livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

Որքան էլ պայքարենք հասարակության չարիք դարձած թրաֆիքինգ երեւույթի դեմ, այնուամենայնիվ, դրա զանազան դրսեւորումները շարունակվում են հանրության շրջանում: Եվ որքան խորն ենք ուսումնասիրում, այնքան ավելի ենք համոզվում, թե ինչ անջնջելի հետք է թողնում առեւտրից տուժած մարդկանց վրա թրաֆիքինգը: Թրաֆիքինգի կազմակերպիչները նրանց նկատմամբ կիրառում են «տուգանքներ եւ պատիժներ», կասկածները, վախը շարունակում են հետապնդել զոհերին նաեւ այն ժամանակ, երբ նրանք արդեն դուրս են գալիս թրաֆիքինգի կարգավիճակից:

Նրանք շարունակում են կասկածել, որ թրաֆիքինգի կազմակերպիչները հետեւում են իրենց, եւ իրենք վտանգի մեջ են: Երբեմն նրանք վախենում են թրաֆիքյորների վրեժխնդրությունից իրենց կամ իրենց ընտանիքի հանդեպ: Նրանց շարունակ տանջում է այն միտքը, որ հասարակությունը վանում է իրենց, որ անցյալի բացահայտման դեպքում իրենք կարժանանան շրջապատի բացասական կամ արհամարհական վերաբերմունքին: Իսկ դրա համար կարեւոր է, որ հասարակությունը ընդունի եւ աջակցի նման մարդկանց, նրանց դիտարկի ոչ թե որպես մեղսագործի, այլ՝ զոհի: Չէ՞ որ շահագործման եւ ստրուկի կարգավիճակում ապրած յուրաքանչյուր անձ փափագում է ընդունված եւ հասկացված լինել շրջապատի կողմից: Փորձենք ընդունել նրանց այնպիսին, ինչպիսին նրանք կան, եւ ոչ թե խորացնենք ու չթողնենք սպիանան առանց այն էլ խորը վերքերը: Բայց շատ հաճախ մեր օրերում հենց նման ձեւով են վերաբերվում թրաֆիքինգից տուժածների հետ. արհամարհում եւ նվաստացնում են:

Ուստի զարմանալի չէ, որ զրուցակիցս, որը հերթական  սեռական շահագործման ենթարկված թրաֆիքինգի զոհերից է, մինչ օրս արժանանում է շրջապատի արհամարհական վերաբերմունքին: Աննան 47 տարեկան է: Բնակվում է Հայաստանի փոքրիկ քաղաքներից մեկում: Երիտասարդ տարիներին երազել է դառնալ բժշկուհի, սակայն ծանր սոցիալական վիճակը թույլ չի տվել, որ իրականանան երազանքները: Մեծացել է մեծ ընտանիքում: Ունի քույր եւ եղբայր: Ծնողները մահացել են բավականին  երիտասարդ տարիքում: Քանի որ քույրը եւ եղբայրը տարիքով մեծ են եղել, ծնողների կենդանության օրոք կարողացել են ստանալ բարձրագույն կրթություն եւ հետագայում ապահովել իրենց բարեկեցիկ կյանքով: Իսկ այ, Աննայի բախտը այդ հարցում չէր բերել. ընտանիքի երեխաներից ամենածանր կյանքը նրան բաժին ընկավ: Դրա մասին է վկայում Աննայի հետեւյալ արտահայտությունը. «Մեր ընտանիքի բոլոր երեխաներին Աստված սիրում էր, իսկ ինձ աչքաթող էր արել»: Եվ իրոք, ճակատագիրը նրա համար դաժան անակնկալների մի շարան էր պատրաստել: Քույրը եւ եղբայրը ամուսնացան, ընտանիք կազմեցին, իսկ Աննային նույնիսկ այդ հարցում բախտը չէր ժպտացել: Երեսունին մոտ տարիքում Աննան ծանոթացավ մի երիտասարդի հետ: Երկար շփվելուց հետո երկուսն էլ հասկացան, ինչպես ինքն է ասում, որ իրենք «իդեալական զույգ են»: Սկսեցին միասին ապրել: Աննան միշտ ասում էր արդեն իր ամուսնու կարգավիճակում հայտնված Արսենին, որ գնան եւ իրենց երկուսի կապն օրինականացնեն: Բայց Արսենը միշտ խուսափում էր այդ թեմայից եւ, որպես արդարացում, հետեւյալ կերպ էր արտահայտվում. «Էդ թղթի կտորը չի, որ պիտի օրինականացնի մեր կապը, ի՞նչ ես կպել դրանից, առանց դրա էլ ենք շատ երջանիկ: Ի վերջո, դա կարեւոր չէ»: Բայց նրանց երջանկությունը շատ կարճ տեւեց՝ ընդամենը մի քանի ամիս: Միասին ապրելու ժամանակահատվածում Արսենը հաճախ օրերով «անհետանում» էր, իսկ երբ վերադառնում էր, ոչ մի բացատրություն չէր տալիս կամ էլ, ավելի ճիշտ, միշտ նույն  պատասխանն էր տալիս. «Ընկերներիցս մեկի տանը լռված էինք, տղամարդ եմ, ամբողջ օրը տանը հո չե՞մ նստելու, ի՞նչ ես պատմություն սարքում»: Արսենը չէր աշխատում, իսկ Աննան ունեւոր մի ընտանիքում սպասուհի էր աշխատում: Ընտանիքի ողջ հոգսը Աննայի վրա էր: Այդպես էլ կշարունակվեր, եթե երկու տարի հետո Աննան բոլորովին  պատահաբար չբացահայտեր, որ Արսենը ընտանիք ունի, ավելին՝ երկու երեխա: Դրանից հետո Աննային պարզ դարձան Արսենի` «օրերով անհետանալու» պատճառները: Սկզբում Արսենը ժխտում էր ընտանիքի գոյութան փաստը, բայց դա երկար չտեւեց: Աննան հեռացավ Արսենից: Նա իրեն մեղավոր էր զգում. չէ՞ որ ակամայից Արսենի ընտանիքի քայքայման պատճառն էր դարձել: «Ախր, եթե ես իմանայի, որ երկու անչափահաս երեխաների զրկում եմ հայրական սիրուց, ես երբեք, ինչքան էլ որ սիրեի ու կապված լինեի, նման քայլի չէի դիմի: Բայց Արսենը այնքան հմտորեն էր թաքցնում ընտանիքի գոյությունը, որ անհնար էր կռահել»,- պատմում է Աննան:

Արսենի եւ Աննայի համատեղ կյանքից ծնվեց փոքրիկ Ա.-ն: «Երբ որ իմացա, արդեն ուշ էր, չէի կարող հրաժարվել երեխայից` չնայած քաջ գիտակցում էի, որ երեխա պահելը ինձ համար հեշտ չի լինի: Մենակ եմ, օգնողներ չունեմ, բայց ամեն դեպքում ունեցա եւ հիմա ուրախ եմ, որ չեմ հրաժարվել իմ հրաշքից: Ծնված օրվանից մինչեւ օրս միայն նա է ինձ ստիպում սթափ նայել կյանքին, պայքարել եւ գոյատեւել, չընկճվել ոչ մի  դժվարության առաջ»:

Եվ, քանի որ երեխայի միակ խնամողը Աննան էր, իսկ  աշխատանքի էլ արդեն քիչ էր գնում, որոշակի պարտքեր գոյացան: «Ճիշտ է, քույրս եւ եղբորս ընտանիքը ինձ որոշ չափով օգնում էին, բայց հո չէի՞ կարող ամեն հարցով իրենց դիմել»,- ասում է Աննան: Սկզբում կարողանում էր պարտքերը վերադարձնել, բայց եկավ մի պահ, որ աշխատանք չուներ եւ ստիպված էր պարտքը պարտքի հետեւից անել: Պարտք անում էր մի հոգուց, որ հետո հեշտ լիներ վերադարձնելը: Մեկ տարվա ընթացքում Աննան հասցրել էր 1500 դոլարի չափով պարտք կուտակել: Պարտքատերը հարեւանուհին էր, որը սկզբում համբերատար սպասում էր, բայց հետո սկսեց կոնկրետ ժամկետներ դնել: Աննան չգիտեր, թե որտեղից օգնություն խնդրեր, իսկ հարեւանուհու դրած ժամկետները օրեցօր վերածվում էին կոնկրետ սպառնալիքների: Աննան խնդրում էր, որ ժամանակ տա, որպեսզի կարողանա հայթայթել գումարը, բայց հարեւանուհուն այլեւս չէին հետաքրքրում նրա խնդրանքները: «Նա ինձ ծեծում էր, ասում էր` ուզելիս լա՞վ էր, դե հիմա ոնց ուզում ես` տո՛ւր, ուզում ես` երեխայիդ ծախիր ու տո՛ւր, ինձ չի հետաքրքրում»,- հիշում է Աննան: Մի օր էլ հարեւանուհին եկավ Աննայի մոտ եւ ասաց, որ շահավետ առաջարկ ունի: «Ուզում ես, չէ՞, հա՛մ էս ղալմաղալից պրծնես, հա՛մ էլ վերջապես նորմալ կյանքով ապրես»,- ասում էր հարեւանուհին: Աննան լսեց նրա  առաջարկը, որը հետեւյալն էր. Աննան պետք է մեկներ Թուրքիայի Անթալիա քաղաք, աշխատեր մատուցողուհի՝ ամսեկան 500 ԱՄՆ դոլար աշխատավարձով: Ճանապարհածախսի հետ կապված բոլոր խնդիրները հարեւանուհին իր վրա էր վերցնում:

Աննային այլ ելք չէր մնում: Երկար մտորումներից հետո նա տվեց իր համաձայնությունը: Որոշեց երեխային թողնել քրոջ մոտ: Քույրը մեծ հաճույքով համաձայնեց երեխային խնամել, իսկ Աննային խորհուրդ տվեց միայն հարեւանուհու ասածի վրա չհիմնվել, մի քանի հոգուց հետաքրքրվել աշխատանքի մասին, որն առաջարկում են նրան: Աննան այդպես էլ որոշել էր: Բայց հարեւանուհին նրան հետաքրքրվելու ժամանակ չէր թողել: Երկու օրվա ընթացքում նա հավաքեց իրերը եւ մեկնեց: Այստեղից նրան ճանապարհեց հարեւանուհին, իսկ այնտեղ նրան պետք է դիմավորեին ամուսիններ: Թուրքիա հասնելուն պես ամուսինները նրանից վերցրեցին անձնագիրը եւ բացատրեցին աշխատանքի բնույթը, որը հետեւյալն էր. նա պետք է աշխատեր տեղի գիշերային ակումբներից մեկում եւ օրեկան ամենաքիչը 10 հաճախորդ սպասարկեր: «Ինձ տվեցին նաեւ պորտապարուհու շորեր` հաշվի չառնելով տարիքս: Ասում էին. «Դու տարիքիդ համապատասխան ջահել ես երեւում, համ էլ լավ «թոթոլ» ես: Մարմինդ լավ ձիգ ա մնացել, էնպես որ` հրաժարվելու պատճառներ չունես»: Գիտեի, որ հետդարձի ճանապարհ չունեի, մտածեցի` գոնե աշխատեմ, հարեւանուհուս պարտքը վերադարձնեմ: Խնդրեցի ինձ ուրիշ աշխատանք տրամադրեն, նույնիսկ փողոց մաքրելուն կհամաձայնեի, միայն թե անբարո աշխատանք չանեի, բայց անիմաստ էին խնդրանքներս: Սպառնացին, որ եթե հրաժարվեմ, կվնասեն Հայաստանում գտնվող երեխայիս եւ հարազատներիս: Այլընտրանք չունեի  եւ, ուզած թե չուզած, համաձայնեցի: Նրանք ահավոր մարդիկ էին. ինձ ծեծում էին, սոված պահում, ստիպում, որ, բացի ակումբի հաճախորդներից, երբ տանն էի լինում, եթե իրենց տուն հյուր էր գալիս (մանավանդ տղամարդ), գնայի, ինձ ցուցադրեի, իրենց ասելով` «ժխշվեի»` մինչեւ որ իրենք ինձ ցանկանային: Ցանկության դեպքում ինձ տանում էին ննջարան կամ բաղնիք եւ անում հետս` ինչ ուզում էին: Դժվար է նկարագրել այն դժոխքը, որի միջով ես եմ անցել: Օրվա մեջ ընդամենը մեկ ժամ էի քնում, մի րոպե ավել կամ պակաս իրավունք չունեի: Դա` մինչեւ աշխատանքի գնալը, իսկ աշխատանքի էի գնում երեկոյան ժամը ութին եւ պետք է հասցնեի տուն մաքրել, ճաշ եփել, տանտերերին լողացնել: Երբ գումար էի ուզում տուն ուղարկելու համար, ասում էին. «Ի՞նչ ես աշխատել, որ ինչ ուղարկես: Ինչ աշխատում ես, հազիվ ուտելուդ փողն է»: Բայց իմ հաշվարկով օրական ես մոտ 150-200 դոլար էի աշխատում: Հաճախորդները գումարը ինձ չէին տալիս, որպեսզի կարողանամ գոնե կոպեկ-կոպեկ հետ գցեմ: Արգելում էին տուն զանգել, իսկ տանից էլ ինձ զանգել չէին կարող. բոլոր հեռախոսահամարները փոխել էին: Հարազատներիցս ոչ մի տեղեկություն չունեի, Անթալիայում եղած ժամանակ նույնիսկ ինքնասպանության փորձ եմ արել: Այլեւս  չէի դիմանում նվաստացումներին, ստորացումներին: Հույս չունեի, որ երբեւէ կազատագրվեմ այդ դժոխքից: Ինձ սեղանի ջնջոցի նման օգտագործում եւ դեն էին նետում, իսկ դրանից առավել մեծ նվաստացում, ինձ թվում է, չկա»:

Աննան իր նկարագրած «դժոխքում» մնաց 7 ամիս: Հարազատները ամենատարբեր միջոցների էին դիմում Աննայից տեղեկություն ստանալու համար, բայց ամեն անգամ նրանց ջանքերն անհաջողությամբ էին պսակվում: Ի վերջո, որոշեցին դիմել ոստիկանություն: Ոստիկանությանը տվեցին մոտավոր այն տվյալները, որոնք գիտեին: Իրավապահ մարմինների օգնությամբ Աննային հաջողվեց վերադառնալ հայրենիք: Հայրենիք վերադառնալիս մեծ հույսերով էր տոգորված, սակայն... Աննան ցավով պատմեց, թե ինչ էր նախապատրաստել ճակատագիրը հայրենի երկրում. «Դաժան անակնկալ, ուրիշ ոչինչ: Հայաստանում ո՛չ մտերիմներս, ո՛չ շրջապատող հասարակությունը ինձ չընդունեցին: Ես չէի ուզում, որ ինձ խղճային, պարզապես թող փորձեին մտնել դրությանս մեջ, կողքիս լինեին, բայց ոչ, երեւի դա էլ էր ինձ համար շատ: Մեծ թե փոքր հետեւիցս անբարո խոսքեր էին շպրտում, ծիծաղում էին: Բոլորն ինձ մարմնավաճառի պիտակ էին կպցնում, բայց նրանից եւ ոչ ոք չփորձեց գալ եւ իրական պատմությանը ծանոթանալ: 13-14 տարեկան տղա երեխաները փողոցում ինձ տեսնելիս հետեւյալ արտահայտությունն էին անում. «Գինդ ինչքա՞ն ա»: Եվ այդ ամենը` իմ հարազատ երկրում: Եթե Թուրքիայում այդպես լիներ, կմտածեի` օտար են, թշնամի. իհարկե, պիտի ուրախանան դժբախտությանս վրա: Բայց չէի սպասում, որ Հայաստանում, առավել եւս` այն բնակավայրում են այդպես վարվում, որտեղ երկար տարիներ բնակվել եմ եւ ոչ մի անբարոյական բան չեմ արել: Աշխատանքի մասին էլ չեմ խոսում: Որտեղ որ գնում էի աշխատանք փնտրելու, ինձ նույն բանն էին ասում. «Քո տեղը Թուրքիան է, լավ էլ դոլարներ կաշխատեիր, իզուր ես եկել: Ինչքան էլ խնդրես-պաղատես, խղճահարություն չես առաջացնի: Քեզ ոչ ոք աշխատանքի չի ընդունի, էդ մի բանում վստահ եղիր»: Կարծես ոչինչ չէր փոխվել, երբեմն մտածում էի, որ նորից Թուրքիայում եմ: Հայրենիք վերադառնալուց հետո ինձ ավելի նվաստացած ու ստորացած էի զգում, քան օտար երկրում, օտարի ձեռքի տակ»:

Մենք պարզապես կցանկանանք, որ մարդիկ ժամանակ առ ժամանակ ընթերցեն «Նոր կտակարանը», ավելի ճիշտ` «Շնության մեջ բռնված կինը» գլուխը: Դպիրներն ու փարիսեցիները շնության մեջ բռնված մի կնոջ են բերում Հիսուսի մոտ եւ ասում. «Վարդապե՛տ, այս կինը շնության մեղք գործած ժամանակ բռնվեց: Մովսեսը օրենքի մեջ մեզ պատվիրեց այսպիսիներին քարկոծել»... Հիսուսը վեր նայեց ու ասաց նրանց. «Ձեզանից անմեղ եղողը` առաջին քարը նա թող նետի նրա վրա»... Եվ մնում են միայն Հիսուսն ու այդ կինը: Եվ Հիսուսն ասում է. «Ես էլ չեմ դատապարտում քեզ. գնա եւ սրանից հետո մեղք մի գործիր»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում