livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

Հայ կնոջ կերպարը առհասարակ մեր ժողովրդի կյանքում մեծ նշանակություն է ունեցել:Այն ավելի նկատելի է դարձել հատկապես պատերազմական իրավիճակներում, երբ կինը մինչեւ վերջին պահը թեւ ու թիկունք է կանգնել ամուսնուն, ընտանիքին, հայրենիքին: Հայրենասիրական ոգին հայ կանանց մեջ դեռ պահպանվում է, ինչն անչափ ողջունելի է: Մեր օրերում հայրենիքին, հայ ժողովրդին ու հայոց բանակին սատար է կանգնում մի մարդ, որի հանդեպ ճակատագիրը քմահաճ է գտնվել: Այդ կինը ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ է՝ կին, որն իր միակ որդու զոհվելուց հետո կյանքը նվիրել է Հայոց բանակին:

- Տիկին Մարգարիտա, ի՞նչ վիճակում է գտնվում ներկայումս զինվորը, արդյո՞ք այն, ինչ տեսնում ենք էկրաններին, համապատասխանում է իրականությանը:

- Ես գիտեմ թե Հայաստանի եւ թե Լեռնային Ղարաբաղի զորամասերի հրամանատարներին իրենց անուններով, որոնց հարգում եմ եւ վերաբերվում ինչպես մայրն իր որդիներին: Զորամասերում ամեն ինչ կարգին է: Ամեն անգամ, երբ հանդիպում եմ զինվորների ու հրամանատարական կազմի հետ, միշտ ասում եմ` իմ բալեք, միմյանց նկատմամբ ունեցեք փոխադարձ հարգանք, Աստծու խորանի գլխին մնացեք, որ իմ կողքին  սեւազգեստ մայրերի թիվը չավելանա: Ամեն հանդիպման ժամանակ ես փոխանցում եմ իմ հեռախոսահամարներն ու ասում, որ եթե ինչ-որ հարց ունեք, զանգեք` լինի գիշեր, թե ցերեկ: Ես երբեք չեմ վատաբանել ու փնովել մեր բանակը ու երբեք դա չեմ անի, քանի որ մեր բանակը  դժվարությամբ ենք ստեղծել: Պետք է սատար կանգնենք, այլ ոչ թե հակառակորդի ջրաղացին ջուր լցնենք:

- Ժամանակին նույնիսկ ամենադժվար՝ պատերազմական տարիներին, մայրերը հպարտանում էին, որ իրենց որդիները գնում են հայրենիքը պաշտպանելու, սակայն հիմա կարծես մայրերի հոգեբանությունը փոխվել է: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւմ է խնդիրը:

- Մայրերը վախենում են: Եթե այսօր մայրը զինակոչիկ ունի, որին պետք է տա Հայոց բանակին, տեսնելով իմ վիճակը, որ իմ տղային տվել եմ ու ինչ վերաբերմունքի եմ արժանանում, վախենում է, թե կարժանանա իմ ճակատագրին. չի գնահատվի թե՛ պետության, թե՛ իշխանավորների, թե՛ ժողովրդի կողմից: Երբ մտնում ենք հայկական ընտանիքներ, ամենամեծ ընտանիքը ունի երկու երեխա` մեկ տղա, մեկ աղջիկ:

Շատ ժամանակ ես ինքս ինձ նախատում եմ: Իմ հնարավորությունները մեծ են եղել, եւ եթե ունենայի ներկայիս մայրերի մտածելակերպն ու վախը, որդուս չէի տա բանակին: Տղաս իմ կամքին հակառակ զորակոչվեց: Բայց իմ տղան զորակոչվեց եւ ասաց` որ երկու տարի դիմանաք, ես կգամ: Ես ցանկացած պահի հպարտացել եմ իմ տղայով ու իմ տղայի ծառայությունով: Այն վայրը, որտեղ մեր տղաների արյունը թափվել է, մենք` մայրերս, պատերազմ էլ լինի, մենք մեր տղաների արյան գնով պաշտպանածը ետ չենք տա: Մենք բալա ասելով ենք մնացել ու թույլ չենք տա, որ մեր նման մայրերի թիվը շատանա: Մենք կլինենք մեր բանակի, մեր ժողովրդի կողքին:

- Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ժողովրդին ու հատկապես մայրերին:

- Ես կոչ եմ  անում հայ մայրերին` մի՛ վախեցեք: Թող ցանկացած մայր իր որդու մեջ սերմանի ներում հասկացողությունը: Մեր զինվորները միմյանց նկատմամբ չունեն ներողամտություն: Եթե մենք հասնենք նրան, որ մի զինվորը ների մյուսին, ուրեմն մենք շատ մեծ բանի ենք հասել: Միակ թերությունը, որ ունենք մեր բանակում, դա միմյանց չհարգելն է:

Իմ ազգից խնդրում եմ մի բան՝ միասնություն: Պետք չէ միմյանց բոյկոտել: Աստված ոչ անի, եթե պատերազմ լինի, մենք նորից ենք հաղթելու: Խորհուրդ կտամ մեր ազգին, որ ամեն մեկը գոնե մեկ լուցկու չափ լավություն անի բանակին, ոչ թե փնովի:

Ես կխնդրեի մեր ծնողներին, որ երեխաների մեջ սերմանեն ներողամտություն: Արդյոք նրանց հայրերը չե՞ն բարկանում նրանց վրա: Երբ հրամանատարի նկատողությունը ընդունեն ինչպես հոր խոսքը, ամեն ինչ լավ կլինի:

- Ի՞նչ եք կարծում` զինվորի ոգին այսօր բա՞րձր է:

- Մենք առաջ ենք գնում, եթե ես տեսնում եմ առաջին գծում կանգնած, գյուղից եկած խեղճ ու անճար տղայի ոգեւորությունը: Պատմեմ մի փոքրիկ դեպք: Օմարի լեռնանցքում սառնամանիքին առաջին գծում կանգնած էր գյուղացի տղա, ես նրան հարցրեցի` իմ բալա, ամեն ինչ կարգի՞ն է: Նա ոգեւորված պատասխանեց. «Հա, մեր ջան, մեռնեմ կյանքիդ, որ դու էստեղ ես, ամեն ինչ լավ ա»: Զինվորիս ոգին բարձր է, ես հպարտ եմ, որ նման տղաներ ունեմ: Նույնիսկ այդ նեղ պահին իմ զինվորը ընկճված չէ:

Մարդիկ պետք է հիշեն, որ կաղ կլինեմ, թե քարկոծված, ես իմ բանակի կողքին եմ լինելու:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում