livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

ayriՊատմությունը, որի սկիզբը ներկայացրել ենք մեր նախորդ համարներից մեկում, սերիական մարդասպան-կանանց մասին է: Ավելի կոնկրետ` նման կանանց առաջատարի` «Սեւ այրի» մականունով Բելլ Սորենսոն Հաննեսսի մասին: 1859թ. նոյեմբերի 11-ին Նորվեգիայում ծնված Բելլը, ով դեռ 18 տարեկանում կասկածվում էր սպանության մեջ, 1881թ.-ին տեղափոխվեց ԱՄՆ` Չիկագո: Այնտեղ էլ, շատ չանցած, նրան սկսեցին մեղադրել ամուսնու եւ երկու երեխաների մահվան մեջ: Խուսափելով պատժից` «Սեւ այրին» տեղափոխվում է այլ նահանգ՝ Ինդիանա, որտեղ էլ ձեռք է բերում բավականին հարուստ մի ֆերմա Լա Պորտ քաղաքի մերձակայքում: Շատ չանցած` Բելլն ամուսնանում է երկրորդ անգամ, սակայն հազիվ մեկ շաբաթ անց ամուսնու աղջիկը մահանում է պաշտոնապես «չպարզված հանգամանքներում»: Մի քանի ամսից աղջկան հետեւում է հայրը: Կրկին հիմնական կասկածյալը Բելլն էր, սակայն էլի նրան հաջողվում է խուսափել պատժից:

Հետագա 3 տարիներին արտաքուստ արտառոց իրադարձություններ տեղի չէին ունենում, եւ աստիճանաբար Բելլի մասին ձեւավորվում էր համեստ, բարեպաշտ, մի քիչ կռվարար, սակայն երբեմն էլ մարդկանց օգնության ձեռք մեկնող խեղճ այրու պատկեր, եւ բացարձակ պատկերացում չկար, թե ինչ է տեղի ունենում նրա ֆերմայի ներսում: Միակ տեսանելի դեպքը 1906թ.-ին արդեն բավականին ծավալված ֆերմայի կառավարման հարցերով Ռեյ Լամպֆերին աշխատանքի վերցնելն էր: Ճիշտ է, շրջապատում կային շշուկներ, թե Լամպֆերը համատեղության կարգով նաեւ Բելլի սիրեկանի «պաշտոնն» է զբաղեցրել, բայց դե` ո՞ր այրու հետ կապված նման «բամբասանքներ» չկան: Մինչեւ որ...

1908թ. ապրիլի 28-ին Բելլ Հաննեսսի ագարակը բոցերի մեջ կորած էր: Դրանից ոչ շատ առաջ Լամպֆերին փոխարինել էր նոր կառավարիչ` Ջո  Մեքսոնը: Բանն այն է, որ Լամպֆերը շրջապատի համար անհասկանալի պատճառներով կրակել էր Բելլի ուղղությամբ: Նա չէր վնասվել, սակայն դիմել էր իր փաստաբանին, թե վախենում է իր եւ երեխաների կյանքի համար, քանի որ Լամպֆերը սպառնացել է մորթել իրեն ու երեխաներին եւ վառել տունը: Իսկ պաշտոնական մարմիններին Լամպֆերի արարքը փորձել էր բացատրել հանկարծահաս հոգեկան հիվանդությամբ: Սակայն բժիշկները Լամպֆերին համարեցին մեղսունակ, եւ քանի որ Բելլը կրակոցի համար ոստիկանությանը պաշտոնապես բողոք չներկայացրեց, Լամպֆերին ազատ արձակեցին: Այդ միջադեպը անուշադրության էր մատնվում, սակայն...  Ջո  Մեքսոնը գիշերն արթնացավ ծխի հոտից, նետվեց միջանցք, ձայն տվեց տիրուհուն եւ երեխաներին: Արձագանք չկար, եւ Ջոն մի կերպ դուրս նետվեց երկրորդ հարկի պատուհանից եւ ողջ մնաց:

Այրված տանը հայտնաբերվեցին երեք երեխաների դիերը ¥երկուսը՝ առաջին ամուսնությունից¤: Նախնական տպավորությունն այն էր, որ երեխաներին մորթել էին մինչ հրդեհը: Հայտնաբերվեց նաեւ գլխատված կնոջ անճանաչելի մարմին, բայց գլուխն այդպես էլ չգտնվեց: Չնայած ճանաչելն անհնար էր, սակայն մատներին Բելլի մատանիներն էին, եւ եզրակացվեց, որ դա նրա դին է: Եվ իսկույն հիշեցին Բելլի այն կասկածները, թե Լամպֆերը սպառնացել է մորթել Բելլին եւ երեխաներին ու տունն այրել: Լամպֆերը կալանավորվեց...

Ողբերգությունը, առանց չափազանցության, իր վրա էր հրավիրել ողջ Ամերիկայի ուշադրությունը: Ուստիեւ շերիֆ Ալբերտ Սմուտցերին մնում էր մանրակրկիտ հետաքննություն անցկացնել: Առավել եւս, որ բժշկական եզրակացություններն սկսել էին նախնական տպավորությունները հերքող փաստեր ի հայտ բերել: Նախ պարզվեց, որ երեխաները մահացել են հրդեհի ժամանակ՝ խեղդվել են ծխից: Երկրորդը. Բելլն այդ ժամանակ ուներ բավականին պատկառելի մարմին՝ 110 կգ-անոց: Գլխատված կնոջ կառուցվածքն ավելի համեստ էր: Եվ, վերջապես, կնոջ դիակի ստամոքսում հատնաբերվեց թույն՝ ստրիխին, ինչը նաեւ Բելլի առաջին ամուսնու՝ Մեդսի մոտ էր հայտնաբերվել: Եվ ամենատարօրինակը, անբացատրելին զոհված կնոջ գլխի բացակայությունն էր. եթե գլխատել էին ինքնությունը թաքցնելու համար, ապա ինչո՞ւ էր մարդասպանը թողել մատանիները: Իսկ միգուցե հակառա՞կն էր. մատանիները դրել էին մեկ այլ կնոջ մատներին եւ գլուխը տարել, որ նրան Բելլի տե՞ղը դնեն: Բայց այդ դեպքում ո՞ւր է Բելլը, մի՞թե հենց նա է իր երեխաներին սպանողը...

Այդ բոլոր տարօրինակությունների արդյունքում շերիֆը սկսեց ստուգել նաեւ Բելլի բանկային հաշիվները: Այստեղ էլ արդյունքները անսպասելի էին. պարզվեց, որ մի քանի տարի շարունակ Բելլի հաշիվներին բավականին պատկառելի գումարներ են մուտքագրվել, իսկ հրդեհից ոչ շատ վաղուց գումարները հիմնականում կանխիկացվել էին:

Ավելին, պարզվեց, որ տան հրդեհի գիշերվա համար Լամպֆերն ալիբի ուներ, թե բոլորովին այլ վայրում է գտնվել: Սակայն շերիֆը, ամեն դեպքում, նախընտրեց նրան դեռ ազատ չարձակել:

Այս ամենից զատ` շերիֆը մեկ այլ օգնություն էլ ստացավ. նրան դիմեց ինչ-որ կին՝ Էսլի Հելհելեյը, տեղեկացնելով, որ եկել է Լա Պորտ եղբորը՝ Էնդյուին, որոնելու: Նա շերիֆին ցույց է տալիս մի լրագրային հայտարարություն, որտեղ ասված էր. «Լա Պորտի ¥Ինդիանա նահանգ¤ մի ծաղկուն հատվածում գտնվող մեծ ֆերմայի տիրուհի գեղեցիկ այրին ցանկանում է ընտանիք ստեղծելու եւ կապիտալները միավորելու նպատակով ծանոթանալ հարուստ տղամարդու հետ...»: Էլսին պատմում է, որ 1907թ.-ին իր եղբայրն այդ հայտարարությունը կարդալով եւ նամակագրական կարճատեւ կապ հաստատելով հայտարարության հեղինակի հետ՝ մեկնել է նրան հանդիպելու, եւ դրանից հետո ոչ մի տեղեկություն չկա: Այդ իսկ պատճառով նա նախ գրել է այդ այրուն եւ պատասխան չստանալով՝ մեկնել է եղբորը փնտրելու: Կասկած չկար, որ հայտարարության հեղինակ «գեղեցիկ այրին» հենց Բելլն էր:

Քանի դեռ շերիֆն այն նոր տեղեկությունների հիման վրա հարցաքննում էր տեղացիներին, Էլսին թափառում էր ֆերմայի տարածքում եւ անհասկանալի զուգադիպությամբ ծայրամասային մի հատվածում նկատեց ինչ-որ կասկածելի հորեր: Վազելով շերիֆի մոտ՝ նա առաջարկեց ուսումնասիրել այդ հորերը, եւ հենց դրանց պարունակությունն էլ սկսեց բազում այլ սպանությունների կասկածներ եւս ուղղել Բելլի ուղղությամբ: Հայտնաբերվեցին եւս մի քանի դիակներ, որոնց թվում էր Էլսիի եղբայրը:

Ֆերմայի այդ հատվածում «պեղումները» դեռ երկար շարունակվեցին, եւ սկսեցին ի հայտ գալ նորանոր դիակներ, մասնատված եւ ամբողջական, մի քանի տարվա վաղեմության, համեմատաբար` թարմ... «Մահվան տուն». անմիջապես ողջ Ամերիկան սկսեց հենց այս կերպ անվանել Բելլի ֆերման:

Շատ չանցած սկսեց ցուցմունքներ տալ նաեւ Լամպֆերը: Նա պնդում էր, որ ինքն է հրդեհել Բելլի տունը՝ խանդից դրդված: Արդյունքում տունը հրդեհելու մեղադրանքով նա դատապարտվեց 25 տարվա ազատազրկման: Սակայն թոքախտով հիվանդ Լամպֆերի համար պատժաչափն էական նշանակություն չուներ, եւ նա մահացավ մեկ տարի էլ չանցած: Միայն մահվանից առաջ Լամպֆերը խոստովանահորը պատմեց Բելլի հետ անցկացրած իր մի քանի տարիների պատմությունը, խոստովանահայրն էլ, եկեղեցական իշխանությունների թույլտվությամբ, դրանք ներկայացրեց իրավապահներին:

ayri2Այդպես էլ պարզ դարձավ, որ տարիներ շարունակ Բելլը լրագրային հայտարարությունների միջոցով «փեսացուներ» է գտել, հանդիպել իր տանը: Առաջիններից մեկը Ջոն Մոուն էր, ով Բելլի հայտարարության համաձայն այցելել էր նրան՝ իր հետ ունենալով 1000 դոլար, որպես գրավի նման մի բան: Այդ գումարն արագորեն մտավ Բելլի դրամապանակը, իսկ Ջոյի մասին այլեւս ոչ մեկը չլսեց: Հաջորդը Բելլին հյուրընկալվեց Ջորջ Ադերսոնը՝ էլի համապատասխան գումարով: Գիշերը քնած Ջորջը պատահաբար արթնանալով՝ տեսնում է գլխավերեւը կանգնած Բելլին՝ դեմքի չարագուշակ արտահայտությամբ: Ձեռքին ծանր մոմակալ էր: Տեսնելով, որ Ջորջն արթնացել է, Բելլը արագորեն դուրս է փախչում: Առավոտյան Անդերսոնը շտապ հեռանում է Բելլի տանից եւ դառնում նրա այն միակ «փեսացուն», ով այս ողբերգությունների շարանից կենդանի դուրս է պրծել:

Եվ այդպես մոտ չորս տասնյակ «փեսացուներ» հայտնվեցին Բելլի ագարակի հետնամասի հորերի մեջ: Արդյունքում Բելլը «վաստակեց» 250 հազար դոլարի կարգի գումար, որն այն ժամանակներում հսկայական էր:

Լամպֆերը՝ իրականում Բելլին սիրահարված այդ պատանին, միայն օգնել էր դիակները թաքցնել: Բելլն անձամբ էր սպանում բոլորին, քանի որ նրան ավելի շատ հրապուրում էր ոչ թե փողը, այլ սպանելը. մի մասին թունավորում էր, մի մասին՝ մորթում, մի մասին էլ, որպես «էկզոտիկ» տարբերակ, քնեցնում, ապա պառկում վրան եւ իր մարմնի ծանրությամբ շնչահեղձ անում: Սակայն այդ դիվային մեխանիզմի մեջ կար մի թերություրն. Լամպֆերը խանդում էր ամեն մի հերթական «փեսացուին», ով ոտք էր դնում Բելլի տուն: Դրանից սիրեկանները միշտ վեճերի մեջ էին, մինչեւ որ վերջնականապես գժտվեցին, եւ Բելլը 1908թ.-ի սկզբներին Լամպֆերին վռնդեց: Սակայն վերջինս սպառնում էր ամեն ինչ պատմել իրավապահներին, եւ Բելլը երեւի գիտակցեց, որ եկել է հետքերը թաքցնելու ժամանակը: Լամպֆերը պատմեց նաեւ, որ Բելլը խոստացել էր հաշտվել նրա հետ, որ պետք է կազմակերպեին հրդեհն ու միասին փախչեին: Հրդեհի նախօրեին Բելլն աշխատանքի էր ընդունել մի տնտեսուհու՝ Չիկագոյից, եւ Լամպֆերը պատմում է, թե ինչպես է Բելլը նրան թունավորել ու գլխատել՝ իրեն մեռած ներկայացնելու համար:

Լամպֆերը, ինչպես որ հանձնարարել էր Բելլը, հրդեհում է տունը եւ սպասում նրան պայմանավորված վայրում: Բայց Բելլն այդպես էլ չի գալիս: Մնացել էր նա վառվող տա՞նը, թե՞ խաբել, հեռացել էր. Լամպֆերն այդ հարցի պատասխանը չուներ:

Բելլի նկատմամբ հետախուզում հայտարարվեց, սակայն քանի որ նա այդպես էլ չգտնվեց, պաշտոնապես համարվեց հրդեհի ժամանակ մահացած:

1931թ.-ին Լոս Անջելոսում ամերիկյան իրավապահները ձերբակալեցին Էստեր Կարլսոն անունով մի կնոջ, ով թունավորել էր իր ամուսնուն՝ ապահովագրավճար ստանալու նպատակով: Երկու վկա, ովքեր ժամանակին տեսել էին Բելլին, հայտարարում էին, որ Էստերը հենց Բելլն է: Սակայն Էստերը մահացավ բանտում դեռ դատավարությունն էլ չսկսված:

ՊԱՏՐԱՍՏԵՑ ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում