livemarks sitemap
Հինգշաբթի, Մարտի 30, 2017
taj-mahal... Արցունքներին սեր սգացող

Դու ցանկացար հավերժ կյանք տալ...

Դու... որսացիր ժամանակը ուռկաններում

                                          գեղեցկության,

Անտեսք մահին անմահության տեսք տվեցիր:

Գաղտնիքը, որ գիշերային անդորրի մեջ

Դու հայտնեցիր սիրելիիդ շշնջալով,

øարն է այժմ այն պահպանում

                         հավերժական լռության մեջ,

... Մարմարը դեռ շշնջում է աստեղներին՝

՛՛Ես հիշում եմ՛՛:

Ռաբինդրանաթ Թագոր

Յամունա գետի Հարավային ափին, Ագրա քաղաքում է գտնվում Թաջ Մահալը՝ Հնդկաստանի հուշարձանների լուսապսակը, աշխարհի 8-րդ հրաշալիքը, թերեւս ամենաուշագրավ ճարտարապետական հուշարձանն աշխարհում:

Այն թարգմանաբար նշանակում է թագի պալատ, գրականության մեջ անվանել են՝ քարից կերտած պոեմ, մարմարում մարմնացած երազանք, մարդկային սիրո հուշարձան, Ռաբինդրանաթ Թագորը անվանել է այն ՛՛Արցունք հավերժության դեմքին՛՛, իսկ Քիպլինգը՝ ՛՛ամենամաքուրը բոլոր իրերի մեջ՛՛, ի սկզբանե կոչվել է ՛՛Սրտի թագուհու դամբարան՛՛: Այն Հնդկաստանի ոչ պաշտոնական խորհրդանիշն է համարվում:  Կոթողն ամբողջությամբ կառուցված է ձյունասպիտակ մարմարից: Այն հիացնում եւ ապշեցնում է նաեւ նրբագեղ աշխատանքով՝ ասես մարմարի վրա արված ասեղնագործ լինի: Ողջ շինությունը դրվագազարդված է թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերից պատրաստված ծաղիկներով, տերեւներով, ինչպես նաեւ Ղուրանի որոշ սուրաներով: Դրվագազարդումը կատարվում է այսպես. նախ մարմարի վրա փորագրվում է ծաղիկը, այնուհետեւ թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերից շատ բարակ տաշեղներ են կտրվում եւ սոսնձվում պատրաստված տեղում: Սակայն շքեղ ճարտարապետության մեջ չէ Թաջ Մահալի հմայքը, այլ՝ նրա ստեղծման պատմության, որն ավելի շատ նման է արեւելյան հեքիաթի:

Պատված ամպերով՝ ասես անկշիռ, այն վեր է խոյանում կապույտ ջրերից՝ ստեղծված համբույրներից, հոգոցներից, արցունքներից, հիացմունքի շշուկներից, երջանկության, հիշողության պահերից եւ հավերժական վշտից: Գիշերը, թվում է, թե այն ոչ թե ճարտարապետն է կառուցել, այլ ոսկերիչը, եւ ոչ թե մարմարից, այլ մաքուր արծաթից, իսկ լուսաբացին սպիտակ մարմարը վարդագույն է դառնում, ինչպես գեղեցկուհու դեմքը սիրեկանին հանդիպելիս: Ըստ ավանդության, երբ այստեղ գալիս են սիրահար զույգեր, կինը հարցնում է իր զուգընկերոջը: ՛՛Իսկ դու ինձ սիրում ես այնքա՛՛ն, որ եթե ես մեռնեմ, ինձ համար այսպիսի հուշարձան կառուցես՛՛:

Այս հոյակերտ հուշարձան-դամբարանը կառուցել է Մեծ Մողոլների (չշփոթել մոնղոլների հետ) դինաստիայի կայսր Շահ Ջահանը իր սիրելի կնոջ` Մումթազ Մահալի հիշատակին:

Շահ Ջահանը՝ (1592-1666) կոչված նաեւ ՛՛աշխարհի տիրակալ՛՛, կառավարել է կայսրությունը1628-ից մինչեւ 1658 թվականը: Նա ճանաչված էր, իբրեւ արվեստների հովանավոր եւ շինարար, եւ նրա օրոք կայսրությունը հասել է քաղաքական եւ մշակութային բուռն ծաղկման:

taj mahal in march 2004Դեռեւս 15 տարեկանում Շահ Ջահանը հանդիպում եւ սիրահարվում է Արջումանադ Բանու Բեգամին՝ հայնտի պաշտոնյա Ջահանգիրի14-ամյա դստերը: Գեղեցիկ ու խելացի, ազնվազարմ ծագումով աղջիկը բոլոր առումներով հարմար էր արքայազնի համար, սակայն, ավա՜ղ, նրան սպասում էր ավանդական քաղաքական դաշինք Պարսից արքայադստեր հետ: Բարեբախտաբար, Իսլամական օրենքները թույլ են տալիս չորս կին ունենալ եւ 1612թ.-ին Շահ Ջահանը ամուսնանում է իր սիրեցյալի հետ: Հարսանեկան արարողությունը կարող էր տեղի ունենալ միայն աստղերի նպաստավոր դիրքի ժամանակ, որի պատճառով Շահն ու իր հարսնացուն հարկադրված են լինում սպասել հինգ տարի, որի ընթացքում նրանք երբեք չեն հանդիպում: Հարսանիքից հետո Շահ Ջահանի հայրը` Ջահանգիրը, Արջումանադին նոր անուն է տալիս՝ Մումթազ Մահալ, որը նշանակում է ՛՛պալատի զարդ՛՛: Ըստ որոշ աղբյուրների Մումթազ Մահալը հայուհի է եղել, եւ կայսերական արքունիքում նա է ներդրել Մարաշի ասեղնագործությունը:

Մումթազ Մահալը երջանիկ էր սիրո եւ ամուսնության մեջ. նա կրքոտ սիրում էր իր ամուսնուն եւ ապրում էր միայն նրանով: Նրա սերը փոխադարձ էր, նա էր Շահի կյանքի իմաստը, անշեջ ու անդիմադրելի սիրո օբյեկտը: Նա ոչ միայն շահի կինն էր, այլ նրա անզուգական ուղեկիցը. նրա կողքին էր բոլոր պատերազմների ժամանակ, երբ արքայազնին հետապնդում էր հարազատ հայրը, երբ նա կռվում էր գահի համար եղբայրների հետ: Մեծ կայսերը հարիր էր հարեմ ուենալ, սակայն նրա համար իր երրորդ կին Մումթազ Մահալը առաջինն էր ու միակը:  üրանսիացի ճանապարհորդ, բժիշկ եւ փիլիսոփա üրանսուա Բեռնեն, որը բնակվել է Հնդկաստանում 12 տարի, իր հիշողություններում գրում է. ՛՛Շահ Ջահանը ուշադրություն չէր դարձնում այլ կանանց՛՛. Նա, որ եվրոպացի էր, ապշած էր. արեւելյան խստասրտություն եւ, հանկարծ այսպիսի անբացատրելի նրբություն: Շահի պահվածքը ցնցող եւ աննախադեպ էր այդ ժամանակների համար: Կինը ներկա էր գտնվում պետական խորհրդի նիստերին, կինը իր կարծիքն էր հայտնում: Կարծիք, որը չէր թույլատրվում վիճարկել ոչ ոքի եւ երբեւէ: Առանց այդ կնոջ ներկայության տեղի չի ունեցել եւ ո՛չ մի  միջոցառում, ո՛չ մի փաստաթուղթ չի ընդունվել: Այդ կնոջ համար կազմակերպվում էին շքեղ տոնակատարություններ՝ մինչ այժմ չլսված ու աննախադեպ պատվությամբ, որը հակասում էր մուսուլմանական բարքերին: Իմաստուն ու խելացի Մումթազը ուղեկցում էր ամուսնուն պատերազմների ժամանակ անգամ:  Մումթազին ամենուր շեղ հայացքներ էին հետապնդում: Իհարկե, ոչ թե բաց, այլ քողարկված միայն, այլապես բոլորը շատ լավ գիտակցում են, թե որքան դաժան կարող է գտնվել մեծ մողոլների առաջնորդը: Տասնութ տարի քնքշություն եւ երջանկություն: Սիրուց ծնված 13 երեխաներ, սակայն 14-րդ ծնունդը շատ ծանր էր, որից Մումթազը մահանում է: Անակնկալ վիշտը նրան հանկարծակիի է բերում: Նոր էր ավարտվել հաղթական արշավը Դեկան, եւ այդպիսի բան… Ութ օր Շահ Ջահանը միայնության մեջ է անցկացնում, ցանկանում է ինքնասպան լինել: Եվ երբ վերջապես դուրս է գալիս վրանից, մարդիկ ապշում են. հզոր ու քաջ տղամարդ,  որն իբրեւ առյուծ գնացել էր պատերազմ, միանգամից վերածվել էր ծերունու՝ սպիտակած մազերով եւ տառապալից աչքերով: Ամբողջ երկրում սուգ է հայտարարվում: Երկու տարի ոչ ոք չի համարձակվում ուրախանալ, երաժշտություն լսել, հագնել վառ հագուստ եւ օգտագործել զարդեր ու օծանելիք:

՛՛Դամբարան կառուցե՝ք ինձ համար, որտեղ ես կթաղեմ նրա մարմինը: Այն պե՛տք է չքնաղ լինի նրա նման՝ հրաշափառ եւ նրբագեղ: Կառուցեք գերեզմանը՝ նրա մարմնի եւ հոգու գեղեցկությանը հարիր՛՛: Այս բառերով, Շահ Ջահանը դիմել է իր ճարտարապետներին: Նրանց գլխավորը՝ պարսիկ Մուհամեդ ՈՒստա Իսսին, հանձն է առնում՝ պատվով կատարելու այս առաքելությունը: Շինարարական աշխատանքներին մասնակցել են ավելի քան 20 հազար մարդ, որոնց թվում էին Պարսկաստանից, Հնդկաստանից, Վենետիկից, Սամարղանդից հրավիրված լավագույն շինարարներ եւ ճարտարապետներ: Ի դեպ, նրանց թվում եղել են նաեւ հայ շինարարներ: Նրանցից մեկին` Գրիգոր անունով, կոչում էին մեծ վարպետ-կառուցող:  Եվ պատահական չէ, որ Թաջ Մահալը տեսնողները՝ նրանց թվում նաեւ հայերը, դրա մեջ տեսնում են ծանոթ վարպետների գործ: Կառուցման վայր է ընտրվում Ագրայի  արվարձանը, Յամունա գետի հարավային ափը: Ինչպես պարզվեց հետագայում, ընտրությունը շատ ճիշտ էր կատարված. ոչ մի երկրաշարժ չի կարողացել վնասել դամբարանը: Ագրայից 320 կմ հեռավորության վրա գտնվող քարհանքից, ավելի քան 1000 փիղ տեղափոխում էին մարմարը: Հիմնական շինանյութը Ջայկոտի քարհանքերից բերվող սպիտակ մարմար էր, իսկ զարդանկարային գործի համար պահանջվեցին գունավոր քարեր: Հենջաբից բերվեց հասպիս, Չինաստանից՝ նեֆրիտ եւ բյուրեղապակի, Տիբեթից՝ ցեյլոնից թանկարժեք Ռուսաստանից ներկրում էին մալախիտ, Բաղդադից` սերդոլիկ, Պարսկաստանից փիրուզ. ըստ լեգենդի, այդ քարը սիրո պատճառով մահացած մարդկանց ոսկորն է: Մյուս երկու ճարտարապետները՝ վենետիկցին ու ֆրանսիացին, գեղեցիկ այգիներ հիմնեցին դամբարանի  շուրջը՝ Մախտաբ բագը եւ լուսնի այգին: Այն դարձավ Եդեմի պարտեզի խորհրդանիշը, հնդի լեզվով ՛՛այգի՛՛ եւ ՛՛դրախտ՛՛ բառերը նույն կերպ են հնչում: Սպիտակ մարմարե հրաշքի կերտմանը իր անմիջական ներդրումն է ունեցել հենց ինքը Շահ Ջահանը, որն ուներ գեղարվեստական նուրբ ճաշակ եւ շատ էր սիրում սպիտակ գույնը:


taj-mahal-2Դամբարանի մուտքը նման է ավազաքարե պալատի՝ կարմիր է՝ կարծես  ներկված է սրտի արյունով, ցավից տառապած եւ տանջված սրտի՝ դեռեւս տաք ու ջերմագին սիրով: Նեղ աղեղանման պատուհանները, կարծես, սգացողների վեր հառնած ձեռքեր լինեն՝ մեկընդմիշտ ընկղմված անտանելի վշտի մեջ: Ներսում ամենուր ակնեղենից պատրաստված  ծաղկադրասանգներ են՝ ներթափանցած արեւի շողերով: Մուսուլմանական կրոնը արգելում է քանդակի կամ նկարի ձեւով աստվածների եւ մարդու պատկերումը, որի համար էլ գերակշռող են բուսական նուրբ զարդաքանդակները, եւ տաճարի գլխավոր հմայքը նրա վսեմ պարզության մեջ է:

Շահը հաճախ էր  գնում այնտեղ աղոթելու՝ փորձելով զսպել դուրս հորդացող արցունքներն ու հոգոցները, քանզի ոչ մեկը, ոչ մյուսը հարիր չէին տղամարդուն (առավել եւս մեծն տիրակալին): Նա խոսում էր դամբարանի հետ, կարծես հավատում էր, թե իր սիրեցյալի հոգին թեւածում էր այնտեղ: Չէր կարողանում համակերպվել, որ մեկը, ով ուղեկցել էր իրեն տասնութ տարիներ, հեռանար իրենից: Եվ, ի պատասխան իր նուրբ ու քնքուշ, տաք ու կրքոտ խոսքերի, նա լսում էր Մումթազի հոգու արձագանքը:

 Իր համար դամբարան կառուցել Շահ Ջահանը չհասցրեց: Յամունա գետի մյուս ափին` Թաջ Մահալի դիմաց, Շահ Ջահանը մտադիր էր մեկ այլ դամբարան կառուցել: Դա էլ իր համար, որը պետք է լիներ սեւ մարմարից: Երկու դամբարանները պետք է միմյանց միանային կամրջով: Սակայն նրա որդին` Ջահանգիրը, որին արդեն հոգնեցրել էին հոր անտեղի հսկայական ծախսերը, Շահ Ջահանին գահընկեց է անում եւ տնային կալանքի տակ առնում իր պալատում: Նախկին կայսրը կարող էր միայն իր կալանասենյակի պատուհանից տեսնել հեռվում երեւացող իր հավերժական սիրո խորհրդանիշը: Ագրայի Կարմիր Բերդի աշտարակի փոքր պատուհաններից, որտեղ նա տնային կալանքի մեջ էր, տեսանելի էր միայն Թաջ Մահալը: Բայց Շահ Ջահանին ավելին պետք էլ չէր… Ինը տարի հետո Շահ Ջահանը  ինքն էլ հանգիստ է գտնում իր սրտի թագուհի՝ Մումթազի կողքին: Տաճարի ներսում, իրար կողք թաղված են այժմ Մումթազը եւ Ջահանը: Երկրորդ հարկում կա նմանատիպ եւս երկու գերեզման, որտեղ մարդկային ոտք չպետք է մտնի: Նրանց դամբարանները թաղված են թարմ ծաղիկներով, որ ամեն օր բերում են տարբեր ցեղերի եւ կրոնների մարդիկ:

Ժամանակը հոսում է Յամունայի ջրերի հետ միասին, սակայն հավերժական սիրո հուշարձանը կանգանած է հպարտ՝ հերքելով հազարմայա այն ճշմարտությունը, որ ճարտարապետությունը քարացած սիմֆոնիա է, քանզի այնտեղ գտնվելով թանկարժեք քարերը պատմում են էլ ավելի թանկարժեք հավերժական սիրո պատմությունը:

ԱՆՈՒՇ ԲԵՅԲՈՒԹՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում