livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

tag2Գոյության պահպանումը եւ լինելության ձգտումը մշտապես հայ ազգային գիտակցության անբաժանելի մասն են եղել: Քրիստոսից հետո չորրորդ դարի երկրորդ կեսի իրադարձությունները Հայաստանի պատմության նշանակալի էջերից են` լի բազմաթիվ ողբերգական պատկերներով եւ հերոսական դրվագներով: Դա մի ժամանակահատված էր, երբ դաժան պայքարում Հայաստանը փորձում էր պահպանել իր անկախությունը եւ դրան զուգահեռ` հասցնում էր կերտել նաեւ մշակութային արժեքներ:

Ազգերի օրհասական պահերին, Աստծո նախախնամությամբ, երբեմն, ազգի փրկության  ծանրագույն միսիան դրվում է գեղեցիկ սեռի ներկայացուցչի` կնոջ ուսերին: Մարդկային պատմությունը հարուստ է այդպիսի օրինակներով: «Հին ուխտի» էջերում հայտնի են  բազմաթիվ դրվագներ, որտեղ ավետյաց երկրի ուղին բռնած ժողովրդին անխուսափելի կործանումից փրկել են հենց Եվայի դուստրերը: Այո, կինը միշտ եղել է կյանքի շարունակականության ընթացքը գալիքներին տանող եւ արարող շարժիչ, եւ, հետեւաբար, պատահական էլ չէ նախախնամության ընտրությունը: Ի վերջո, Աստված արարեց կնոջը, որ մի օր էլ հենց իր ստեղծած կնոջ միջոցով վերածնվի:

Հայաստանն իր պատմության ընթացքում ունեցել է այդպիսի կանանց վառ օրինակներ, մենք մեր նախորդ համարներում արդեն անդրադարձել ենք Տիգրանուհի եւ Սաթենիկ թագուհիներին եւ այժմ ցանկանում ենք ներկայացնել Փառանձեմ թագուհուն: Փառանձեմը` ով Սյունյաց Անդոկ մեծ իշխանի դուստրն էր, Հայոց պատմության թատերաբեմ իջավ այն ժամանակ, երբ քրիստոնեությունը, որպես պաշտոնական  կրոն հաստատումից հետո, Հայաստանը դեռեւս զգում էր հեթանոսության շունչը, եւ երկիրը բզկտվում էր հունապարսկական ընչաքաղց եւ նվաճողական քաղաքականության  ճիրաններում: Նրա հակասական կերպարի մասին կերտվել են գեղարվեստական ստեղծագործություններ, հիմք ընդունելով Փավստոս Բուզանդի եւ Մովսես Խորենացու եւ օտար այլ աղբյուրների վկայությունները:

 

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Փառանձեմի պատմությունը սկսվում է Արշակ Երկրորդ թագավորի եղբորորդու` Գնելի հետ ամուսնությամբ: Գնելը Հունաստանում պատանդ լինելուց հետո վերադառնալով Հայաստան` գնում է Արագած լեռան մոտ գտնվող Կավշ ավան` պապի` Տիրանի մոտ, եւ նրա կողմից բազում շնորհների արժանանալուց հետո ամուսնանում է: Ինչպես  Փավստոս Բուզանդն է վկայում.

«Սյունյաց Անդոկ նախարարն ուներ մի գեղեցիկ աղջիկ, Փառանձեմ անունով: Նա իր tagգեղեցկությամբ ու պարկեշտությամբ հռչակված էր ամբողջ երկրում: Պատանի Գնելն ամուսնանում է այդ գեղեցիկ աղջկա` Փառանձեմի հետ, եւ մեծ ու թագավորավայել հարսանիք անում: Նա իր պապից ստացած ժառանգությունից առատորեն պարգեւներ է տալիս բոլոր նախարարներին, նրանց զավակներին, որոնք շատ են սիրում եւգնահատում Գնելին»:

Սակայն ամուսնությունը, որը, ըստ էության, պիտի երջանկություն բերեր երիտասարդ ազնվազարմ զույգերին, դառնում է Գնելի կործանման պատճառը եւ հետագայում ծավալվող դեպքերի նախահիմքը:

«Գնելի մյուս հորեղբորորդին` Տիրիթը, տեսնելով Փառանձեմի չքնաղ գեղեցկությունը, սիրահարվում է իր հարսին: Նա նախանձում է Գնելին ոչ միայն գեղեցիկ Փառանձեմի համար, այլեւ իրենց պապից ստացված ժառանգության: Եվ նա սկսում է հնար փնտրել, Գնելին մեջտեղից վերացնելու, նրա կնոջն ու պապենական ժառանգությունը հափշտակելու: Նա վճռում է թագավորին գրգռել Գնելի դեմ եւ նրա միջոցով Գնելին մեջտեղից վերացնել»:

Տիրիթին ի վերջո հաջողվում է արքային համոզել Գնելի դավաճանության մեջ, եւ չնայած Ներսես կաթողիկոսի հորդորներին` Արշակը սպանում է Գնելին.

«…- Արքունի բոլոր հրամանները կատարեցի. Գնելին տարա որսատեղի պատի տակը, սպանեցի եւ նույն տեղում էլ թողեցի»:

Ներսեսը ցնցվում է այս լուրից եւ զայրացած սկսում անեծքների տարափ տեղալ թագավորի գլխին:

- Ինչպես քարբ օձն է խցում իր ականջները, ճարտար կախարդի ձայնը չլսելու համար, այնպես էլ դու, թագավոր, ականջներդ փակեցիր, որպեսզի չլսես աստվածային խրատը եւ գազանի նման մարդ հոշոտես:

Դու, Արշակ, որովհետեւ Կայենի գործը կատարեցիր, Կայենի անեծքին գաս. ողջ-ողջ թագավորությունիցդ զրկվես, քո Տիրան հորից ավելի չարչարանքներ կրես եւ մեծ նեղության մեջ դառն մահվամբ կյանքդ վերջացնես:

Ներսեսը անիծում է, բարկացած դուրս գալիս թագավորի մոտից եւ այլևս արքունի բանակ չի վերադառնում:

Գնելին տարել գլխատել էին արքունի որսատեղի պատի մոտ գտնվող Լսին բլրի վրա, որն ընկած էր աղբյուրների մոտ սարքված արքունի բազմոցների դիմաց:

Արշակը հրամայում է իր բանակատեղում գտնվող բոլոր մարդկանց` մեծին եւ փոքրին, գնալ Գնելի սպանված տեղը եւ սգալ ու կոծել Արշակունի մեծ սեպուհ Գնելի մահը: Բայց ոչ ոք չի համարձակվում գնալ: Թագավորն ինքն է անձամբ ելնում գնում այնտեղ, նստում լացող ու ողբացող կանանց կողքին, ողբում ու սգում իր եղբորորդուն, որին ինքն էր սպանել:

Արշակը ինքը լալիս էր եւ հրամայում ողբասաց կանանց` լաց ու կոծը սաստկացնել: Լացող կանանց մեջ էր Գնելի կինը` Փառանձեմը, զգեստները պատառոտած, մազերն արձակած, կուրծքը բաց կոծում էր սպանված ամուսնուն, բարձր ճչում, աղիողորմ ողբով բոլորին լացացնում` Արշակը նայում էր Փառանձեմի չքնաղ գեղեցկությանը, պատառոտված զգեստների արանքից ցոլացող մարմնին եւ մտքում տենչում նրան:

Իսկ Տիրիթը, որ Փառանձեմի սիրուց նախանձելով Գնելին, նենգորեն սպանել էր տվել նրան, լաց ու կոծի թունդ պահին, կրքերը չզսպելով, մարդ է ուղարկում Փառանձեմի մոտ, ասել տալիս.

- Քեզ շատ մի տանջիր ու չարչարիր, ես Գնելից ավելի լավ տղամարդ եմ. ես քեզ սիրում եմ, դրա համար էլ նրան սպանել տվեցի, որ քեզ հետ ամուսնանամ:

Երբ Փառանձեմին հայտնում են Տիրիթի այս պատգամը, լաց ու կոծի թունդ պահին նա ձայնը բարձրացնում է, բողոքելով ճչում.

- Լսեցեք, մարդիկ, բոլորդ լսեցեք, իմ ամուսնու մահը իմ պատճառով է եղել, մեկը ինձ վրա աչք է դրել եւ իմ պատճառով սպանել տվել ամուսնուս:

Այս իրողությունը հայտնելով ի լուր ամենքի, Փառանձեմն ինքը դառնում է ողբամայր, բոլոր ձայնարկուները  միանում են նրան, հենց տեղնուտեղը սկսում են երգ կապել Տիրիթի սիրահարության, Փառանձեմի վրա աչք դնելու, մատնության, Գնելի մահվան համար հնարներ որոնելու եւ նենգությամբ սպանել տալու մասին: Բոլոր ողբասացներն այս բաները սկսում են երգով պատմել ու աղիողորմ ձայնով երգել: Այդ ձեւով տարածվում եւ բոլորին պարզ է դառնում Գնելի սպանության նպատակն ու հանգամանքները:

Արշակն այս ամենը լսելով եւ իրազեկ ղառնալով սպանության նպատակին, ապշում, զարմանում, զղջում է իր արարմունքը, ափսոսանքով ձեռներն իրար խփում, ինքն իրեն ասում.

- Ուրեմն, Տիրիթն անարժան սիրով սիրահարված լինելով Գնելի կնոջը, այս չարիքը հնարեց, դարձավ անմեղ մահվան պատճառ, մեզ էլ զուր տեղը արդար արյունի մեջ շաղախեց եւ ժառանգել տվեց անանցանելի չարիք ու անեծք:

Թագավորը, սակայն, առժամանակ եղած իրողությունն ու սեփական մտորումները իր մեջ է պահում, ոչ ոքի չի հայտնում, լռում է եւ սպասում:

Արշակը Գնելի դիակը նախարարների հետ տանում, իջեցնում է Աղիովտի դաշտը եւ թաղում արքունական Զարիշատ քաղաքում:

tag1Գնելի սպանությունից բավական ժամանակ անց Տիրիթը պատգամավոր է ուղարկում Արշակի մոտ հետեւյալ խնդրանքով. «Բարեհաճիր, արքա, եւ հրաման տուր Գնելի կնոջ` Փառանձեմի հետ ինձ ամուսնանալ»:

Արշակն այս լսելով` ասում է. «Այժմ հաստատ համոզվեցի, որ իսկապես Գնելի մահն իր կնոջ պատճառով է եղել»: Արշակը կտրուկ մերժում է Տիրիթի պահանջը եւ մտադրվում Տիրիթին սպանել Գնելի մահվան համար:

Տիրիթն իմանում է թագավորի մտադրությունը եւ գիշերով ահաբեկված փախչում: Երբ Արշակին հայտնում են Տիրիթի փախուստը, նա անմիջապես հրամայում է ազատների բանակին. Տիրիթին հետապնդել եւ որտեղ որ բռնեն, այնտեղ էլ սպանել:

Ազատները Տիրիթին հետապնդելով` հասնում են մինչեւ Բասենի անտառները, անտառում բռնում են նրան եւ տեղնուտեղը սպանում:

Տիրիթին սպանելուց հետո Արշակն ամուսնանում է Գնելի կնոջ` Փառանձեմի հետ:

Պատմական այս իրադարձությունները վերլուծել են նաեւ հայ գրողները` ամեն մեկը յուրովի մեկնաբանելով քաղաքական անցքերը: Ստեփան Զորյանի մոտ վիպական սյուժեն զարգանում է ողբերգական հողի վրա` ունենալով երկու ուղղվածություն` Արշակ Երկրորդ ու նախարարներ եւ Արշակ - Գնել - Փառանձեմ:

Արշակ - Գնել - Փառանձեմ ուղղության մեջ Արշակն անմասն է մնացել Գնելի սպանության մեջ, եւ որ դա նույնիսկ կատարվել է հակառակ իր կամքի, իսկ Գնելը լոկ Տիրիթի զոհն է:

 

ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

(շարունակելի)

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում