livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

Կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA, WIBF, WBO վարկածներով աշխարհի չեմպիոնուհի ՍՅՈՒԶԻ ԿԵՆՏԻԿՅԱՆԸ մարտի 26-ին գերմանական Համբուրգ քաղաքում պաշտպանեց WIBF վարկածով չեմպիոնական գոտին` հաղթելով մեքսիկուհի Աննա Արացոլին: Բոլոր երեք մրցավարներն էլ նկատելի առավելություն տվեցին հայ մարզուհուն: Սա «Մարդասպան թագուհու» 28-րդ մենամարտն էր, որոնցից միայն մեկն է ավարտել ոչ-ոքի, մյուսներում հաղթել է, ընդ որում, 16-ը` ժամանակից շուտ:

 

Նա ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 11-ին` Երեւանում: Չորս տարեկանից տեղափոխվել է Գերմանիա: Վեց տարեկանում հաճախել է դպրոց եւ այն դեռ չավարտած` հաճախել է տարբեր մարզաձեւերի պարապմունքների: Տասնմեկ տարեկանից սկսած` վեց տարի պարապել է սիրողական բռնցքամարտ: Սիրողական բռնցքամարտում անցկացրել է քսանհինգ մենամարտ եւ միայն մեկ պարտություն է կրել, քանի որ, ինչպես հենց ինքը նշեց 2009 թվականի հուլիսին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, մրցակցուհուն պարզապես թերագնահատել է: Մինչ այդ պարտությունը նա հաղթել էր մրցակցուհուն եւ համոզված լինելով, որ երկրորդ անգամ էլ առանց մեծ ջանքեր գործադրելու կհաղթի, հիվանդ վիճակում ռինգ էր դուրս եկել եւ պարտվել: Այդ նույն ասուլիսի ժամանակ Սյուզին մասնավորապես նշել էր. «Շատ մեծ էներգիա ունեի եւ էներգիաս մի տեղ պետք է ծախսեի: Իսկ ռինգում ես հանգստանում էի»: Տասնվեց տարեկանում ստացել է  պրոֆեսիոնալ բռնցքամարտի պայմանագրի առաջարկ: Մինչեւ վարպետների շարքին դասվելը նվաճել է Գերմանիայի ազգային չեմպիոնի կոչումը, ապա դարձել Եվրոպայի, ինչպես նաեւ միջմայրցամաքային չեմպիոն: Այդ տարի սկսվել են Սյուզիի մենամարտերը, եւ երկու տարվա ընթացքում դարձել է  աշխարհի չեմպիոն: Նորից դառնալով նույն ասուլիսին` հավելենք, որ Սյուզիի հայրը` պարոն Լեւոնը, այդ նույն ասուլիսի ժամանակ, ինչպես նաեւ մինչ այդ տված հարցազրույցում մասնավորապես նշել էր, որ իր համար առաջնայինը եղել է իր որդու եւ դստեր ինքնապաշտպանության խնդիրը, ուստի պատահական չէ, որ նրանք զբաղվել են տարբեր մարզաձեւերով, երկուսն էլ ի վերջո ընտրել են բռնցքամարտը, սակայն որդին բավարարվել է սիրողական բռնցքամարտով. «Որդուս` Միքայելին, ինքս եմ տարել բռնցքամարտի: Նա էլ լուրջ հաջողությունների է հասել, դարձել է Գերմանիայի չեմպիոն: Բայց երբ պրոֆեսիոնալ բռնցքամարտ տեղափոխվելու որոշում կայացնելու ժամանակը եկավ, ես դրան դեմ եղա, որովհետեւ տղամարդկանց պրոֆեսիոնալ բռնցքամարտն անհամեմատ արագ է եւ վտանգավոր: Հիմա Միքայելը մրցավար է, զբաղվում է մենամարտերի կազմակերպմամբ եւ սպասարկմամբ»: Հայրը չի խուսափում դստեր մարտերը նայելուց, ավելին` մշտապես դահլիճում է լինում, նույնիսկ ռինգին մոտիկ. «Ճիշտ է, սկզբում հուզվում եմ, անհանգստանում, սակայն, բարեբախտաբար, Սյուզին շատ արագ իմ հոգեկան վիճակը կարգավորում է: Ես սկզբում եւ հիմա էլ դեմ եմ եղել, որ նա զբաղվի պրոֆեսիոնալ բռնցքամարտով, բայց տեսնելով, որ նա ռինգում պարզապես հանգստանում է, չեմ խոչընդոտում»:

Իսկ բոլորովին վերջերս մենք մի քանի հարցով դիմեցինք Գերմանիայում գտնվող մեր հայրենակցուհուն, ով Գերմանիայի պատվավոր քաղաքացի է եւ արդեն հասցրել է ստանալ գերմանական Օսկար: Նախ ցանկացանք իմանալ, թե ուրիշ ինչ մարզաձեւերով է զբաղվել, որոնք էլ, ի վերջո, օգնել են պրոֆեսիոնալ բռնցքամարտում հաջողության հասնելու հարցում:

- Զբաղվել եմ մարմնամարզությամբ, լողով եւ այլ մարզաձեւերով:

- Իսկ ինչո՞ւ ընտրեցիք հենց պրոֆեսիոնալ բռնցքամարտը:

- Եղբայրս հաճախում էր բռնցքամարտի պարապմունքների, մի օր նրան խնդրեցի, որ ինձ էլ տանի իր հետ: Համոզեցի, նա ինձ տարավ դիտելու պարապմունքները, եւ հենց այդ ժամանակ շատ մեծ ցանկություն առաջացավ, որպեսզի մենամարտեմ մի տղայի հետ: Եվ դա իրականություն դարձավ. բարձրացա ռինգ եւ երկու հարվածից տապալեցի մի տղայի, որը պարապում էր արդեն երկար ժամանակ: Եվ դա ինձ ոգեւորեց, ու ես սկսեցի բռնցքամարտի ասպարեզում ինձ լավ դրսեւորել եւ հաջողությամբ հանդես գալ:

- «Մարդասպան թագուհի» անունը Ձեզ դո՞ւր է գալիս: Եվ որտեղի՞ց է ծագել այն:

- Եթե անկեղծ լինեմ, ապա չէի ասի, որ այդ անունը դուր է գալիս: Ընդ որում, դա իմ մտահաղացումը եւ իմ որոշումը չի եղել: Այդ կոչումը ես ստացա այն օրը, երբ դարձա աշխարհի չեմպիոն: Դա ինձ համար շատ անսպասելի էր, եւ երբ հեռուստացույցով լսեցի «Մարդասպան թագուհի» անունը, ինքս էլ շատ զարմացա:

(Ի դեպ, վերոնշյալ ասուլիսում Սյուզին, անդրադառնալով այդ անվանը, մասնավորապես ասել էր, որ ինքը կյանքում եւ ռինգում բոլորովին տարբեր է, ապա հավելել էր. «Ռինգում ես իմ գործի մեջ եմ, ամբողջովին ապրում եմ մենամարտով, իսկ ռինգից դուրս նորմալ աղջիկ եմ, սիրում եմ նորաձեւություն, ինձնից մարդիկ չեն վախենում, եւ պետք էլ չէ, որ վախենան»):

- Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած Ձեր վերջին մենամարտերը ցույց են տալիս, որ մրցակիցներին նոկաուտով չեք հաղթում: Ո՞րն է դրա պատճառը:

- Նախ ասեմ, որ հիմիկվա մրցակիցներս թույլ չեն. նրանցից յուրաքանչյուրը աշխարհի չեմպիոն է նույնիսկ ավելի բարձր քաշային կարգերում: Բացի այդ, մարտավարությունս եմ փոխել. եթե սկզբնական շրջանում աշխատում էի մրցակցուհիներիս անպայման հնարավորինս շուտ նոկաուտ անել, հիմա այլ կերպ եմ վարվում: Դրանով իսկ ապացուցում եմ, որ կարող եմ մարտն անցկացնել իմ ուզած ոճով եւ մրցակցուհիներիս պարտադրել իմ կամքը: Չպետք է մոռանալ, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտը նաեւ շոու է: Երբ իմ մարտերից մեկն ավարտվեց հենց առաջին ռաունդում, թե՛ մարզասերները, թե՛ մենամարտը հեռարձակող հեռուստաընկերությունները դժգոհ էին մնացել: Մարզասերներն ակնկալած բռնցքամարտը չէին տեսել, իսկ հեռուստաընկերություններն էլ գովազդատուների հետ էին բազմաթիվ խնդիրներ ունեցել:

- Գերմանիայում կա՞ն պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվող հեռանկարային հայ աղջիկներ:

- Ցավոք սրտի` ոչ, քանի որ հայ աղջիկների ծնողները նրանց չեն թույլատրում պարապել բռնցքամարտ:

- Կամուսնանա՞ք բռնցքամարտիկ երիտասարդի հետ: Կցանկանա՞ք, որ տարիներ հետո Ձեր աղջիկը զբաղվի պրոֆեսիոնալ բռնցքամարտով:

- Եթե սիրեմ` այո, ինչու ոչ. կամուսնանամ: Եթե աղջիկ ունենամ, իհարկե, նրան կթույլատրեմ պարապել պրոֆեսիոնալ բռնցքամարտ: Եվ եթե ունենա ցանկություն եւ ներուժ, ապա ես նրան նույնիսկ ամեն կերպ կաջակցեմ:

- Հաճա՞խ եք հանդիպում Գերմանիայում բնակվող Արթուր Աբրահամի եւ այլ հայ բռնցքամարտիկների հետ: Ի՞նչ կասեք Արթուրի մասին` որպես բռնցքամարտիկի:

- Հանդիպում ենք, բայց ոչ հաճախ: Արթուր Աբրահամը շատ հզոր բռնցքամարտիկ է, եւ նրա ուժը հիմնականում նրանում է, որ նախ թուլացնում է հակառակորդին ու հետո նոկաուտի ենթարկում:

- Գերմանիայում արդյոք նշո՞ւմ եք կանանց տոնը: Սիրում եք նվիրե՞լ, թե՞ ստանալ:

- Իհարկե նշում ենք մեծ շուքով եւ ուրախությամբ: Նվերներ սիրում եմ ե՛ւ ստանալ, ե՛ւ տալ:

- Գերմանիայո՞ւմ են ավելի ուշադիր կանանց եւ աղջիկների նկատմամբ, թե՞ Հայաստանում:

- Յուրաքանչյուր երկրում կանայք եւ աղջիկները մեծարվում են յուրովի եւ յուրովի էլ գնահատվում են: Անկախ ազգությունից, գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հանդեպ պետք է միշտ ուշադիր լինել եւ գնահատել նրանց:

- Մարզական կարիերան այնքան էլ երկար չի տեւում: Մտածո՞ւմ եք, թե տարիներ հետո ինչով եք զբաղվելու:

- Դեռ չեմ որոշել, ուստի այս պահին ոչինչ ասել չեմ կարող:

- Մտադի՞ր եք վերադառնալ Հայաստան` մշտական բնակության: Եվ արդյոք Ձեզ համար դժվար չի՞ լինի այստեղ:

- Գերմանիայում հեշտ է ապրելը, ես մեծացել եմ այնտեղ եւ արդեն սովորել եմ այնտեղի կյանքին, սովորույթներին: Իսկ Հայաստան կգամ հանգստանալու եւ հարազատներիս տեսնելու նպատակով: Սակայն հնարավոր է, չի բացառվում, որ մի օր կվերադառնամ, բայց դա` հետագայում... Ամեն դեպքում այս պահին հստակ պատասխան տալ չեմ կարող:

- Իսկ ի՞նչ կասեք Ձեր «Սյուզի Կենտիկյան» փրադաքշենի մասին:

- «Սյուզի Կենտիկյան» փրադաքշենը արդեն երեք տարի է, ինչ  գործում է: Աշխատում ենք շատ պրոֆեսիոնալ մարդկանց հետ, շուտով կհամագործակցենք տարբեր հայտնի կազմակերպությունների հետ: Աշխատում ենք նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր աստղերի հետ, իսկ Հայաստանից համագործակցում ենք միայն Նարեկ Ավետիսյանի հետ:

Պատրաստեցին
ԼՈՒՍԻՆԵ ՓԻՐՈՅԱՆԸ եւ ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում