livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

gretaԱյս տարի, մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 53 տարեկան, իսկ նրա մայրը` տիկին Գրետան կասեր. «Որդիս, ծնունդդ շնորհավոր, քեզ այսպիսի շատ ու շատ գարուններ եմ ցանկանում»… Ավաղ, 13 տարի շարունակ, սպարապետի մայրը ապրում, շնչում ու իր օրերն է մաշում իր որդու մասին պահած ու փայփայած հուշերով, նրա թողած գրական ժառանգությամբ ու նրա կերտած հերոսական ճանապարհով, որը, ցավոք սրտի, փշոտ էր ու քարքարոտ…

Բայց նույնիսկ դառնացած ու մեծ ցավ տեսած մոր սրտում, դեռ տեղ կա մտածելու հայ ժողովրդի, այսօրվա մեր մայրերի ու քույրերի մասին, որոնց վաղվա օրը տիկին Գրետան ուզում է պայծառ ու լուսավոր տեսնել: Ու թեեւ տիկին Գրետայի համար հեշտ չէր շարունակ պատասխանել մեզ հետաքրքրող մի շարք հարցերի, նույնիսկ այնպիսի հարցերի, որոնք որ մոր սիրտը նորից տակն ու վրա պիտի անեին, բայց, այդուհանդերձ, Գրետա մայրիկը իր մեջ ուժ գտավ զրույցի բռնվելու «Զարուհի» ամսագրի հետ, որի ընթացքում տիկինը մտովի նորից տարիների խորքը գնաց ու կսկիծով հիշեց որդու` Վազգենի հետ ունեցած գտնված օրերի ու անմոռանալի դիպվածների մասին, որոնց մանրամասները հիշում է մեկ առ մեկ:

Բայց մինչ նորից կթերթենք պատմությունը ու չլսված ու չիմացված բաների մասին կխոսենք, նախ այն մասին, թե 13 տարի շարունակ ինչպես է սկսվում եւ ավարտվում տիկին Գրետայի օրը, երբ արդեն տիկնոջը սփոփում են որդու հետ ունեցած հեռակա զրույցներն ու նրա թողած բազմաժանր ժառանգությունը` պատմվածք, վիպակ, ակնարկ ու խոհագրություն, որ տիկին Գրետայի կյանքի ուղեկիցն են դարձել. «Ո՞նց պիտի սկսվի իմ օրը, առանց Վազգենի, իմ օրը շատ դժվար է Գայանե ջան, առանց նրա իմ կյանքը կյանքը չէ, իմ կյանքը ապրել չէ»,- մի կերպ, իր ցավը կոկորդում խեղդելով, ասաց տիկին Գրետան ու նշեց.

 

«ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵՆ ՄԵՐ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ՊԱԼԱՏԱԿԱՆՆԵՐԸ»

 

-Իմ օրը սկսվում է նրանով, ավարտվում է նրանով: Գիշերը դարձյալ ինքն է ինձ հետ, ես չեմ կարող ինչ-որ բան մոռանալ: Դա մոռանալու բան չէր, որ ինչ-որ չափով հնարավոր լիներ մոռանալ: Կարող է խոսում եմ, մեկ-մեկ ժպտում եմ, էդպես է. մարդու մի երեսը լաց է, մյուսը` ծիծաղ, բայց իմ ծիծաղն էլ ծիծաղի նման չէ: Ես էլ նրա նման էնպես լիաթոք ու քրքջալով էի ծիծաղում, որ տունը թնդում էր: Հիմա, օրս բացվում է դժվարությամբ. շատ դժվար եմ վեր կենում, չեմ էլ ուզում վեր կենալ, լուսանում է, մտածում եմ` ինչի լուսացավ, մթնում է, մտածում եմ` ինչի մթնեց, ի՞նչ եմ անելու ես ամբողջ գիշեր: Էլի իր հետ եմ, իր նկարների հետ եմ զրուցում, հիմա էլ էլի իր թղթերն եմ փորփրում… Այդ թղթերի մեջ հստակ նշված են յուրաքանչյուր օրվա նրա ծրագրերը, կետ առ կետ, օրով, նշված են իր աշխատանքային պլանները, թե նախարար եղած ժամանակ, թե այդ մի քանի ամիսը, որ վարչապետ է եղել: Բայց, միեւնույնն է, վարչապետ եղած ժամանակ էլ իր ծրագրերի մեջ, առաջնային խնդիրները էլի բանակին են վերաբերվել: Եվ այդքան պարտաճանաչ ու այդքան պատասխանատու: Հետաքրքիր է, որ բոլոր ծրագրերի մոտ պլյուս էր դրված... Ճիշտ է, ինձ համար անչափ դժվար է նրա նյութերը փորփրելը, բայց ինձ թվում է, որ գոնե այդկերպ իր մտքերի հետ եմ: Առանձնապես, որեւէ գործ էլ չունեմ, որ որեւէ գործով զբաղվեմ, որովհետեւ առողջությունս էլ չի ներում: Ճիշտ է, Վազգենիցս հետո ես դառնությամբ էի լցվել էս երկրի, մարդկանց նկատմամբ, չասեմ ժողովրդի, չասեմ ազգի, ոմանց նկատմամբ, եւ երբ Արմենս ասում էր` «Մեր ջան, գնա աշխատի, դու մանկավարժ ես, որ աշխատես լավ կլինի», ես էլ մտածում էի, գնամ աշխատեմ, ի՞նչ ասեմ: Էն ժամանակ, աշակերտներիս ասում էի. «Գիտե՞ք, ինչ երկիր ենք, ժողովուրդ ենք, որդաքարերից տներ ենք սարքել, նետեր, սրեր ենք սարքել» ու մտքով երեխեքիս կռվի էի տանում: Բա հիմա ի՞նչ ասեմ, էսքան բանից հետո ի՞նչ ասեմ, երբ էսքան բանից հետո սպարապետի «գլուխը կերան»…

 

«ԱԹՈՌԻ, ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՉԱՐԺԻ, ՈՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ ՍԵՊ ԽՐԵՆ»

Հաղթանակ տարած, տարածքներ ազատագրած հերոսին… Կյանքում նման բան չի եղել. տարիներ շարունակ տարածքները տվել ենք, տվել ենք, էն շագրենի կաշվի նման փոքրացել մնացել ենք մի բուռ, բայց իմ երեխեն ազատագրեց, բանակ կառուցեց: Անգամ, երբ նա մի երկու տարի պետնախարար աշխատեց, միեւնույնն է, նրա ուշադրության կենտրոնում էլի բանակն էր: Նա մեկ առ մեկ գիտեր իր հրամանատարներին, շատ լավ հիշում եմ. նա ասում էր` «Ես իմ յուրաքանչյուր զինվորի հոդացավն էլ գիտեմ», որովհետեւ նա այդչափ նվիրված էր բանակին: Հիմա էլ մենք ցուցադրում ենք հզոր տեխնիկա, հրթիռներ եւ այլն,- այդ բոլորը ինքը արել էր մի քանի տարվա մեջ: Եվ այդքան բան արած մարդուն կբերեն ու իր տան մեջ` խորհրդարանում այդպես կանե՞ն, դե այդքանից հետո ես ինչպե՞ս կարող եմ հանգիստ ապրել: Միառժամանակ, ասում եմ, ոնց որ չուզենայի էս երկրի մասին մտածեի, դառնությամբ էի լցված, բայց հետո էլի չկարողացա, սիրտս չտարավ... Հիմա էլի ես ամբողջ օրը դրանով եմ ապրում: Իմ նպատակը միայն այն է, որ հանկարծ որեւէ արհավիրք չլինի մեր երկրի ներսում: Թող լինեն ընտրություններ, թող ընտրեն, ընտրվեն, բայց ամեն ինչ լինի խաղաղ պայմաններում: Թող այդ ընտրություններն էլ ճշմարիտ անցնեն, արդար անցնեն, ով կընտրվի, թող ընտրվի: Կեղծիքներ, բռնություններ, լցոնումներ թող չանեն, թե չէ աթոռի, պաշտոնի համար չարժի, որ ժողովրդի մեջ սեպ խրեն: Այ, այս բոլորը, որպես մայր, իմ համար հոգս է, աղջիկ ջան, ես ամբողջ օրը դրա շուրջը մտածում եմ: greta4Ախր, մեր իշխանավորներն ու պալատականները պետք է մտածեն նաեւ ժողովրդի մասին, ես որպես հայ մայր եմ ասում, չի կարելի միայն ուրագի նման լինել, էդպես չի կարելի, մարդը պիտի մտածի` մին դեպի քեզ, մին` դեպի մեզ սկզբունքով, չէ՞: Բա եթե ազգի մեծերը ժողովրդի մասին չմտածեն, ապա ո՞վ պիտի մտածի: Եթե առաջներում մենք սփյուռքի մեկ-երկու գաղութ ունեինք, ապա այսօր Վազգենիս եմ ասում. «Վազգեն ջան, եթե առաջ մի քանի հատ գաղութ ունեինք, ապա հիմա, տղա ջան, աշխարհով մեկ սփյուռք ունենք»: Երեւի միայն Անտարկտիդայում հայ չկա` այսօր պառկած տեղս դա էի մտածում: Ճիշտ է, մի քիչ էլ մեր մեր ժողովրդից է. դեռ դարերից եկող գաղթականի հոգեբանություն ունենք, բայց դե, այդպես էլ չի կարելի, չէ՞ որ պետք է ավելի հեռուն տեսնել: Վազգենիցս հետո ասում էի` վերջ, էլ չեմ մտածելու, էլ չեմ անհանգստանալու, ինչ լինում է` թող լինի, բայց չեմ կարող: Ես ինքս հայրենասեր մարդ եմ, ես ո՞նց կարող եմ: Մարդը այդպիսին պետք է լինի, ուրիշ կերպ հնարավոր չէ, ու մենք էլ մեր սերունդներին այդպես պետք է դաստիարակենք:

-Քանի թոռնիկ ունի՞ Գրետա մայրիկը, եւ այսօր ի՞նչ դասեր եք տալիս նրանց:

-Թոռնիկներս հինգն են, բայց եթե Վազգենս էլ ամուսնացած լիներ, ես հիմա ծոռնիկ էլ կունենայի: Հինգ թոռնիկներս շատ լավ սովորում են, մեծ սեր ունեն ուսման նկատմամբ, իսկ ամենակարեւորը, որ էլի հայրենասեր են:

-Թոռնիկների հետ կապվա՞ծ եք:

-Շատ-շատ ենք կապված, եւ իմ խոսքը` խոսք է իրենց համար:

-Առհասարակ, ի՞նչ հարցերով են նրանք Ձեզ հետ կիսվում:

-Սովորական: Հորեղբոր հետ կապված անընդհատ հարցեր, հարցեր, հարցեր, ես էլ փորձում եմ նրանց բոլոր հարցերին խորությամբ պատասխանել: Թոռնիկս` Կառլենը, մանրամասն ուսումնասիրում է հորեղբոր անցած ճանապարհը: Վազգենս էլ նրան շատ էր սիրում, ուր գնար հետը տանում էր ուղղաթիռով լիներ, թե` ոտքով, կապ չուներ` Կառլենս պետք է նրա հետ լիներ: Ու զարմանալիորեն, նա այնքան մեծ համբերությամբ էր պատասխանում Կառլենիս հարցերին, որ ապշել կարելի էր: Վազգենիս ընկերը` Մոսոն, ասում էր. «Գրետ մայրիկ, մենք մի բան ասում ենք մեր վրա գոռում է, էս Կառլենը հազար հատ հարց է տալիս, էդ հազարին էլ էնքան սիրով է պատասխանում, որ ասելու չէ»…

-Իսկ Դուք որպես մայր եւ որպես մանկավարժ ի՞նչ դասեր էիք տալիս Վազգեն Սարգսյանին:

-Ես իրե՞ն... Իրեն դասեր տալ պետք չէր, Գայանե ջան, ինքը 5-րդ դասարանից արդեն սկսեց կարդալ մեր դասականներին, մեր պատմական գրքերը, ու էդ ամենից նա դասեր քաղեց: Դե, ես ինքս էլ իմ էությամբ, ինչպես մայրս, շատ հայրենասեր, ժողովրդասեր ենք եղել, ճշտախոս, պատասխանատու, պահանջկոտ ու խիստ ենք եղել: Սիրել եմ, բայց ցույց չեմ տվել, խիստ եմ եղել, պահանջկոտ մայր եմ եղել: Հետագայում, երբ մեծացան, դե մենք արդեն ընկերներ էինք, հատկապես` ես ու Վազգենս:

 

«ՎԱԶԳԵՆՍ ԱՍՈՒՄ ԷՐ` ԹՈՒՐՔՆ ԷԼ, ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ԷԼ ՆՈՒՅՆՆ ԵՆ, ԹՈՂ ՍՐԱՆՔ ՄԵՐ ՓՈՂՈՑՈՎ ՉԳՆԱՆ»

 

-Կվերհիշե՞ք որոշ դրվագներ այդ անկրկնելի ընկերության օրերից եւ կխնդրեի մի քանի խոսքով նկարագրեիք, թե ինչպիսին էր ձեր ընկերությունը:

-Դե ընկերությունն այն էր, որ ցանկացած հարցի շուրջ խոսում ու կիսվում էինք: Երբ, որ ես դպրոցում էի աշխատում, իմ առաջին դասարանցիների մասին տանը շատ էի խոսում ու, պատկերացրեք, որ տանեցիները բոլորը նրանց անուններով գիտեին, Վազգենս նույնպես: Ու հետո, երբ, որ ինքը ինստիտուտը ավարտեց ու դպրոցում նշանակվեց որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, ազատ ժամերին, գալիս էր իմ դասարան ու Խոսրով անունով մի տղա ունեի, ով չէր կարողանում լավ խոսել ու արտաբերել, նստում էր էդ Խոսրովի կողքին, հետը կարդում էր, նրան կարդալ էր տալիս, ու ինձ էլ ասում թե. «Սոֆի հանկարծ երեխու վրա չջղայնանաս, նենց արա, որ Խոսրովը սովորել սովորի»: Էդ երեխեքին նա այնքան էր սիրում, որ ասելու չի: Իսկ էն երեխեքին էլ, որոնց նա ֆիզկուլտուրա էր պարապել, այսօր էլ նրանք շատ մեծ սիրով են հիշում Վազգենիս: Ու այդպես շարունակ ինքը կգար կպատմեր երեխեքից, երեխեքի ասածից, կկիսվեր, ես կպատմեի, հետագայում գրքեր կկարդար, հետո կքննարկեինք մեզ հետաքրքրող հարցերը ու այդպես շարունակ...

Մի օր էլ, լավ հիշում եմ, դուրս եմ գալիս, որ գնամ նրա ննջարանի ուղղությամբ, տեսնեմ,greta1 Վազգենս կատաղած լաց է լինում (այդ ժամանակ 5-րդ դասարան էր): Ասում եմ` «Վազգեն ջան, ի՞նչ է եղել», ասում է, թե` «Էս շան որդին, էս կրկեսը, էս ի՞նչ է» (Վարազդատն էր կարդում)… Ասում եմ. «Բալամ, էդ պատմություն է, ցավդ տանեմ»… Նեղվում էր դավաճանությունից ու լաց էր լինում: Մի օր էլ տեսնեմ փողոցից տուն է գալիս էլի ձայնը գլուխը գցած ու բարձր տոնով «հայհոյանք» է տալիս «տո, շան որդիներ, շան որդիներ» (էդ իրա հայհոյանքն էր), դուրս գամ տեսնեմ ի՞նչ, համ լաց է լինում, համ էլ ձեռքի քարերը շպրտում է էն ժամանակվա «Խալիսա» գյուղի ուղղությամբ, որտեղից, որ թուրքերն էին անցնում: Ասում եմ` «Այ տղա ջան, ի՞նչ ես անում»,- ասում էր. «Թուրք են, թուրք, ես դրանց հերն անիծեմ, թուրք են»: Ասում էի` «Վազգեն ջան, սրանք թուրք չեն, սրանք ադրբեջանցի են», բղավում էր. «Նույնն են, նույն բանն են», ու քարերը շպրտում էր նրանց ետեւից ասելով, թե` «Մեր փողոցով թող սրանք չգնան»: Ասածս այն է, որ նրա մեջ արդեն ինչ-որ բան կար, գրքեր կարդալով զգաց, թե ինչ բան է խեղճ լինելը: Երբ որ ասում էին 1.5 մլն հայ է կոտորվել, նա նյարդայնանում էր ասելով. «Ի՞նչ 1,5 մլն, 2 մլն, ո՞նց թե, գլուխ ե՞ք գովում, որ 1,5 մլն կոտորվել ենք, չկոտորվեի՞ք… Կանգնեի՞ք էլի, Զեյթունը, Մուսալեռը, Վանը ո՞նց կանգնեցին, ինչքան կռիվներ եղան, էլի կռիվ տայիք, գոնե կռվելով կոտորվեիք, գոնե մի քանիսին էլ դուք կոտորեիք»,-իր հետ կռիվ էր տալիս Վազգենս… Մեկ էլ էդ մազապուրծ բառը չէր սիրում:

Իսկ հետագայում էլ արդեն սկսեց կարդալ ռուս գրականություն, կարդում էր` բառարանը կողքը դրած ու շատ ժամանակ ասում էր` «Սոֆի էս ինչ բանը կարդա, շատ հետաքրքիր է»: Կարդում ու քննարկում էինք:

Նամանավանդ շարժման տարիներին, երբ նա գնում էր միտինգների, ես գիշերվա քանիսն էլ լիներ պիտի սպասեի նրա գալուն, որ քննարկեինք այս կամ այն հարցը: Չի եղել մի դեպք, որ ես նրա որոշմանը դեմ գնամ: Իսկ թե ինչպես էր Վազգենս փայլում իր շատ սիրելի «Գարուն»-ում, դա ուղղակի աննկարագրելի մի բան էր. նա այնքան սահուն տպագրվեց «Գարուն»-ի էջերում, որ ասելու չէ: Այնքան արագ եւ լավ ընդունվեց ժողովրդի կողմից, որ ինքն իրենով հարթեց իր ճանապարհը:

Բայց, սրա հետ մեկտեղ, Վազգենս շատ անկախ էր, պիտի ասեմ, որ ինստիտուտ ընդունվել էր ինքնուրույն, սովորել էր ինքնուրույն, աշխատանքի էր տեղավորվել ինքնուրույն, երեխաներս երեքն էլ այդպիսին են եղել, մենք նրանց ոչնչով չենք աջակցել: Մենք նրանց վստահում էինք, նրանք էլ` պատվով էին պահում մեր վստահությունը: Եվ իրենց մոտ կար պատասխանատվության մեծ զգացում: Վազգենիս նոթատետրը, որ նայես կզարմանաս նրա մտքերի ու կողմնորոշումների վրա: Անգամ մի տեղ էլ նշել էր. «Մամայի ծննդյան տեղն ու նվերը»` 97-ի հոկտեմբերի 30-ին...

-Իսկ հիշում եք, թե ինչպես նշեց Ձեր ծննդյան օրը Վազգեն Սարգսյանը:

-Ուրեմն, իրենք երեք եղբայրներով, ինձանից գաղտնի որոշել էին նշել 60-ամյակս: Մինչեւ նախավերջին օրն ինձ ոչինչ չէին ասում: Ընդ որում, ինքը թույլ չէր տվել, որ եղբայրները այդ օրվա հետ կապված ֆինանսական հարցով որեւէ միջամտություն ունենային: Ասել էր, որ ամեն ինչ ինքը պետք է անի: Վերջում էլ եղբայրներին ասել էր, թե` «Բա հիմա ու՞մ ենք կանչելու, բա մենք ի՞նչ իմանանք թե Սոֆին ու՞մ է կանչելու: Չէ, լավ, եկեք Սոֆիին ասենք» ու այդպես իմանցա, որ 60-ամյակս ուզում են նշել:

-Եվ ու՞մ հրավիրեցիք Ձեր 60-ամյակին, ամեն ինչ Ձեր սրտով եղա՞վ:

-Դե ուրիշ մարդիկ չկային այդ օրը, բոլորը մեր հարազատներն էին ու իսկապես շատ երջանիկ օր էր ինձ համար: Շատ պարեցինք, ուրախացանք, եղբայրներով հերթով ինձ պարի հրավիրեցին. Արամս պարացրեց տվեց Վազգենիս, Վազգենս պարացրեց, տվեց Արմենիս, է… Ու հիմա, ես ինչքան նայում եմ Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը, երբ ինքը մորը գրկած պարում է, ես այդ պահն եմ հիշում (ու արտասվում է.- Գ. Զ.): Մի խոսքով, շատ լավ օրեր ենք ապրել միասին, մեր տանը միշտ ուրախությունը, երգը, պարը ծիծաղը անպակաս են եղել: Նա մեր հայկական երգերը շատ էր սիրում: 

 

«ՃՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՃՌՃՌԱՆ ԲԱՆԵՐԻ ՀԵՏ ՍԵՐ ՉՈՒՆԵՐ,

ՍԻՐՈՒՄ ԷՐ, ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՍԱՐԱԿ,  ՊԱՐԶ ՈՒ ՇԻՏԱԿ ԼԻՆԻ»

 

-Իսկ այդ օրը ի՞նչ նվեր ստացաք Ձեր որդուց` Վազգեն Սարգսյանից:

- Սպարապետը այդ օրը ինձ մի թեւնոց նվիրեց եւ այն էլ գաղտնի. ինձ տարավ դուրս, մտավ թեւս, սկսեցինք ման գալ` «Արամուս» ռեստորանային համալիրի բակում, զրուցեցինք, հետո գրպանից հանեց թեւնոցը` շատ սովորական ու համեստ, հետո էլ ասաց, թե` «Ան, Սոֆ ջան, էս իմ կողմից քեզ նվեր: Բայց ոչ մեկին չասես, որ ես եմ տվել»: Չէր ուզում, որ ուրիշները իմանային, թեկուզ հարազատները, որ ինքը մորը էդպիսի բան է նվիրել: Չէր ուզում, ինքը էդ ճոխությունների, ճռճռան բաների հետ սեր չուներ, ինքը սիրում էր, որ ամեն ինչ հասարակ, պարզ ու շիտակ լինի: Այնտեղ, որտեղ ինքը ապրում էր` կառավարական առանձնատներում, աշխատողը երբ ասում էր` «Պրն նախարար, ճաշը խոհանացում, թե՞ Ձեր սենյակում մատուցեմ», ասում էր. «Չէ, չէ Գոհար ջան, խոհանոցում դիր, էնտեղ լավ է, ես ինձ ավելի լավ եմ զգում»: Հենց որ աղջիկները կուզենային ինչ-որ ճոխ ափսեներով մի բան դնել սեղանին, կասեր.greta3 «Տո աղջիկներ ջան, թասով դրեք, տենց ավելի լավ ա»: Գայանե ջան, ես մինչեւ հիմա զարմացած եմ, բայց եւ գիտակցում եմ, թե էդքան մարդկային լավագույն գծերը մի մարդու մեջ ինչպե՞ս կարող էր խտանալ, տեղավորվել: Բոլորի հետ նա յուրովի էր վերաբերվում: Նա, ճիշտ է, խիստ էր, բայց հիշաչար չէր… Կառավարության նիստերի ժամանակ, երեւի կհիշեք, որ նա ասաց, թե` «Ինչի՞ չեք արել իմ ասածը, գիտեք, չէ՞, որ ես իմ խոսքը «օդ» կրակող չեմ: Որ ասում եմ, իմ խոսքի ետեւից գնում եմ, ինչի՞ չեք արել»: Ու այդ օրը բոլոր նախարարներին, մինչեւ գիշերվա 5-ը պահել էր կառավարությունում: Ինձ հաճախ այն ժամանակվա նախարարները պատմում էին, որ, Վազգենի օրոք, իրենք 24 ժամ աշխատում էին: Եթե որեւէ մեկը տեղում չլիներ, կորած էր: Ու տես, երկիրը, ինչ երկիր էր դառնալու, աղջիկ ջան: Բայց չթողեցին, ձեռք չտվեց շատերին: Ես չգիտեմ ինչ մարդիկ էին դրանք, ի՞նչ դաստիարակության տեր էին, ի՞նչ մոր կաթ էին կերել, որ էդպես վարվեցին իմ Վազգենի հետ:

-Իսկ Վազգեն Սարգսյանի բնավորությունը, նրա ծավալած գրական գործունեությունն ու բռնած ուղին տեսնելով պատկերացնում էիք, թե ինչպիսին է լինելու նրա վաղվա օրը…

- Գայանե ջան, ես նրան ընդունում էի այնպիսին, ինչպիսին որ ինքն էր, ես գիտեի, որ նա աշխարհի որ ծայրում էլ լիներ, պիտի գար մասնակցեր էդ դեպքերին: Արցախյան շարժման տարիներին, մեր ամբողջ շրջանը հավաքվեց նրա շուրջը, առաջին կրակոցները մեր Երասխից սկսվեցին, եւ մեր երկրապահները մասնակցեցին դրան: Առաջինը իրենք սկսեցին:

-Բայց այսօր շատ-շատերն են խոսում հաղթանակի անունից …

-Դրա համար, մեծերից մեկը, որի անունը հիմա չեմ հիշում, մի հանճարեղ խոսք է ասել. «Պատերազմը հաղթում են հերոսները, իսկ այն վայելում են տականքները»: Հիմա տեսեք, էնքան տղաներ կան, որ Երասխից սկսած մասնակցել են պատերազմին, բայց հիմա ստվերում են մնացել: Բայց գեներալներ ունենք, ովքեր իրոք տարել են հաղթանակը, իրոք, մասնակցել են պատերազմին ու կռիվներին: Բայց կան մարդիկ էլ, ովքեր նույնիսկ Արցախյան պատերազմի մատույցներում չլինելով հանդերձ, դարձել են Արցախյան պատերազմի հերոսներ: Իրականությունը ինչ-որ չափով աղավաղվում է, ամեն մեկն իր համար գիրք է տպագրում, երգ է հորինում, ֆիլմեր է հանում, չգիտես ինչեր է անում... Բայց ես էլի հույս ունեմ, որ կգա ժամանակ, որ այդ ամենը կկարգավորվի: Պատմությունը պետք է ամբողջությամբ վեր հանվի, գրվի, որպեսզի մեր սերունդները ճշմարտությունը իմանան: Այնպես չլինի, որ հատուկենտ մարդիկ երեւան, իսկ մյուսները անտեսվեն: Պետք չէ, միշտ նույն մարդկանց դնեն. էս պատերազմում միայն Էջմիածինն ու Հոկտեմբերյանը չեն մասնակցել, այլ ՀՀ-ի վերին ծայրերից, մինչեւ ներքին ծայրերը մասնակցել են` գորիսեցիները, մեղրեցիները, բոլոր-բոլորը, բայց մի օր այդ մարդկանց չես տեսնի ասպարեզում, բայց չէ՞ որ նրանք ավելին են արել:

Սկիզբը առել է մեր ջոկատներից, հիմա մեր ջոկատներից, Աստված գիտի, հիշվում են, թե` ոչ, մի բան ստացել են, թե` ոչ: Այդպես ճիշտ չէ, եւ պետք է ճշմարտությունը վեր հանել:

Տեսեք, «Մի վախեցիր» ֆիլմը հանեցին, բան չունեմ ասելու, բայց գրեթե վերջում նոր հասկացվեց, որ ֆիլմը Ղարաբաղյան պատերազմի մասին էր: Եվ հետո, սկզբից գործողություններն այնպես էին ընթանում, որ ով այստեղ չգիտեմ` կռիվ է արել, անկարգ է եղել, ինչ է եղել, դրանք են գնացել պատերազմ: Ոչ, այդպես չի եղել: Ինչու՞: Եթե ֆիլմ են հանում, ուրեմն պետք է հանեն այնպես, ինչպես որ մեր տղաներն են եղել` հասկանալով թե ինչի համար են գնում եւ ուր են գնում: Հերիք եղավ, որ էսպես թոնրի շրթին մորթվենք, հերիք եղավ, ժամանակն է, որպեսզի ցույց տանք մեր ուժը, եւ ցույց տվեցինք: Մենք զենք չունենալով հանդերձ, որսորդական հրացաններով կռվի գնացինք: Եվ ինչպես  այդ ամենի մասին շատ գեղեցիկ գրել էր իմ շատ սիրելի Վրեժ Իսրայելյանը. «Ծով չունեցող ազգը` ուրիշին ծովակալ է տվել, զորք չունեցողներս` զորավարներ ու հրամանատարներ եք տվել ուրիշին»: Կամ ինչպես էլի հեղինակն էր նշում. «Մենք ինքնաթիռների դեմ կռվի ենք գնացել պարսատիկներով»: Բայց չէ՞ որ, իրոք, գնացին կռվեցին, պահպանեցին, ա՛յ, դա պետք է ցույց տան:

 

«ԱՅԴ ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՕՐԵՐԻՆ ԾՈՎԻՆԱՐԸ ՄԵՐ ՓՐԿԻՉԸ ԴԱՐՁԱՎ»

 

-Տիկին Գրետա, ասացիք, որ չարաբաստիկ հոկտեմբերի 27-ից հետո չէիք ուզում մարդկանց մասին մտածել, հետո ինչը Ձեզ ստիպեց նորից մտածել երկրի ու ժողովրդի մասին:

-Դե, այդ դեպքերից հետո, ես ուժ չունեի ինձ գտնելու, բայց հետո հանուն իմ երեխաների, հանուն իմ թոռների, հանուն իմ հայ ժողովրդի, նորից սկսեցի մտածել ու անհանգստանալ: greta5Բայց նաեւ պիտի ասեմ, որ իմ թոռնուհին` Ծովինարը, այդ օրերին մեր փրկիչը դարձավ: Նա ծնվեց 1999-ի հոկտեմբերի 11-ին, Վազգենս չհասցրեց անգամ տեսնել նրան: Զանգեցի, շնորհավորեցի, շատ ուրախացավ, նա շատ էր սիրում երեխաներին: Այդպիսի հորեղբայր աշխարհը չի տեսել ու չի տեսնի: Ճիշտ է հիմա իմ մյուս զավակներն էլ են լավ հորեղաբայրներ, երեխեքի համար խելքները իրենցը չի, բայց Վազգենս մի ուրիշ տեսակ հորեղբայր էր: Ծովինարիս համար էլ նա անսահման ուրախացավ, բայց չհասցրեց նրան տեսնել… Ծովինարը նրան չէր տեսել, բայց երեք ամսականից երբ ասում էինք. «Ու՞ր է հոպարը», մատը տանում-դնում էր նկարի վրա, այնքան որ ասել ու ցույց էինք տվել նրան հորեղբոր նկարները: Ու Ծովինարս մեզ զբաղեցնում էր… Հիմա էլ այնքան փխրուն երեխա է, բայց, էլի եմ կրկնում, նա մեզ փրկեց, մեծ եղբայրս, որ բարուրի երեխա ընդհանրապես չէր սիրում, Ծովինարիս սկսեց երեք ամսականից խոսեցնել: Ելք էինք փնտրում էդ վիճակից դուրս գալու ու ինչ-որ բանով սփոփվելու: Ճաք էինք տալիս, աղջիկ ջան, չէինք դիմանում: Էդ երեխաները մեզ փրկեցին, եւ, հանուն նրանց, ես կամաց-կամաց սկսեցի ինձ տիրապետել. մտածեցի, որ Վազգենս չի սիրում, որ լացկան լինենք ու մտածում էի, որ դրանից է, որ երազիս էլ չի գալիս: Ինքը լալկանություն չէր սիրում, ասում էր. «Հայաստանի հիմնը փոխելու եմ, իտալացի լալկան աղջկա հիմնը մեզ համար չի կարող հիմն լինել, «Հայրենի երկիր իմ Հայաստանը» պետք է լինի մեր հիմնը»… Շատ էր սիրում այդ երգը, որը հիմա մեր բանակի հիմնն է:

Այսպես, կամաց-կամաց, փորձեցի ինձ տիրապետել, բայց մեկ է, ես առանց նրա չեմ կարողանում: Նա ինձ համար ջուր էր, թթվածին էր, իմ կյանքն էր նա: Էս տղաներս էլ` Արամն ու Արմենը, շատ լավն են, բայց Վազգենս առաջնեկն էր, ու նրա հետ ես շատ էի կապվել…

Հետո, ինքը ապշելու չափ ծնողասեր էր: Նա ինձ շատ-շատ էր սիրում: Ինքը էդ ցույց տալու բաները չուներ, որ հանկարծ ես էլ ուզենայի իրեն համբուրել, ասում էր. «Պաչել-մաչել չկա, Սոֆի»: Ես պիտի միայն իրեն գրկեի ու հոտ քաշեի շատ-շատ կամ ճակատը պիտի համբուրեի կամ էլ վիզը, եթե երկար ժամանակ չէի տեսնում: Ստիպված, վեր էի կենում, գնում էի միառժամանակ իր մոտ էի մնում, կամ շաբաթը մեկ տեսակ-տեսակ ճաշեր էի պատրաստում, տանում էի իր մոտ, որ գոնե մի քիչ հանգիստ լինեի:

-Հիմա տանը Ձեր ձեռքով էլի ինչ-որ բան պատրաստու՞մ եք: Եվ այն ժամանակ, ի՞նչ ճաշատեսակներ էիք պատրաստում Վազգեն Սարգսյանի համար:

-Վազգենիս համար` թփով տոլմա, ղավուրմա ու էլի շատ համեղ ճաշատեսակներ էի պատրաստում, դե իսկ հիմա էլ, թեկուզ դժվար է , բայց ես եմ մեր տան ճաշը պատրաստում, թոռնիկներս են պահանջում, ի՞նչ կարող եմ անել:

-Այս տարի մարտի 5-ին կլրանա սպարապետ Վազգեն Սարգսյանի 53-ամյակը: Այդ օրը, Ձեր կարծիքով ովքեր կգան նրա ծնունդը շնորհավորելու, եւ հետաքրքիր է թե Դուք ի՞նչ կազմի եք սպասում:

greta2-Ես սպասում եմ իմ Վազգենի ընկերներին, նրա հարազատներին ու բարեկամներին, որոնք ամեն տարի գալիս են, մեծ սեղան ենք գցում, բոլորս հիշում ենք մեր սպարապետին, եւ եւս մեկ անգամ ասում ենք. «Սիրելի սպարապետ, ծնունդդ շնորհավոր»:

-Իսկ եղել են դեպքեր, որ մարտի 5-ին Վազգեն Սարգսյանին շնորհավորելու են եկել նաեւ քաղաքական էլիտայի հայտնի դեմքերը:

-Դե, այն ժամանակ լինում էին դեպքեր, բայց հիմա... ԵԿՄ-ից են գալիս, ի՞նչ ասեմ, նրան հիշողներն ու գնահատողները գալիս են...

Գայանե ջան, քանի որ արդեն գարունը իր մասին ավետում է, եւ Վազգենս էլ գարունը շատ էր սիրում, ես ուզում եմ առիթից օգտվելով, Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորել մեր բոլոր մայրերին, քույրերին ու աղջիկներին: Ցանկանում եմ, որպեսզի նրանց աչքերը միշտ չոր լինեն, որ նրանց աչքերից միշտ երջանկության արցունքներ հոսեն, որ բոլոր մայրերը իրենց որդիներին ուրախությամբ ճանապարհեն Հայոց բանակ ու ուրախությամբ էլ դիմավորեն: Բոլորդ եղեք առողջ ու երջանիկ: Ձեր բոլորի Գրետա մայրիկ:

 

Զրուցեց ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ

Շապիկի լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐԻ

 

Իսկ թե ինչու՞ էր Վազգեն Սարգսյանը իր սիրելի մորը` Գրետա Սարգսյանին սկզբում Աղուն, հետո` Սոֆի անվանում եւ թե ինչպիսի՞ն էր Գրետա Սարգսյանը Վազգեն Սարգսյանի վարչապետության օրոք, կարդացեք «Զարուհու» հաջորդ համարում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում