livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 05, 2019

Eva«Եվա» էին շշնջում  նրա շրթները,

սակայն «Լիլիթ» էր արձագանքում նրա հոգին:

Ավետիք Իսահակյան

 

Լիլիթի  մասին պատմվում է մի շարք լեգենդներում եւ առասպելներում այն ժողովուրդների մոտ, ովքեր Աստվածաշունչը ընդունել են որպես սուրբ գիրք: Այդ լեգենդներում Լիլիթը համարվում է հմայիչ, գայթակղիչ կին, վտանգավոր տղամարդկանց համար: Եվ ինչո՞վ է նա այդքան վտանգավոր:

Նա համարվում է աստվածաշնչյան Ադամի առաջին կինը (այսինքն` մինչեւ Եվան): Ըստ մեկ լեգենդի, Աստված կավից մի կին ստեղծեց Ադամի համար եւ տվեց նրան Լիլիթ անունը: Սակայն Լիլիթը հրաժարվում է հնազանդվել Ադամին, փախչում է նրանից եւ բնակվում Կարմիր ծովի մոտ: Ադամը հայտնում է այդ մասին Աստծուն, եւ Աստված երեք հրեշտակներ է ուղարկում, որ հետ բերեն Լիլիթին: Լիլիթը, սակայն, հրաժարվում է վերադառնալ, նա սիրահարվում է սատանային եւ նրանից երեխաներ ունենում, սատանայի հանդեպ սերը վեր է դասում Ադամինից:  Աստված պատժում է նրան, եւ նրա բոլոր երեխաները մահանում են: Լիլիթը չի ենթարկվում Ադամին, քանի որ նա խելացի էր Ադամի նման, նրա նման կավից էր ստեղծված, եւ Աստված որոշում է հաջորդ կնոջը ոչ թե կավից, այլ Ադամի կողոսկրից պատրաստել, որպեսզի նա Ադամի նման խելացի չլինի ու, նրա մի մասնիկը լինելով, ավելի հնազանդ լինի: Ադամն ու Լիլիթը  հավասար էին հատկապես խելքով, իսկ մի՞թե հնարավոր է, որ սեր լինի հավասարության դեպքում:

Հետագայում Լիլիթին համարում էին «գիշերային  վհուկ», նրան մեղադրում էին  մանկահասակ երեխաների մահվան մեջ, քանի որ Աստված սպանել էր նրա երեխաներին եւ, իբր, նա դրա համար վրեժխնդիր էր լինում: Երբ երեխան ժպտում էր քնած ժամանակ, ասում էին` իբր Լիլիթին է տեսնում:

Վերածննդի ժամանակաշրջանում Լիլիթը հայտնվում է եվրոպական գրականության մեջ որպես Ադամի առաջին կինը, որտեղ նա գեղեցիկ ու գայթակղիչ կերպարով է հանդես գալիս: Լիլիթի գեղեցիկ, մոգական հրապուրիչ կերպարը արծարծվում է ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսի` «Դուստր Լիլիթե» պատմության մեջ, Դանթե Գաբրիել Ռոսսետի` «Դրախտավայր»  պոեմում, Վլադիմիր Նաբոկովի` «Լիլիթ» բանաստեղծության մեջ, Ուիթլի Ստրիբերի «Լիլիթի երազը» ստեղծագործության հիման վրա գրվել են «Սով» եւ «Վերջին վամպիրը» վեպերը,  որոնց հիման վրա ֆիլմ է նկարահանվել: Երաժշտության մեջ, հատկապես ռոք, բազմաթիվ երգեր են ձոնվել առեղծվածային Լիլիթին, կտավներ ու քանդակներ են կերտվել: Գյոթեի Ֆաուստը զգուշացնում է վախենալ հատկապես նրա մազերից, հայ դասական Ավետիք Իսահակյանի «Լիլիթ» պոեմում չքնաղ, ոչ երկրային կրակից ստեղծված Լիլիթը հակադրվում է հասարակ, վիրավորված Եվային:    

Ստորեւ կատարված մեջբերումն ակնառու կերպով ցույց է տալիս նաեւ մեծ քնարերգուի տաղանդի հզորությունը, որին հլու` նա վեր է հանել մարդկության պատմությանը ուղեկցող երկու առեղծված կանանց` Լիլիթի եւ Եվայի կերպարները:  

«Եվ գլուխը առած ափերի մեջ` ողբում էր իր տառապալից վիճակը եւ խորհում էր այրող հուշերով Լիլիթի անմոռաց եւ խուսափուն հրապույրների մասին, երբ, ինչպես թե երազի միջից, լսեց Լիլիթի ուրախ լուսածիծաղը, որ գարնան ողջույնի պես թունդ հանեց նրա սիրտը:

Աչքերը հույսով դարձրեց ծիծաղի կողմը… Եվ տեսավ մի ահավոր պատկեր, որ եւu շանթի նման խավարեցնելով ու կիզելով` անցավ իր հոգու խորքով:

Տատասկոտ ու մռայլ երկրի կողմից, դրախտի ցանկապատի վրա տեսավ նա սատանայի գլուխը uեւափայլ աչքերով` չար ու նենգ:

Տեսավ սատանայի պարանոցից կախ ընկած Լիլիթին` տարփաբույր մեկոններով վարսերը պսակված:

Եվ անհուն ցանկությամբ համբուրում էր Լիլիթը սատանայի շուրթերը: Եվ ծիծաղում էին միասին` գոհ ու երջանիկ:

Ադամը նախանձից խելագար` մռնչաց կատաղի.

-Լիլի՛թ, Լիլի՛թ, Լիլի՛թ, այդ դու՞ ես…

Լսեց, սակայն, հաղթական սատանայի ահեղ քրքիջը, որ ամպի պես որոտալից ճայթեց իր գլխին:

Եվ տեսավ նույնպես, որ սատանան գրկած Լիլիթին` մխրճվեց երկրի մեջ…

Եվ կուրացան Ադամի աչքերը եւ այլեւս ոչինչ չտեսան…

Ադամ, երբ աչքերը բացեց, տեսավ իր մոտ նստած մի նոր ընկեր, ոչ Լիլիթի պես կատարյալ եւ հրեղեն գեղեցիկ, սակայն դարձյալ գեղեցիկ, բայց  հողաբույր, բայց մարդկորեն:

Եվան մոտեցավ Ադամին, գլուխը դրեց նրա ուսին եւ մեղմիկ ժպտաց` նվիրված աչքերով նայելով Ադամի տխուր, երազուն աչքերին:

Սակայն  Ադամը` նստած  Եվայի կողքին, երբ լսում էր վարդենիների շրշյունը, նրա մեջ Լիլիթի շունչն էր առնում: Դրախտի բույրերի մեջ Լիլիթի բույրն էր զգում եւ սոխակի երգերի մեջ` Լիլիթի ձայնը:

Երբ Եվան գգվում էր Ադամին եւ իր սեւ մազերով ծածկում էր Ադամի դեմքը, Ադամը տեսնում էր, սակայն, Լիլիթի ոսկեհուր վարսերը միայն, որ ծածկում էին բոլոր հորիզոնները»…

Նմանատիպ հակադրություն կա Մարինա Ցվետաեւայի «Խանդի փորձ» բանաստեղծության մեջ: Բանաստեղծության այս հատվածի մեջբերումը ներկայացնում ենք մեր բառացի թարգմանությամբ, ինչպես նաեւ բնագրով:

…Ինչպե՞ս եք ապրում դուք lilit

Հարյուր-հազարերորդի հետ,

Դուք, որ իմացաք Լիլիթին:

Շուկայական նորույթով

Հագեցե՞լ եք,

Հրաշքից պաղած,

Ինչպես ե՞ք լինում հողեղեն

Այլ կնոջ հետ, առանց վեցերորդ

Զգացմունքի…

Հավերժական կանացիություն մարմնավորող Լիլիթի կերպարը դարեր շարունակ չի անհետանում մարդկանց հոգիներից: Բոլոր ժամանակներում տղամարդիկ վախեցել են գեղեցիկ ու խելացի կանանցից:

Սակայն խնձորը հիմարիկ Եվան եւ ոչ թե խելացի Լիլիթը կերավ` գցելով ողջ մարդկությանը անանցողիկ մեղքի մեջ: Եվ մի՞թե խելքը, գեղեցկությունը եւ բնականությունը սատանայական է, իսկ հիմարությունը` Աստվածային: Ինկվիզիցիայի տարիներին Եվրոպայում գեղեցիկ կին չէր մնացել. այրում էին, քառատում, որպես վհուկների: Մինչդեռ Եվան, որը ոչ այնքան խելացի էր, ստեղծված էր Ադամի համար խաղալիքի նման, պետք է ամեն ինչ անի, որ դուր գա նրան, եթե ոչ, ապա նա ավելորդ եւ անպետք կարող էր դառնալ, եւ այդ վախը խանգարում էր նրան սիրել` ինչպես կարող էր, այլ ինչպես Ադամն էր ուզում: Առեղծվածային, անհնազանդ, խելացի ու ազատասեր Լիլիթը, սակայն, չի մոռացվել մարդկության կողմից: Բնազդաբար կանայք վախենում են Լիլիթ լինելուց, սակայն Ադամն էլ իր հերթին չի մոռանում Լիլիթին եւ խենթանում է այն կանանցից, որոնց մեջ Լիլիթի նշույլն է նշմարվում: Ինչպիսի՞ն կլիներ այսօր մարդկությունը, եթե Լիլիթը հնազանդվեր Ադամին, դժվար է գուշակել: Լիլիթ եւ Եվա երկու կանայք, որոնք կանխորոշեցին մարդկային ճակատագիրը` առհավետ վտարելով մարդկությանը դրախտից: Լիլիթը չհնազանդվեց Ադամին, իսկ ավելի պակաս խելացի Եվան չհնազանդվեց Աստծուն եւ կերավ մարդկության համար ճակատագրական խնձորը: Իրենց հակադրության մեջ, պարզվում է, երկու կանայք ունեն մեկ ընդհանրություն` չհնազանդվելը, սակայն երրորդ տեսակի կին Աստված այլեւս չստեղծեց` միգուցե համարելով դա անիմաստ: Դարեր շարունակ ավանդական քրիստոնեական եկեղեցին պսակադրության արարողության ժամանակ հարցնում է հարսնացուին. «Հնազա՞նդ ես, դուստր իմ»: Եվ հնչում է պատասխանը. «Այո»: Իսկ հաջողվո՞ւմ է Լիլիթի ու Եվայի սերունդներին անել այն, ինչ իրենք չկարողացան, դժվարանում եմ հավատալ, իսկ միգուցե հարկավոր էր երկրորդ Ադա՞մ ստեղծել` Լիլիթին հնազանդեցնող, եւ այսօր դրախտը դատարկ չէր լինի ու բնակիչներ կունենար:

 

ԱՆՈՒՇ ԲԵՅԲՈՒԹՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում