livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

...Բայց կլինի մի գիշեր ու հմայքով նաիրյան
Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան...

 

Մեր հինավուրց պատմության ընթացքին այլ ցեղերի մասնակցությունը եւ միջամտելը միշտ էլ հանգեցրել է կորուստների: Տարել են թե նյութականը եւ թե հոգեւորը: Սակայն ավարառուների կողմից անընդհատ լլկվող մեր տեսակը այսօր էլ շարունակում է ապրել եւ կերտել արժեքներ՝ ի հեճուկս հենց նույն ավարառուների, որոնց իզութոզի մասին վաղուց հիշատակվում է լոկ պատմության մահախոսականներում:

 

Մեր ողջ պատմության ընթացքում եզակի են եղել այն դեպքերը, երբ այդ միջամտությունները ինչ-որ բան են ավելացրել մեր ունեցածին: Այդ եզակիներից այսօր ցանկանում ենք անդրադառնալ մեկին` Ասորեստանի թագուհի Շամիրամին, ում հակասական կերպարը, սկսած վաղ անցյալից մինչեւ մեր օրերը, չի դադարում քննարկման նյութ լինել: Նա, ով, ըստ ավանդության, եղել է խելացի եւ հզոր կին, վարել է բազմաթիվ պատերազմներ, նվաճել շատ երկրներ, իր ուրույն տեղն է գրավել թե հայ եւ թե համաշխարհային պատմության էջերում: Բազմաթիվ առասպելներ ու ավանդություններ են հյուսվել Ասորեստանի թագուհի Շամիրամի անվան շուրջ: Հին հունական առասպելներում նա համարվել է սիրո եւ պտղաբերության աստվածուհի Դերկետոյի դուստրը: Մորից լքված մանուկ Շամիրամին իբր խնամել են աղավնիները: Չափահաս դառնալով` ամուսնացել է նախ՝ Նինոս թագավորի պալատական խորհրդական եւ Ասորիքի կուսակալ Օննեսի, իսկ նրա մահից հետո` Նինոսի հետ: Վերջինիս մահից հետո դարձել է մանկահասակ որդու` Նինուասի խնամակալուհին, պատերազմներ վարել Աֆրիկայի եւ Ասիայի մի շարք երկրներում: Ավանդությունները Շամիրամին են վերագրում մի շարք հնագույն կառույցներ (քաղաքներ, ջրանցքներ, պարտեզներ, այդ թվում` Բաբելոնի «կախված այգիները»): Շամիրամը իբր վարել է տարփատենչ եւ զեխ կյանք, վատնել արքունի գանձերը, որի համար հալածվելով որդուց` ի վերջո փոխվել է աղավնու, համբարձվել երկինք եւ դարձել աստվածուհի: Հայկական ավանդության համաձայն, Շամիրամը սիրահարվել է Հայաստանում թագավորող Արա Գեղեցիկին` Արամի որդուն: Այդ մասին առավել մանրամասն է ներկայացրել Մովսես Խորենացին իր պամությունում (տե՛ս Մ. Խորենացու «Հայոց պատմությունը», գիրք Ա, Ժե-իա):

«Արան Նինոսի վախճանվելուց քիչ տարիներ առաջ խնամակալ դարձավ իր հայրենիքի: Բայց վավաշոտ եւ անառակ Շամիրամը շատ տարիներից ի վեր նրա գեղեցկության մասին լսած լինելով՝ ցանկանում էր նրան տեսնել, բայց հայտնի կերպով չէր համարձակվում որեւէ բան անել: Իսկ Նինոսի վախճանվելուց հետո Շամիրամը իր ախտը համարձակ պատվելով՝ Արա Գեղեցիկի մոտ պատգամավորներ է ուղարկում ընծաներով եւ նվերներով եւ շատ աղաչանքներով ու պարգեւների խոստումով խնդրում է գալ Նինվե` իր մոտ՝ կամ իրեն կին առնել ու թագավորել այն ամենի վրա, որոնց տիրում էր Նինոսը, եւ կամ նրա ցանկությունը կատարել ու մեծամեծ նվերներով խաղաղությամբ իր տեղը դառնալ: Երբ պատգամավորները շատ անգամ երթեւեկություն կատարեցին, եւ Շամիրամը սաստիկ չարանալով, պատգամավորությունը դադարելուց հետո վերցնում է իր զորքի բազմությունը եւ շտապում է գնալ Հայաստան՝ Արայի վրա: Բայց որքան դեմքից կարելի է գուշակել, շտապում էր ոչ այնքան նրան սպանելու կամ հալածելու, որքան նվաճելու կամ իր ձեռքը գցելու, որպեսզի իր կամքը կատարի: Որովհետեւ կատաղի կրքի պատճառով տռփանքով սիրահարված էր նրա մասին եղած զրույցներին, ինչպես տեսնելիս լիներ: Շտապով գալիս հասնում է Արայի դաշտը, որը նրա անունով կոչվել էր Այրարատ: Ճակատամարտը պատրաստելիս նա իր զորապետներին պատվեր է տալիս, եթե դեպքը բերի, պետք է ջանալ կենդանի պահել Արային: Կռվի ժամանակ Արայի զորքը ջարդվում է, Արան էլ ընկնում է պատերազմի մեջ Շամիրամի կտրիճներից»:

Ըստ պատմիչի՝ Շամիրամը դա տեսնելով՝ դիակապտուկներ է ուղարկում Արայի դին գտնելու եւ վերակենդանացնելու նպատակով, սակայն դա չկարողանալով անել եւ հայերի հետ նոր պատերազմից զգուշանալով՝ նա իր սիրեկաններից մեկին հագցնում է Արայի հանդերձները եւ հայտարարում է, թե Արան վերակենդանացել է: Որից հետո.

«Շամիրամը կարճ ժամանակով մնում է այն դաշտում, որ Արայի անունով կոչվում է Այրարատ: Տեսնելով երկրի գեղեցկությունը, օդի մաքրությունը, բխող մաքուր աղբյուրները, կարկաչահոս ու բարեգնաց գետերը՝ նա ասում է. «Մենք պետք է այսպիսի բարեխառն կլիմայում, մաքուր ջրերով երկրում մեզ համար քաղաք եւ բնակության արքունիք շինենք, որպեսզի տարվա շրջանի մի մասը, այսինքն՝ ամառային եղանակը ամեն տեսակ վայելչությամբ անցկացնենք Հայաստանում, իսկ մյուս երեք մասը, օդի զով ժամանակը, կյանք վայելենք Նինվեում»:

Շամիրամը հայկական լեռնաշխարհը հավանելով՝ սկսում է շինարարական աշխատանքների մեկնարկը: Կառուցում է քաղաքներ, ամրոցներ եւ ջրանցքներ, իսկ հետո պատմիչի վկայությամբ.

«Քարաժայռի արեգակը դարձած կողմը, որտեղ այժմ մարդ ոչ մի գիծ չի կարող երկաթով գծել, այսպիսի կարծր քարի մեջ զանազան սենյակներ, ննջարաններ, գանձարաններ եւ երկար վիհեր, հայտնի չէ ինչ բանի համար, հրաշակերտեց: Իսկ քարաժայռի ամբողջ երեսը հարթելով, ինչպես գրչով հարթում են մեղրամոմը, վրան շատ գրեր գրել տվեց, որոնց տեսքը միայն բոլորին զարմացնում է եւ ոչ միայն այստեղ, այլեւ հայոց աշխարհում շատ տեղերում արձաններ կանգնեցրեց եւ նույն գրերով իր մասին ինչ-որ հիշատակ հրամայեց գրել, եւ շատ տեղերում նույն գրով սահմաններ էր հաստատում»:

Ավանդույթում ասվում է, որ Հայաստանում Շամիրամը իր անունով ամառանոցային բերդաքաղաք, ջրանցք, ապարանքներ, ծաղկանոցներ, այգիներ հիմնելուց հետո սպանվում է իր որդի Նինուասի ձեռքով:

Շամիրամի կերպարին, ի թիվս այլ մշակույթների ներկայացուցիչների, անդրադարձել են նաեւ հայ արվեստագետները, ոգեշնչվելով այդ ճակատագրական կնոջ կերպարով՝ ստեղծել են արվեստի գլուխգործոցներ: Հայտնի է Վահան Տերյանի Շամիրամին եւ Արային նվիրված հիասքանչ տրիոլետը.

 

Չեմ դավաճանի իմ Նվարդին,

Որքան էլ դյութես, օ, Շամիրամ.

Որպես արքան այն, մանուկ Արան,

Չեմ դավաճանի իմ Նվարդին:

Որքան փորձանք գա իմ զոհ-սրտին,

Որքան էլ փայլըդ փայե նրան,

Չեմ դավաճանի իմ Նվարդին,

Որքան էլ դյութես, օ, Շամիրամ:

 

Շամիրամի եւ Արայի կերպարին է անդրադարձել նաեւ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը իր գլուխգործոցներից մեկով՝ «Շամիրամ» բանաստեղծությամբ.

 

Նորից` անմար կարոտով գգվանքների ու հրի`

Դու եկել ես տեսնելու քաղաքները Նաիրի:

Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի

Ցանկությունով հրահրած` անհագ վառվել են էլի:

Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,

Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում էր Արան:

Ա՛յլ է աշխարհը հիմա, ա՛յլ է հիմա Նաիրին.

Ո՛չ մի արքա էլ չկա, որ չտրվի քո հրին:

Մտի՛ր ակումբը հիմա, մտի՛ր թատրոնն ու կաֆեն`

Հազա՜ր արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ:

Ո՛չ վեճ է էլ հարկավոր, ո՛չ պատերազմ մահառիթ.

Արքաների համար նոր -բավական է մի ժպիտ.-

Միայն ակնարկ մի թեթեւ- եւ կտրվեն նրանք քեզ,

Քո հմայիչ ու անթեւ տարփանքներին հրակեզ:-

Կգան մեկ-մեկ ու սիրով- ու կտանջես նրանց դու

Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու:

Եվ այնպիսի՜ տարփանքներ նրանք կտան հիմա քեզ,

Որ կամոքվի քո հոգին կարոտանքից սիրակեզ:

...Բայց կլինի մի գիշեր ու հմայքով նաիրյան

Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան:

Նորի՜ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի -

Ու սարսափով մի անօգ` նորից կելնես դու կռվի:

Եվ որպեսզի չտրվի նա ախտաժետ քո հրին -

Ոտքի կելնե նրա հետ հազարամյա Նաիրին:

Եվ դաշտերում Նաիրի կպարտվի նորից նա,

Կնահանջե զորքը ետ, երկիրը քեզ կմնա:

Նա կմեռնի, որպես զոհ - բայց չե՛ս հաղթի դու նրան.

-Դա՛ռն է խորհուրդը սիրո, շամբշոտաշո՛ւրթ Շամիրամ...

 

Ոգեշնչվելով Արայի եւ Շամիրամի առասպելական պատմությամբ՝ իր գլուխգործոցը` «Արա Գեղեցիկ» դիցական ողբերգությունն է ստեղծել Նաիրի Զարյանը: Շամիրամին իրենց կտավներում անմահացրել են նաեւ հայ նկարիչները` մասնավորապես հայտնի է Վարդգես Սուրենյանցի «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» կտավը: Շամիրամի եւ Արա Գեղեցիկի կերպարներին են անդրադարձել նաեւ այլ հայ արվեստագետներ:

Այո, ասորեստանցի այս կինը իր հետքն է թողել մեր ազգի պատմության մեջ, Արայի նկատմամբ տածած սերը հանելուկային այս կնոջը ստիպեց սիրել նաեւ մեր երկիրը ու շենացնել այն: Երբեմն թվում է, թե հայ արքան հանիրավի է մերժել նրա սերը, եթե չմերժեր, գուցե նախախնամությունը այլ տրամաբանությամբ կմոտենար երկու ժողովրդին էլ, եւ իրականությունը այլ կլիներ:

Ինչեւէ, Արա արքան այսօր էլ մեզ հետ է եւ հարափոփոխ աշխարհում ազգի հարատեւությունը պահպանող ոգեկիրների հետ միասին իր հավատարմությամբ պահպանում է Երկիր Նաիրին` այն հավատարմությամբ, որը զուտ բարոյական բարձրագույն առաքինություն լինելով հանդերձ՝ դառնում է նաեւ ինքնապահպանման, լինելության հիմնարար նախապայման:

ԱՆՈՒՇ ԲԵՅԲՈՒԹՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում