livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

10Սիրիահայ հայտնի լուսանկարիչ, լրագրող, հասարակական գործիչ ՔԱՌԼՈՍ ԽՈՍԵ ԲՈՒՐԴՋՅԱՆԸ լուսանկարչությամբ սկսել է զբաղվել պատահական` նրան ստիպել է Դեր Զորի հայկական եկեղեցին, գուցե նաեւ հայ քրիստոնյայի արյան կա՞նչը, չենք կարող ասել: Բայց մի բան հստակ է, մեր զրուցակիցը հաճախ է լինում Հայաստանում:


- Ի՞նչը դարձավ շարժառիթ` ստեղծագործելու համար:
- Ընդհանրապես ես մեծացել եմ արվեստասեր մթնոլորտում եւ այդ պատճառով  եղել եմ արվեստի տարբեր ոլորտների մեջ: Փոքր տարիքից սիրել եմ նկարել եւ հաճախում էի նկարչական դասընթացների: Ինչպես նաեւ հաճախել եմ Սիրիայի պետական երաժշտական կոնսերվատորիա եւ ավարտել ջութակի բաժինը: Բայց երեւի թե գալիս է մի ժամանակ, որ ինքդ քեզ ամրագրում ես արվեստի մի բաժնում: Գուցե դա է քեզ պարտադրում միեւնույն ժամանակ լինել անկեղծ եւ ստեղծագործ: Բայց միշտ էլ սիրում եմ փորձել արվեստի տարբեր գույները, ստեղծագործ մարդը միշտ էլ փնտրում է ինչ-որ տարբերակ` ինքնարտահայտվելու իրեն յուրահատուկ ձեւով: Ինձ ճանաչողները գիտեն, որ երաժշտությունն իմ մոլեգնությունն է, իսկ լուսանկարչությունը` իմ պրոֆեսիոնալ հոբբին, որովհետեւ երբ արվեստը դառնում է արհեստ, այլեւս կդադարի արվեստ լինելուց` կդառնա առեւտուր:13

- Ինչո՞ւ որոշեցիք հենց լուսանկարչությամբ զբաղվել:
- Լուսանկարչությամբ սկսեցի զբաղվել մի շատ հաճելի դեպքից հետո: Տարիներ առաջ երգչախմբով գնացել էինք Դեր Զոր, մասնակցելու տեղի հայ եկեղեցու օծման հանդիսավոր արարողությանը: Սուրբ պատարագն ավարտվելուց հետո խմբով շրջում էինք տաճարի ներսում եւ կարճ ժամանակ ունեինք, շատ արագ վազեցի ներս ու նայեցի վերեւ` գմբեթին: Եկեղեցու մուտքից պատկերը շատ գեղեցիկ էր եւ արագ նկարեցի իմ սովորական ապարատով, եւ իրոք լուսանկարն այնքան գեղեցիկ ստացվեց, ու հենց այդ վայրկյանից որոշեցի լուրջ զբաղվել լուսանկարչությամբ:

- Բայց հաճախ լուսանկարչությունը ծառայեցնում եք մեկ այլ արվեստի ուղղության` կոլաժային արվեստին, ո՞րն է նպատակը:
- Կոլաժային արվեստով զբաղվելը նույնպես շատ պատահական ստացվեց: Երբ փորձում էի լուսանկարել` այլ կերպ պատկերացնել, մի օր էլ մկրատը վերցրի ձեռքս ու սկսեցի նկարի տեսքը փոխել, դրա համար իմ արած կոլաժը անվանում եմ «մկրատի արվեստ»` Shredding Art: Շատ մարդիկ իմ այդ քայլը չեն ընդունում որպես արվեստ, հատկապես, երբ ներկայիս համակարգչային տարբեր հնարքներով հեշտորեն կարող ես նման արդյունքի հասնել: Բայց, երբ յուրաքանչյուր նկարի վրա աշխատում ես ժամերով, նույնիսկ օրերով` սկսում մի գաղափարով, ավարտում լրիվ ուրիշ կերպ, այդ ժամանակ քո արածը դառնում է արվեստ:

- Իսկ դժվա՞ր է լուսանկարել այն մարդկանց, ում շատ լավ եք ճանաչում, թե ճիշտ հակառակն է:
- Իմ կարծիքով դա ավելի է հեշտացնում աշխատանքը: Այսինքն` հարկավոր չէ ավելորդ ժամանակ կորցնել` տվյալ մարդուն ճանաչելու եւ վստահելու համար: Բայց երբեք հեշտ չէ նման մարդկանց լուսանկարել, երբ ուզում ես այդ լուսանկարի մեջ ցուցադրել քո տեսանկյունը: Նման պարագայում օբյեկտիվի միջից զգում ես դիմացինի «փակ» վիճակը, ինչը քեզ չի թողնում մտնես իր ներաշխարհն ու աշխատես: Բայց դա չի նշանակում, որ մտերիմ մարդկանց դժվար է լուսանկարել:

11

- Հայտնի դեմքերից ո՞ւմ կցանկանայիք լուսանկարել:
- Ինձ միշտ հետաքրքրել են ճանաչված մարդիկ, որոնց հետ աշխատանքը մեծ հաճույք է, այդտեղ կա մեծ խնդիր` ցույց տալ իմ տեսակետը, թե ես ինչպես եմ իրենց տեսնում: Օրինակ` ովքեր տեսել են իմ այն աշխատանքները, որոնք ես արել եմ հայ երգարվեստի տարբեր ներկայացուցիչների հետ, ասում են, որ սրտին շատ մոտ են ու հարազատ: Երեւի թե փորձում եմ իրենց ներկայացնել այնպես, ինչպես ես եմ տեսնում` անկեղծ, մարդկային ու հարազատ, հեռու լուսային էֆեկտներից: Իսկ թե ում կցանկանայի լուսանկարել` երեւի անցած ժամանակների մարդկանց, մարդիկ, որոնք իրենց մեծության  մեջ եղել են պարզ ու բարի, ինչն այսօր  չկա:

12- Հաճախ լուսանկարները ֆիքսում են պահեր, նույնիսկ պատմական, որոնք ավելի շատ դառնում են փաստագրական նյութ: Արդյո՞ք ձգտել եք երբեւէ ձեր տեսախցիկով ֆիքսել նման կարեւորագույն պահ, թե Ձեզ համար կարեւոր է լուսանկարի գեղարվեստական կողմը:
- Իհարկե, նման նախագծերում աշխատել եմ, եւ նման գործերը քո անունը դարձնում են ավելի մնայուն եւ այս պարագայում լուսանկարի գեղարվեստական կողմն այդքան էլ կարեւոր չէ: Ասենք, եթե աշխատում ես հայրենասիրական թեմայով, շատ կարեւոր չէ լուսանկարը չափազանց մտրակել, ուղղակի փոքր էֆեկտն էլ բավարար է` քո արտիստիկ դրոշմը թողնելու համար: Իմիջիայլոց, վերջին  մի քանի տարվա Սիրիայի քաղաքական պատերազմի ոչ ստաբիլ վիճակը պատրաստի դոկումենտալ նյութ է` անմահանալու համար: Բայց անկեղծ` թեման այնքան հուզիչ է ինձ համար, որ չեմ մտածում գոնե հիմա ներկայացնել: Ավելին` շատերն առիթից օգտվելով  ու մի քանի էֆեկտներ ավելացնելով` ներկայացնում են ինչ-որ նկարներ: Նման գործերն անկեղծությունից եւ որոշ չափով իրականությունից զուրկ են, ու գոնե լրատվության մեջ պետք չէ օգտագործել` հակառակ եւ սխալ ազդեցություն չտալու համար:

- Հաճախ եք լինում Հայաստանում, ի՞նչն է Ձեզ գրավում Հայաստանում եւ մասնավորապես Երեւանում, գուցե ցանկություն ունեք բնակություն հաստատել Երեւանո՞ւմ:
- Յուրաքանչյուր սփյուռքահայի պես ես էլ միշտ այդ կարոտն ունեցել եմ հայրենիքի հանդեպ, մեծ կարոտ, որ տարիների ընթացքում դարձավ մեծ ցանկություն` այցելել Հայաստան, դա 1997 թվականն էր: Բոլոր սփյուռքահայերի նման ինձ գրավեց Հայաստանն իր բնությամբ ու տեսարժան վայրերով` սա որպես առաջին անգամ այցելող: Բայց ավելի ուշ ինձ ավելի գրավեց ժողովուրդը: Ասեմ, որ այդ տարբեր այցելություններից ձեռք եմ բերել երեւանյան ընկերներ` տարբեր բնագավառներից, ինչպես նաեւ սովորական մարդիկ: Անկեղծ ասած` իմ վերջին այցելության պատճառը հենց այդ հարազատ մարդկանց ու ընկերների կարոտն էր: Իսկ Երեւանում բնակություն հաստատելու գաղափարը կարծում եմ` հարաբերական է: Չեմ ուզում այն սխալ ընդունվի կամ հայրենասիրության հետ շփոթեք, բայց երբեք հեշտ չէ տեղափոխվել ու սկսել նոր կյանք նոր երկրում, դա լինի Հայաստանը, թե մեկ այլ երկիր: Գուցե տարիքով ավելի փոքր լինեի` հեշտ լիներ, բայց միշտ ցանկություն եմ ունեցել շատ փոքր տնակ ունենալ Երեւանում: Պարտադիր չէ, որ այն լինի հենց Երեւանի կենտրոնում, բայց ինչ-որ մի փոքրիկ խրճիթի մասին երազում եմ: Չնայած` բոլոր ընկերներիս տան դռները միշտ բաց են եղել, եւ նրանց անկեղծությանը երբեք չեմ կասկածել: 

Կարեն Գրիգորյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում