livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 05, 2019

Anna1Աննա  (963 – 1011 – 12թթ մարտի 13)`  եղել է Մեծ Կիեւի իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի կինը, Ռուսաստանի «կնքամայրը», ռուս առաջին կայսրուհին:

Հունական Կորսուն քաղաքի գրավումից հետո բյուզանդական կայսր Բարսեղ Երկրորդի հարազատ քույրը կնության ուղարկվեց  ռուս իշխան Վլադիմիրին (այս ամուսնությամբ երկու պետությունների միջեւ կնքված պայմանը կատարված էր համարվում. պայմանագրի համաձայն Ռուսաստանը պետք  է օգնություն ցուցաբերեր Բյուզանդիային պատերազմի ժամանակ):

ՊԱԼԱՏԱԿԱՆ ԱՆՑ ՈՒ ԴԱՐՁ ԿԱՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Աննան Բարսեղ Երկրորդի (976-1025թթ.) եւ  Կոնստանտին Ութերորդի (976-1028 թթ.) միակ հարազատ քույրն էր: Նա ծնվել է իր հոր` Ռոմանոս Երկրորդ կայսեր մահից ընդամենը երկու օր առաջ 963թվին: Այս ամենի մասին վկայում է բյուզանդացի պատմիչ Հովհաննես Սկիլացին:

Սկիլացու վկայությամբ կայսր Ռոմանոսին դավադրությամբ թունավորել էին: Հենց այդ նույն տարի էլ կայսրության գլուխ է բարձրանում զինվորական գնդի հրամանատար Նիկափոր Ֆոկան եւ թագադրումից  անմիջապես հետո ամուսնանում է Աննայի մոր` Ֆեոֆանոյի հետ, որը ըստ պատմիչների, Կոստանդինապոլսցի հայ` ոչ այնքան հայտնի պանդոկատիրոջ աղջիկն էր : Սակայն  Նիկափոր Ֆոկայի գահակալումը երկար չտեւեց. պալատական խարդավանքներից եւ դավադրություններից հետո 969թ. Հովհան Առաջին  Ցիմիսխացին իրեն կայսր հռչակեց: Հաստատվելով գահին`  Հովհանը ոչ միայն չցանկացավ ամուսնանալ Ֆեոֆանոյի հետ, այլ նաեւ նրան վռնդեց մայրաքաղաքից` աքսորելով նրան Միջերկրական ծովի անմարդաբնակ կղզիներից մեկը (նրա հետ էր նաեւ վեցամյա Աննան): Աննկարագրելի տանջանքներից ու զրկանքներից հետո Ֆեոֆանոյին վերջապես հաջողվում է փախչել եւ ապաստան գտնել ս. Սոֆիա վանքում: Շատ չանցած` Հովհանը, իմանալով նրանց փախուստի մասին, Ֆեոֆանոյին ու Աննային ուղարկում է հայկական հեռավոր մենաստաններից մեկը:

Ցիմիսխացու մահից հետո` 976թ. (մի վարկածով նա մահացել է անհայտ հիվանդության պատճառով, մեկ այլ վարկածով նրան թունավորել էին), իշխանությունն անցավ Ֆեոֆանոյի ավագ որդուն` Բարսեղ Երկրորդին. նրա շնորհիվ Ֆեոֆանոն եւ Աննան վերջապես հայրենիք վերադարձան:  

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ

Բարսեղ Առաջինը` հայկական այդ դինաստիայի առաջին կայսրը, սերում էր Մակեդոնիայում հաստատված հայերից. այդ իսկ պատճառով բյուզանդական տարեգրության մեջ այդ արքայական դինաստիան հիշատակվում է որպես «Մակեդոնական», նրան` որպես Բարսեղ 1-ին Մակեդոնյան: Մի շարք հեղինակավոր պատմիչներ հակված են այդ դինաստիան անվանել հայկական, քանի որ  867-1056թթ-ի` գրեթե երկու դարերի  ընթացքում  բյուզանդական կայսրերից, զորահրամանատարներից եւ պալատական իշխանավորներից շատերը հայեր են եղել: Բյուզանդական պատմության մեջ հայկական դինաստինան համարվում է թերեւս ամենահզորը:

Լինելով վերոնշյալ արքայական տոհմի շառավիղը` Աննան հասունանում էր` ուսումնասիրելով էր իր ապուպապի` Բարսեղ Առաջինի, Կոնստանտին Յոթերորդի եւ այլ իմաստասերերի ու աստվածաբանների աշխատությունները, որոնք  հանդիսանում էին «Կայսրության կառավարման մասին», «Բյուզանդական արքունիքի արարողակարգերի եւ սրբերի վարքի մասին» եւ այլ վարք ու  բարքեր մեկնելու եւ հմտություն ձեռք բերելու ձեռնարկներ: Նա դաստիարակվում էր այդ ժամանակների համար ամենաբարձր չափանիշներով` պատրաստվելով ամուսնության, այդ թվում նաեւ միջպետական: Այդ ամուսնություններին էր անդրադարձել նաեւ Աննայի պապը` Կոնստանտին Յոթերորդը  949թ.  «Կայսրության կառավարման մասին» ակնարկ գրելիս, որտեղ նա իր բազմաթիվ դիտողություններից ու դատողություններից բացի  նշում էր նաեւ բյուզանդական  տիրակալների` հյուսիսային բարբարոս ցեղերի, այդ թվում նաեւ  ռուսների հետ ամուսնական հարաբերություններ հաստատելու աննպատակահարմարության մասին ու հանգում էր եզրահանգման. «Քանի որ ամեն ժողովուրդ ունի իր վարքն ու բարքը, օրենքներն եւ կարգերը, ապա այդ ամենը պետք է պահպանվի նաեւ ամուսնության միջոցով, քանզի ամուսնությամբ է երկիր կառուցվում»: Կոնստանտինը  այդ խնդրում բացառություն էր արել  Արեւմտյան Եվրոպայի պետություններից միմիայն Ֆրանսիայի համար:  Չնայած մյուս կայսերական ընտանիքների հանդեպ ունեցած նրա ոչ դրական վերաբերմունքին` իրավիճակները, հաճախ, ստիպում էին բյուզանդական տիրակալներին բարեկամական հարաբերություններ հաստատել հարեւան երկրների հետ:

Ահա այսպիսին էր իրականությունը, եվ Աննային էլ էր թերեւս սպասվում եվրոպական երկրներից մեկում կրել թագուհու թագ: Սակայն Աստծո կամքը նրա համար այլ ճանապարհ էր պատրաստել…

ՊՍԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Իշխան Վլադիմիրը, ով Ռուսաստանի միանձնյա  կառավարիչը դարձավ  980 թվից, Բարսեղ Երկրորդ կայսեր ներպետական ապստամբությունը ճնշելու օգնության կանչին ի պատասխան պահանջեց Աննայի ձեռքը: Չնայած Վլադիմիրի ցանկության անընդունելիությանը, որին նպաստում էր նաեւ նրա հեթանոս լինելը, այնուամենայնիվ կայսրը համաձայնվում է կնության տալ Աննային եւ ռուսական դրուժինաների օգնությամբ ճնշում է ապստամբությունը: Հաղթանակից հետո կայսրը չէր շտապում կատարել իր խոստումը, քանի որ Աննայի ձեռքը խնդրում էր նաեւ Բուլղարիայի թագավորը: Վլադիմիրը, զգալով այդ խորամանկությունը, արշավի է դուրս գալիս եւ շրջափակում Խերսոնես քաղաքը, որը ռուսները անվանում էին Կորսուն: Այն գրավելուց հետո միայն Բարսեղ Երկրորդը կնության տվեց Աննային միայն մի պայմանով.

«Եվ Խերսոնեսից Վլադիմիրը դեսպաններ ուղարկեց «վասիլեւս» եղբայրների մոտ հետեւյալ գրությամբ. «Եթե Աննային չտաք ինձ, ապա ես ձեր մայրաքաղաքի հետ կվարվեմ այն կերպ, ինչպես վարվեցի այս քաղաքի հետ»: Եւ այսպիսի պատասխան եկավ իշխանին. «Եթե կընդունես խաչը եւ կլինես մեր հավատակիցը, կտանք մեր քրոջը: Իսկ եթե կմնաս հեթանոս, ապա ավելի լավ է ընկնենք մարտի դաշտում, քան թե մեր հոգիները դատապարտենք հավերժական տանջանքների»: «Իմ սրտին հաճելի է ձեր ուղղափառ հավատը  եւ ձեր վանականները թող Աննայի հետ գան, կնքեն եւ ինձ, եւ իմ ժաղովրդին»:

Հարսանեկան նավատորմը ժամանեց Խերսոնես: Աննան նավարկում էր հայ հոգեւորականների հետ` իր հետ բերելով հունական Աստվածամոր սրբապատկերները եւ բազմաթիվ սուրբ մասունքներ: Երկրորդ նավը բեռնված էր ոսկով:  Երրորդ նավը, որն այդպես էլ տեղ չհասավ, բեռնված էր գինով. ըստ որոշ լուրերի, այն թունավորել էին Աննայի եղբայրները, որպեսզի հարսանիքը մահվան  խրախճանքի վերածվեր: Վլադիմիրը Աննային դիմավորեց ոսկեզօծ հագուստով եւ թագը գլխին: Աննան անմիջապես շահեց նրա սիրտը:

Խերսոնես քաղաքի գլխավոր տաճարում (ներկայումս ս. Վասիլի) հայ հոգեւորականները կնքեցին Վլադիմիրին`  տալով նրան քրիստոնեական անուն` Բարսեղ( Վասիլի): Հնարավոր է, որ Աննան խնդրել էր հայ հոգեւորականներին իր ամուսնուն կնքել իր ավագ եղբոր անունով: Եվ հրաշք….: «Լուսավորվեց Բարսեղը: Լուսավորվեց եւ գրկեց Աննային, ապա հրամայեց  բարոններին, որոնք ուղեկցում էին նրան, ընդունել Խաչը»:  

Վերադառնալով Կիեւ` կայսրն առաջին կարեւոր գործն համարեց իր ժողովրդին կնքելը: Նա հատուկ օր նշանակեց, եւ ինչպես ենթադրվում է, այդ ծիսակատարությունը տեղի է ունեցել 988թ. օգոստոսի մեկին: Եվ հրաման արձակվեց, ըստ որի ամբողջ ռուս ժողովուրդը պարտավոր էր մասնակցել տոնակատարությանը. չմասնակցելու դեպքում նրանք համարվելու էին  կայսեր թշնամին: Եվ ինչպես նկարագրում է ականատես պատմիչը. «հենց հաջորդ օրն արդեն ամբողջ ժողովուրդը հավաքվել էր Դնեպրի մատույցներում: Եվ ուրախությունը դեմքներին` մտնում էին նրանք «սուրբ ջուրը»… ոմանք մինչեւ ծնկները, ոմանք լողում էին ջրում… իսկ հոգեւորականները աղոթք էին կարդում`  ամբողջացնելու համար Ռուսաստանի համար ամենից կարեւոր այդ իրադարձությունը…»:

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է

Ժամանակագիրների վկայությամբ. «Վլադիմիրի մկրտությունից հետո թագուհուն բերեցին ամուսնության կարգը կատարելու»: Սուրբ խաչը ընդունած 33-ամյա Վլադիմիրը կնության վերցրեց  25-ամյա Աննային:

Ու հրամայեց կայսրը ոչնչացնել բոլոր կուռքերին: Ականատես լինելով այդ տեսարանին` կիեւյան մետրոպոլիտն հաստատում է. «Մեհյանների փոխարեն եկեղեցիներ կառուցեցին, կուռքերն իրենց տեղերը զիջեցին քրիստոնեական սրբապատկերներին եւ զարդաքանդակներին…»:

AnnaՎլադիմիր Սվյատոսլավիչը համարվեց Ռուսաստանի թերեւս «ամենամեծ» կայսրը.«Նա շուտով ապացուցեց, որ ծնվել է հենց «Մեծ ղեկավար» լինելու համար»: «Իր թողած անձնանվեր գործի համար նա արժանացավ Մեծն տիտղոսին»,- նշում է Կարամզինը:

Բյուզանդիայի ուղղափառ եկեղեցուց Աննան իր հետ բերեց հունական «Կանոնագիրքը», որը անվանվում էր «Համականոն», որը ռուսներն անվանեցին «Սնուցող գիրք» եւ հանդիսացավ ռուսական եկեղեցու կանոնագրքի  հիմքը: Այն բաղկացած էր երեք մասից: Առաջին մասում խոսվում էր տասանորդի մասին, որը բխում էր եկեղեցու շահերից: Կիեւի ս. Աստվածամոր տաճարը, որի հիմնադիրը Աննան էր, դարձավ Ռուսաստանի եւ Կիեւի եկեղեցական առաջնորդարանը` այդպես էլ անվանվելով` Տասանորդական: Այս եկեղեցին կառուցվել էր ավելի շուտ Կոստանտինապոլսի կայսերական ֆարոսսյան եկեղեցու ոճով, որտեղ  սիրում էր հաճախել Աննան: Եվ չնայած նրան, որ ոչ ֆարոսսյան եւ ոչ էլ տասանորդական եկեղեցիները չպահպանվեցին, այնուամենայնիվ հնագետներին հաջողվել է վերականգնել նրանց նախկին պատկերը:

Կայսրուհու միջնորդությամբ եկեղեցիներում սկսեց ամեն տարի նշվել ս. Աստվածամոր պայծառակերպության տոնը: Աննայի հովանավորությամբ բացվեցին բազմաթիվ հիվանդանոցներ, մենաստաններ. հատուկ ռուս վանականների համար հագուստներ կարվեցին: Ինչ վերաբերում է Աննայի գլխավոր առաքելութանը, ապա նա ամբողջությամբ իրականացրեց իր կայսր-եղբայրների բաղձալի երազանքը եւ դարձավ Ռուսաստանի Առաջին կրոնական լուսավորիչը: Նրա անմիջական ջանքերով բացվեցին ուսումնարաններ` ռուս վանականներ կրթելու համար:

Աննայի կողմից բերված սրբապատկերները եւ զարդանախշերը դարձան չափանիշներ ռուս բնանկարիչների համար: Նա իր առաքելությունը շարունակում էր կայսերական ընտանիքում. Վլադիմիրի որդիները հաճույքով ընդունեցին քրիստոնեությունը եւ այն տարածեցին իրենց պատկանող բնակավայրերում:

Աննայի գլխավոր առաքելությանը` եղբայր-կայսրերի ուխտը` լինել առաջին լուսավորիչը Ռուսաստանում, կատարված էր լիովին:

Աննայի հոգին երկինք համբարձվեց 6519թ. ըստ Բյուզանդիայի օրացույցի (հաշշված աշխարհի ստեղծման օրից, այն համապատասխանում է մ թ 1011-12թթ.). նա ընդամենը քառասունութ տարեկան էր: Մահվան պատճառ հադիսացավ համաճարակը:

Վլադիմիր Սվյատոսլավովիչը քարտաշ հայերին պատվիրեց շքեղ մարմարյա տապան պատրաստել: Այն տեղադրվեց Տասնորդական եկեղեցու բակում: Նրա կողքին հետագայում թերեւս պետք է տեղ գտներ նաեւ կայսեր տապանը: Այդպիսի պատվի անգամ բյուզանդական կայսրերը չէին արժանացել:  Կայսրուհի Աննան եւ Վլադիմիրը դասվեցին սրբերի շարքը, քանզի ամուսինները մկրտեցին եւ լուսավորեցին ամբողջ Ռուսսիան:

2012թ. հունիսի մեկին Ռուսաստանի հանրապետության նախագահ Դ.Ա. Մեդվեդեւը օրենք հաստատեց, ըստ որի Ռուսաստանը հուլիսի 28–ը նշում է որպես Մկրտության օր:  

ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում