livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

gaxut«Զարուհի» ամսագիրը պարբերաբար զրուցներ է ունենում Աբովյան քրեակատարողական հիմնարկում գտնվող  կանանց հետ, ովքեր տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով հայտնվել են ճաղերի ետեւում եւ օր ու գիշեր սպասում են ազատման ժամին: Իսկ այդ ժամը շատ երկար է թվում, անկախ նրանից, թե քանի տարով են դատապարտված եւ ինչ հոդվածով: Այս անգամ խորագրի ներքո կներկայացնենք երկու կնոջ պատմություն, ովքեր կատարել են նույն հանցանքը` գողություն, սակայն տարբեր դրդապատճառներով, տարբեր ընտանիքներից են եւ նույնիսկ` տարբեր քաղաքներից: Առաջին կնոջ աչքերում, որի հետ մենք զրուցեցինք, նկատեցինք տխրություն, թախիծ եւ, որ ամենակարեւորն է, ափսոսանք ու զղջում կատարածի համար: Սակայն, ինչպես պարզվեց մեր զրույցի ընթացքում, վերջինս հայտնվել է գաղութում իր սիրած տղամարդու թեթեւ ձեռքով, կամ միգուցե նրան շատ սիրելու պատճառով: Պայմանականորեն մեր առաջին զրուցակցին անվանենք Ա.:

- Կպատմե՞ք ձեր մասին, ունե՞ք ընտանիք, թե՞ ոչ:

- Ես 41 տարեկան եմ, այստեղ եմ արդեն երկու տարի հինգ ամիս եւ դատապարտվել եմ գողության համար, ՀՀ Քր. օր. 177-ի երկրորդ մասով, որը նշանակում է` առանձնապես խոշոր չափերի: Ամուսնացած չեմ, սակայն ընտանիքում ունեմ հայր (մայրս մահացած է), եղբայր, հարս եւ երկու եղբորս երեխաները: Սովորել եմ կոոպերատիվ տեխնիկումի հաշվապահական բաժնում, որից հետո աշխատել եմ բանկում` որպես հաշվետար: Այնուհետեւ դուրս եկա այդ աշխատանքից, որից հետո մոտ ութ տարի տների մաքրմամբ էի զբաղվում, արդեն ունեի իմ մշտական հաճախորդները, ովքեր զանգահարում կանչում էին, ես էլ գնում-մաքրում էի: Իսկ այս բանը որ ստացվեց, ինձ դրդեցին, ես դրա համար արեցի:

- Կարո՞ղ եք ասել` ո՞վ եւ ինչի՞ համար ձեզ դրդեց այդ քայլին:

- Այն տանը, որտեղից ես կատարեցի գողությունը, աշխատում էի արդեն երեք տարի, նրանք ինձ լավ էին ճանաչում, եւ անգամ, երբ ինձ բռնեցին, այդ կինը ասաց, էդ իրանից չի, որ սենց բան ա արել, եթե անող լիներ` կաներ դա երեք տարի առաջ: Մենք իրոք շատ նորմալ հարաբերությունների մեջ ենք եղել, որեւէ անախորժություն չի եղել այդ տանտիրուհու հետ: Եվ նույնը կարող եմ ասել մնացած տանտերերի մասին, բայց դե ստացվեց էլի, ես հիմա զղջում եմ իմ արածի համար, ինձ էլ վայել չի այս արարքը, բայց դե...: Իմ առաջին դատվածությունն է սա: Դա ստացվեց անկախ ինձանից, ինչքան ժամանակ էր` չէի գնում իրենց տուն, որովհետեւ տանտիրուհին պառկած էր հիվանդանոցում: Հետո երբ եկավ, ինձ կանչեց, ու տենց, այդ օրը առավոտյան ստացվեց, ես զարդերը վերցրեցի:

- Ա. դուք գիտեի՞ք ինչ-որ բան այդ զարդերի մասին, նախապես տեսե՞լ էիք:

- Ընդհանրապես գիտեի, թե ինչը որտեղ է դրվում, բայց իմ աչքը երբեք դրա վրա չի եղել, քանի որ ինձ միշտ նորմալ են վարձատրում`  երեք հազարից, մինչեւ հինգ հազար: Նույնիսկ տուն եմ ունեցել, որ աշխատավարձ եմ ստացել: Այս տանտիրուհու հետ այնքան էինք մտերմացել, որ երբ նա ընկավ հիվանդանոց ոտքը կոտրելու պատճառով, դուրս գրվելուն պես զանգեց ինձ, ասեց` արի ինձ խնամի` քեզ կվարձատրեմ, բայց չհամաձայնվեցի, քանի որ ժամանակ չունեի, բայց տունը մաքրելուց եւ անգամ գնումներ կատարելուց չէի հրաժարվում: Նա ուներ երկու երեխա, բայց ամեն ինչ գրեթե ես էի անում:

- Ձեր պատմելուց հասկանում եմ մի բան, որ դուք կարիքից դրդված չեք գնացել այդ քայլին, հետեւաբար ի՞նչը տարավ ձեզ դրան:

- Ոչ, կարիքից դրդված չէի, սակայն ունեի պարտքեր` ինչ-որ մեկի պատճառով, որի մասին կարիք չկա ասելու, բայց դե ստացվեց: Սկզբում ինձ չկալանավորեցին, դրսում էին հարցաքննում, բայց հետո, երբ զանգեցին իմ տանտիրուհուն ասացին, որ ես եմ, նոր էդ ժամանակ...:

- Երբ կատարեցիք գողություն, ի՞նչ արեցիք գողոնը, վաճառեցի՞ք, թե՞ տվեցիք ուրիշին:

- Ես այն վաճառեցի, գումարը տվեցի իմ ծանոթին, ով ինձ դրդեց գնալ դրան, եւ հենց ինքն էլ զանգեց տանտիրուհուն եւ ասեց, որ ես եմ գողացել, դեպքից մեկ ամիս հետո: Իմ գողացածը շատ քիչ գումար է կազմել, եղել է բարակ շղթա, բարակ մատանի, թեւնոց:  

- Բայց մի՞թե մատնահետքերով հնարավոր չէր հենց սկզբում բացահայտել, թե ով է կատարել գողությունը, պետք է որ ինչ-որ մեկը զանգեր ասե՞ր:

- Այո, պատկերացրեք, զանգից հետո կրկին քննություն անցկացրին ու պարզեցին, որ մենակ ես եմ էդ չարաբաստիկ օրը էնտեղ եղել: Ես ահավոր զղջում եմ իմ արածի համար ու հատկապես ափսոսանք եմ զգում այն բանի համար, որ նման մարդու համար գնացի այդ քայլին: Ես շատ մեծ ցավ պատճառեցի իմ տանեցիներին, ես նորմալ աշխատում եւ ապրում էի: Կին եմ ու հասկանում եմ, որ իմ ջահել տարիները էստեղ են անցնում, լրիվ ծերացել եմ, ու կապ չունի, թե քանի տարեկան եմ, ու դեռ մեկ տարի էլ գտնվելու եմ այստեղ: Վաղաժամկետ էլ չեն ներկայացնում, որովհետեւ «Իսկ» (փոխհատուցում) ունեմ, այսինքն` այն գումարը, որը դրված է իմ վրա, իսկ եթե դա չլիներ` ավելի շուտ կգնայի տուն: Չնայած նրան, որ այստեղի աշխատողները լավ մարդիկ են, այնուամենայնիվ, ցանկանում ես շուտ դուրս գալ էստեղից:

- Դատարանը որքա՞ն գնահատեց ձեր գողացածը:

gaxut1- Երկու միլիոն դրամ, բայց ես էդքան գումար չեմ տեսել, ես տեսել եմ 75 հազար դրամ: Փորձեցի ապացուցել, բայց հնարավոր չէր արդեն: Սկզբում տանտիրուհին չբողոքեց, ասում էր, որ ձերբակալեք էն տղամարդուն, ով դրդել է նրան գողության, իսկ Դատախազությունը դա հաշվի չառավ, իսկ հետո էլ այդ կինը չգիտես ինչ մտածեց ու շարունակեց իր բողոքը իմ դեմ: Ես նրան ասացի, որ` իմ նստելուց օգուտ չի լինի քեզ, լավ կլինի չբողոքես, ես աշխատեմ` կտամ էդ ամենը: Բայց նա չհամաձայնվեց, ու փաստորեն գողացվածն էլ հետ չի գա, ես իմ պատիժը կրեցի, իրան էլ բան չհասավ:

- Ինչպե՞ս ես պատկերացնում քո կյանքը դուրս գալուց հետո:

- Պատրաստվում եմ աշխատեմ, շատ աշխատեմ եւ վերականգնեմ այն վնասները, որը պատճառել եմ իմ տանեցիներին: Իմ հայրը 80 տարեկան մարդ է, բայց գալիս իր աղջկան տեսնում է գաղութում: Ես չեմ կարողանում ինձ ներել, ոնց որ սատանա մտած լիներ մեջս: Կաշխատեմ մոռանալ էս ամենը, ու լավ կլինի: Իսկ հիմա ես չեմ մոռացել, որ կին եմ, զբաղվում եմ էստեղ տարբեր բաներով, ծաղիկներ եմ պատրաստում խմորից: Դուրս կգամ, կամուսնանամ նորից, ես մեկ անգամ ամուսնացել-բաժանվել եմ, ու կվայելեմ իմ կանացի երջանկությունը: Ընդունում եմ իմ մեղքը, չնայած մասնակի, բայց եթե մեղավոր չլինեի, էստեղ ի՞նչ գործ ունեի:

- Ա., մի՞թե այն տղամարդը, ում համար գնացիք այդ քայլին, շատ կարեւոր էր ձեզ համար:

- Նա իմ ընկերն էր, սիրած տղամարդը, ով հիմա ազատության մեջ ման է գալիս եւ նույնիսկ չի գալիս ինձ այցելության, չնայած, որ նա ընտանիք ունի, եւ դրա մասին գիտեին բոլորը: Չհասկացա, թե ինչու էսպես ստացվեց, եւ բացատրություններ էլ չեմ սպասում, որովհետեւ ես արդեն նեղության մեջ եմ եւ արդեն նույնիսկ չարացած էլ չեմ նրա հանդեպ: Կանանց ցանկանում եմ, որ լինեն խելացի, ունենան կանացի երջանկություն, իսկ գողությունը կնոջը վայել արարք չէ, եւ ընդհանրապես կինը չպետք է լինի գաղութում:

«ԱՌԱՋ ԳԱՂՈՒԹՈՒՄ ՈՒՐԻՇ ՄԹՆՈԼՈՐՏ ԷՐ»


gaxut3Մեր հաջորդ զրուցակիցը 31 տարեկան է, բայց, ի տարբերություն առաջին զրուցակցի, վերջինս գաղութում էր գտնվում արդեն 5-րդ անգամ` նույն հանցանքը կատարելու պատճառով: Տարօրինակ է, բայց փաստ: Իսկ ի՞նչն է նրան ստիպել հինգ անգամ գնալ այս քայլին: Եկեք լսենք նրան: Այս կնոջը պայմանականորեն անվանենք Կ.:

- Ամուսնացած եմ արդեն 13 տարի, բայց երեխաներ չունեմ: Դատապարտված եմ չորս տարի ազատազրկման, երեք տարի է, ինչ այստեղ եմ` բնակարանային գողության համար: Սա առաջին անգամը չէ, որ գողություն եմ անում, անընդհատ արել եմ սոցիալական վիճակից ելնելով, բայց վերջին անգամն է, որ գնացել եմ այս քայլին: Ամուսինս երբեք չի աշխատել, ես Արտաշատից եմ, ամուսնացել եմ այդտեղ, բայց ծնվել եմ Գյումրիում: Ամուսնանալուց հետո գնացել ենք վարձով ապրելու, եւ քանի որ ամուսինս մշտական աշխատանք չուներ, ես էի աշխատում հագուստի խանութներում եւ դրան զուգահեռ` բնակարակային գողություններ էի անում:

- Կ., դուք նախապես ընտրո՞ւմ էիք, թե ում կամ որ բնակարանից պետք է գողություն կատարեք, թե՞ պատահական տներ էիք մտնում:

- Ոչ, մտել եմ շենք, տեսել, թե ում դուռն է բաց, մտնում գողություն էի անում, պայուսակ էի վերցնում ու դուրս գալիս: Հիմնականում ես դա անում էի Երեւանում, երբ գալիս էի աշխատանքի, դրանից հետո գողություն էի կատարում: Նախկինում ամուսնուս հետ էլ եմ դատապարտվել, նա էլ է գողություն արել, ես աթանդա եմ կանգնել, հետո մարդ էլ ա խփել: Այս վերջին անգամ ինքը չգիտեր, որ գործից հետո ես գնում էի գողություն կատարելու:

- Ի՞նչն էր պատճառը չասելու, վախենում էիր, որ կբաժանվե՞ր:

- Ոչ, ուղղակի չէի ասում, ու ինչ գողանում էի` տուն չէի տանում, մեր տան վարձն էի տալիս, բացի այդ, մամաս հետս էր ապրում, բերել էի մոտս, որ պահեի: Դիմում եմ ներկայացրել վաղաժամ ազատվելու, բայց «Իսկ» (փոխհատուցում) ունեմ, 77 հազար դրամ, ու չեմ կարողանում տուժողների հետ լեզու գտնեմ:

- Դու արդեն հինգերորդ անգամն է, որ այստեղ ես, կարելի՞ է ասել, որ արդեն սովորել ես այս տեղանքին:

- Առաջ գաղութում ուրիշ մթնոլորտ էր, իսկ հիմա ուրիշ է, նախկին նստածներից քիչ մարդիկ կան հիմա, որոնց հետ եղել ենք մի ընտանիքի պես, ու իրանք գիտեն արդեն իմ բնավորությունը, որ տաքարյուն եմ, կռվարար:

- Բայց մի՞թե ազատության մեջ գտնվել ավելի լավ չէ:

- Իհարկե լավ է, բայց ես մտածել եմ տան մասին, ծնողիս մասին, իսկ որ դուրս գամ, բաժանվելու եմ ու իմ համար ապրեմ: Ես լավ ձայն ունեմ, կգնամ մի տեղ կերգեմ ու կյանքս կփոխեմ:

Զրուցեց ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում