livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

la-femme-nikita-movie-poste«Զարուհու» մեր նախորդ համարում, խոսելով սերիական մարդասպան կանանց մասին, ներկայացրեցինք «Սեւ այրի» մականունով Բելլ Հաննեսի պատմությունը: Ընդունված է Բելլ Հաննեսին համարել կանանց մեջ ամենաարյունարբու սերիական մարդասպանը: Բայց այդպե՞ս է արդյոք. հնարավոր է, որ ոչ, քանի որ ոչ ոք չի էլ կարող ամբողջական պատկերացում կազմել, թե հաջորդ կինը, որին ցանկանում ենք ներկայացնել, իրականում քանի՞ մարդու է կյանքից զրկել:

Սակայն տարօրինակ զուգադիպությամբ կրկին «Սեւ այրի» մականունով Մարիյա Բերգերի պատմությունն ուշագրավ է ոչ միայն իր բուռն կյանքի շավիղներում նրա թողած դիակների քանակով: Միայն մեկ փաստ արդեն իսկ խոսում է այդ կնոջ արտառոց հանցագործ ընդունակությունների մասին. մոսկովյան համեստ գիտաշխատողների ընտանիքում ծնված Մարիան 18 տարեկանում ԽՍՀՄ-ում իր առաջին սպանությունից ընդամենը 5 տարի անց ոչ միայն որոնվում էր Ինտերպոլի, ամերիկյան ԿՀՎ-ի եւ ՀՖԲ-ի, իսրայելյան Մոսսադի ու մի շարք այլ հետախուզական ծառայությունների կողմից, այլ նաեւ հասցրել էր դառնալ «կոկայինի արքա» Պաբլո Էսկոբարի ամենավստահելի անձանցից մեկը, ինչը շատ ավելի բարդ բան էր, քան բոլոր հետախուզությունների թիրախում հայտնվելը...

ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԱԾ «ՈՍԿԵ» ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Մարիա Բերգերը, նույն ինքը` Լուիզա Մոնրոն, նույն ինքը` Իրմա Կոխը, նույն ինքը` Մարիյա ֆոն Շտեֆենբերգը, նույն ինքը` Էլզա Գրունը, նույն ինքը` Կլաուդիա Ռամիրեսը, եւ այլն, եւ այլն, ծնվել է 1956թ.-ին` Մոսկվայում: Ծագումով հրեա հայրը` Ալեքսանդր Բերգերը, Գիտությունների դոկտոր էր եւ ակադեմիական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում բաժնի վարիչի պաշտոն էր զբաղեցնում: Մայրը դասավանդում էր ԽՍՀՄ-ի մայրաքաղաքի հեղինակավոր բուհերից մեկում: Լինելով ընտանիքի միակ զավակը` հասկանալի է` Մարիան ուներ հնարավորինս ապահովված կենցաղ` շատերի համար անմատչելի կյանքի բարիքներից օգտվելու հնարավորություն, փայլուն կրթություն ստանալու հնարավորություն. արտադպրոցական կարգով սովորում էր ու փայլուն կերպով յուրացրել էր անգլերեն, ֆրանսերեն լեզուներ, ավարտել էր պետական Կոնսերվատորիային կից գործող երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը... Մանկություն, որին կնախանձեին խորհրդային երկրի նրա հասակակիցների 99 տոկոսը:

Բայց այդ ամենը փոխվեց ընդամենը մեկ ակնթարթում. 1970թ.-ին, երբ Մարիան 14 տարեկան էր, ծնողները զոհվեցին ավտովթարից, ինչը գլխիվայր շուռ տվեց աղջկա կյանքը: Նրա այն ժամանակների ծանոթներից ոմանք հետագայում պատմել են, որ ծնողների մահն իսկական հոգեկան դրամա էր աղջկա համար, եւ, արդյունքում, նա անճանաչելիորեն փոխվեց: Սակայն դա ամբողջը չէր. ծնողների մահվանից հետո Մարիային իր մոտ վերցրեց մորաքույրը` Կլարան, ով այն ժամանակներում հայտնի վիոլոնահար էր: Ի լրումն առանձնապես բարոյական նորմերով չսահմանափակվող կյանքի` 28-ամյա Կլարան նաեւ միասեռական բուռն հակումներ ուներ: Եվ շատ չանցած` մորաքույրն ու զարմուհին արդեն քնում էին նույն անկողնում: Գումարած դրան` Մարիան մորաքրոջից արագորեն սովորեց ծխել, խմել, անգամ` թմրանյութեր օգտագործել: Մի խոսքով, ապրել այն նույն կյանքով, ինչ Կլարան: Էլ չասած, որ հաճախակի հյուրախաղերի մեկնող մորաքույրը զարմուհուն թողնում էր մենակ, այսինքն` ապրելու խելքին փչածի պես: Այդպիսով` արդեն 15 տարեկանում Մարիան «կյանքի իմացության» ասպարեզում հասցրել էր մի քանի գլուխ առաջ անցնել իր հասակակիցներից: Սակայն սեռական փորձառությունը ձեռք բերելով մորաքրոջ հետ` ապագա «Սեւ այրին», ով ծնողների մահվանից հետո վերածվել էր սառը, ամեն մի հույզերից, կրքերից բացարձակապես զուրկ արարածի եւ անընդունակ էր սիրել ոչ միայն մարդկանց, այլ նույնիսկ կենդանիներ, սովորական իրեր, սկսում էր աստիճանաբար ատելության հասնող զզվանք տածել հակառակ սեռի նկատմամբ: Չնայած որ աղջիկը հասունանում էր որպես ոչ միայն մի արտառոց գեղեցկուհի, այլ նաեւ օժտված էր զարմանալի խելքով, եւ արդեն վաղ հասակից տղամարդիկ տասնյակներով էին պտտվում նրա շուրջ: Իսկ դա եւս մեկ կարեւորագույն կյանքի դաս էր Մարիայի համար. նա սկսեց քաջ գիտակցել, թե իր այդ բոլոր հատկանիշներով ինչ մեծ ազդեցություն կարող է ձեռք բերել տղամարդկանց վրա...

Իսկ թե ինչ էր նշանակում կյանքի նման մեկնարկը 28-ամյա աղջկա համար, առավել եւս` ծնողներին կորցնելուց հետո առաջացած հոգեբանական վիճակի պարագայում, պարզ դարձավ շատ շուտ:

 

ԱՌԱՋԻՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Մարիան 18 տարեկան էր, երբ մորաքույրը որոշեց նրա հետ միասին մեկնել իր պատմական հայրենիք` Իսրայել: Թույլտվություն հաջողվեց ստանալ եւ արդեն նույնիսկ ինքնաթիռի տոմսեր էին ձեռք բերել: Բայց...

Մեկնելուց երկու օր առաջ Մարիան գնաց հրաժեշտ տալու իր ծանոթներից մեկին` նկարիչ Թոֆիկ Բայրամովին: Նա եւս անտարբեր չէր Մարիայի նկատմամբ, եւ իմանալով, որ աղջիկը հեռանում է Միությունից ու էլ հնարավոր է երբեք նրան չտեսնի, որոշեց առիթը բաց չթողնել եւ սուրճի մեջ աննկատ քնաբեր լցնելով` նկարիչը բռնաբարեց անզգայացած աղջկան...

Գիշերը Մարիան արթնանալով իրեն հայտնաբերում է անկողմում` քնած նկարչի կողքին: Հետագայում այս պատմությամբ զբաղված քննիչները բացահայտում են, թե ինչ է տեղի ունեցել. աղջիկն արթնանալով լվացվել է, հանգիստ իր համար սուրճ պատրաստել, խմել: Ապա լողասենյալից վերցնելով նկարչի ածելին` 18-ամյա Մարիան կտրում է հանգիստ քնած Թոֆիկի կոկորդը: Դրանից հետո էլ նույն հանդարտությամբ վերացնելով իր ներկայության բոլոր հետքերը` դուրս է գալիս: Սակայն Իսրայելի փոխարեն նա արդեն հաջորդ օրը, չգիտես ինչ հրաշքով, հայտնվում է Դանուբի ափերին:

 

ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ

 

eskobar2Յոթ ամիս անց Մարիան, այնուամենայնիվ, հասնում է պատմական հայրենիք: Բայց ոչ երկար ժամանակով. Իսրայել հասնելուն պես պարզվում է, որ այդ երկրի հանդեպ նա պարտք ունի` պետք է ծառայի բանակում: Մեկ ամիս անց Մարիան իսրայելա-սիրիական սահմանին է: Սակայն մոսկովյան սպանությունը նրա համար հերթական դասն է. դրանից հետո աղջիկն արդեն կորցրել էր իրեն սահմանափակող բոլոր արգելակները, դարձել էր այն սառը, հաշվենկատ, նպատակասլաց, վճռական ու դաժան էակը, ով արդեն պատրաստ էր անցնել իր ճամփան փակած ամեն մի արգելքի վրայով: Բանակ կոչվածն ամենեւին էլ այն զսպաշապիկը չէր, որ կկանգնեցներ նրան...

Առաջին իսկ կարճաժամկետ արձակման ժամանակ նա, զգեստափոխվելով քաղաքացիական հագուստով վաղօրոք ինչ-որ կերպ ձեռք բերած կեղծ փաստաթղթերով, օտարերկրուհու անվան տակ հատում է լիբանանյան սահմանն ու հաշված ժամեր անց արդեն Փարիզ թռչող ինքնաթիռում էր:

Մենակ, առանց որեւէ ծանոթի, գրեթե առանց միջոցների մնացած 19 ամյա աղջկա համար Փարիզում դժվար էր միայն առաջին մի քանի օրերին: Նրա արտառոց գեղեցկությունը, թերեւս, մի այնպիսի կապիտալ էր, որն ունենալով` երկար ժամանակ սոված չես մնա: Եվ ահա առաջին քայլն այդ գեղեցկությունը վաճառքի հանելն էր: Քիչ-քիչ Լուիզա Մորո անվան տակ Մարիան սկսեց իր համար տեղ գտնել Փարիզում, ձեռք բերել բազմապիսի ծանոթություններ: Դրանց թվում էր դերասանուհի Աննա Գրոն, ում հետ ունեցած մի քանի սիրային հանդիպումներից հետո Մարիան տեղավորվեց նրա եւ դերասանուհու ամուսնու տանը: Եվ ահա այստեղ էլ Մարիան ծանոթացավ «ձախ» գաղափարախոսությամբ երիտասարդական խմբավորումներից մեկի մի անդամի հետ, եւ դա էլ դարձավ նրա կյանքի հերթական շրջադարձը:

Երիտասարդական այդ խմբավորման անդամները, բացի թմրանյութի ազդեցության տակ իրենց «ձախ» ծայրահեղական հայացքներն ի ցույց դնելուց, հակված էին նաեւ տարբեր տիպի հանցագործությունների` «հեղափոխական ծախսերի համար»: Եվ շատ չանցած այն բանից, ինչ Մարիան միացավ նրանց, ձեռնարկեցին հերթական գործողությունը. այս անգամ որոշել էին թալանել փարիզյան բանկերից մեկը...

Հարձակման ծրագիրը ծայրահեղ վատ էր մշակված, նույնիսկ մոռացել էին նահանջի ուղիների մասին: Ուստիեւ, երբ ծայրահեղականների խումբը մտավ բանկ եւ այն հաշված րոպեներ անց շրջապատվեց ոստիկանների կողմից, մնում էր միայն բանկի աշխատակիցներին եւ հաճախորդներին պատանդ վերցնել ու պահանջել ավտոմեքենա, ինքնաթիռ ու այլն: Սակայն ոստիկանությունը հակված չէր այդ պահաջները բավարարել, եւ խուճապահար ու «դոզայի» տակ գտնվող կողոպտիչները սկսեցին պատանդներին մեկը մյուսի ետեւից սպանել: Մարիան հասկանալով, թե ինչ վատ վերջաբան է ունենալու այդ պատմությունը, ստիպված էր իր ողջ տաղանդը գործի դնել. այդ թոհուբոհի պայմաններում կարողացավ ոչ միայն գայթակղել բանկի աշխատակիցներից մեկին, այլ նրա հետ միասին առանձնանալ սենյակներից մեկում: Երիտասարդը երկար չդիմադրեց եւ Մարիային ցույց տվեց հեռանալու միակ ուղին` կոյուղատարի գաղտնի մուտքը: Պայմանավորվել էին այդ ամենից հետո հանդիպել, սիրային կապը շարունակել: Բայց հենց կոյուղատարի մուտքը բացվեց, Մարիան իր փրկչին պարգեւատրեց ճակատին արձակված գնդակով եւ փախավ` գաղտնի մուտքը ետեւից փակելով: Քիչ անց հատուկ գրոհայինները հարձակվեցին եւ կոտորեցին բոլոր կողոպտիչներին: Նրանք էլ մինչ այդ հասցրել էին սպանել բոլոր պատանդներին: Մարիան միակն էր, որ այդ ամենից հետո ոչ միայն բանկից միակը ողջ դուրս եկավ, այլեւ հետը որոշակի գումար էր դուրս բերել եւ կարողացավ խուսափել իրավապահների ձեռքն ընկնելուց:

Սակայն արդեն հնարավոր չէր մնալ Փարիզում, եւ սկսվեց թափառումներով ու նոր անուններով լի կյանքը. Լոնդոն, Ամստերդամ, Ստոկհոլմ, Մյունխեն, Միլան... Մինչեւ որ Մարիան հասավ Բարսելոնա եւ անդամագրվեց «ԷՏԱ» խմբավորմանը: Մի շարք հաջողված եւ համաշխարհային աղմուկ բարձրացրած ահաբեկչական հարձակումների շարքային մասնակցից մինչեւ կազմակերպիչ. ահա սա էր «ԷՏԱ»-ում Մարիայի ուղին: Արդյունքում նա արդեն իր գործում համարվում էր համաշխարհային «հեղինակություն»` միեւնույն ժամանակ դառնալով Ինտերպոլի, ամերիկյան ՀՖԲ-ի եւ այլ նման կառույցների թիրախը: Մարիայի նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում եւ նշանակվեց նրան բռնելու համար պարգեւ` 100 հազար դոլարի չափով:

Սակայն նա 1978թ.-ին հեռացել էր Եվրոպայից. 22 ամյա Մարիան Կլաուդիա Ռամիրես անվան տակ Նիկարագուայի ահաբեկչական խմբավորումներից մեկի կազմում էր, նրա գրոհային խմբերից մեկի ղեկավարը: Այստեղ էլ կարճ ժամանակահատվածում` մոտ երկու տարում, նա մասնակցում կամ ղեկավարում է տասնյակ աղմկահարույց քաղաքական սպանությունների եւ ահաբեկչական գործողություններ:

 

ԿՈԼՈՒՄԲԻԱ. «ՆԱՐԿՈԱՐՔԱՅԻ» ՄՈՏ

 

1980թ.-ին Մարիան Կոլումբիայում էր` կոկայինի «արքա» Պաբլո Էսկոբարի շրջապատում: Մի քանի հաջող գործողություններից հետո արդեն նաեւ նրա վստահելի անձանց թվում էր` ղեկավարելով ԱՄՆ-ի հարավային նահանգներ կոկայինի մատակարարման գործը:

eskobar1Կոլումբիական գործունեությունը 4 տարի հաջող էր: Սակայն 1984թ.-ի բախտը դավաճանեց Մարիային. նա հայտնվեց ՀՖԲ-ի ներկայացուցիչ Մելվիլ Ստրոմի ղեկավարած հակաահաբեկչական խմբի թիրախում: Ստրոմը Մարիային ցույց տվեց երկու ուղղություն. կամ դառնում է ՀՖԲ-ի կրկնակի գործակալը կամ անհետ կորչում: Տարբերակ չկար. հեղինակավոր ահաբեկչուհին ընտրեց գործակալ դառնալու ուղին, եւ Պաբլո Էսկոբարը սկսեց լուրջ կորուստներ կրել: Երեք տարի շարունակ համագործակցելով ՀՖԲ-ի հետ` Մարիան շարունակում էր կոլումբիացիների կասկածից դուրս մնալ: Սակայն Մարիան չէր կարող հաշտվել կրկնակի գործակալի անհեռանկար ճակատագրի հետ եւ որոշեց սեփական խաղը սկսել: Այդ երեք տարիների ընթացում գործակալ Ստորմը հասցրել էր մինչեւ ականջները սիրահարվել Մարիային, եւ վերջինս, պարզ է, չէր կարող այդ հանգամանքը չօգտագործել: Եվ ահա եկավ մի օր, որ Մարիան  ամբողջովին իր ազդեցության տակ անցած Ստորմին մի կողմից փոխանցում էր թմրանյութի խոշոր խմբաքանակների տեղափոխման ուղիների, պահեստավորման վայրերի եւ տեղափոխողների մասին տվյալները, մյուս կողմից էլ իր սեփական խմբաքանակներն էր փորձում տեղափոխել` ՀՖԲ-ի «տանիքի» ներքո: Սակայն այդ վտանգավոր խաղն արդեն չէր կարող երկար ժամանակ Էսկոբարի ուշադրությունից վրիպել, եւ ի վերջո Մարիան կանգնեց «արքայի» առջեւ: Դատավճիռը մեկն էր` տանջալի մահ: Սակայն Մարիան այդ տարբերակի հնարավորությունն էլ չէր մոռացել հաշվարկել ու գործի դրեց իր վերջին հաղթաթուղթը: Խոստանալով Էսկոբարին հանձնել նրա շրջապատ ներթափանցած ՀՖԲ-ի գործակալների ցուցակը` Մարիան անձամբ «արքայից» ստանում էր անձեռնմխելիության երաշխիք: Այդ տվյալներից զատ` Մարիան, որպես ապացույց, պետք է իր հետ Էսկոբարի` Դոն մականունով անվտանգության պետի մոտ բերեր անձամբ Մելվիլ Ստրոմին:

ՀՖԲ-ի բարձրաստիճան գործակալից համապատասխան տեղեկություններ ստանալը Մարիայի համար մի առանձնահատուկ բարդություն չէր. անկողնում Ստրոմն ամեն ինչ պատմեց: Նրան Դոնին հանձնելն էլ մի արտառոց բարդություն չէր, եւ այդ հանդիպումից հետո Մարիային եւ Ստրոմին, Էսկոբարի խոստմանը համաձայն, ոչ միայն թույլ տվեցին հանգիստ հեռանալ, այլեւ պարգեւատրեցին 100 հազար դոլարով:

Սակայն մեկ հանգամանք Մարիայի մտքով անգամ չէր անցել հաշվարկել: Եթե գործակալների ցուցակը նա տար անձամբ Էսկոբարին, ինչը ոչ մի խնդիր չէր, Մարիան իրոք կկարողանար անփորձանք հեռանալ: Սակայն նրա մտքով ինչ անցներ, որ գործակալների ցուցակում հենց Դոնի հարազատ եղբոր անունն էր...

Պաշտոնական վարկածով ավտոմեքենան, որտեղ հայտնաբերվեց Մարիա Բերգերի ու Մելվիլ Ստրոմի կիսաայրված դիերը, արգելակների անսարքության պատճառով ընկել էր խորը անդունդը: «Դժբախտ պատահար» վարկածը, կարծես թե, բավարարում էր բոլորին:

Սակայն հետագայում շրջանառվեց նաեւ այն վարկածը, որ ավտոմեքենայում բոլորովին այլ անձանց դիակներ էին: Այդպես է, թե ոչ, այնքան էլ էական չէ, քանի որ այդ դեպքերից հետո, եթե անգամ Մարիան ողջ է մնացել, նրա անունը որեւէ միջադեպի հետ կապված չի շրջանառվել:

ՊԱՏՐԱՍՏԵՑ` Ք. ՍԱՐԳՍՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում