aznavuryanԿԱՐԻՆԱ ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆԸ ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 20-ին` Բաքվում: Սկսել է զբաղվել սուսերամարտով Օլգա Մատլինայի ղեկավարությամբ: Մի հարցազրույցում նա այսպես է ներկայացրել Բաքուն լքելու պատճառը. «Չէի կարող պատկերացնել անգամ, որ նման բան կարող է տեղի ունենալ: Իսկ եղավ այն, որ մարզադահլիճում մեզ սպառնացին: Մենք Օլգա Նիկոլաեւնայի հետ դահլիճում մարզվում էինք, նա ինձ անհատական դաս էր տալիս, եւ այդ պահին դահլիճ մտավ մի մարդ, ով սպորտի բնագավառում բարձր պաշտոն ուներ, եւ ասաց մարզչիս. «Եթե նա (Կարինան-Ռ.Թ.) վաղը չգնա, ապա ո՛չ դու, ո՛չ քո երեխան դահլիճից ողջ դուրս չեք գա»»:  Ապա Կարինան մենակ գնացել է Մոսկվա, շարունակել պարապել սուսերամարտ Ալեքսանդր Կիսլյունինի մոտ...

Ռուսաստանի հավաքականում է 1994 թվականից: 1996 թվականին հավաքականի կազմում դարձել է Ատլանտայի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հաջորդ տարի արժանացել է 19-րդ Ունիվերսիադայի արծաթե մեդալների ինչպես թիմային, այնպես էլ անհատական առաջնությունում: Հետագայում Ռուսաստանի հավաքականի կազմում հաղթել է 2000 թվականի Սիդնեյի եւ 2004 թվականի Աթենքի օլիմպիադաներում: 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերին չի մասնակցել, քանի որ ողնաշարի վնասվածքի պատճառով չի կարողացել ձեռք բերել օլիմպիական վարկանիշային միավորներ, իսկ կանանց խոցասուսերի հավաքական թիմերի մրցումներ նախատեսված չէին Պեկինի օլիմպիադայի ծրագրով: 2002 թվականին թիմի կազմում դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, 2004-ին` չեմպիոն: 2008 թվականից ղեկավարում է Մոսկվայի օլիմպիական հերթափոխի թիվ 3 միջնակարգ հատուկ ուսումնարանի մանկապատանեկան մարզադպրոցը:

Օգտվելով այն հանգամանքից, որ նա բառացիորեն մի քանի ժամով գտնվում է Երեւանում` «Ֆորվարդ» ընկերության խանութը բացելու առիթով, հասցրեցինք զրուցել նրա հետ:    

Մեր զրույցն սկսվեց նորաբաց խանութում, եւ նախ հարցրեցինք, թե նա հայերենին տիրապետո՞ւմ է:

- Գրեթե ամեն ինչ հասկանում եմ, բայց խոսելը դժվար է:

- Ինչո՞ւ եք հենց սուսերամարտն ընտրել:

- Բոլորովին պատահական: Այսպես ասած, առաջին պատահած մարզաձեւն էր, որով սկսեցի զբաղվել եւ որին հավատարիմ մնացի մինչեւ վերջ: Ընդհանրապես շատ բան կախված է մարզչից: Եվ ուզում եմ ուրախությամբ նշել, որ մարզչի հարցում իմ բախտը բերեց. Օլգա Մատլինան հոյակապ մարդ է, հոյակապ մարզիչ: Կյանքը, ճակատագիրը հաճախ հետաքրքիր, գուցե անսպասելի պտույտներ, շրջադարձեր է կատարում, եւ իմ առաջին մարզիչը հիմա աշխատում է այն դպրոցում, որի ղեկավարը ես եմ: Եվ ես, իհարկե, դրա համար շատ ուրախ ու հպարտ եմ:

- Հայկական սպորտով, սուսերամարտով հետաքրքրվո՞ւմ եք:

- Այո՛, իհարկե հետեւում եմ: Նախկինում ընկերություն էինք անում Երեւանի սուսերամարտիկների հետ, զանգահարում էինք միմյանց, հետաքրքրվում հաջողություններով, անձնական խնդիրներով... Բայց հիմա շատերը թողել են սպորտը: Հիշում եմ, որ ծանր տարիներ էին, ծանր իրավիճակ, Հայաստանի սուսերամարտի հավաքականին չէին ֆինանսավորում, որպեսզի մեկնի միջազգային տարբեր մրցաշարերի: Հա, ի դեպ, որտե՞ղ է հիմա Ջանփոլադովա Օլգան:

- Այստեղ է` Երեւանում,- ասաց մեր զրույցին ներկա, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը եւ փորձեց գտնել նրան:

- Իսկ, օրինակ, Աշոտ Կարագյանին հանդիպո՞ւմ եք:

- Այո: Նա Մոսկվայում է բնակվում ու աշխատում է սուսերամարտի հավաքականների կենտրոնում:

Քանի որ նորաբաց խանութում ասեղ գցելու տեղ չկար, մենք դուրս եկանք խանութից ու զրույցը շարունակեցինք Երեւանի գարնանային հաճելի մթնոլորտում: Չնայած մեր հարցը, ճիշտն ասած, բոլորովին էլ հաճելի չէր.

- Որքան էլ, համոզված ենք, ծանր է հիշել Բաքվի դեպքերը, համենայնդեպս, մի քիչ պատմեք ձեր ընտանիքի ու Բաքվից հեռանալու մասին:

- Մենք Բաքվում ապրում էինք մեծ ընտանիքով` չորս քույր էինք, եւ ոչ մեկը նույնիսկ չէր մտածում, որ ամեն ինչ այդպես կստացվի... Մոսկվայում 1989 թվականի դեկտեմբերից եմ:

- Կապված Բաքվի հայտնի դեպքերի հե՞տ:

- Ես այդ դեպքերից հետո մի քիչ մնացի, մարզվում էի, պատրաստվում մրցումների... Ինձ պարտադրում էին ազգանունս փոխել: Մայրս հորական կողմից ադրբեջանուհի է, եւ ինձ ստիպում էին վերցնել մորս ազգանունը... Մի օր էլ եկան մարզադահլիճ եւ ասացին` կա՛մ փոխում ես ազգանունդ, կա՛մ դահլիճից ողջ չեք դուրս գա: Բայց իմ ազգանունը մեկն է` Ազնավուրյան, եւ այն երբեք չեմ փոխել ու չեմ փոխի: Ծնողներս ընտանիքով հեռացան Բաքվից, սկզբում Հայաստանում էին ապրում` Կամոյում, ապա` Կալինինոյում: Շատ ծանր փորձությունների միջով է անցել մեր ընտանիքը, դժվար ու անապահով էին ապրում եւ, բառի բուն իմաստով, մի կերպ, մեծ չարչարանքով փող հավաքեցին, որ ինձ համար Մոսկվայի տոմս գնեն:

- Իսկ Բաքվում ամեն ինչ թողեցի՞ք: Մի՞թե չէիք կարող գոնե տունը վաճառել. չէ՞ որ Ձեր մայրը ադրբեջանական ազգանուն էր կրում, եւ կարող էին ձեր ընտանիքի հանդեպ մի քիչ դաժան չգտնվել:

aznavuryan1- Այո՛, Բաքվում մերոնք թողեցին մեր տունը, ունեցվածքը եւ գործնականում առանց որեւէ բանի փախան. վտանգը մեծ էր: Հայաստանում էլ այդ տարիներին աշխատանք գրեթե չկար, իսկ աշխատանքի տեղավորման հարցում էլ առավել բարդ էր փախստականների դրությունը: Պատկերացրեք մեր ընտանիքի վիճակը. առանց աշխատանքի, չորս աղջիկ... Ինչպես արդեն նշեցի, մերոնք մի կերպ փող հավաքեցին, եւ ես` կովկասցի աղջնակս, տասնհինգ տարեկանում մենակ ու առաջին անգամ գնացի Մոսկվա: Ինձ ընդունեց մարզական ուսումնարանի տնօրեն Վալերի Ասեեւը, որին ես ամբողջ կյանքում երախտապարտ կլինեմ: Ես ամենուր, տարբեր առիթներով ասում եմ, որ նա իմ առաջին հայրն է: Եվ այսպես` ես նրա մոտ` ուսումնարանում մնացի: Մոսկվայում այդ ժամանակ ինձ ոչ ոք չէր ճանաչում, քանի որ ես հաջողությունների էի հասել Կովկասում կայացած մրցումներում: Իսկ Խորհրդային Միության օրոք երկրի հավաքականի կազմում ընդգրկվելն անչափ դժվար գործ էր, մեծ մրցակցություն կար: Ամեն դեպքում գոհ եմ ճակատագրից. ինձ ընդունեցին օլիմպիական հերթափոխի ուսումնարան, ու այնտեղ էլ բախտս բերեց, որ լավ մարզչի մոտ էի պարապում, ով հավատաց ինձ, իմ ուժերին: Իսկ առաջին մարզչիս մասին էլ արդեն ասացի...

Մեկ օլիմպիադա, երկրորդը... Հետո Մոսկվա տարա ծնողներիս, եւ հիմա բոլորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են, ամեն ինչ կարգին է, ծնողներիս հետ ենք ապրում: Եկել եմ «Ֆորվարդ»-ին աջակցելու համար: Ի դեպ, ընկերության գլխավոր տնօրենը, այլ պատասխանատու աշխատակիցներ հայ են, հայկական արմատներ ունեն:

- Իսկ Ձեր քույրերը նույնպե՞ս Մոսկվայում են բնակվում:

- Մի քույրս է միայն Մոսկվայում բնակվում, իսկ մյուս երկուսը` Սոչիում, ավելի ճիշտ` Ադլերում են բնակվում:

- Հիմա Դուք ունեք Ձեր մանկապատանեկան մարզադպրոցը...  

- Ես երեք տարի բացատրել եմ, որ հարկավոր է բացել մանկական մարզադպրոց` անվճար հիմունքներով: Վերջապես տվեցին մարզադահլիճ... Ամեն ինչ պետական հիմունքներով է, պետական ծրագիր է, մարզիչներն էլ քաղաքի բյուջեից աշխատավարձ են ստանում: Ի դեպ, երեխաները պետք է սուսերամարտով զբաղվեն 10-11 տարեկանից, այսինքն` երբ երեխան արդեն ինչ-որ բան հասկանում է, քանի որ սուսերամարտում հարկավոր է կշռադատել, հաշվարկել, մտածել: Այդ դեպքում արդեն  տասնհինգ տարեկանում կարելի է ապահովել հավաքականի մակարդակ: Բացի այդ, պետք է սովորեն նաեւ ֆրանսերեն, քանի որ դա սուսերամարտի պաշտոնական լեզուն է. հրահանգները, հաշվարկը, տերմինները ֆրանսերեն են:

- Ի դեպ, Դուք ազգակցական կապ ունե՞ք աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի հետ:

- Մոսկվայում ինձ գտավ նրա զարմուհին` Մարիա Ազնավուրը: Նա համոզում էր, որ գնանք Ֆրանսիա, ծանոթանանք Շառլ Ազնավուրի հետ: Գուցե ինչ-որ ընդհանուր արմատներ կա՞ն:

- Ռուսաստանի Դաշնությունում օլիմպիական չեմպիոնները նպաստ ստանո՞ւմ են:

- Ստանում են հազար դոլարին համարժեք ռուբլի: Եվ դա տրվում է ցմահ:

- Անձնական ճակատում, ինչպես ասում են, ամեն ինչ խաղա՞ղ է:

- Ամեն ինչ հիանալի է: Ունեմ ընտանիք, երկու դուստր, կրտսերը մեկ տարեկան երկու ամսական է: Ամուսինս` Եվգենի Լուչնիկովը, հայտնի հանդբոլիստ է, Չեմպիոնների լիգայում, Ռուսաստանի հավաքականի կազմում է խաղացել: Նա նաեւ լավ ամուսին է, ինձ օգնում է, աջակցում, թողնում է, որ թռչեմ (ծիծաղում է-Ռ.Թ.): Երկուսս էլ սպորտսմեն ենք, եւ դա էլ հարաբերությունները ճիշտ դասավորելու, միմյանց օգնելու հարցում մեծ դեր է կատարում. հոգով մոտիկ մարդիկ միշտ էլ ավելի դյուրին են գտնում ընդհանուր լեզու:  

- Կցանկանա՞ք, որ Ձեր դուստրը նույնպես զբաղվի սուսերամարտով:

- Ես ընտրությունը կթողնեմ իրեն, որեւէ բան չեմ պարտադրի, եւ ինչ մարզաձեւ ինքը կցանկանա, դրանով էլ կզբաղվի: Մեծ դուստրս տասնմեկ տարեկան է «Տոդես» բալետում է պարում... Իսկ կրտսերին պահելու, խնամելու հարցում օգնում են նրա տատիկները, դայակը. չէ՞ որ ես աշխատում եմ:

- Ըստ Ձեզ, հայ կանայք ինչո՞վ են տարբերվում այլազգի կանանցից:

- Երեւի մենթալիտետով, դաստիարակությամբ:

Մեր գործընկեր, հայտնի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը ցանկացավ իմանալ, թե ինչպես է Կարինան վերաբերվում այն երեւույթին, որ հայ տղամարդիկ շատ են տարվում սլավոնացի կանանցով, աչքները նրանցից չեն կտրում:

- Իսկ աչքերն ինչի՞ համար են: Ինչո՞ւ չնայել: Թող նայեն, բայց ոչ ավելին: Նայեց ու վերջ,- կատակով պատասխանեց օլիմպիական չեմպիոնուհին, ու ներողություն խնդրելով, հեռացավ. նրան ուրիշ տեղ էլ էին սպասում:

Պատրաստեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ