livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

Գնալով ավելի ու ավելի ենք համոզվում, որ թրաֆիքինգի համար առաջնային թիրախ են հանդիսանում դժվար իրավիճակում հայտնված հասարակության խոցելի շերտերը, որոնք հեշտությամբ խաբվում են բարեկեցիկ կյանքով ապրելու սին խոստումներից: Իսկ թե ինչպես 19-ամյա ԼԻԼԻԹԸ հայտնվեց Թուրքիայի Անթալիա քաղաքում եւ համալրեց հերթական թրաֆիքինգի զոհերի շարքը, փորձեցինք մանրամասն ճշտել հենց նրանից:

 

Մենք դեռ մի կարգին չգիտենք նույնիսկ,

Թե այդ ինչից է մարդը ծիծաղում,

Մի՛միայն մարդը,

Եվ ոչ մի ուրիշ կենդանի էակ:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

 

Լիլիթը ծնվել եւ մեծացել է Հայաստանի փոքրիկ քաղաքներից մեկում: Ընտանիքը մեծ չէր. հայրը, մայրը, քույրը եւ ինքը: Հայրը մշտական աշխատանք չունեցող բանվոր էր, մայրը՝ ուսուցչուհի, իսկ դա նշանակում է, որ ընտանիքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում: Դեռ մանկուց Լիլիթը երազում էր դառնալ իրավաբան, սակայն ավարտական դասարաններում հակվեց դեպի լրագրությունը: Քույրը, որը իրենից տարիքով փոքր էր, անբուժելի հիվանդ էր, եւ այդ էր պատճառը, որ ընտանեկան բյուջեն հիմնականում ծախսվում էր քրոջ բուժման վրա: Հաճախ նրանք չէին կարողանում նույնիսկ էլեկտրաէներգիայի վարձը վճարել եւ մնում էին առանց լույսի: Բազում անքուն գիշերներ է անցկացրել մոմի լույսի տակ պարապելով, որպեսզի քայլ կատարի դեպի իր երազանքը... Եվ Լիլիթի անցկացրած անքուն գիշերներն ապարդյուն չանցան. Լիլիթն ընդունվեց մայրաքաղաքի մասնավոր բուհերից մեկի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ինչպես ինքն է նշում. «Բոլորն ինձ ծիծաղկոտ աղջիկ են համարում, բայց քչերին է հայտնի, որ իմ ծիծաղը լացել գիտի»:

Առաջին կուրսում ծնողները մի կերպ վճարեցին Լիլիթի ուսման վարձը, իսկ արդեն երկրորդ կուրսում... Երկրորդ կուրսի ուսման վարձը հայթայթելու տանջալից փնտրտուքների ժամանակ «օգնության է գալիս» Լիլիթենց հարեւանուհին՝ Ռիտան, ով Լիլիթին բարձր վարձատրվող՝ ամսական 600 ԱՄՆ դոլար, աշխատավարձով աշխատանք է առաջարկում Թուրքիայի Անթալիա քաղաքում. Լիլիթը պետք է թուրքական Անթալիա քաղաքում բնակվող հայկական ընտանիքներից մեկում աշխատեր որպես ընտանեկան ուսուցչուհի: Ճանապարհածախսի հետ կապված բոլոր խնդիրները Ռիտան իր վրա էր վերցրել: Լիլիթի ծնողները կտրականապես մերժեցին Ռիտայի առաջարկը եւ Լիլիթին էլ նախապես զգուշացրեցին, որ ոչ մի դեպքում չհամաձայնի Ռիտայի առաջարկած աշխատանքին: Լիլիթը կացուկամի մեջ էր. մի կողմից ծնողների անվերջանալի հորդորները, մյուս կողմից Ռիտայի` բարեկեցիկ կյանքով ապրելու խոստումները: Երկար մտածելուց հետո Լիլիթը համաձայնեց ընդունել Ռիտայի առաջարկը՝ հաշվի առնելով, որ երեք ամիս ամառային արձակուրդներ են, ընտանիքն էլ գտնվում է սոցիալապես ծանր պայմաններում, գոնե մի բանով կարող է օգտակար լինել: Օգոստոսի վերջին էլ կգա եւ հանգիստ խղճով կգնա դասի:

Վստահելով հարեւանուհուն, հաշվի չառնելով ծնողների անվերջանալի հորդորները` Լիլիթը մեկ շաբաթ անց հարեւանուհու ու եւս մի քանի երիտասարդ աղջիկների հետ, որոնք նույնպես գնում էին աշխատելու, արդեն Թուրքիայում էր: Մտքով անգամ չէր անցնում, որ Ռիտան, ով իրեն ճանաչում էր օրորոցից, ընդունակ է խարդավանքի, արջի ընկերություն անելու: Իսկ թե ինչ խնդիրների հետ է բախվել Անթալիայում 19-ամյա Լիլիթը, նա այսպես նկարագրեց.

-Հասնելով Թուրքիա` անմիջապես հասկացա, որ ոսկե սարեր եւ պատվաբեր աշխատանք խոստացած տիկին Ռիտան պարզապես ինձ եւ նրա ծուղակն ընկած մյուս աղջիկներին խաբել էր: Իհարկե, ինչպես ես հետագայում համոզվեցի, պարզապես ես նրա հերթական զոհերից մեկն էի: Չնայած աչքերիս թոզ փչելու համար առաջին երկու օրը մեզ լավ վերաբերվեցին, զբոսնելու տարան Անթալիայի տեսարժան վայրեր: Բայց դա ընդամնեը ծուղակ էր: Պատմելով Անթալիայում իմ անցկացրած դաժան օրերի մասին` Դուք եւս կհամոզվեք դրանում:

Ինձ պարտադրեցին Անթալիայում գործող կազինո-բարերից մեկում պորտապար պարել եւ կատարել հաճախորդների ցանկությունները, այն է՝ նստել նրանց գիրկը, թույլատրել համբուրել, ձեռք տալ մարմնի ինտիմ մասերին, բավարարել նրանց սեռական ցանկությունները: Անձնագիրս հենց առաջին օրը ձեռքիցս վերցրեցին: Երբ փորձեցի Ռիտային ասել, որ ես այդ գործի համար չէ, որ եկել եմ, պատրաստ չեմ նման անբարո աշխատանքի, ուզում եմ հետ վերադառնալ, նա ինձ այսպես պատասխանեց. «Ուզում ես` վերադարձիր, բայց նախ ճանապարհիդ փողը աշխատի, տուր, հետո վերադարձիդ մասին մտածի: Ուզես-չուզես պետք է աշխատես, հակառակ դեպքում, եթե շարունակես լացուկոծդ, կզանգեմ Հայաստան ու բոլորին կասեմ, թե ինչով ես զբաղվում այստեղ; Բոլորը քեզ համեստ, խելոք երեխա են ճանաչում, տեսնեմ, թե սրանից հետո ինչ կասեն: Ծնողներիդ մասին էլ չեմ ասում. կախաղան կընկնեն, չեն դիմանա, մտածիր նաեւ քրոջդ մասին. նա կարող է ապրումներից ավելի շուտ մահանալ»:

Թույլ չէին տալիս տուն զանգել, մեկ-մեկ, երբ մերոնք զանգում էին, կանգնում էին գլխիս վերեւը եւ ստիպում, որ ժպտալով, ուրախ տրամադրությամբ խոսեմ, ասեմ, որ ամեն ինչ խոստացածի նման է: Ինձ հետ եկած աղջիկները հարմարվել էին, բայց ես չէի կարողանում, աշխատավայրում լացում էի, հաճախորդները կանչում էին, արցունքները աչքերիս էի գնում: Դրա համար Ռիտայի վրա խոսակցություն էր գալիս, ասում էին՝ քո բերած աղջիկը գալիս է էստեղ լացելու համար, կլիենտ ենք կորցնում: Ռիտան էլ ինձ էր պատժում. ծեծում էր, մազերից քաշելով մտցնում էր սառը ցնցուղի տակ եւ ոտքերով գլխիս հարվածում, պարանով ծեծում: Ես զրկված էի ազատ տեղաշարժի իրավունքից: Լաց էի լինում, աղաչում էի, որ ինձ ետ ուղարկեն, բայց Ռիտայի սիրտը նման գործարքներից արդեն քարացել էր, եւ նրան միայն փողն էր հետաքրքրում: Չեք պատկերացնում՝ արցունքներս խեղդում էին, բայց ես զսպում էի ինձ ու ձեւական ժպտում հաճախորդներին: Ես պետք է այնպես անեի, որ նրանք, ինչքան կարողանան, շատ պատվերներ տան, հաճախորդների խմած ամեն բաժակի համար ինձ թեւնոց էին տալիս, որոնք աշխատանքի վերջում հանձնում էի բարմենին, որն էլ համապատասխան գումարը օրվա վերջում հանձնում էր Ռիտային: Օրական աշխատում էի ամենաքիչը 100 դոլար, սակայն դրանից ինձ որեւէ գումար չէր հասնում: Քնում էի հատակին, լողանում սառը ջրով, որովհետեւ Ռիտայի սիրեկանը` Կարենը, ասում էր, որ տաք ջուրը հոսանք է ծախսում: Դուռը բաց էի լողանում, որովհետեւ Կարենը չէր թողնում փակել, ասում էր՝ հիանում եմ մերկ մարմնովդ:

Մի օր ինձ տանը մենակ թողեցին, ես զանգեցի Հայաստան՝ ծնողներիս, պատմեցի իրականությունը: Հայաստանում ծնողներս անմիջապես դիմել են ոստիկանություն, Ռիտայի եւ իր հանցակիցների նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Ինձ եւ ինձ հետ Անթալիայում գտնվող աղջիկներին իրավապահ մարմինների օգնությամբ բերեցին Հայաստան: Հենց նույն օրը գնացի ոստիկանություն, մանրամասն պատմեցի այն իրավիճակը, որտեղ մեզ պահում եւ շահագործում էր Ռիտան: Նրանց նկատմամբ իմ եւ մյուս աղջիկների տված ցուցմունքներով հարուցվեց քրեական գործ: Այժմ Ռիտան եւ իր հանցակիցները կալանավորված են եւ դատապարտված 9 տարվա ազատազրկման: Երբ ցուցմունք էի տալիս, դա անում էի ոչ միայն նրա համար, որ ինձ դաժանորեն շահագործել է, այլ նաեւ նրա համար, որ նման տականքը հասկանա իր կատարած արարքի ստորությունը եւ այլեւս չհամարձակվի, օգտվելով ծանր սոցիալական վիճակից, խաբի ու շահագործի ինձ նման աղջիկների:

- Ինչպե՞ս են Ձեզ ընդունում Հայաստանում Ձեր ընկերները եւ հարազատները Թուրքիայից վերադառնալուց հետո:

- Հարազատներս՝ շատ լավ, ընկերներս՝ նույնպես, բայց մեր քաղաքը փոքր քաղաք է, մեկը աղի է խոսում, մյուսը՝ անալի: Բայց, չնայած այս ամենին, ես կարողացա ուժ գտնել իմ մեջ եւ նայել առաջ: Հիմա ես շարունակում եմ ուսումս, աշխատում եմ մոռանալ կատարվածը` չնայած շատ դժվար է մոռանալ կյանքիդ այն հատվածը, երբ քեզ փորձել են նսեմացնել, ստորացնել եւ խլել արժանապատվությունդ: Բայց կյանքը առաջին հերթին պայքար է, պայքար արեւի տակ իր տեղը գտնելու համար:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում