livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

gaxut1Կրկին կինը ճաղերի ետեւում եւ կրկին խեղաթյուրված ճակատագիր եւ ընտանիք: Այս պատմությունը, որն ուզում ենք ձեզ ներկայացնել, մեզ ապշեցրեց իր բնույթով, որ փաստորեն կինը ի զորու է այնքան հզոր գտնվել, որ ծեծի ենթարկի մի քանի տղամարդու, եւ հայտնվել ճաղերի ետեւում: Ինչեւէ, մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին` եղելությունը ներկայացնելուց հետո: Կրկին անգամ ելնելով զրուցակցի ցանկությունից` չենք ներկայացնում վերջինիս անուն-ազգանունը եւ որոշ մանրամասներ:

- Ես 45 տարեկան եմ, ապրում եմ Երեւանում, ունեմ երեք տղա` 25, 23 եւ 10 տարեկան, նրանցից մեկը 2-րդ կարգի հաշմանդամ է, եւ այստեղ եմ հայտնվել` չգիտեմ ինչու: Ունեմ անբարո եղբոր դուստր, որը մեր տան կողքը տուն էր վերցրել, որպեսզի ապրեր: Մի օր, մի քանի տղամարդ հարբած գալիս են նրա տուն զվարճանալու նպատակով: Սակայն մինչ տուն մտնելը այդ հարբած տղամարդիկ նկատելով տղայիս, որը պատահաբար կանգնած է լինում դրսում, մեր տան դիմաց, սկսում են եղբորս աղջկան անբարո խոսքեր ասել, իսկ տղաս լսելով դա` կռվի է բռնվում, որպեսզի պաշտպանի քրոջը: Այդ տղաս հոգեկան հիվանդ է, եւ երբ նրան խփում-գցում են գետնին, եղբորս աղջիկը վախից ինձ է կանչում, ես լսելով նրա ձայնը` դուրս եմ գալիս բակ, որ տեսնեմ` ինչ է պատահել, եւ տեսնում եմ, որ հիվանդ տղայիս գետնին են տապալել: Երբ վազելով մոտենում եմ նրանց, այդ պահին հարբածներից մեկը սկսում է անվայել խոսքեր ասել նաեւ ինձ, որը լսելով` տղաս ասում է` «էդ իմ մայրն է, էդ ի՞նչ եք ասում իմ մորը», եւ վազում է դեպի տան կողմ, իսկ նրանք հայհոյելով մոտենում են տանը, որտեղ գտնվում էր հիվանդ ամուսինս` սրտի օպերացիայով, պրոբլեմներով: Ես կարող եմ նույնիսկ թուղթ ցույց տալ, որ իմ ամուսինը, մոտ 5 տարի է, ինչ չի կարողանում լիարժեք շարժվել ու ձեռքը վերեւ բարձրացնել: Այդ պահին, երբ մտնում են մեր տուն` հարձակվում են ամուսնուս եւ տղայիս վրա ու ծեծի ենթարկում մեզ բոլորիս: Անցնում է մի քանի ժամ, մեր տուն են գալիս Ոստիկանության աշխատակիցները եւ մեզ ու եղբորս աղջկան տանում քաղմաս ու սկսում են իբրեւ թե ցուցմունք վերցնել պատահածի մասին: Այնուհետեւ հաջորդ օրը մեզ ուղարկում են դատական բժշկի մոտ: Իմ դեմքը ու մարմինը ամբողջ կապտուկների մեջ էր, տղաս արյուն էր միզում, իսկ ամուսնուս կողքի ոսկորներն էին ջարդել, բայց էդ ամենը հեչ են անում ու հաշվի չեն առնում, որը հետագայում ազդում է դատական պրոցեսի վրա: Ի դեպ, այդ տղամարդկանց եւս ուղարկում են դատական բժշկի մոտ, եւ ըստ փորձագետի` իմ ամուսինը պետք է պառկեր 41 օրից ոչ ավելի, իսկ իրենք` 20 օր: Իսկ այսօր ես եւ իմ հիվանդ տղան նստած ենք կալանավայրում, չգիտենք` ինչի համար, 10 տարեկան տղաս եւ հիվանդ ամուսինս մնացել են բախտի քմահաճույքին, ոչ մի օգնող եւ օգնություն չենք ստանում այդ դեպքից հետո:

- Կներեք, այդ դեպքում ձեզ ինչո՞ւմ են մեղադրել, որ դուք հայտնվել եք կալանավայրում:

- Իբրեւ թե մենք ենք իրենց ծեծի ենթարկել, ամեն բան էդ քննիչները շուռ են տվել մեր վրա: Եթե արդար դատավարություն էր, ապա թող իրենց էլ դատեին, այնինչ ես եմ իմ ընտանիքով հանդերձ ծեծի ենթարկվել, բայց նրանք դարձան տուժող կողմ: Եթե կա արդար դատավարություն, ապա թող գնան ու տեսնեն, թե ինչո՞վ են զբաղված այդ անամոթները ամբողջ օրը, հատկապես շաբաթ-կիրակի օրերին, Քանաքեռի այգիներում, առավոտից մինչ երեկո հարբում եւ անհանգստացնում են տարածքի բնակիչներին` ասելով, որ` մենք թիկունք ունենք եւ ինչ կուզենք` կանենք: Ինչպես կարող էր իմ խեղճ ու կրակ, հիվանդ ընտանիքը այդ հաղթանդամ երեք տղամարդկանց ծեծի ենթարկել, մենք էդ մարդը չենք եւ նույնիսկ ի վիճակի չենք նման բան անելու: Այս գործով որ դատարան դիմեցինք` այդ անամոթներին դատավորները փաթաթվելով դիմավորում եւ ճանապարհում էին, եւ մենք չէինք կարողանում մեր ճիշտը ապացուցել: Քրեականում մտնում տեսնում էինք` իրար հետ սուրճ են խմում, ջան ասում, ջան լսում:

- Իսկ ի՞նչ արեց ձեր եղբոր դուստրը, քանի որ ձեր պատմելով` կալանավայրում հայտնվելու պատճառը նա է հանդիսացել:

- Նրան այդ տղամարդիկ կանչել ու վախեցրել էին` ասելով, որ` քեզ խելոք պահի, թե չէ քո վրա հորաքրոջ հոդվածը կա: Իսկ հետո այդպես էլ չիմացա, թե ոնց եղավ, որ ինքը այդ պատմությունից չոր դուրս եկավ, եւ իր մեղքը ընկավ մեզ վրա:

- Նա նույնիսկ չի՞ այցելում ոչ ձեզ, ոչ ձեր ընտանիքի՞ն:

- Այո, ոչ մի անգամ չի այցելել: Ես երեսուն տարի ունեցել եմ հրաշալի ընտանիք, սա իմ տեղը չի, իմ 10 տարեկան տղան դպրոց չի գնում, ամուսինս ի վիճակի չի աշխատելու, ընտանիքս գտնվում է ծայրահեղ վիճակում: Ինձ պատժում են` չգիտեմ ինչի համար, չէ՞ որ այստեղ մնալով` ես ավելի կթշնամանամ աշխարհի նկատմամբ, երեք տարի երկու ամիս կալանք են տվել ինձ, իսկ հոգեպես անառողջ տղաս նստած է Կոշի գաղութում, այնինչ մենք ոչ գող ենք, ոչ թալանչի, ոչ մարդասպան: Ի դեպ, վերջում այդ տղամարդիկ նույնիսկ իրենց բողոքը ուզում էին ետ վերցնել, հավանաբար գութ էր արթնացել նրանց մեջ, բայց կայացվեց դատը ու որոշվեց, որ մենք պետք է պատժվենք չեղած բանի համար: Ես կկրեմ այս տառապանքը, պատիժը, բայց վերեւն Աստված կա, մի՞թե նրանք չեն վախենում Աստծու դատաստանից:

Զրուցեց` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում