livemarks sitemap
Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2019

Janna14-րդ դարից սկսած Անգլիայի եւ Ֆրանսիայի միջեւ մղվող պատերազմը, որը հետո պիտի «հարյուրամյա» կոչվեր, ընթանում էր Անգլիայի գերակայությամբ: Անգլիան գրավել էր ֆրանսիական զգալի տարածքներ, ինչի հետեւանքով ֆրանսիական բանակը եւ Ֆրանսիայի ժողովուրդը գտնվում էին հագեբանական անկման եւ սեփական  ուժերին անվստահ վիճակում: Նման դեպքերում, սակայն, ճակատագիրը միշտ էլ միջամտում է անելանելի թվացող իրավիճակներներում, փորձում է հարթել փորձությունները եւ այն բերել ընդհանուր նժարի: Այս անգամ եւս բացառություն չեղավ, եւ  կրկին կինը ճակատագրական մեծ դեր խաղաց իր հայրենիքի փրկության համար:

Այս անգամ նախախնամությունը Օռլեոնի կույսրին` Ժաննա դը Արկին էր վստահել քանդելու հարյուրամյա պատերազմի բարդ հանգույցը, որ չէին կարողանում հանգուցալուծել թագավորն ու զորականը:

Անցել են դարեր, երբ Ռուանի հրապարակում այրեցին 19-ամյա աղջնակին, սակայն նրա փառահեղ անունը շարունակվում է հոլովվել պատմության հորձանուտներում:

ՕՌԼԵԱՆԻ ԿՈՒՅՍԸ

Ժաննա դը Արկը ծնվել է 1412թ. Լոթարինգիայի Դոմրեմի գյուղակում, ազնվական քրիստոնյաների` Ժակ դը Արկի եւ Իզաբելլա Ռոմի ընտանիքում (մեկ այլ վարկածով` աղքատացած ազնվականների ընտանիքում): «Սուրբ Ծննդյան գիշերը, երբ ամբողջ մարդկությունը տոնում էր մանուկ Հիսուսի ծնունդը, նա մուտք գործեց մահկանացուների աշխարհ... եւ աքաղաղները, կարծես արտառոց ուրախության ավետաբերներ, կանչում էին մի տեսակ անսովոր, մինչեւ այսօր դեռ չլսված ձայնով»: Այդ մասին հայտնում է Պերսեւալ դե Բուլենվիլեն, որին նրա առաջին կենսագիրը կարելի է համարել: Սակայն այս գրությունն ավելի շատ լեգենդ է, քանի որ այդ մասին չեն հիշատակում այլ աղբյուրներ: Ըստ երեւույթին, Ժաննայի մանկությունն անցել է հարազատ միջավայրի ասք ու զրույցների եւ ավանդույթների ստեղծած միստիկական մթնոլորտում: Եւ տվյալ ժամանակաշրջանին հարիր սնահավատությունը, ըստ ամենայնի, նրա վրա էլ է հսկայական ազդեցություն ունեցել:

«Գյուղից քիչ հեռու, որտեղ մեծացել էր Ժաննան, մի շատ գեղեցիկ ծառ էր աճել, «հիանալի, ինչպես լիլիան»,- ինչպես նկատել էր ականատեսներից մեկը,- կիրակի օրերին այդտեղ էին հավաքվում գյուղի երիտասարդներն ու պարում էին ծառի շուրջ: Ծառն անվանում էին փերիների ծառ, ասում էին, իբր թե շատ վաղ անցյալում նրա շուրջ պարում էին հեքիաթային արարածներ, փերիներ: Ժաննան նույնպես հաճախ էր լինում այդտեղ, բայց երբեք չէր տեսնում այդ փերիներին»:

Երբ լրացավ Ժաննայի 12տ, նրան հայտնվեց առաջին տեսիլքը, դրա հետ մեկտեղ նաեւ սբ. Եկատերինայի, սբ. Մարգարիտայի եւ Միքայել հրեշտակապետի ձայները, եւ նրանք էլ ավետեցին. «Ժաննա, քեզ տրված է այլ ճանապարհով գնալ եւ հրաշքներ գործել, քանի որ դու նա ես, ում ընտրել է Երկնային հայրը` Կարլոս թագավորին պաշտպանելու համար»...

janna3Երբ լրացավ նրա 17 տարին, Ժաննան ուղեւորվեց Վոկուլյոր քաղաք եւ կապիտան Ռոբերտ դե Բոդրիկուրին հայտնեց իր առաքելության մասին: Բայց, նրա կողմից ծաղրի ենթարկվելուց հետո, նա վերադարձավ գյուղ: Սակայն մեկ տարի հետո նա կրկին, իրեն այցելած տեսիլքներին հլու, որոնք երբեմն նյութական տեսք էին ստանում, մեկնեց հանդիպելու կապիտանին: Բոդրիկուրը, այս անգամ արդեն նրա հաստատակամությունից ապշած, որոշեց ընդառաջել նրան: Իսկ երբ Ժաննան հստակ կանխագուշակեց Ֆրանսիայի պատմության ողբերգական ավարտն Օռլեանի պատերի տակ, կապիտանը համաձայնվեց ուղեկցողներ տրամադրել նրան` թագավորի մոտ ուղեւորվելու նպատակով, ինչպես նաեւ նրան տվեց  տղամարդու հագուստ, եւ այդ օրվանից հետո արդեն նա շրջում էր միայն տղամարդու հագուստով: Հենց այդ նույն ժամանակ էլ Ժաննայի ջոկատին միացան նրա հավատարիմ ասպետները` Ժան դե Մեդը եւ Բերտրան դե Պուլանժին: Ժաննան, 11 օրում հաղթահարելով Ժինոնի եւ Դոմրեմիի միջեւ ընկած բուրգունդյան տարածությունը, 1429թ. մարտի 4-ին հասավ Կարլոս 5-րդի պալատ: Թագավորն օգտվելով այն հանգամանքից, որ Ժաննան իրեն ուղարկված նամակում նշել էր, թե կճանաչի իրեն, որոշեց փորձել աղջկան: Գահին նստեցրեց մեր ուրիշին, իսկ ինքը հանգրվանեց պալատականների շարքում: Չնայած Կարլոսի խորամանկությանը` Ժաննան հեշտությամբ կողմնորոշվեց ու ճանաչեց նրան: Նա հայտարարեց, թե ուղարկված է երկնքից` անգլիական ասպատակությաւնից երկիրն ազատագրելու, եւ զորք խնդրեց` Օռլեանը ազատագրելու համար:

«Ասում եմ քեզ Բարձրյալի անունից, որ դու ես Ֆրանսիայի իրական ժառանգորդը եւ թագավորի որդին, եւ նա ինձ ուղարկել է այստեղ` քեզ մոտ, որպեսզի հայտնեմ քեզ այն մասին, որ դու պետք է թագադրվես եւ օծվես Րեյմս քաղաքում»: Լսելով այս ամենը, թագավորը հայտնեց ներկաներին, որ Ժաննան բացահայտեց այն գաղտնիքը, որը միայն Աստծուն էր հայտնի: «Ահա թե ինչու էր նա Ժաննային լիովին վստահում»,- վկայում է Պասկերելը: Շինոնում Ժաննան Կարլոս 7-րդին եւ ալանսոնյան դուքսին ապշեցրեց իր զարմանահրաշ ձիավարությամբ, զենքի անթերի տիրապետմամբ: Եւ ինչպես հետո է արդեն վկայել Կարլոս 6-րդ եւ Կարլոս 7-րդ թագավորների խորհրդատու Շարտյեն. «Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ աղջիկը դաստիարակվել է ոչ թե դաշտերում, այլ համապատասխան կրթարաններում` գիտությանը մերձ»:

 

ժԱՆՆԱՆ ԶՈՐԱՎԱՐ

 

Կարլոսը, սակայն, տատանվում էր: Սկզբում նա մայրապետներին հրամայեց ստուգել Ժաննայի կուսությունը, որից հետո նրան ուղարկեցին Պուատե` աստվածաբանների մոտ, որտեղ նա պետք է հարցաքննեին:

Եւ ինչպես վկայում է Ժան Բարբոն. «Ժաննան իրեն տրված բազում հարցերին պատասխանում էր համարձակ և անթերի, ինչպես խելացի մտավորականը»: Վերջիվերջո աստվածաբանները եկան այն եզրակացության, որ Ժաննայի մեջ տարօրինակ ոչինչ չկա, եւ նրա հավատը հաստատուն է:

 janna1Այս ամենից հետո Կարլոսը տեսնելով, որ չգտնվեց ոչինչ, ինչը կարող էր ստվերել աղջկա հեղինակությաը, որոշեց նրան հանձնել հրամանատարությունը եւ Ժաննային նշանակեց գլխավոր հրամանատար: Ինչպես կարծում են շատերը, նման որոշում ընդունելու համար Կարլոսի համար հիմք է հանդիսացել նաեւ այն, որ Ժաննան նրան հավաստիացրեց գահին հավակնելու նրա ձգտումների օրինականությունը, որին, ի դեպ, ինքը` Կարլոսը, չէր հավատում:

Հրամանատարությունը ստանձնելուց հետո Ժաննայի համար պատրաստվեց ասպազեն, դրոշ եւ զինանշան: Սուրը Ժաննայի ցանկությամբ բերվեց Սենտ-Կատրին-դե-Ֆերբուա եկեղեցուց: Լեգենդի համաձայն` այդ սուրը պատկանել է Կարլոս Մեծին: Դրանից հետո նա մեկնեց Բլուա, իսկ այնուհետ զորքով ուղեւորվեց դեպի պաշարված Օռլեան` որպես բանակի գլխավոր հրամանատար: Լուրն այն մասին, թե բանակը ղեկավարվում է Աստծո պատվիրակի կողմից, մեծ ոգեւորություն առաջացրեց զինվորների շրջանում: Ապրիլի 29-ին Ժաննան փոքրիկ ջոկատով մուտք է գործում Օռլեան: Մայիսին արդեն Ֆրանսիան տարավ առաջին հաղթանակը Սենտ-Լուի ամրոցի պատերի մոտ` այն ազատագրելով անգլիացիների պաշարումից: Հաղթանակները շարունակվում էին մեկը մյուսի հետեւից եւ արդեն մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը անգլիացիները ստիպված էին թողնել Օռլեանը: Այսպիսով, հանձնարարությունը, որը Ֆրանսիայի հրամանատարները համարում էին անիրագործելի, Ժաննան այն իրականացրեց 4 օրում: Օռլեանի հաղթանակից հետո Ժաննային անվանեցին «Օռլեանի կույս»: Մայիսի 8-ը մինչեւ այսօր էլ Օռլեան քաղաքում նշվում է որպես գլխավոր տոն:

Հաղթանակները հետեւում էին միմյանց. կարճ ժամանակահատվածում նրան հաջողվեց արթնացնել ֆրանսիական ոգին:

Հուլիսի 17-ին թագավորն օծվեց Ժաննայի ներկայությամբ:

Թագադրությունից հետո Ժաննան Կարլոսին հորդորեց սկսել հարձակումը Փարիզի վրա` օգտվելով անգլիացիների խուճապահար իրավիճակից: Թագավորը, երկար տատանվելուց հետո, մայրաքաղաքի համար պայքար սկսեց միայն սեպտեմբերին, եւ, այն շուտ  ընդհատելով, հրամայեց զորքն առաջնորդել Լուարե, իսկ սեպտեմբերի 21-ին զորքը զորացրեց:

1430թ. գարնանը ռազմական գործողությունները վերստին սկսվեցին, սակայն այն չէր ընթանում ինչպես որ հարկն էր: Իսկ Ժաննան էլ ենթարկվում էր տարատեսակ պալատական խարդավանքների: Մայիսին Ժաննան օգնության է գնում Կոմպենին, որը պաշարված էր բուրբգունդների կողմից: Սակայն դավաճանության արդյունքում մայիսի 23-ին Ժաննան գերի է ընկնում բուրգունդցիներին (կամուրջը բարձրացվել էին եւ նրան կտրել նահանջելու հնարավորությունից): Կարլոսը, որը պարտական էր Ժաննային, ոչինչ չարեց նրան օգնելու համար: Արդյունքում բուրգունդները, ովքեր այդ ժամանակ հանդիսանում էին անգլիացիների դաշնակիցը, նրան 10.000 ոսկյա լիվրով վաճառեցին անգլիացիներին: 1430թ. դեկտեմբերին Ժաննան բերվեց Ռուան:

 

ԻՆԿՎԻԶԻՑԻՅԱ. ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ

 

Ինկվիզիցիայի դատը սկսվեց 1431թ. փետրվարի 21-ին: Չնայած, որ Փաստացի Ժաննայի դատավարությունը իրականացնում էր եկեղեցին` հերետիկոսության մեղադրանքով, սակայն նա դեռ շարունակում էր գտնվել անգլիացիների հսկողության տակ` որպես ռազմագերի: Ընթացքին հետեւում էր Պիեր Կոշոն եպիսկոպոսը, որը Ֆրանսիայում պաշտպանում էր Անգլիայի շահերը: Անգլիական կառավարությունն ամգամ չէր էլ թաքցնում իր մասնակցությունը Ժաննայի դատավարության գործընթացում: Իր քննադատության մեջ վենետիկցի Մորոզինն ընդգծել է. «Անգլիացիները Ժաննային այրեցին նրա հաջողությունների պատճառով: Նրանք միշտ ասում էին, որ եթե աղջնակը զոհվի, ճակատագիրն այլեւս բարեհամբույր չի գտնվի Կարլոսի հանդեպ»: Դատավարության ընթացքում պարզվեց, որ այդքան էլ հեշտ չէ Ժաննային մեղադրել, քանի որ նա վստահորեն մերժում էր հերետիկոսության մեղադրանքը եւ չարքերի մերձեցումը: Եկեղեցական դատարանի կանոններով Ժաննային արգելվեց բողոքարկել Ռոմի պապին: Եվ չնայած այն բոլոր նվաստացումներին, որ կրում էր Ժաննան անգլիական պարետների կողմից, այնուամենայնիվ հրաժարվում էր իրեն մեղավոր ճանաչել: Կոշոնը գիտակցում էր, որ եթե Ժաննային մահապատժի ենթարկեր, ապա դա կհարուցեր շրջապատի ատելությունը եւ Ժաննային կպսակեր հալածյալի լուսապսակով: Խարույկն արդեն պատրաստ էր եւ մայիսի 24-ին, երբ Ժաննային արդեն պատրաստում էին այրել, Կոշոնը համաձայնվեց նրան եկեղեցական բանտ տեղափոխել միայն այն դեպքում, եթե Ժաննան կխոստովաներ իր «մոլորությունները» եւ կենթարկվեր եկեղեցուն: Եվ այն ժամանակ, երբ Ժաննան պետք է ստորագրեր այդ թուղթը, Կոշոնը ստորաբար փոխեց այն, ըստ որի` Ժաննան լիովին ճանաչում էր իր մեղավորությունը: Ժաննային դարձյալ տարան նախկին բանտախուց: Վարկածներ կան, ըստ որոնց` նրան ստիպողաբար տղամարդու հագուստ էին հագցրել եւ մեղադրել` կրկին կործանարար մոլորության մեջ ընկնելու համար:

Մայիսի 29-ին ռազմական դատարանը նրան դատապարտում է մահվան... 1431թ. մայիսի 30-ին Ժաննա դե Արկն այրվեց Ռուանի հրապարակում: Գլխին թղթե կնգուղ էին հագցրել, որի վրա գրված էր «Հերետիկոս, հավատադրուժ, կռապաշտ» եւ բարձրացրեցին խարույկ: «Եպիսկոպոս, ես մահանում եմ Ձեր պատճառով, ես կանչում եմ Ձեզ Աստծո դատաստանին»,- բացականչեց Ժաննան ու խնդրեց խաչ տալ իրեն. դահիճը նրան մեկնեց խարույկից վերցրած երկու խաչված փայտ : Եվ այն ժաքմանակ, երբ խարույկը լափում էր նրան, լսվում էր նրա ձայնը. «Հիսուս»: Եվ երբ ամեն ինչ ավարտված էր, մոխիրը թափեցին Սեն գետը:

Ժաննա դը Արկի մահը, սակայն, չօգնեց անգլիացիներին. նրանք այդպես էլ ուշքի չեկան:

janna2Արդեն հաջորդ տարի Ֆրանսիացի զորավար Դյունուան գրավեց Շարտրը, իսկ  Րիշմոնը, վերջնականապես հաշտվելով թագավորի հետ, դարձավ նրա գլխավոր խորհրդատուն: 1435թ. մահացան Ժաննայի ծնողները, իսկ 1435թ. սեպտեմբերին տեղի ունեցավ շատ կարեւոր իրադարձություն. Ֆրանսիան ու բուրգունդները պայմանագիր կնքեցին ընդդեմ Անգլիայի: Արդեն հաջորդ տարի Րիշմոնը զորքով մտավ Փարիզ: Ֆրանսիայի որոշիչ հարձակումը, սակայն, մի քանի տարով հետաձգվեց` թագավորական պալատում ստեղծված լարվածության պատճառով:

1452թ. Նորմանդիայում պատերազմի ավարտից հետո Կարլոս 7-րդը հրամայեց վեր հանել Ժաննային վերաբերող բոլոր փաստաթղթերը եւ հետաքննություն սկսեց` դրանց օրինականությունը պարզելու համար:

Փաստաթղթերից եւ ականատեսների վկայություններից պարզ դարձավ, որ դատավարության ժամանակ Ժաննայի նկատմամբ թույլ էր տրվել օրենքի կոպիտ խախտումներ:

1456թ. հուլիսի 7-ին դատավորները վճիռ կայացրեցին այն մասին, որ Ժաննայի դեմ յուրաքանչյուր մեղադրանք հերքվույմ է վկաների կողմից, որի արդյունքում էլ վերականգվեց Ժաննայի բարի անունը:

1909թ. Պիոս 10-րդ պապը նրան հայտարարեց աստվածային, իսկ Բենեդիկտ պապը նրան դասեց սրբերի շարքը: Ներկա պահին Ֆրանսիայի գրեթե բոլոր կաթոլիկ եկեղեցիներում կանգնեցված է Ժաննա դը Արկի արձանը. Օռլեանի կույսը պատկերված է տղամարդու հագուստով` սուրը ձեռքին:

ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում