livemarks sitemap
Շաբաթ, Սեպտեմբերի 21, 2019

fateՅուրաքանչյուր կին կամ աղջիկ ուզում է լինել սիրված: Երազում է, որ սիրելիի կողքին իր յոթ օրը վերածվի տոնի: Բայց, ցավոք, ոչ միշտ է ցանկալին համընկնում իրականի հետ: Պատահում է այնպես, որ հեքիաթային արքայազնը շատ զբաղված է տարբեր խնդիրներով կամ էլ պայքարում է սարսափելի դեւերի դեմ եւ քեզ համար ժամանակ չի գտնում: Եվ արդյունքում անկեղծ սիրո երազանքով ապրող աղջիկների մի մասը այս դեպքում խորասուզվում է աշխատանքի մեջ` փորձելով լռեցնել սրտի ձայնը, որը շարունակ բողոքում է միօրինակությունից: Ինչ-որ մեկը համբերատար սպասում է, իսկ մյուսն էլ` ավելի նախաձեռնողը, որոշում է ինքը կերտել իր արքայազնին. «Հետո ինչ, որ նա կատարելությունից շատ հեռու է, մի քիչ համբերություն, եւ ամեն ինչ տեղը կընկնի: Թեկուզ այսօր չէ, բայց վաղը նա կհասկանա, թե ինչ հրաշք եմ ես, եւ այստեղ էլ կսկսվի հրաշքը»:

Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ անկեղծ եւ փոխադարձ սերը, ի վերջո, բերում է ամուսնության, որը փոխում է մարդու կյանքի ընթացքն ու պայմանները: Բնականաբար, դա շատ լուրջ քայլ է, եւ, բացի այդ, այլ պատճառներ էլ կան նման վճիռ կայացնելու համար: Դրանք են` վախ մենակությունից, չամուսնանալու վախ, երեխաներ ունենալու ցանկություն, համատեղ ապրելու ձգտում, ինչպես նաեւ` ամուսնացած մարդու սոցիալական կարգավիճակ ունենալը:

Ժողովրդի մեջ տարածված է այսպիսի մի արտահայտություն. «Կինն ամուսնանում է, որպեսզի ընտանիք ունենա, իսկ տղամարդը` կին»: Այս հարցի շուրջ զրուցեցինք մի խումբ երիտասարդների հետ եւ աղջիկների մեծ մասից ստացանք հետեւյալ պատասխանները. «Ես ուզում եմ, որ ապագա ամուսինս լինի ընտանիքին նվիրված», «Ուզում եմ, որ նա լինի լավ հայր երեխաների համար», «Ունենա աշխատանք, ապահովված լինի», «Լինի սիրելի, քնքուշ, ուշադիր»: Իսկ տղաներից ստացանք մոտավորապես հետեւյալ պատասխանները. «Կինս պետք է ունենա կնոջ վարք», «Լինի համեստ, ենթարկվող», «Գործունյա եւ հասկացող, նախաձեռնող»: Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր կին ամուսնանալուց հետո ամուսնու մեջ տեսնի ոչ միայն իր երեխաների հորը, այլ նաեւ տղամարդու, իսկ տղամարդը` ոչ միայն կնոջ, այլ նաեւ երեխաների մորը: Ամուսինների հիմնական նպատակը պետք է լինի համատեղ ապրելն ու երեխաներ դաստիարակելը:

Զարմանալի է, բայց` փաստ, որ այսօր մի ստվար զանգված հրաժարվում է ամուսնությունից: Պատճառները, իհարկե, կարող են տարբեր լինել, սակայն հիմնական պատճառը պատասխանատվությունն է: Տղամարդը, որոշելով ամուսնանալ, իր վրա վերցնում է ողջ կյանքում ընտանիք պահելու պատասխանատվությունը: Ճիշտ է, մինչեւ 20-րդ դարը տղամարդը ընտանիք պահելու ողջ պատասխանատվությունը ամբողջովին վերցնում էր իր ուսերին, բայց 20-րդ դարն աչքի ընկավ նրանով, որ սկսեցին հաշվի նստել ոչ միայն պատասխանատվության հետ, այլեւ առաջ եկավ եւ ընտանիքներում սկսեց ձեւավորվել իրավունք հասկացությունը: Եթե նախկինում տղամարդն էր պատասխանատու երեխաների համար, հիմա արդեն երեխաներն իրավունք ունեն հոգատարություն պահանջելու:

Ի տարբերություն տղամարդկանց` կանանց մոտ նկատվում է ամուսնանալու մեծ միտում: Նախ` մեր աղջիկները պաստրաստ են հարսնանալու, եւ երկրորդ` նման քայլով նրանք պատասխանատվությունը դնում են մեկ ուրիշի վրա, բացի այդ, որոշ դեպքերում շատ կանանց համար ամուսնությունը հաջող միջոց է սոցիալական ապահովություն ձեռք բերելու համար:

Սակայն ամուսնանալուց եւ ընտանիք կազմելուց հետո ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է գործի ըստ իր պարտականությունների եւ ոչ թե իրավունքների, քանզի եթե ընտանիքում որեւէ մեկը խոսի իր իրավունքից, ապա մյուսները եւս կօգտագործեն իրենց բաժին իրավունքը, բայց եթե ընտանիքի անդամներից մեկն ասի` պարտավոր եմ անել, մյուսներն էլ տեսնելով, առանց հարկադրված լինելու, կանեն իրենց պարտականությունները: Այստեղից էլ փոխադարձ սիրով եւ հարգանքով իրար կապված ընտանեկան միջավայր կձեւավորվի, որն ավելի կարեւոր դեր կխաղա հասարակության մեջ:

Այնպես որ, սիրելի՛ աղջիկներ, եթե դուք դեռ չեք գտել այն մեկ ու անսահման սերը, որը կլցնի ձեր ողջ կյանքը, պետք չէ հուսահատվել եւ զենքերը վայր դնել: Յուրաքանչյուր պահի պետք է պատրաստ լինեք դիմավորել ձեր սիրուն: Չէ՞ որ սերը ծնվում է այնպես հանկարծակի, այնպես ակնթարթորեն, որ քեզ զգում ես կյանքի հորձանուտում: Պահի տակ չես էլ հասկանում` արդյոք, դո՞ւ ես, բայց գիտակցում ես, որ չես կարող ապրել առանց նրա, եւ թվում է, թե նա է այն միակը, որ լցնում է քո կյանքը, եւ դատարկ ու անիմաստ է թվում կյանքն առանց նրա: Իզուր չեն ասում, որ սերը կյանքի ամենամեծ նեցուկն է:

Սիրո մասին այնքան է խոսվել եւ երբեմն` այնքան լավ, որ թվում է նոր բան ասել հնարավոր չէ: Կամ, գուցե, միշտ էլ ասելիք կա: Հազար ու մի անուններ, տեսակներ, պատմություններ ենք հորինում անսահման այդ երեւույթը ինչ-որ կերպ սահմանելու համար: Բայց երբեմն էլ սիրո հետ շփոթում ենք երեւույթներ, որոնք իրականում կապ չունեն սիրո հետ. երբեմն այնպես ենք ընտելանում հարաբերություններին, որ երբեմն կառչում ենք նրանից` անկախ այն բանից, թե որքան լավ էինք մենք զգում այդ հարաբերություններում: Այնպես է լինում, որ մեզ լքում են: Այո՛, մի գեղեցիկ օր նա չի ուզում այլեւս քեզ հետ կապ ունենալ: Սկսվում է դեպրեսիան, բարկությունը, ցավը, հուսահատությունը: Իսկ ավելի վատ է, որ նա հայտնվում է որոշ ժամանակ անց, բայց ոչ այն բանի համար, որ ցանկանում է քեզ ետ բերել: Նա եկել է, որովհետեւ քո օգնությունն անհրաժեշտ է ինչ-որ հարցում: Իսկ դու սկսում ես մտածել, որ նա իրականում սիրում է քեզ, որ սխալվել է եւ հիմա գիտակցում է իր սխալը: Մի պահ կանգ առ, որպեսզի հասկանաս, որ այդ խելագար սերը չէ նրան ստիպել վերադառնալ քեզ մոտ: Նա քեզ ցավ է պատճառել եւ չի էլ զղջում: Թույլ մի տուր քեզ վիրավորել: Նա միակ տղամարդը չէ աշխարհում: Եվ վաղ թե ուշ կհայտնվի նա, ով կմտածի քո զգացմունքների մասին եւ կգնահատի քեզ ըստ արժանվույն: Չէ՞ որ դու արժանի ես, որ քեզ սիրեն եւ կյանքդ իսկական տոնի վերածեն: Եվ եթե ինչ-որ մեկին դուր չես գալիս, այստեղ ոչինչ չես փոխի, միայն կարելի է փոխել վերաբերմունքը նման տղամարդկանց հանդեպ եւ թանկարժեք ժամանակը չծախսել նման հիմարությունների վրա: Ի վերջո, դա ոչ թե քո խնդիրն է, այլ նրա: Չէ՞ որ նա այնքան կարճատես էր, որ չկարողացավ տեսնել, թե ինչպիսի հրաշք ես դու:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում