livemarks sitemap
Հինգշաբթի, Մարտի 30, 2017

EkaterinyՊատմության էջերը թերթելիս մշտապես հանդիպում ենք այնպիսի կանանց, որոնց գոյությունն ու ունեցած դերն անփոխարինելի են տվյալ ժամանակաշրջանում: Ունենալով բարձր կատարողական արվեստ եւ ի վերուստ շնորհված լինելով ղեկավարելու անփոխարինելի ձիրքով` նրանք կարողացել են ճակատագրի բախտորոշ վեկտորն ուղղել անլուծելի թվացող կողմն ու տալ դրանց համապատասխան, տվյալ դեպքում, ճիշտ լուծումներ:

Եկատերինա Երկրորդ Մեծ…Ամբողջ ռուսական պատմության մեջ, թերեւս, ամենաերկար կառավարող կայսրուհին…Նրա գահակալության շրջանը կամ Եկատերինյան դարաշրջանը երբեմն համարվում է ռուսական կայսրության եւ ռուսական արիստոկրատիայի «ոսկե դարաշրջանը»:

Սոֆիա Ֆրեդերիկա Ավգուստա-Անգալտ Ցերբստսկայան ծնվել է ապրիլի 21-ին (մայիսի 2-ին ) այն ժամանակվա Պոմերիայի Շտետտին մայրաքաղաքում: Այժմ քաղաքն անվանվում է Շեդին եւ համարվում է «ռազմածովային մայրաքաղաքը»:

Հայրը` Քրիստիան Ավգուստ Անգալտ Ցերբստսկին, սերվում էր Անգալտյան տոհմի ցերբստ-դորնեբուրգյան ճյուղից եւ ծառայում էր Պրուսիայի թագավորի մոտ, եղել է գնդի հրամանատար, պարետ, հետագայում` Շտետտին քաղաքի քաղաքապետ, որտեղ եւ ապագա կայսրուհին լույս աշխարհ պիտի գար: Նա փափագում էր դառնալ կոռլանդյան դուքս, սակայն, ցավոք, իզուր. ծառայությունն ավարտեց պրուսսական ֆելդմարշալի կոչումով:

Մայրը` Իոհաննա Ելիզավետան, Գոլշտեյն-Գոտտորպ տոհմից էր, ապագա Պետրոս Երրորդի խորթ մորաքույրը: Նրա արմատները հասնում էին մինչեւ Կրիստիան Առաջինը, որն այդ ժամանակ Նորվեգիայի, Շվեդիայի եւ Դանիայի թագավորն էր, ինչպես նաեւ Շլեզվիգ-Գոլշտեյնսկ Առաջինը եւ Օլդենբուրգյան դինաստիային:

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ցերբստսյան դուքսի ընտանիքը հարուստ չէր. Եկատերինան կրթություն ստացել է տանը: Սովորել է անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներ, երաժշտական կրթություն է ստացել, տիրապետում էր պարարվեստին, իսկ հիմնականում պատմություն, աշխարհագրություն եւ աստվածաբանություն էր ուսումնասիրում: Նա մեծանում էր կամակոր, հետաքրքրասեր, ինչպես որ հարիր էր իր տարիքի երեխաներին` անգամ ազատ վարքով ու աղքատիկ, սիրում էր իր ամեն մի հաղթանակն ի ցույց դնել տղաների ներկայությամբ, որոնց հետ ուղղակի խաղում էր շտետտինյան փողոցներում:

Ծնողները դժգոհ էին աղջկա «տղայական» պահվածքից, սակայն դա, կարծես թե, ձեռնտու էր նրանց. Ֆրեդերիկան հոգ էր տանում փոքր քրոջ` Ավգուստինայի մասին: Մայրը նրան մանուկ հասակում անվանում էր Ֆիկե(Ֆրեդերիկա անունից, որը նշանակում է «փոքրիկ Ֆրեդերիկա»):

Եկատերինան 1744թ. մոր` Իոհաննա Ելիզավետայի հետ Ելիզավետա Պետրովնայի կողմից հրավիրել էր Ռուսաստան: Եկատերինան հետագայում պետք է ամուսնանար Պետրոս Ֆեոդորովիչի, ապագայում արդեն` կայսեր Պետրոս Երրորդի հետ:

Ռուսաստան ժամանելուց անմիջապես հետո Եկատերինան սկսեց սովորել ռուսերեն, պատմություն, ուսումնասիրել ուղղափառություն, ռուսական ավանդույթներ, կարծես թե ամբողջությամբ ճանաչել Ռուսաստանը, որն ընդունում էր որպես «նոր հայրենիք»: Նրա ուսուցիչներից առանձնանում են հոգեւորական Սիմոնա Տոդորսկայան, ռուս քերականության հեղինակ Վասիլիա Ադադուրովան, ինչպես նաեւ պարուսույց Լանգեն: Շուտով նա թոքերի բորբոքումով հիվանդացավ. նրա վիճակն այնքան վատացավ, որ մայրը որոշեց օգնություն խնդրել լյութերական քահանայից: Սոֆիան, սակայն, հրաժարվեց: Նրա հույսը Սիմոն Տոդորսկին էր: Այս միջադեպն օգնեց նրան ճանաչվել պալատում:

1744թ. հունիսի 21-ին (հուլիսի 9-ին) Սոֆիա Ֆրեդերիկան լյութերական հավատից անցավ ուղղափառության` միաժամանակ կնքվելով նոր անունով` Եկատերինա Ալեքսեեւնա (իսկ հաջորդ օրն արդեն նշանվեց ապագա կայսեր հետ):

Սոֆիայի եւ նրա մոր այցը Պետերբուրգ ուղեկցվում էր ինտրիգներով, որի հետ կապ ուներ հենց ինքը` կոմսուհի Ցերբստսկայան: Նա համարվում էր Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Երկրորդի երկրպագուհին: Ֆրիդրիխ Երկրորդը որոշեց նրա ներկայությունը ռուսական կայսրությունում օգտագործել ռուսական ներքին քաղաքականության մեջ իր դիրքերն ամրապնդելու համար: Այդ ամենն իրականացնելու համար նախատեսվում էր իշխանություն ձեռք բերել կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի նկատմամբ եւ չեզոքացնել կանցլեր Բեստուժեւին` հակապրուսսական քաղաքականություն վարելու համար, եւ նրան փոխարինել արժանի թեկնածուով: Սակայն Բեստուժեւին հաջողվեց գտնել այն նամակը, որն ուղղված էր Ֆրիդրիխ Երկրորդին` կոմսուհի Ցերբստսկայայի կողմից, եւ այն «մատուցեց Ելիզավետա Պետրովնային»: Այն ամենից հետո, երբ վերջինս տեղեկացավ «ռուսական հետախույզի ոչ հաջող խաղի մասին», իր պալատում այդ դերը խաղում էր Սոֆիայի մայրը, միանգամից փոխեց վերաբերմունքը նրա նկատմամբ: Բայց այս ամենը Սոֆիայի հեղինակության վրա չազդեց, քանի որ նա այս ամենի հետ ոչ մի առնչություն չուներ:

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԱԳԱԺԱՌԱՆԳԻ ՀԵՏ

1745-ի օգոստոսի 21-ին (սեպտեմբերի 1-ին) 16-ամյա Եկատերինան նշանվեց Պետրոս Ֆեոդորովիչի հետ. վերջինս այդ ժամանակ ընդամենը տասնյոթ տարեկան էր եւ համարվում էր Եկատերինայի հեռավոր ազգականը:

Ekateriny2Ամուսնության առաջին տարիներին Պետրոսը բացարձակապես չէր հետաքրքրվում կնոջով, եւ ամուսնական հարաբերություններ նրանց մեջ գրեթե գոյություն չունեին: Այս մասին Եկատերինան հետագայում պիտի գրեր. «Ես շատ լավ տեսնում էի, որ կայսրն ինձ ընդհանրապես չէր սիրում: Հարսանիքից երկու շաբաթ անց նա խոստովանեց, որ սիրահարված է կույս Կարրին: Նա պատմում էր Դիվերին (պալատական աշխատող), որ անգամ չէր էլ կարող համեմատել ինձ ու այդ օրիորդին: Դիվերը, սակայն, հակառակն էր պնդում` բարկանալով նրա վրա: Այդ տեսարանը իմ ներկայությամբ էր տեղի ունենում, եւ ես ականատես էի այդ վիճաբանությանը: Անկեղծ ասած, ես ասում էի ինքս ինձ, որ այս մարդու հետ ես միանգամայն դժբախտ եմ լինելու եւ, եթե տրվեմ էլ նրա հանդեպ սիրուս, որի դիմաց այդքան վատ են վճարել…ապա ինչ է լինելու… Ինչո՞ւ մեռնել խանդից, եթե դրանից ոչինչ չի փոխվելու… Եվ այսպես, ինքնասիրությունից դրդված` ես փորձում էի ինքս ինձ ստիպել չխանդել մի մարդու, որն ինձ չէր սիրում: Եվ, որպեսզի չխանդեի նրան, ինձ այլ ելք չէր մնում. չսիրել նրան: Եթե նա ցանկանար սիրելի լինել իմ կողմից, ապա դա ինձ համար դժվար չէր լինի: Ինձ բնությունից տրված էր լինել խոնարհ ու կատարել իմ բոլոր պարտականությունները, իսկ դրա համար ինձ անհրաժեշտ էր խելացի ամուսին, որից, ցավոք, զուրկ էի»:

Եկատերինան շարունակում էր զբաղվել ինքնազարգացմամբ, կարդում էր պատմություն, փիլիսոփայություն, իրավագիտական գրքեր եւ մեծ քանակությամբ գեղարվեստական գրականություն: Հիմնական զբաղմունքը, սակայն, որսորդությունն էր, ձիավարությունը, պարը եւ դիմակահանդեսները: Ամուսնական հարաբերությունների բացակայությունը դրդում էր ինքնին դավաճանության: Դրա հետ մեկտեղ կայսրուհի Ելիզավետան հայտնում էր իր դժգոհությունը նրանց` երեխա չունենալու կապակցությամբ: Վերջապես, ոչ բարեհաջող հղիությունից հետո 1754թ. սեպտեմբերի 20-ին (հոկտեմբերի 1-ին) Եկատերինան տղա ունեցավ, որին անմիջապես խլեցին կայսրուհի Ելիզավետայի հրամանով: Նրան անվանեցին Պավել (ապագա Պավել Առաջին) եւ զրկեցին որդուն դաստիարակելու հնարավորությունից` թույլ տալով միայն ժամանակ առ ժամանակ տեսնել երեխային: Մի շարք փաստեր հաստատում են, որ Պավելի իրական հայրը Եկատերինայի սիրեկան Ս.Վ. Սալտիկովն է համարվում (անմիջապես հենց Եկատերինայի գրություններում այդպիսի նկատառումներ չկան, սակայն որոշ գրականագետներ հաստատում են այդ վարկածը):

Այլ վարկած. Պետրոսը վիրահատվել էր, որի պատճառով բացառվում էր նրա` երեխա ունենալը: Եկատերինայի դավաճանության հարցը մեծ աղմուկ էր բարձրացրել հանրության շրջանակներում: Պավելի ծնունդից հետո Պետրոսի եւ Ելիզավետայի հարաբերությունները վերջնականապես վատացան: Պետրոսն իր կնոջն անվանում էր «պահեստային տիկին» եւ բացահայտ սիրուհիներ ուներ` դրա հետ մեկտեղ Եկատերինային չարգելելով անել նույնը:

Այդ ընթացքում Անգլիայի դեսպան Չառլզ Հենբյուրի Ուիլյամսի շնորհիվ կապ ստեղծվեց Լեհաստանի ապագա թագավոր Ստանիսլավ Պոնյատովսկու հետ: 1758թ. դեկտեմբերի 9-ին (դեկտեմբերի 20-ին) Եկատերինան աղջիկ ունեցավ`  Աննան: Լսելով կնոջ նոր հղիության մասին` հնչեց Պետրոսի սուր դժգոհությունը. «Միայն Աստված գիտի, թե ինչու է նա նորից հղի: Ես բացարձակ համոզված չեմ` այս երեխան ի՞մն է, թե՞ ոչ…Եվ ես պե՞տք է պատասխանատվություն կրեմ նրա համար…»:

(շարումակելի)

ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում