livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

Ինչպիսին է եղել հայ կնոջ կերպարը մեր պատմության քառուղիներում: Արդյոք մեր պատմական դեպքերի զարգացումներում կարո՞ղ ենք գտնել անուններ, որոնք փոխել են մեր պատմության ընթացքը: «Տիկնայք փափկասունք հայոց աշխարհի» դարեր շարունակ եղել են մեր ազգի արժանապատվության պաշտպանները՝ ե՛ւ որպես մայր, ե՛ւ որպես կին, ե՛ւ որպես քույր: Բազմաթիվ են այն օրինակները մեր պատմության մեջ, որտեղ հայ կինը իր արի կեցվածքով բարձր է պահել մեր ազգի պատիվը: Արքայադուստր Տիգրանուհի` Տիգրան արքայի քույրը, նրա սերնդից է սկիզբ առնում «Ոստան ազատության» կոչված արքայազարմ ազնվական դասակարգը: Այս մասին է վկայում Մ. Խորենացին իր «Տիգրան եւ Աժդահակ» ավանդապատումում:

Աժդահակը Մարաստանի թագավորն էր եւ Տիգրանի դաշնակիցը: Բայց Տիգրանը միաժամանակ դաշնակիցն էր Մարաստանի թշնամի պարսից Կյուրոս թագավորի: Այս դաշնակցությունը շատ էր մտահոգում եւ անհանգստացնում Աժդահակին: Նա ամեն անգամ հիշելով Կյուրոսի եւ Տիգրանի դաշնակցությունը՝ անհանգստանում էր, մնում էր անքուն եւ հաճախ իր խորհրդականներին հարց էր տալիս, թե ինչ հնարներ ու միջոցներ կարելի է գտնել` քանդել տալու սիրո կապը պարսիկի եւ բազմաբյուր զորք ունեցող հայ Տիգրանի միջեւ: Տիգրանի դեմ որոգայթ լարելու ամենահարմար ձեւը նրա քրոջը` գեղեցկագույն եւ խոհեմ Տիգրանուհուն, կնության առնելն էր:

Աժդահակը իր խորհրդակիցներից մեկին մեծ գանձ է տալիս եւ ուղարկում Տիգրանի մոտ: Տիգրանը համաձայնում է իր գեղեցիկ քրոջը` Տիգրանուհուն, կնության տալ Աժդահակին: Տիգրանն անտեղյակ իր դեմ նյութվող խարդավանքին, քրոջն արքայավայել ուղարկում է Մարաստան: Աժդահակն ամուսնանում է Տիգրանուհու հետ եւ նրան իր կանանց մեջ առաջինն է դարձնում: Պատճառը ոչ միայն իր նենգ մտադրությունն էր, այլեւ Տիգրանուհու անչափ գեղեցկությունը:

Աժդահակը Տիգրանուհուն տիկնության կարգի մեջ է հաստատում եւ իր թագավորության մեջ ամեն ինչ կատարում նրա կամքով ու ցանկությամբ, հրամայում է անգամ, որ բոլորը Տիգրանուհու հրամանին ենթարկվեն եւ ամեն ինչ կատարեն նրա ուզածի պես: Աժդահակն այնուհետեւ սկսում է մեղմ շողոքորթությամբ Տիգրանուհուն տրամադրել եղբոր դեմ:

- Դու տեղյակ չես, - ասում է Աժդահակը,- որ քո եղբայր Տիգրանը կնոջ` Զարուհու դրդմամբ նախանձում է քեզ Արյաց առաջին տիկին դառնալուդ համար: Այս նախանձի հետեւանքը կլինի իմ մահը, որից հետո Զարուհին ինքը կդառնա Արյաց վրա տիկին եւ աստվածուհիների տեղը կգրավի: Այժմ ամեն ինչ քեզնից է կախված՝ կա՛մ պիտի լինես եղբայրասեր եւ հանձն առնես մեր խայտառակ կործանումը Արյաց առաջ, կա՛մ քո բարին գիտակցելով՝ մի օգտակար խորհուրդ խորհես մեր ապագայի մասին:

Աժդահակի այս նենգ խոսքերի տակ թաքնված էր նաեւ մի սպառնալից ակնարկ, որ եթե Տիգրանուհին իր կամքի համաձայն չգործի, ապա նա կսպանվի: Իսկ խորագետ Տիգրանուհին լավ կռահելով ամուսնու դավադիր մտադրությունը՝ մեղմ ու սիրալիր խոսքերով հանգստացնում է Աժդահակին, միաժամանակ մտերիմների միջոցով շտապ հայտնում եղբորը նրա դեմ նյութվող դավաճանության մասին:

Աժդահակն այնուհետեւ անցնում է իր խարդավանքի իրագործմանը: Նա պատգամավորներ է առաքում Տիգրանի մոտ՝ առաջարկելով բարեկամական տեսակցություն իրենց երկու պետությունների սահմանագլխին: Այդ անձնական հանդիպումը Աժդահակը պատճառաբանում էր խիստ գաղտնի եւ կարեւոր գործի անհրաժեշտությամբ, որն իբրեւ թե հնարավոր չէր հայտնել նամակով կամ պատվիրակների միջոցով:

Տիգրանը նախապես տեղյակ լինելով Աժդահակի նենգ դիտավորությանը՝ նամակով բացահայտ գրում է նրա հոգում թաքցրած խարդախ խորհուրդների մասին: Երբ այս ձեւով ամեն ինչ բացահայտվում է, Աժդահակի համար այլեւս անհնար է դառնում որեւէ խորամանկությամբ կամ պատրվակով իր չար խորհուրդը քողարկել: Եվ երկու տերությունների միջեւ ծայր է առնում լարված թշնամություն:

Տիգրանը սկսում է նախապատրաստվել պատերազմի: Նա Կապադովկիայի սահմաններից, Վրաց եւ Աղվանից աշխարհներից, Մեծ ու Փոքր Հայքից հավաքում է իր ընտիր զորագնդերը եւ իր ամբողջ զորությամբ, սքանչելի զինավառված` դիմում մեդացոց կողմերը:

Ահագնացող վտանգը հարկադրում է Աժդահակին եւս զորքերի մեծ բազմությամբ ելնել պատերազմի Հայկազունի Տիգրանի դեմ: Բայց Տիգրանը քրոջ՝ Մարաստանում գտնվելու պատճառով պատերազմն առայժմ չի սկսում: Այս լարված հակառակությունը տեւում է մոտ հինգ ամիս, այդ ընթացքում Տիգրանին հաջողվում է իր սիրելի քրոջը` Տիգրանուհուն, հնարամտությամբ փրկել եւ ազատել Աժդահակի ձեռքից: Երբ այդ բանը հաջողվում է, Տիգրանը սկսում է պատերազմը:

Կռիվը տեւում է բավական երկար, որովհետեւ քաջերը քաջերի հանդիպելով` մեկը մյուսին դյուրությամբ թիկունք չէին դարձնում: Կռվին վերջ է տրվում միայն այն ժամանակ, երբ քաջամարտիկ նիզակավոր Տիգրանը դեմ առ դեմ հանդիպում է Աժդահակին: Տիգրանն իր երկար նիզակով այնպես է հարվածում Աժդահակի կրծքին, որ երկաթե ամուր զրահը ջրի պես ճեղքելով՝ նրան շամփրում է նիզակի լայնաթեւ տեգին, եւ երբ նիզակը դուրս է քաշում` Աժդահակի թոքի կեսը մնում է զենքի ծայրին:

Կռիվն ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով: Կռվից հետո Տիգրանը Տիգրանուհուն մեծ բազմությամբ եւ արքայավայել ուղարկում է իր անունով կառուցած Տիգրանակերտ քաղաքը եւ հրամայում շրջակա գավառները դնել քրոջ ծառայության տակ:

Մ. Խորենացուց տեղեկանում ենք, որ Տիգրանուհին Աժդահակին սերունդ չի պարգեւել, եւ Մ. Խորենացին մեզ շատ գեղեցիկ հուշում է, որ Տիգրանուհին է պահպանել հայոց դիցական թագավորական սերունդը: Ըստ պատմահոր` Տիգրանուհուց է սկիզբ առնում Հայոց Աշխարհում կամ, ինչպես նշում է պատմահայրը, այս կողմերում հայտնի «Ոստան ազատության» կոչված արքայազարմ ազնվական դասակարգը, ըստ պատմահոր` Տիգրանուհին է ապահովել Հայոց վիշապասանձ սերունդ: Ահա Տիգրանուհու կամ ըստ Մ. Խորենացու՝ Ծիրանազգեստ հայ կնոջ արեւապաշտական բուն առաքելությունը:

ԱՆՈՒՇ ԲԵՅԲՈՒԹՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում