livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

traf1RԵվ չնայած նրան, որ աշխարհին հայտնի հանցավոր բիզնեսներից մեկի` թրաֆիքինգի մասին այսքան պրոպագանդվում է, այնուամենայնիվ, միեւնույն է` այն կարծես թրաֆիքյորներին այնքան էլ չի անհանգստացնում, նրանք շարունակում են իրենց հանցավոր գործունեությունը` որպես թիրախ ընտրելով անապահով խավի մարդկանց: Շատերիս թվում է, թե թրաֆիքյորների ձերբակալվելուց հետո տուժողները հեշտությամբ են հաշտվում իրենց հետ կատարվածի հետ: Բայց ամեն անգամ նրանց հետ խոսելիս, պատմությունները լսելիս` մեկ անգամ եւս համոզվում ենք, որ դա ամենեւին էլ այդպես չէ: Եվ որպեսզի ասածներս մերկապարանոց չհնչի, ձեզ ենք ներկայացնում Անահիտի (կեղծանուն) հետ կատարված պատմությունը: Կարծես թե բավականին ժամանակ է անցել, եւ շահագործողների մի մասն էլ ձերբակալված են, բայց նա մեզ հետ զրույցի ընթացքում գոնե մեկ վայրկյանով չկարողացավ հանգստանալ եւ չարտասվել:

- 25 տարեկան էի, այժմ բնակվում եմ ՀՀ-ի փոքրիկ քաղաքներից մեկում, ունեմ ծնողներ, քույրեր, մինչեւ մեկնելս աշխատում էի Երեւանում` հեռուստատեսություններից մեկում արբանյակային հեռուստաալիքի սպասարկման բաժնում` որպես տեխնիկ-տեխնոլոգ: Ապրում էինք նորմալ` ո՛չ լավ, ո՛չ վատ: Մի օր վաղեմի ընկերուհիս` Յուլյան, զանգահարեց ինձ եւ հրավիրեց հյուրընկալվել իր մոտ` Թուրքիա, Իզմիր քաղաքի Բասմանե շրջան` հանգստանալու եւ լավ ժամանակ անցկացնելու համար: Վերջում էլ նշեց, որ շատ է կարոտել: Համոզված էր, որ ես էլ իրեն եմ կարոտել, ու քանի ունի հնարավորություն ինձ հյուրընկալելու` չարժե շանսը բաց թողնել: Ես ընդունեցի ընկերուհուս հրավերը առանց մի վայրկյան անգամ կասկածելու, որ ընկերուհիս պատրաստվում է ինձ իրի պես վաճառել: Պայմանավորվեցինք, որ նա ինձ պետք է Իզմիրում դիմավորի: Երեւանի ավտոկայանից ավտոբուսով մեկնեցի Ստամբուլ, ապա` Իզմիր, որտեղ էլ, հույս ունեի, որ կտեսնեմ ընկերուհուս: Բայց Յուլյան այդպես էլ չեկավ: Մոտակայքում տեսա մի հյուրանոց` «Սերջուկ» անունով, վճարեցի մեկ օրվա համար, թողեցի իրերս համարում եւ վերադարձա կանգառ, մտածելով որ Յուլյան անպատճառ կդիմավորի ինձ, մտածեցի, որ ուշացել է: Մինչեւ ուշ գիշեր սպասելուց հետո վերադարձա հյուրանոց: Տաքսի կանգնեցրեցի, ցույց տվեցի հյուրանոցի հաշվեփայտը եւ խնդրեցի հասցնել ինձ այնտեղ, բայց վարորդը` 23-25 տարեկան մի տղամարդ պատճառաբանեց, որ ռուսերեն չի հասկանում, հասկացրեց, որ ունի մի ծանոթ, ով լավ է տիրապետում  ռուսերենին եւ կարող է օգտակար լինել իրեն: Տվեց ինձ մի հեռախոսահամար: Զանգեցի, խոսակիցս ներկայացավ Գալինա անունով, ասաց, որ 8 տարի է` բնակվում է Թուրքիայում եւ, որ անպայման ինձ կաջակցի ցանկացած հարցում: Ասաց, որ հեռախոսը փոխանցեմ տաքսիստին, որ նա ինձ իր մոտ տանի:

Տաքսիստն Անահիտին տանում է մի կիսանկուղային բնակարան, որտեղ նրան դիմավորում է 38-40 տարեկան մի կին, ով շատ դժվարությամբ էր բացատրվում ռուսերենով: Այստեղ Անահիտը պարզում է, որ անձնագիրը անհետացել է: Անահիտի այն հարցին, թե որտեղ է իր անձնագիրը, ե՛ւ Գալինան, ե՛ւ վարորդը պատասխանում են, որ այն Գալինայի մոտ է, եւ նա շուտով կգա: Մինչեւ առավոտ Անահիտը սպասում է Գալինային: Նա գալիս է եւ հայտարարում, որ խուճապի մատնվելու կարիք չկա, անձնագիրը իր տանն է, եւ Անահիտին ուղղորդում է իր բնակարան: Բնակարանում Անահիտին դիմավորում է Կարինա անունով մի կին: Մի քանի ժամից Գալինան հյուրանոցից բերում է Անահիտի իրերը, վերցնելով ոսկեղենը, անձնական իրերը եւ 400 ԱՄՆ դոլար, որոնք Անահիտը բերել էր իր հետ, հայտարարում է, որ վարորդին իր համար վճարել է բավականին մեծ գումար, որի համար էլ նա պետք է վարձահատույց լինի: Կավատը` Կարինան, Անահիտին տանում է մի նկուղ, որտեղ ապրում էր եւս 3 աղջիկ, եւ հենց այստեղ էլ թելադրում է իր օրենքները: Այն է` Անահիտը պետք է զբաղվի մարմնավաճառությամբ, իսկ չենթարկվելու դեպքում, նրան կվաճառի քրդերին: Կարինան ինքն է պայմանավորվում  հաճախորդների հետ եւ վերցնում գումարը: Աղջիկները գտնվում էին զինված տղամարդկանց մշտական հսկողության տակ եւ չէին կարող դիմել փախուստի: Նրանք «աշխատում» էին այդ նկուղում եւ օրական ընդունում 10-15 հաճախորդ:

trafRՄեկ ամիս հետո Կարինայի նախկին ընկերը` քուրդ Դուանը, ով ուներ նկուղի բանալիները, 7 հոգուց բաղկացած խմբի հետ ատրճանակներով ներս է խուժում եւ առեւանգելով աղջիկներին` նրանց երկու ավտոմեքենաներով տեղափոխում քաղաք Դենեսլիի մի հյուրանոց, որտեղ աղջիկները անց են կացնում 4 օր եւ ընդունում հաճախորդներ, ապա` տեղափոխվում Անթալիա, եւ վերջապես` Պամուլակե, որտեղ էլ նրանց վաճառում են ոմն Վերսալի: Մեկ օր հետո, գիշերով, օգտվելով այն հանգամանքից, որ հսկողություն չկա, Անահիտը վերցնում է իր անձնագիրը եւ դիմում փախուստի: Նա նստում է տաքսի եւ ասում վարորդին առաջին պատահած հասցեն: Իսկ երբ հաշվիչի ցուցիչը մոտենում է այն գումարին, որը առկա էր իր մոտ, նա կանգնեցնում է մեքենան եւ հայտնվում մի խճուղու վրա, որով սլանում էին միայն մեծ բեռնատար ավտոմեքենաներ: Կանգ է առնում մի մեքենա, ուղեւորները` 3 հոգուց բաղկացած մի ընտանիք, առաջարկում են ուղեկցել Անահիտին: Նա ճանապարհին պատմում է իր գլխին եկածը, նրանք նրան օգնում են, տոմս են վերցնում եւ ուղարկում Հայաստան:

- Հենց առաջին իսկ օրը գնացի-պատմեցի Ոստիկանությանը: Գիտե՞ք ամենադաժանը որն է, որ ամեն  անգամ պատմելիս` ոստիկանները ծաղրանքով հարցնում էին. բայց դու իրո՞ք չես ուզեցել: Ես չեմ հասկանում` այդքան դժվա՞ր է հասկանալ եւ ընդունել շահագործված մարդուն: Ինչո՞ւ ենք մոռանում, որ ոչ մեկս էլ ապահովագրված չենք, որ վաղը կամ մյուս օրը կարող են նույն իրավիճակում հայտնվել այդ ասողների քույրերն ու կանայք,- ասում է Անահիտը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում