livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

Ծան­րա­մար­տը Հա­յաս­տա­նում սիր­ված մար­զա­ձե­ւե­րից մեկն է, և հայ մար­զիկ­ներ Սեր­գո Համ­բար­ձու­մյա­նը, Յու­րի Վար­դա­նյա­նը, Օգ­սեն Միր­զո­յա­նը, Վար­դան Մի­լի­տո­սյա­նը, Յու­րիկ Սարգ­սյա­նը, Իս­րա­յել Մի­լի­տո­սյա­նը, ապա նա­և նոր սերն­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ Տիգ­րան Գ. Մար­տի­րո­սյա­նը, Գե­ւո­րիկ Պո­ղո­սյա­նը և մյուս­նե­րը բարձր պա­հե­ցին երկ­րի պա­տի­վը օլիմ­պի­ա­կան խա­ղե­րում, աշ­խար­հի, Եվ­րո­պա­յի առաջ­նու­թյուն­նե­րում:

 

ԿԱՆԱՆՑ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում ընդունեց, սկսած 1987 թվականից, կազմակերպել նաև կանանց աշխարհի առաջնություններ: 1987 թվականից մինչև 1998 թվականը կանայք մրցում էին ինը քաշային կարգերում` մինչև 46 կգ, 46 կգ-ից մինչև 50 կգ, 54 կգ, 59 կգ, 64 կգ, 70 կգ, 76 կգ, 83 կգ և 83 կգ-ից ծանր: 1998 թվականի հունվարի 1-ից կանանց համար մտցվեց յոթ քաշային կարգ` մինչև 48 կգ, 53 կգ, 58 կգ, 63 կգ, 69 կգ, 75 կգ և 75 կգ-ից ծանր:

Կանանց աշխարհի անդրանիկ առաջնությունը տեղի ունեցավ 1987 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 1-ը` ԱՄՆ-ի Դայթոնա Բիչ քաղաքում: Առաջնությանը մասնակցեցին 22 երկրների հարյուր ծանրորդուհիներ` ինը քաշային կարգերում: Ութ քաշային կարգերում հաղթանակ տարան Չինաստանի մարզուհիները, և նրանց հաղթարշավը շարունակվում է մինչև այսօր:

Հայաստանի մարզուհիներից առաջինը կանանց աշխարհի առաջնությանը մասնակցել է Հռիսփսիմե Խուրշուդյանը, որը կանադական Վանկուվեր քաղաքում 2003 թվականին կայացած կանանց աշխարհի 16-րդ առաջնությունում 63 կգ քաշային կարգում գրավեց 20-րդ հորիզոնականը: Նա այդ մրցումների ժամանակ ընդամենը 16 տարեկան էր և նույն` 2003 թվականի երիտասարդների առաջնությունում գրավել էր 7-րդ տեղը, իսկ Եվրոպայի աղջիկների առաջնությունում (մինչև 17 տարեկանների միջև) հայ մարզուհիներից առաջինը նվաճել է չեմպիոնի կոչումը: Նույն մրցումներում Մելինե Դալուզյանը գրավել է չորրորդ տեղը: Մեկ տարի անց` 2004 թվականի Եվրոպայի առաջնությունում, Հռիփսիմե Խուրշուդյանն արդեն տեղ գրավեց առաջին վեցնյակում: 2004 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայաստանցի ծանրորդուհի Աննա Գովելյանը 44 կգ քաշային կարգում պոկում վարժությունում արժանացավ արծաթե մեդալի, իսկ երկամարտում գրավեց չորրորդ տեղը: Ռուսաստանի Դաշնության հայազգի ծանրորդուհի Լյուբով Չաքրյանը 69 կգ քաշային կարգում 2003-2004 թվականների Եվրոպայի պատանեկան առաջնությունում գրավեց առաջին տեղը: 2005 թվականի Եվրոպայի երիտասարդների և պատանիների առաջնությունում երկու ոսկե, չորս արծաթե և երեք բրոնզե մեդալներ նվաճեցին Մ. Դալուզյանը, Հ. Խուրշուդյանը և Ա. Գովելյանը:

Մեր մարզուհիների համար ամենաբերքառատը 2006-2007 թվականներն էին: Մելինե Դալուզյանը նախ աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ, ապա Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արժանացավ ոսկե մեդալի, նույն առաջնությունում Թեհմինա Կարապետյանը նվաճեց բրոնզե մեդալ: Եվրոպայի կանանց առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ երրորդ մրցանակակիր, իսկ Եվրոպայի պատանեկան առաջնությունում Քրիստինե Պետրոսյանն արժանացավ արծաթե պարգևի... 2007 թվականի  կանանց աշխարհի առաջնությունում Մելինե Դալուզյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը գրավեցին չորրորդ, իսկ Նազիկ Ավդալյանը` հինգերորդ տեղը, երիտասարդների աշխարհի չեմպիոն հռչակվեց Հռիփսիմե Խուրշուդյանը: Կանանց Եվրոպայի չեմպիոնների կոչումները նվաճեցին Մ. Դալուզյանը և Հ. Խուրշուդյանը: Արծաթե մեդալի արժանացավ Նազիկ Ավդալյանը, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Հ. Խուրշուդյանը փոխչեմպիոն` Մ. Դալուզյանը: 2008 թ. կանանց Եվրոպայի չեմպիոններ դարձան Մ. Դալուզյանը և Ն. Ավդալյանը, հրում վարժությունում ոսկե մեդալ նվաճեց Հ. Խուրշուդյանը:

Դե, իսկ 2009 թվականին Կորեայում անցկացված աշխարհի առաջնությունում Նազիկ Ավդալյանը երկամարտի 266 կգ արդյունքով նվաճեց աշխարհի չեմպոնի կոչումը: Նա նվաճեց նաև երկու փոքր ոսկե մեդալ: Առայժմ բավարարվենք այս տվյալներով, որոնք սիրահոժար մեզ է տրամադրել ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, 7 մենագրության և 15 գրքերի հեղինակ Վանդոս Ղարագյոզյանը:

«ՈՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՀՈՒՍԱԽԱԲ ՉԱՆԵՄ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

Այ­սօր­վա մեր զրու­ցա­կի­ցը 2009 թվա­կա­նի ծան­րա­մար­տի աշ­խար­հի չեմ­պի­ո­նու­հի, մեր երկ­րի նույն թվա­կա­նի տար­վա լա­վա­գույն մար­զիկ ճա­նաչ­ված ՆԱ­ԶԻԿ ԱՎ­ԴԱ­ԼՅԱՆՆ Է: 2010 թվա­կա­նը նրա հա­մար հա­ջող չէր. վնաս­վածք­նե­րի պատ­ճա­ռով չկա­րո­ղա­ցավ մաս­նակ­ցել Եվ­րո­պա­յի և աշ­խար­հի առաջ­նու­թյուն­նե­րին: Իսկ վեր­ջերս էլ իր ավ­տո­մե­քե­նա­յով վթա­րի էր են­թարկ­վել: Նախ մենք ցան­կա­ցանք իմա­նալ, թե Նա­զի­կը վնաս­ված­քից ապա­քին­վե՞լ է:

- 2010 թվականի աշխարհի առաջնությունից առաջ էլ Եվրոպայի առաջնությունն էր, որին դաստակիս վնասվածքի պատճառով չմասնակցեցի` մտածելով, որ աշխարհի առաջնությանը կկարողանամ ավելի լավ նախապատրաստվել ու հասցնել: Սակայն աշխարհի առաջնությունից մի երկու-երեք ամիս առաջ էլ ծունկս վնասվեց, և աշխարհի առաջնությանն էլ չկարողացա մասնակցել: Դա, իհարկե, շատ ցավալի էր ինձ համար, շատ ծանր էի տանում, քանի որ վարկանիշային մրցումներ էին, բացի այդ, արդեն բավականին լավ մարզավիճակում էի գտնվում: Երբ Տիգրան Գ. Մարտիրոսյանը չեմպիոն դարձավ, իսկապես ես շատ ուրախացա, քանի որ ևս մեկ չեմպիոն ունեցավ մեր հայ ազգը: Մանավանդ որ` Թուրքիայում էր: Ու շատ լավ կլինի, որ ամեն տարի չեմպիոն ունենանք, քանի որ ես շատ եմ սիրում հայրենիքս` Հայաստանը, ու ինչքան շատ լինեն չեմպիոններ, այնքան մեր պատիվն է:

- Ինչպիսի՞ մարզավիճակում ես, երբվանի՞ց կսկսես լիարժեք մարզվել:

- Վնասվածք ստանալուց վեց ամիս անց սկսեցի թեթև մարզումները, արդեն մի քանի օր է, ինչ սկսել եմ պարապել, բայց դեռ շատ թույլ եմ:  Չգիտեմ ապրիլին` Եվրոպայի առաջնությանը, պատրաստ կլինեմ, թե ոչ, իսկ աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու աշնանը, ամենայն հավանականությամբ, կհասցնեմ մասնակցել: Չնայած ամեն ինչ Աստծո ձեռքերում է. ինչպես ասում են` մենք պլանավորում ենք, Աստված` տնօրինում: Ես, ճիշտն ասած, շատ հուզվեցի ժողովրդի ընդունելությունից ու ավելի շատ դրա համար եմ ուզում շարունակել մրցելույթներս:

- Իսկ այդ ի՞նչ վթար է եղել:

- Ինչ եղել է, ավտոմեքենային է եղել, որը շատ վատ վիճակում էր գտնվում: Բայց, փառք Աստծո, մեզ ոչ մի բան չի եղել: Ղեկին ես էի, հայրիկիս, մայրիկիս, եղբորս հետ էի...

- Այժմ, երբ իմացանք, որ ինքնազգացողությունդ լավ է, մի քիչ պատմիր քո մասին:

- Ծնվել եմ 1986 թվականի հոկտեմբերի 30-ին: Ծանրամարտով սկսել եմ զբաղվել 2004 թվականից, իսկ ավելի լրջորեն` 2005-2006 թվականներից, առաջին մարզիչս եղել է Կարեն Կարապետյանը, երկու տարի հետո` Արտաշես Ներսիսյանը, ով հիմա կանանց հավաքականի գլխավոր մարզիչն է:

- Ինչո՞ւ ընտրեցիր ծանրամարտը. չէ՞ որ տարիներ առաջ ու նաև այսօր շատերի գիտակցության մեջ այն կանանց, աղջիկներին սազական մարզաձև չէ:

- Այդ ժամանակ չէի պատկերացնում, որ մեծ հաջողությունների կհասնեմ, բայց շատ էի սիրում, գիտեի, որ քիչ էին աղջիկները պարապում և ուզում էի, որ ավելի շատանան: Տասներորդ դասարանն ավարտել էի, էլ չէի կարողանում ակրոբատիկա պարապել (հինգ տարեկանից զբաղվել եմ ակրոբատիկայով մինչև ծանրամարտ տեղափոխվելը), մարզիչ էի դառնալու, բայց դեռ ուզում էի սպորտով զբաղվել: Եվ Արտաշես Ներսիսյանն ասաց, որ կկարողանամ ինչ-որ հաջողությունների հասնել, ու ես որոշեցի փորձել ուժերս այդ բնագավառում:

- Ի՞նչ ապրումներ ունեցար աշխարհի չեմպիոն դառնալու պահին:

- Ինչ ապրումներ կարող է ունենալ մարդը, ով բարձրացնում է հայոց դրոշը` հպարտություն, երջանկություն... Պատասխանատվությունս ավելացավ, որ հետագայում հուսախաբ չանեմ իմ ժողովրդին:

- Արդեն նշանված ես, իսկ պսակադրությունը, հարսանիքը ե՞րբ է լինելու: Թե՞ դեռ ժամկետը որոշված չէ:

- Չէ, պարզ է. ամուսնությունը պլանավորել ենք 2012 թվականի օլիմպիական խաղերից հետո:

- Փորձենք մի քիչ առաջ անցնել: Կցանկանայի՞ր, որ ձեր երեխան` տղան կամ աղջիկը, ծանրամարտիկ դառնա: Եվ քանի՞ երեխա կցանկանայիր ունենալ:

- Չգիտեմ, չեմ մտածել այդ մասին... Երևի երկու երեխա:

- Տղա և աղջի՞կ:

- Այո՛: Ճիշտն ասած, լավ կլինի, որ ավելի շատ արվեստի բնագավառում լինեն, բայց նաև սպորտից հեռու չլինեն: Եթե թեկուզ աղջիկս ուզենա ծանրամարտով զբաղվել, բացարձակապես դեմ չեմ լինի, որովհետև ես ոչ մի վատ բան չեմ տեսնում ծանրամարտի մեջ:

- Ամենասիրած ճաշատեսակդ ո՞րն է:

- Երևի խինկալին:

- Իսկ ի՞նչ երաժշտություն ես սիրում լսել:

- Դասական երաժշտություն:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում