livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

ST SHUSHANԱշխարհակալությունների ու քաղաքակրթությունների մրցակցումը մշտապես ուղեկցվել է զինված բախումներով, պատերազմներով: Հզոր տերությունները ձգտում էին ձուլել հպատակ ժողովուրդներին՝ ուծացման, նաեւ դավանափոխության ճանապարհով: Պետականության չգոյության պայմաններում հայ ժողովրդի առջեւ  ծառացել էր սեփական լեզվի, հավատքի, ասել է թե` ինքնության պահպանման խնդիրը: Միջնադարյան մեր պատմությունը հարուստ է բազում դրվագներով, երբ  նվիրյալները հնարավոր բոլոր միջոցներով պահպանել են սեփական մշակութային կյանքով քաղաքավարելու իրենց անկապտելի իրավունքը, պայքարել են աննահանջ, զոհաբերել կյանքը «յանուն միակ ճշմարտութեան»:

Համառ ու անձնուրաց այդ մաքառման արձագանքները պահպանվել են հայ մատենագրության էջերում: Դրանք պատկերվել են պատմագրության, տաղերգության մեջ, ձեռագրերի հիշատակարաններում: Սակայն հին գրականությունն  ունի հատկապես այս պայքարին նվիրված հարյուրավոր բնագրեր, որոնք կոչվում են սրբախոսություն: Սրբերի, նահատակների, խոստովանողների կյանքը իբրեւ բարեպաշտության օրինակ, գնահատվել ու նկարագրվել է անիշխանության բոլոր դարաշրջաններում:

Ազգային դիմագծի ու հավատի պահպանության խնդիրը հրատապությունը չի կորցրել նաեւ նոր ժամանակներում: Սակայն սրբախոսության ավանդույթները, ցավոք, ընդհատվել են:

Հայ եկեղեցու սրբերը մեր պատմության էջերը զարդարող պայծառափայլ աստղեր են, որոնք դարեր շարունակ լուսավորել են հայի կյանքի երկնակամարը: Նրանցից շատերը, իրենց հզոր հավատքի շնորհիվ, անձնուրացությամբ եւ անսահման հայրենասիրությամբ այսօր եւս ոգեշնչման աղբյուր են մեզ համար: Ու, թերեւս, մեր լուսապսակ սրբերի` քաջարի նահատակների կենսագրությանը ծանոթանալով` մենք առավել եւս հաղորդակից կդառնանք մեր նախնիների հայրենապաշտ ոգուն եւ նրանց հետապնդած սրբազան նպատակներին:

Շուշանիկ Մամիկոնյանի վկայաբանությունը հայ սրբախոսության երախտիքներից է` գրված հինգերորդ դարի վերջին: Վկայաբանության վրացերեն տարբերակը խմբագրվել է վեցերորդ դարում, իսկ ավելի ուշ, բնագրի պատմական եւ գեղարվեստական արժեքների շնորհիվ, այն թարգմանվել է նաեւ ռուսերեն, անգլերեն, լատիներեն:

Հայ իրականության մեջ Շուշանիկն ընկալվել է ոչ թե սոսկ վկայուհու տիպար, այլ ինչպես իրավացիորեն նկատված է` «հայ գաղափարական կնոջ իդեալ», իբրեւ մերօրյա ընթերցողին հասկանալի եւ սիրելի մի կերպար, որ հարազատ հետնորդն է Ոսկեծղիկն Եղիշեի ներբողած` Հայոց Աշխարհի փափկասուն տիկնանց` Հայրենիքի եւ Եկեղեցու նվիրյալների…

shushanikՎարդան Մամիկոնյանի աղջկա`Վարդենիի փաղաքշական անունը Շուշան կամ Շուշանիկ էր. Շուշան կոչվում էր իր անսահման գեղեցկության համար եւ հենց այդ անունով էլ, թերեւս, հիշատակված է հայ եւ վրաց վկայաբանական գրականության մեջ:

Իր անձնուրաց ու առաքինի ծնողների հսկողությամբ  եւ հատկապես «մեծ մոր»` Սահականույշի հովանու ներքո նա ստացել է քրիստոնեական վեհ դաստիարակություն եւ լցվել բարեպաշտության ու հայրենասիրության ջերմ շնչով: Հատկանշական է, որ Վարդան Մամիկոնյանի մայրը` Սահականույշը, հայոց կաթողիկոս ս. Սահակ Պարթեւի աղջիկն էր, որը ոչ միայն հովանավորել էր ս. Մեսրոպ Մաշտոցի գրերի գյուտը,  այլեւ անձամբ մասնակցել գրերի գյուտին հաջորդող Աստվածաշնչի եւ կրոնական այլ մատյանների` հունարեն լեզվից հայերենի թարգմանությանը,  մղիչ  ուժն էր հանդիսացել կրթական եւ լուսավորության այն մեծ գործում, որի շնորհիվ մի քանի տասնամյակների ընթացքում կերտվեց մեր գրականության ոսկեդարը` հինգերորդ դարը:

Վարդանանց պատերազմից հետո Հազկերտ արքայի եւ նրա հաջորդների հալածանքները շարունակվեցին Հայաստանի եւ Վրաստանի մեջ` այս անգամ գործի դնելով ավելի խարդախ ու նենգ միջոցներ: Պատերազմին մասնակցած ուխտապահ նախարարներից շատերը, ինչպես նաեւ համաժողովրդական ընդվզումը կազմակերպած ու գլխավորած բարձրաստիճան հոգեւորականներ ձերբակալվեցին եւ աքսորվեցին Տիզբոն, այնտեղից էլ` Խուզիստան` անապատային վատառողջ վայրեր, ուր երկար տարիներ պահվեցին` կրելով աննկարագրելի տանջանքներ:

Հայաստանի մեջ  հավատուրացությունը ամեն տեղ քաջալերվեց նյութական բարիքների  շռայլումով եւ պետական  պաշտոնների բաշխումով: Որպես այս քաղաքականության  հետեւանք` քրիստոնեական կրոնին հավատարիմ մնացող  հայ նախարարներին, տոհմիկ իշխանություններին ու հայրենի կալվածքները բռնագրավեցին: Ահա այս պատմական դեպքերի եւ իրադարձությունների շրջանագծի մեջ է ամփոփված Վազգեն իշխանի հավատուրացության խնդիրը եւ ս. Շուշանիկի նահատակության պատմությունը: Շուշանիկի  չարչարանքների եւ մահվան պատմությունը մեզ է հասել վրացական գրականության հինգերորդ դարի սակավաթիվ նմուշներից մեկի միջոցով, որի հեղինակն է ս. Շուշանիկի խոստովանահայր Հակոբ Երեցը: Համաձայն հիշյալ վկայաբանական գրության (գոյություն ունի նաեւ վերջինիս հայերեն ընդարձակ տարբերակը՝ մեր  «Վարք Սրբոց»-ի մեջ),  Վազգեն իշխանը Պերոզ արքայի թագավորության ութերորդ տարում գնում է Տիզբոն, ուր արքայի ներկայությամբ ուրանալով քրիստոնեական կրոնը` պաշտոնապես ընդունում է զրադաշտականությունը: Եվ այս հավատուրացությանը որպես վարձատրություն` Պերոզը ոչ միայն իր աղջկան կնության է տալիս նրան, այլեւ ընդարձակելով Գուգարքի բդեշխ Վազգենի իշխանության սահմանները` նրան շնորհում է աղվանաց երկրի փոխարքայությունը, ինչպես նաեւ գերիշխանություն Արեւելյան Վրաստանի թագավորի վրա, որի մայրաքաղաքը` Մծխեթան, մոտիկ էր Ցուրտավի մեջ գտնվող Վազգենի բերդին: Եվ ահա այստեղ, թերեւս, սկսվում են Շուշանիկի տանջանքները:

Ճիշտ է, իր հոր եւ բազմաթիվ հարազատների նահատակությունն ու բարձրաստիճան հոգեւորականության եւ մեծաթիվ հայ նախարարների գերեվարությունը մեծապես ազդել է նրա վրա, սակայն այնքան ժամանակ, որքան բազմաթիվ եկեղեցիներ կառուցած ու քրիստոնեական բարի համբավի տեր Աշուշա բդեշխը կենդանի էր, Շուշանիկը շարունակում էր ապրել խաղաղ ու բարեկեցիկ կյանքով` իր չորս զավակների եւ ամուսնու հետ՝ Ցուրտավի մեջ: Աշուշայի մահից հետո սակայն, երբ Վազգենը ժառանգեց հոր իշխանությունը, Վրաստանի մեջ կացությունը անմիջապես փոխվեց: Թեեւ պարսից արքունիքում նա խոստացել էր ամբողջ ընտանիքով հավատափոխ լինել, սակայն երեւի թե մոռացել էր իր կնոջ` քրիստոնեական հավատով հզոր կամքի տեր անձնավորություն լինելու փաստը:

Եվ համաձայն Հակոբ Երեցի վկայության, երբ Շուշանիկն իմացավ, որ իր ամուսինը, ճշմարիտ Աստծուն թողած, մոգերի ընկերակցությամբ վերադառնում է Ցուրտավ, վերցնելով իր երեք տղաներին ու մի աղջկան` գնաց եկեղեցի` աղոթելու: Երեկոյան ժամերգությունից հետո, չուզելով վերադառնալ պալատ, ապաստան գտավ եկեղեցու կողքին գտնվող փոքրիկ տնակում եւ դառնագին լացելով` խոր սուգ մտավ իր ամուսնու  հավատուրացության համար: Ցուրտավ վերադառնալով` Վազգենը, իմանալով ողջ եղելությունը, անմիջապես հրամայեց բանտարկել Շուշանիկին հենց նույն տան մեջ եւ մինչեւ իսկ զրկեց նրան բավարար սնունդից:

Որոշ ժամանակ անց, երբ Վազգենը, որպես պարսից թագավորի հպատակ փոխարքա, պարտավորված էր գնալ պատերազմելու հոների դեմ, իր կնոջն ուղարկեց Սամուել եպիսկոպոսի մոտ, որպեսզի նրան պահի իր անմիջական հսկողության տակ` եպիսկոպոսարանում: Վերադառնալով պատերազմից` Վազգենը համաձայնեց բերել  Շուշանիկին պալատ, որը կատարվեց չափազանց ցավալի պայմաններում: Պալատում Շուշանիկը մերժեց կենակցել ամուսնու հետ եւ փակվելով փոքրիկ սենյակում` ինքն իրեն նվիրեց պահեցողության եւ աղոթքի: Բնականաբար  այս կացությունը հանդուրժելի չէր Շուշանիկի համար: Եվ երբ Շուշանիկին կրոնափոխ անելու եւ նրա անհնազանդ կեցվածքը փոխելու իր բոլոր ճիգերը մնացին ապարդյուն, նրան բանտ ուղարկեց` չարչարանքների միջոցով հույս ունենալով կնոջը ենթարկել իր կամքին:  Բանտում Շուշանիկն ուներ իր հետ Քրիստոսի իսկական խաչափայտից մի մասունք, որ որոշ ժամանակ իր մոտ պահելուց հետո Տարոնից իրեն այցելության եկած Անդրեաս վարդապետի միջոցով ուղարկեց Հայաստան, իսկ իրենից միշտ անբաժան Սահակ Պարթեւ կաթողիկոսից ստացած փոքրիկ ավետարանը, որն ամեն օր ընթերցելով հոգեկան մխիթարություն ու զորություն էր գտնում: Հավատացյալ քրիստոնյաները նրան այցելության էին գալիս ու խնդրում, որ աղոթի իրենց համար, բարեխոսի Երկնավոր Հոր եւ Աստվածամոր մոտ. հիվանդները գալիս էին բժշկության խնդրանքով, եւ այս ձեւով նա, թերեւս, իր կենդանության օրոք արդեն իսկ վայելում էր հրաշագործ սուրբի համբավ` վառ պահելով հավատացյալների սրտում քրիստոնեական հույսի ու լույսի վառ կանթեղը:

Իսկ իր հավատուրաց ամուսինը, տեսնելով Շուշանիկի ծով համբերությունն ու աննկուն կամքը, հաճախ ծեծում էր նրան` անվանելով «աշխարհաբեր Վարդանի դուստր»:

ST SHUSHAN1Մի օր Վազգենն այնպես բարկացավ, որ լախտով հարձակվեց Շուշանիկի վրա եւ մահացու կերպով վիրավորեց նրան: Շուշանիկի մեծ տագրը` Ջոջիկը, ազատեց նրան եւ ապահով տեղ տարավ: Սակայն իրեն հասցված ծանր վերքերից հիվանդանալով` իր բանտարկության եւ չարչարանքների յոթերորդ տարում նա ավանդեց իր հոգին 472թ. արժանանալով նահատակության լուսապսակին:

Շուշանիկի ցանկության համաձայն, նրան մեծ շուքով հուղարկավորեցին որպես իրենց արժանի թագուհի՝ Ցուրտավի այն եկեղեցում, որտեղ նա ապաստանել էր առաջին անգամ:

Ըստ Հ. Երեցի կողմից տրված տեղեկության, Շուշանիկի մահվան թվականը 472թ. հոկտեմբերի  17-ն է, թեեւ հայկական աղբյուրներում այն նշվում է «Քաղոց ամսի տասնյոթին», որը համապատասխանում է 470թ. դեկտեմբերի  25-ին:

Այնուամենայնիվ, Շուշանիկի գերեզմանը շատ շուտով դարձավ ուխտատեղի հայ եւ վրաց հավատացյալների համար,  իսկ հետագայում նա դասվեց սրբերի շարքին եւ նրա համար հայ եկեղեցու տոնացույցում հատուկ նշանակվեց տոնախմբության, հիշատակության օր: Տոնը նշվում է Խաչվերացի երկրորդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը` ս. Փեփրոնե եւ ս. Մարիամե կույսերի տոնի հետ: Շուշանիկին տանջամահ անող Վազգենը իր արժանի պատիժը ստացավ 482թ. հետեւյալ կերպ. Արեւելյան Վրաստանի Վախթանգ թագավորը  ըմբոստացավ պարսկական գերիշխանության դեմ՝ առաջին հերթին իր հեղինակությունը հաստատելու համար ամբողջ Վրաստանում. նա հարձակվեց Գուգարքի հավատուրաց  Վազգենի վրա եւ սպանեց նրան: Վախթանգ թագավորի այս արարքը մեծ գոհունակություն ու համակրանք ստեղծեց իր անձի նկատմամբ Հայաստանում, հատկապես Մամիկոնյան իշխանների շրջանում: Հայ-վրացական քաղաքական ու զինվորական դաշինքով սկսված այս նոր ընդվզումը Պերոզ արքայի դեմ ավարտվեց բոլորիս ծանոթ Նվարսակի դաշնագրի ստորագրմամբ:

Ըստ այս դաշնագրի, Հայաստանում փակվեցին բոլոր զրադաշտական տաճարները, մեհյանները, քրիստոնեությունը դարձյալ ազատ կրոն հռչակվեց, իսկ 484-485թթ. արքայից արքայի կողմից Վահան Մամիկոնյանը նախ նշանակվեց հայոց բանակի ընդհանուր հրամանատար եւ ապա նրան շնորհվեց Հայաստանի մարզպանության բարձրագույն պաշտոնը:

Այս կերպով թե՛ Սրբոց Վարդանանց եւ թե՛ ս. Շուշանիկի սրբազան պայքարը պսակվեցին հաղթանակով:

ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում