livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

Սաթենիկը Ալանաց թագավորի աղջիկն էր, որ ամուսնացել է Հայաստանի թագավոր Արտաշես Ա-ի հետ: Նրանց սիրային հեքիաթը, ճանաչված իբրեւ Արտաշես եւ Սաթենիկ, ներկայացվել է  5-րդ դարի հայ պատմաբան Մովսես Խորենացու կողմից «Հայոց Պատմություն» գրքում: Խորենացին նշել է, թե հեքիաթը լավ գիտցված էր իր ապրած ժամանակ Հայաստանի ժողովուրդին միջեւ եւ պատմված էր ճամփորդող հեքիաթասացներից:

 

Ալանները կովկասյան բոլոր լեռնականների հետ միաբանվելով եւ Վրաց աշխարհի կեսը գրավելով՝ մեծ բազմությամբ գալիս տարածվում են Հայոց աշխարհով մեկ: Ալանների ներխուժման դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքերը եւ ելնում պատերազմի: Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը եւ բանակ դնում գետի հյուսիսային ափին: Արտաշեսն էլ, հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին: Գետը դառնում է թշնամի երկու բանակների սահմանաբաժանը:

Հայոց եւ ալանների զորքերի ընդհարման ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը: Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում: Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա, միաժամանակ առաջարկում երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանների կտրիճները այլեւս չեն ասպատակի Հայոց աշխարհը: Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել: Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը՝ ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր մոտ, նրա բանակում, գալիս կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ դարավանդի վրա եւ թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին.

 

Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես,

Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,

Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը`

Տուր պատանուն,

Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազները

Այլ դյուցազների զավակներին զրկեն կյանքից

Կամ ծառա դարձնելով` ստրուկների կարգում պահեն,

Եվ հավերժ թշնամություն

Երկու քաջ ազգերի միջեւ հաստատեն:

 

Արտաշեսը լսելով այս իմաստուն խոսքերը՝ գնում է գետափ եւ տեսնելով չքնաղ կույսին՝ սրտանց ցանկանում է նրան կին առնել: Իսկույն կանչում է իր դայակ Սմբատին, նրան հայտնում իր սրտի փափագը: Միաժամանակ նա Սմբատին հայտնում է, որ կին առնելով ալանների արքայադստերը՝ ինքը դաշինք եւ ուխտ կկնքի երկու քաջ ազգերի միջեւ եւ պատանուն խաղաղությամբ կվերադարձնի:

Սմբատը հավանություն է տալիս Արտաշեսի առաջարկին, անմիջապես մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ, առաջարկում ալանների օրիորդ Սաթենիկին կնության տալ Արտաշեսին:

Ալանների թագավորն ասում է.

 

Եվ որտեղի՞ց պիտի տա քաջ Արտաշեսը

Հազար հազարներ ու բյուր բյուրեր

Ալանների քաջազգի կույս օրիորդի փոխարեն:

 

Երբ Արտաշեսին հայտնում են Սաթենիկին կնության առնելու այս թանկ պայմանները, այնժամ

 

Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սեւուկը (ձին),

Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը,

Եվ որպես սրաթեւ արծիվ անցկացավ գետը,

Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,

Գցեց մեջքը ալանաց օրիորդի,

Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի,

Արագ հասցնելով բանակը իր:

 

Արտաշեսը բռնությամբ առեւանգելով գեղեցիկ Սաթենիկին՝ բերում է Արտաշատ, մեծ ու շքեղ հարսանիք հրավիրում, հետը ամուսնանում: Հարսանիքի ժամանակ, ըստ արքայական սովորության, երբ Արտաշեսն իբրեւ փեսացու մտնում է դահլիճը` գլխին ոսկե դրամներ են շաղ տալիս, իսկ երբ Սաթենիկն է մտնում ամուսնական առագաստը` մարգարիտներ են գլխին թափում: Եվ այնքան վսեմ ու շքեղ էր այս տեսարանը, որ գուսանները երգել են այն հետեւյալ ձեւով.

 

Ոսկի անձրեւ էր տեղում

Արտաշեսի փեսայության պահին,

Մարգարիտ էր տեղում

Սաթենիկի հարսնության պահին:

 

Արտաշեսը Սաթենիկին դարձնում է իր կանանց մեջ առաջինը: Սաթենիկից ծնվում է Արտավազդը եւ ուրիշ շատ զավակներ:

Խորենացու այս պատումը ժողովրդին հիմնականում հայտնի է այս կերպով,  քչերը գիտեն վիպերգության երկրորդ մասի մասին, ուր  իբր թե Սաթենիկը սիրային կապեր է ուզում հաստատել վիշապազուն Արգավանի հետ՝ սաստիկ տենչալով նրա սերը: Մեր օրերում պատումի  այս հատվածի մասին կատարվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, սակայն քչերին է հայտնի մեծն Հովհաննես Թումանյանի «ՏԵՆՉԱՅՐ ՍԱԹԵՆԻԿ» հատվածի առթիվ կատարած յուրօրինակ ուսումնասիրությունը: Ստորեւ կներկայացնենք  մեծ բանաստեղծի  կողմից կատարած աշխատությունը, ուր «Տենչայր տիկին Սաթենիկ տենչանս զարտախուր խավարտ եւ զտից խաւարծի 'ի բարձիցն Արգաւանա» հանգույցը բացելով՝ մեծ բանաստեղծը ցանկացել է իմանալ Արտաշեսի ընտանեկան կյանքի առասպելախառն եւ փոթորկալի պատմությունը, թե ինչ էր տենչում թագուհի Սաթենիկը՝ այդ բոլոր կռիվների ծաղիկը:

«Առասպելը ժողովուրդն է շինում, պահում եւ պատմում, նրա սեփականությունն է, եւ նրան պետք է դիմել: Սաթենիկի տենչանքն էլ առասպել լինելով՝ միգուցե պատմական իրողություն չի, այլ Գողթան երգիչների շինածն ու հնարածը, որոնք, իհարկե, առիթ ունեին: Խորենացին ինքը, որ այս հատվածներն «առասպելեալ» անվանելով գրել է, թողել, վկայում է, որ նրանք (առասպելները) հնարովի, մտացածին բաներ են: Մի տեղ ուզենալով ընթերցողին հավատացնել, ասում է՝ «թեեւ առասպել է, բայց հեռու չէ ճշմարտությունից»: Պատմությունից երեւում է, որ Սաթենիկ թագուհին (50 տարեկան) տռփական սեր չի ցույց տվել դեպի վիշապազունների նախարարը (80 տ. անց), այլ նախանձոտ Արտավազդն է այդպես բամբասել` այնքան հարգված ու մեծարված Արգամին հոր աչքիցը գցելու համար: Եվ, ինչպես համանման դեպքերում, ժողովուրդը հորինել է առասպելներ, «որք, ըստ Խորենացու, զճշմարտութիւն իրացն այլաբանաբար յինքեանս ունին թագուցեալ»: Առասպելն ասում է, թե տիկին Սաթենիկն այրվում էր վիշապազունների (Արգավան նահապետի) տռփական սիրով:

Եվ դրա համար էլ, որպես թե`

Տիկին Սաթենիկը սաստիկ ցանկանում էր արտախուր խավարտ եւ տից խավարծի Արգավանի բարձերից:

Սակայն ինչ են այդ արտախուր խավարտն ու տից խավարծին, որ Սաթենիկը ցանկանում է յուր սիրած Արգավանի բարձերից:

Մեկնիչներից շատերը վաղուց գտած լինելով, որ սրանք բույսեր են, միեւնույն ժամանակ մերժել են սրանց բուսական նշանակությունը եւ ուրիշ զանազան բացատրություններ են տվել առասպելին, տարակուսելով, թե ինչու համար պետք է լինեն այդ բույսերը սիրահարված թագուհու տենչանքի մեջ:

Ահա, հենց այդ հարցի պատասխանը պետք է գտնել`«Սաթենիկ տիկինը փափագում էր հոտավետ ծաղիկներին եւ խոտերին Արգավանի բարձերից»: Այս ի՞նչ է նշանակում: Ոմանք հայեր մինչեւ այժմ եւս սովորություն կամ ավելի լավ ասեմ, հնար ունեն դյութելու` այսինքն սիրելի անձի սերը ստանալ ցանկացող կինը (երբեմն եւ տղամարդը) ծածուկ, առանց նորա գիտության դնում է նորա բարձի մեջ հոտավետ խոտեր եւ ծաղիկներ (կարծեմ առավելապես ռեհան): Քանի մի ժամանակ անցնելուց հետո, այն խոտերը գաղտագողի բերում են, դնում են սիրվել ցանկացող անձի բարձերի մեջ, որով իբր թե բերվում են նորա բարձի տերի սերն եւս»: Գ. Խալաթյանն ասում է, թե Սաթենիկի մասին հատվածը ակնարկում է այս ժողովրդական սովորությունը, որի սկզբնավորությունն անկասկած հնագույն ժամանակներից է: Այս կարծիքն առավել հավանական համարելով՝ մենք այսպես եւ թարգմանեցինք:

Այս է, որ ասել են Գողթան երգիչներն առասպելաբանելով, իբրեւ թե սիրահարված Սաթենիկը տենչում էր ձեռք բերել Արգամի բարձերից արտախուր խավարտ եւ տից խավարծի, այսինքն նորա սերը»:

Առասպելը՝ առասպել, սակայն պատմահայր Խորենացին միգուցե ցանկացել է հայ այրերին զգուշացնել, որ օտար ազգերից աղջիկներ օղապարանով որսալուց ու Հայաստան հարս բերելուց առաջ հարկավոր է մի քիչ ավելի երկար մտածել: Ինչեւիցե, այսպիսին էր տենչայր տիկին Սաթենիկը՝ Արտաշես արքայի առեւանգված տիկինը, իր բացահայտված եւ չբացահայտված գաղտնիքներով:

ԱՆՈՒՇ ԲԵՅԲՈՒԹՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում