livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

traf2Հաճախ մարդիկ մարդկանց թրաֆիքինգը նմանեցնում են մարդկանց մաքսանենգության հետ: Սակայն կարեւոր է հաշվի առնել այն փաստը, որ վերջինում մարդիկ կամավոր են դիմում մաքսանենգների` գաղտնի անօրինական ձեւով մի վայրից մյուսը տեղափոխվելու համար: Այստեղ անօրինական փաստաթղթերի մեջ խարդախություններ, սխալ տվյալներ կարող են նաեւ չլինել, իսկ ժամանումից հետո մաքսանենգված անձը կարող է ինքն ընտրել իր ճանապարհը:

Թրաֆիքինգի զոհերին թույլ չի տրվում ժամանումից հետո հասնել իրենց նպատակային վայրը, նրանք իրենց կամքից անկախ, բռնի կերպով պահվում են եւ կատարում հարկադրական աշխատանք, որի դիմաց ընդհանրապես գումար չեն ստանում կամ ստանում են շատ չնչին: Իսկ սեռական շահագործման ենթարկվածների վիճակն էլ ավելի սարսափելի է. նրանց շահագործում են, ոտնահարում արժանապատվությունը, իսկ վերջում օգտագործված ջնջոցի նման դեն նետում` առանց խղճի խայթի, կարծես այդպես էլ պետք էր, նրանք դրան էլ արժանի էին: Իսկ թե ինչ դաժան եւ անմարդկային ճակատագրեր են պատրաստում իրենց հերթական թիրախների համար, թրաֆիքյորները, մեզ հետ զրույցում կպատմի թրաֆիքինգի զոհ դարձած Ա.-ն, որը ողջ զրույցի ընթացքում անընդհատ արտասվում էր եւ կրկնում հետեւյալը. «Ամեն անգամ հիշելիս նորից ապրում եմ այն ամենը, որի միջով անցել եմ: Զոհի պիտակը միշտ կհետապնդի ինձ ողջ կյանքիս ընթացքում, ինչքան էլ փորձեմ մոռանալ»:

- 19 տարեկան էի, բնակվում էի Արարատի մարզում: Ընտանիքում հինգ երեխա էինք: Հայրս մահացած էր: Ընտանիքի ողջ ծանր բեռը ընկած էր մայրիկիս եւ եղբորս ուսերին, հազիվ էինք ծայրը ծայրին հասցնում:

Մայրս եւ եղբայրս ուզում էին ինձ ամուսնացնել, որ դրանով գոնե իմ հոգսից պրծնեին: Բայց ես չէի ուզում այդքան շուտ ամուսնանայի, մանավանդ` առանց զգացմունքի, ուղղակի ամուսնանալու եւ հայրական տնից գնալու համար: Բայց իմ ուզել-չուզելը շատ քիչ էր: Ամուսնացա: Ամուսինս 25 տարով ինձանից մեծ էր: Իմ եւ նրա հետաքրքրությունները լրիվ տարբեր էին: Նա սառն ու անտարբեր էր, միայն գիշերներն էր, որ ինձ բանի տեղ էր դնում, ամուսնական պարտականություններն էր կատարում, դա էլ անում էր, որովհետեւ երեխա էր ուզում, ասում էր. «Քեզ հո վիստավկա չե՞մ բերել»: Երեխա չէի կարողանում ունենալ, իսկ ինքը անընդհատ հիշեցնում էր, որ դրա համար է բերել ինձ: Երկու տարի ապրելուց հետո ամուսնալուծվեցի: Վստահ էի, որ ընտանիքս ինձ կընդունի ու կհասկանա, բայց ընտանիքիս բոլոր անդամները, մասնավորապես` մեծ եղբայրս, ինձանից հրաժարվեցին:

Ես ապրում էի ընկերուհուս տանը: Նա Լուսինե անունով մի ծանոթ ուներ: Մի օր Լուսինեն, (ով հետագայում դարձավ հավաքագրող), եկավ ընկերուհուս տուն եւ փորձեց հետս մտերմանալ:  Մտածեցի` դե, երեւի տեսնում է հուսահատված եմ, ուզում է խոսեցնել, ցրել: Անցավ որոշ ժամանակ, Լուսինեն սկսեց հետաքրքրվել իմ կյանքով, առաջարկեց իր ընկերությունը: Մի օր էլ զանգահարեց եւ հրավիրեց իր տուն: Հանդիպեցինք Էջմիածին քաղաքում: Լուսինեն սկսեց խոսել դեսից-դենից, հետո էլ հարցրեց, թե ինչով եմ զբաղվելու, հո պարապ չե՞մ մնալու, ինձ գործ ա պետք, որ կարողանամ ցրվեմ, ուշքի գամ: Խոսակցության ընթացքում պատմեց այն մասին, որ Թուրքիա մեկնելու, աշխատելու եւ մեծ գումարներ վաստակելու հնարավորություն կա: Նա պատմեց, որ իր մայրը երկար տարիներ ապրում է Տրապիզոնում, շատ գոհ է, աշխատում է հյուրանոցում` որպես ադմինիստրատոր, ամեն ամիս փող է ուղարկում: Եվ եթե ես ցանկանամ, ինձ եւս կարող է ուղարկել մոր մոտ, որն էլ ինձ իրենց հյուրանոցում կտեղավորի աշխատանքի` որպես աղախին կամ սրճարանում մատուցողուհի: Նա ինձ ասաց, որ եթե ես համաձայնվեմ, այդ աշխատանքի համար ամսական 300-400 ԱՄՆ դոլար կստանամ: Նաեւ ավելացրեց, որ մտածելու բան էլ չունեմ, գտած բան ա, հո ամեն մեկին նման բախտ չի՞ վիճակվում...

Տատանվում էի, բայց նրա հաճախակի զանգերից հետ համաձայնվեցի մեկնել: Ընկերուհիս կտրականապես դեմ էր, լաց էր լինում, ասում էր` մի գնա, խելքի արի: Բայց այդ պահին ես միայն մի բանի մասին էի մտածում. գնամ աշխատեմ, գամ ընտանիքիս այդ վիճակից դուրս բերեմ, ինչ էլ լինի, մեկ է` իմն են, սիրտս ցավում էր: Լուսինեն վերցրեց անձնագիրս` իբր վիզա խփելու համար, հետո ինձ վերադարձրեց կեղծ, ուրիշի անուն-ազգանունով անձնագիր: Ասացի` իմ անձնագիրն ո՞ւր է, ասաց` Ա. ջան, ես քեզանից լավ գիտեմ, թե քո համար որն ա լավը, որը` վատ: Ինձ լսի, Տրապիզոնում մամայի ու քո ոտը քարին չի կպնի: Ասաց, որ անձնագիր ձեռք բերելու համար ծախսել է 700 ԱՄՆ դոլար, իսկ ճանապարհածախսը կկազմի 100 ԱՄՆ դոլար: Այդ գումարը ես պարտավոր էի վճարել Տրապիզոնում` Լուսինեի մորը, աշխատանքի ընթացքում: Նույն օրը ես եւ Լուսինեն ուղեւորվեցինք Էջմիածնի երկաթուղային կայարան: Էջմիածնի կառամատույցում Լուսինեն դիմեց մի պատահական ուղեւորուհու, ճշտեց մեկնելու վայրը եւ խնդրեց, որ նա անհրաժեշտության դեպքում ճանապարհին ինձ օգնի:

traf1Գնացքով հասա մինչեւ Թբիլիսի: Հասնելով Թբիլիսի, ես այդ պատահական ուղեւորուհու հետ նստեցի տաքսի եւ գնացի մինչեւ Տրապիզոն: Այնտեղ ինձ դիմավորեց Լուսինեի մայրը` «էջմիածնեցի Անոն»: Ինձ տարավ մի բնակարան, որտեղ ապրում էին երեք ռուս աղջիկներ: Ասաց, որ լողանամ, փոխվեմ, որ իջնենք սրճարան: Ես մտածում էի, որ մեր սրճարանների նման սովորական սրճարան է, բայց հենց իջանք, տեսա, որ լրիվ այլ բան է: Մի շարքում աղջիկներ էին նստած, մյուսում` հաճախորդները, որոնք էլ որ աղջկան հավանում էին, իրենց սեղան էին հրավիրում, որպեսզի գին խսեն: Մեկ ժամը 100 դոլար էր, տոնական օրերին` 250-300: Ես սկսեցի չհնազանդվել, լաց լինել, բայց ինչպես Անոն էր ասում` հետադարձ ճանապարհ չունեի:

Ռուս աղջիկները ինձ ասացին, որ Անոն կավատ է, եւ ես էլ իրենց նման պետք է մարմնավաճառությամբ զբաղվեմ: Ահավոր էր, լեզուս կապ էր ընկել: Աղջիկները ինձ զգուշացրեցին, որ հակաճառելն անիմաստ է, եւ պատմեցին այն աղջիկների դաժան ճակատագրերի մասին, որոնք փորձում էին ինձ պես ըմբոստանալ: Ես ստիպված ենթարկվում էի: Հաջորդ օրը առավոտյան Անոն մեզ տարավ սրճարան, որի տերը Ջաֆար անունով թուրք էր: Ամեն առավոտ մեզ բերելիս` նա հաճախորդների հետ պայմանավորվում էր գնի մասին, վերցնում էր ամբողջ գումարը, իսկ մեզ ուղարկում սպասարկելու: Դա մի զզվելի տեսարան էր: Սրճարան էին գալիս մինչեւ 80 տարեկան թուրք եւ քուրդ տղամարդիկ, որոնք մեզ հետ վարվում էին ամենաստոր ու ամենաանբարոյական ձեւերով:

Մեկ ամսի աշխատելուց եւ պարտքերս վճարելուց հետո Անոյին ասացի, որ ուզում եմ գնալ, նա էլ ասաց, որ պետք է խելոք տեղս սթրվեմ, ոչ մի գնալու մասին խոսք լինել չի կարող: Որոշեցի փախչեմ, բայց Անոյին իմ մտադրության մասին խաբար էին տվել: Անոն եկավ, ինձ ծեծեց, ամբողջ մարմինս կապտացրեց եւ բղավելով` ասաց. «Այ քած, էդ ուզում ես փախնես հա՞, չգիտե՞ս, որ ծախսված ես, չգիտե՞ս իմ հնարավորությունները, չգիտե՞ս ինչ անել կտամ»:

Անցավ մի քանի օր, ու ես կրկին որոշեցի փախչել ու այս անգամ ստացվեց: Եկա Հայաստան, բայց ավելի լավ էր` չգայի: Հայաստանում ինձ բոլորը, նույնիսկ հարազատներս օտարի, թշնամու նման վերաբերվեցին, եւ դա շարունակվում է մինչ առ այսօր: Դիմեցի Ոստիկանություն, հարուցվեց քրեական գործ, բայց ես երբեք, նույնիսկ նրանց նստելուց հետո չեմ հանգստանա, նրանք վերջ դրեցին իմ կյանքին, հոգեպես եւ բարոյապես ինձ ոչնչացրեցին: Ես ո՞նց մոռանամ եւ ներեմ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում