livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

fate1Երբ ամեն անգամ հանդիպում ենք կնոջը ճաղերի հետեւում, մի պահ սարսափ ենք ապրում` չնայած հանցանք կատարելը, տարբեր օբյեկտիվ եւ սուբեկտիվ պատճառներով, արդեն սարսափելի է: Կներկայացնենք մի կնոջ ճակատագիր, ով ընդամենը 22 տարեկան է, Գյումրիից եւ հասցրել է տեսնել կյանքի շատ ու շատ դառնություններ: Հիմա գտնվում է Աբովյանի քրեակատարողականում ու բավականին չարացած, իսկ թե ինչից կամ ումից, հավանաբար ընթերցողին պարզ կդառնա պատմությունը ներկայացնելուց հետո:

- Ես այստեղ եմ հայտնվել իմ անչափահաս ամուսնու պատճառով, ով հիմա արդեն 19 տարեկան է, ունեմ մեկ տղա, որն իմ առաջին ամուսնուց է: Դատապարտված եմ 8 ու կես տարվա ազատազրկման եւ այստեղ եմ արդեն մեկ տարի վեց ամիս ՀՀ քր. օր. 175 հոդվածի երրորդի մասով,(ռազբոյ), որը իրենից ներկայացնում է հանցավոր խմբի կազմակերպիչ եւ դրդիչ: Այսինքն` իբրեւ ես եմ կազմակերպել ավազակային հարձակում` դրդելով անչափահասներին դրան: Քանի որ օրենք գոյություն չունի, իսկ ես էլ գաղափար չունեի օրենքներից, դրա համար շատ տուժեցի ու հայտնվեցի այստեղ: Հանցագործությունը կատարվելուց հետո ինձ բռնեցին, տարան քաղմաս, ես այդ ժամանակ հղի էի, բայց ինձ սկսեցին ծեծել:Երբ գոչում էի` ասելով, որ ես հղի եմ, նրանք, ամենավերջին հայհոյանքները տալով, ասում էին, «Տենց էս ասում. որ քեզ խղճանք, դե հիմա գրի, որ դու էս դրդել նրանց, որ հանցանք կատարեն»: Բայց քանի որ ես նման բան չէի արել, շարունակում էի պնդել խոսքս` ասելով, որ ես չեմ դրդել, այլ ընդամենն ասել եմ, թե ով է մեր թաղամասում տոկոսով փող տալիս:

- Քնարիկ, որպեսզի ավելի պարզ լինի եղելությունը, կասե՞ս, թե ում ինչ ես ասել եւ ինչո՞ւ:

- Իմ ամուսնու ընկերոջը գումար էր հարկավոր` բանակի հարցերով միացյալ նահանգներ մեկնելու նպատակով, չնայած հետո պարզվեց, որ խաբում է: Ասեմ նաեւ, որ ամուսնուս անչափահաս լինելու մասին իմացել եմ հետո, երբ ամուսնացել եմ նրա հետ: Մինչ այդ, երբ 17 տարեկան էի, հայրս ինձ ամուսնացրեց Գետաշենից մի տղայի հետ, որին ես չէի սիրում, նա թմրամոլ էր: Տղաս առաջին ամուսնուց է, եւ երբ հղի էի, հետ եկա հորական տուն, այնուհետեւ մի որոշ ժամանակ անց երկրորդ ամուսնուս ընտանիքի անդամները ինձ եկան կարգ ու կանոնով նշան դրեցին ու տարան: Որոշ ժամանակ անց երկրորդ ամուսնուս մայրը մահացավ, սկեսրայրս ամուսնացավ մի կնոջ հետ, ով հետագայում չէր ընդունում ոչ մեկիս: Ավելի ուշ ես արդեն հասկացա, թե ինչու նրանք եկան ինձ հարս տանելու: Փաստորեն ես որ հղի էի, նրանք մտածել են, որ երեխա կունենամ, հետո մի հատ էլ իրենց տղայից կհղիանամ, կունենանք երկու երեխա ու նրան կազատեն բանակից: Այ սենց ծուղակ էին նրանք նախապատրաստել ինձ համար: Ահավոր ընտանիք էր, չկար ոչ մի հարգանք մեկը մյուսի նկատմամբ, ու ես դարձա իրենց գերին, բայց քանի որ մի անգամ արդեն ամուսնալուծվել էի, մտածեցի հարմարվեմ, ապրեմ: Սակայն օրեցօր ամեն բան անհնարին էր դառնում, որի համար սկեսրայրս մեզ ասաց, գնացեք, առանձին ապրեք: Մենք գնացինք վարձով ապրելու եւ մեր վիճակը ահավոր ծանր էր, ես երկրորդ երեխայով արդեն հղի էի:

- Քնարիկ, իսկ մի՞թե քո ծնողները քեզ չէին օգնում:

- Ասեմ անկեղծ, որ իմ հայրը ինձ ասաց, որ եթե դու ամուսնանաս էդ տղայի հետ, ուրմեն կմոռանաս մեր մասին, իսկ մայրս միշտ  ասում էր` աղջիկ ջան, դու օրերից մի օր կհայտնվես շատ վատ վիճակում, եթե ընտրես այդ տղային: Բայց ես դիմանում էի ու անցնում էի ամեն բանի միջով: Մի օր, երբ ամուսինս գնում է, որ աշխատավարձ ստանա, իսկ նա աշխատում էր շինարարության վրա Գյումրիում, պատահական հանդիպում է թափառական ընկերոջը, ով նրան խաբում է` ասելով, որ նոր է եկել Ռուսաստանից, մնալու տեղ չունի: Անչափահաս ամուսինս նրան բերում է մեր տուն. երկու օր մնալուց հետո, նկատելով մեր վատ պայմանները` ամուսնուս` Ջոնիկին, գաղտնի հարցնում է, թե գիտե՞ս այնպիսի մարդու տեղ, ով փողատեր է, դու հետս արի միասին գնանք գողանանք: Ամուսինս նրան ասում է, որ Քնարիկը կիմանա, իրենց հարեւանուհին տոկոսով փող է տալիս, հարցնենք տեղը ու գնանք: Ես նրանց զգուշացրեցի, որ առանց գրավադրման կամ փաստաթղթի ձեզ ոչինչ չեն տա, նա էլ թե` ոչինչ, ես հորեղբորս հետ կգնամ, կհամոզեմ կտա, դու միայն արի տան տեղը ցույց տուր: Այդ օրը երեկոյան ես, ամուսինս ու նրա ընկերը մեքենայով գնացինք այդ կնոջ տան մոտ, ես ցույց տվեցի տունը, նրանք ասացին` սպասի, հեսա կգանք: Ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել: Նրանք թակել են դուռը, տուժող կինը բացել է ու միանգամից հարձակվել են նրա վրա` ասելով, որ եթե չհանես փողերտ` կսպանենք: Նրանց հետ եղել է միայն խոհանոցային դանակ, ծեծի են ենթարկում այդ կնոջը, վերցնում 120 հազար դրամ եւ մեկ ոսկյա մատանի ու դուրս գալիս: Ետ գալով մեքենայի մեջ` ինձ հայտնում են, որ փողը վերցրեցինք, բայց ես նրանց վրա արյան հետքեր եմ նկատում, վախենալով հարցնում եմ, թե ի՞նչ է սա, նրանք էլ թե` ոչինչ, բան չկա, ձեռքը պատահական վնասվել է, ու արյուն է գալիս:

 

«ԴՈՒ ՄԻ ԱՍԱ, ԵՐԵԽԱՍ ԱՐԴԵՆ ՄԱՀԱՑԵԼ ԷՐ»


- Մի՞թե դու ոչինչ չկասկածեցիր այդ պահին արդեն:

fate- Ոչ, ես չէի պատկերացնում, որ նման բան արած կլինեն: Հաջորդ օրը նրանք գալիս են Երեւան, ծախում են այդ մատանին 90 հազար դրամով ոսկու շուկայում եւ վայելում այդ գումարը: Տուժողը չի բողոքում` իմանալով մեր ընտանիքին: Ահագին ժամանակ անց, մի օր մամաս զանգեց ինձ ու ասաց, որ մեր թաղամասում գողություն է կատարվել, ու եթե եկար-եկար, թե չէ հորդ տանում են քաղմաս: Ես մայրիկիս ասացի` առավոտյան կգամ, արդեն ուշ ժամ էր, պարկած էի քնելու: Լուսադեմին` ժամը 5-ին, մեր դուռը թակեցին. նայեցի տեսա` ինչ որ անծանոթ մարդիկ են ու ասում են` եթե դուռը չբացես, մենք կբացենք կմտնենք: Դա լսելով, Ջոնիկը ու նրա ընկեր Լյովիկը փորձեցին փախչել, բայց տունն արդեն շրջապատված էր: Դուռը բացեցի, նրանք ներս մտան, ասեցին` արագացրու, երեխուդ հագցրու ու արի մեր հետ, իսկ երբ հարցրի` ինչու, ասացին` Ջոնիկի բանակի հարցերով ենք եկել: Հագցրեցի երեխային, մեզ տարան քաղմաս ու սկսեցին ինձ ծեծել, իսկ ես, ինչպես արդեն ասացի, հղի էի:

Հաջորդ օրը տանում են ինձ պոլիկլինիկա, որ հաստատեն հղիությունս եւ, բնականաբար, հաստատվում է: Երբ ես այնտեղ ուշքի եկա, իմ կողքին տեսա մեր թաղայինին, ով ինձ խաբելով ասում է, թե` Քնարիկ գրի, որ եկել ես ամուսնուդ մոտ, պատահական ընկել ես, մենք էլ քեզ օգնություն ենք ցույց տալիս, որ գործը փակենք, գնանք տուն: Ես, վստահելով նրան, այդպես էլ արեցի, բայց ինձ հետո էլի տարան քաղմաս ու անշնորհք ձեւով ասացին, որ հղիացել ես, որ չդատվե՞ս: Ես զարմացա, բայց զարմանքս ավելի մեծ էր, երբ իմացա, որ ինձ վրա ցուցմունք է տվել ամուսնուս հայրը, քանի որ նա անչափահաս էր, եւ նրա ընկեր Լյովիկը գրել էր, որ մեզ այս հանցագործությանը դրդել է Քնարիկը: Դատարանը ստորագրությամբ ինձ մեկ տարի ազատ թողեց` քաղաքից չբացակայելու պայմանով, դատերին դրսից էի մասնակցում:

Ծնողներս մի կերպ ինձ ընդունեցին, որ ավելի խայտառակ չլինենք: Հղիությունս նորմալ անցավ, ծննդաբերեցի, աղջիկ ունեցա, երեխաս բնածին արատավոր էր, գլխից հեղուկ էր արտադրվում, ողնաշարը թույլ էր ու սրտառատ էր: Այսինքն` այն ամենը, ինչ տեղի էր ունեցել հղիությանս ընթացքում, ազդել էր երեխայիս վրա: Ինձ բժիշկները սկսեցին համոզել, թե արի սրսկենք, թող աղջիկդ մահանա, հաշվի արհեստական վիժում ես ունեցել եւ այլն: Ես բնականաբար չհամաձայնվեցի ու ասացի, որ ինչ պետք է կանեմ իմ երեխայի համար: Նրանք գրություն գրեցին, որ երեխան այսպես է ծնվել, եւ որ սա ոչ բժիշկների եւ ոչ էլ իմ մեղքով է եղել, եւ մեզ տեղափոխեցին Գյուրիի հիվանդանոց: Երկու օր անց ինձ ասացին, որ չեն կարող երեխայիս պահել: Խնդրեցի, որ ինձ ուղարկեն այնտեղ, որտեղ պետք է ու մեզ տեղափոխեցին 3-րդ մանկական հիվանդանոց, որտեղ եւս մեծ պայքարով ընդունեցին երեխայիս` հույս չտալով, որ կապրի, իսկ ապրելուց էլ` ահավոր արատներով: Ես կրկին չհրաժարվեցի, եւ երկու ամիս աղջկաս` Մանեիս, պարկեցրեցին վերակենդանացման բաժնում` պետպատվերի տակ: Մի օր ինձ կանչեցին հիվանդանոց, գնացի տեսնեմ վերակենդանացման բաժնում երեխայիս սիրուն հագցրած, արդեն կուվեզից հանել, պարկեցրել էին մահճակալի վրա: Մի պահ ուրախացա` մտածելով երեխաս լավացել է, չնայած որ ինձ խաբեցին այդ պահին` ասելով, որ թթվածինն անջատել ենք, արդեն լավ է, կարող ես տուն տանել երեխային, դու մի ասա, երեխաս արդեն մահացել է: Ինձ ասացին` գնա գրկի Մանեին, խոսա հետը, ինքը քեզ կլսի, ես էլ վախենում էի` մտածելով կարող է վնաս տամ սխալ գրկելով, իրենք էլ թե` մի վախեցի, մենք իրան սրսկել ենք, որ քնի, տանես տուն: Բայց ինչպես հետո պարզվեց, իրենք սպասում էին դատական բժշկին, որը եկավ այդ ընթացքում, երեխայիս վերցրեց ձեռքիցս ու տարավ, ասելով` տանեմ ԲՑԺ անեմ բերեմ: Այնինչ` նա դիահերձող բժիշկն էր:

Ինձ երեխայիս բժիշկը կանչեց իր մոտ ու հայտնեց այդ վատ լուրը: Ես ուշաթափվեցի, լրիվ միայնակ էի, ծնողներս կողքիս չէին: Ասացին` կամ տար դու հուղարկավորի, կամ վեց հազար դրամ մուծի, պետականորեն անենք այդ ամենը: Մտածում եմ, ի՞նչ անեմ, հայրս ու եղբայրս չէին ընդունում այդ երեխայիս` ասելով էդ ուրիշի երեխան է, մեր տուն չբերես: Ես խնդրեցի բժիշկին` ասելով` տվեք երեխայիս տանեմ, տատուս ոտքերի տակ թաղեմ, բայց չտվեցին, ու ես թողեցի, ետ եկա Գյումրի, որտեղ ինձ բռնում տանում են դատարան: Սկզբում գործով վկա էի հանդես գալիս, բայց երեխուցս հետո ինձ կալանավորած են տանում դատարան: Չէի հասկանում, թե ինչ է կատարվում շուրջս: Դատարանում ասում են` ոտքի ամբաստանյալ Քնարիկ, եւ դատախազը հայտարարում է, որ ՀՀ Քր.օր. 165 հոդվածի 4-րդ մասով դատապարտում ենք հինգ եւ175-ի երրորդ մասով` ութ տարի ազատազրկման, եւ ընդհանուր պատիժը 13 տարի ու ձերբակալել դատարանի դահլիճից: Իմ գործում ոչ մահ կա, ոչ սպանություն, ոչ մարմնական վնասվածք, սա պետք էր իմ ամուսնուն ու իր ընկերոջը:

 

«ՕՐԵՆՔ ՉԻՄԱՆԱԼԸ ՉԻ ԱԶԱՏՈՒՄ ՊԱՏԺԻՑ»


- Ի՞նչ նկատի ունես դա ասելով, ի՞նչի համար էր դա պետք իրենց:

fate2- Նա լավ գիտեր, որ ես այլեւս իր հետ չեմ ապրելու հենց իր ահավոր ընտանիքի պատճառով, չէի կարող անվերջ թափառական կյանքով ապրել, ընտանիքս երես էր թեքել ինձանից, նա փող չէր աշխատում եւ մի օր էլ պիտի դիմեր այն քայլին, որին որ դիմեց ու ինձ ներքաշեց սրա մեջ: Բայց մինչ օրս չեմ հասկանում, թե ինչի՞ համար ինձ դատապարտեցին 8 ու վեց տարի: Դեռ դատարանի դահլիճում ես կանգնեցի, ասացի, որ ընդունում եմ իմ մեղքը, որ ցույց եմ տվել տան տեղը, բայց ոչ մի բանից տեղյակ չեմ եղել, ինչի՞ հիման վրա եք ինձ այսքան դատապարտում: Սկզբում 13 տարի էր, հետո դատավորն իջեցրեց մինչեւ ութ տարի վեց ամիս: Իմ հարցին ի պատասխան ասացին, թե ամբաստանյալ, երբ ձեզ տարել են քաղմաս, դուք ցուցմունք եք տվել, որ դուք եք ցույց տվել այդ կնոջ տունը: Բայց չէ՞ որ կան ավելի դաժան հանցանքներ կատարողներ, ովքեր իրենց երեխաներին են սպանել, ծնողներին, սկեսուրին, բայց որի համար դատապարտվում են հինգից վեց տարի: Կամ նույն ավազակային հանցագործության համար կա, որ դատապարտված են վեց տարով, իսկ ինձ, չգիտես ինչու, 8 ու վեց տարի:

- Ի՞նչ պատասխանեցին քեզ դատարանում, երբ այդ հարցը բարձրացրեցիր:

- Նրանք ասացին, որ օրենք չիմանալը չի ազատում պատժից: Ամուսինս ու ընկերը արդեն երեք տարի է, ինչ գաղութում են, եւ մեկին տվել են յոթ, մյուսին` ութ տարի ազատազրկում:

- Քնարիկ ո՞վ է գալիս քեզ այցելության:

- Միայն մայրս տղայիս հետ, երեք ամիսը մեկ անգամ: Ինձ բոլորը նայում են կալանավորի աչքերով, երբ փորձում եմ մեկի հետ խոսել, ասում են` դե չանեիր, չէիր գա էստեղ: Իսկ գաղութում ես ավելի եմ ագրեսիվանում, ուղղակի խելագարվում եմ, չեմ հասկանում, ինչի՞ եմ այստեղ, երբ պետք է գտնվեի երեխայիս կողքին ու մեծացնեի նրան (լացում է):

- Այնուամենայնիվ, որտե՞ղ ես տեսնում քո մեղքն այս պատմության մեջ:

- Գիտեք, շատ մեծ կապ ունի ծնողի դաստիարակությունը: Ես երբեք իմ երեխային չեմ դաստիարակի այնպես, ինչպես որ հայրս է արել, իսկ մայրս իմ Աստվածն է: Երբ 17 տարեկան էի, կանգնեց ու ասաց, որ դու պիտի ամուսնանաս էս տղայի հետ, իսկ ես, առանց ընդիմանալու, սուսուփուս ամուսնացա, հետո հետ եկա, երկրորդ անգամ ամուսնացա, ու կոպիտ ասած, դուրս ընկա: Իմ կյանքն ահավոր էր: Ճիշտ է` ես չլսեցի ու ամուսնացա երկրորդ անգամ, բայց մի՞թե դրա համար ծնողն ու երեխան պետք է լարվեն իրար դեմ: Պապաս մամայիս կյանք չի տվել, անընդհատ ծեծել է, մենք չորս երեխա ենք` երեք քույր, մեկ եղբայր: Ես միշտ հորս դեմ էի կանգնում` ասելով, հերիք է մորս վրա ձեռք բարձրացնես ու դարձա նրա թշնամին, դրա համար ինձ շուտ ամուսնացրեց, բայց տղայիս` Ալենի համար խելագարվում է: Երբ մայրս տղայիս հետ երեք օրով գալիս է ինձ այցելության, հայրս լաց է լինում նրա համար: Բայց միեւնույն է մեր մեջ միշտ կոնֆլիկտ է եղել` մորս նեղացնելու համար:  Բայց հիմա այստեղ եմ ու շատ վատ, չնայած, որ այստեղի ղեկավարությունից դժգոհ չեմ, իրենք մեղավոր չեն, որ ես այստեղ եմ հայտնվել, բայց միեւնույն է, գաղութում չեն ուղղվում:

Զրուցեց` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում