպանության մեջ, սակայն ապացույցների բացակայության պատճառով նրան այդպես էլ մեղադրանք չեն ներկայացնում:

Շատ չանցած «Սեւ այրին» տեղափոխվում է այլ նահանգ՝ Ինդիանա: Ձեռք է բերում բավականին հարուստ մի ֆերմա Լա Պորտ քաղաքի մերձակայքում եւ սկսում ապրել խեղճ այրու կյանքով:

Հենց այդ ֆերմայում էլ «Սեւ այրին» սպանությունները վերածում է մի իսկական մահվան բիզնեսի...

Ֆերմա տեղափոխվելուց շատ չանցած Բելլը ծանոթանում է քաղաքում բնակվող իր ազգակից Պետեր Հաննեսսի հետ: Շուտով նրանք ամուսնացան, եւ Պետերն իր աղջկա հետ միասին տեղափոխվեց Բելլի ֆերմա, բայց ոչ երկար ժամանակով... Ամուսնությունից հազիվ մեկ շաբաթ անց Պետերի աղջիկը մահացավ պաշտոնապես «չպարզված հանգամանքներում»: Նույն տարվա՝ 1902թ. վերջերին զոհվեց նաեւ Պետերը. երբ նա մտնում էր մառան, «պատահաբար» գլխին ընկավ մսագործի հսկայական դանակը: Թեեւ տեղաբնակները այնքան էլ չէին հավատում, որ փորձառու մսագործ Պետերի հետ կարող է նման բան պատահել, 14-ամյա մի աղջնակ էլ պատմեց, որ տեսել է, թե ինչպես է Բելլը վերցրել այդ դանակը: Բելլին ձերբակալեցին, բայց քանի որ նա հղի էր, եւ ուղղակի ապացույցներ էլ չկային, շուտով ազատ արձակեցին: Այնուամենայնիվ, Բելլին Պետերի մահվանից հետո մնացին 4 հազար դոլար ապահովագրավճար, նրա ազգանունը՝ Հաննես եւ որդին՝ Ֆիլիպը, որը ծնվեց այդ ամենից շատ չանցած:

 

Շարունակությունը` հաջորդ համարում

ՊԱՏՐԱՍՏԵՑ ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում