livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

sportՀուլիսի 27-ին Լոնդոնում մեկնարկում են Օլիմպիական խաղերը, որին կմասնակցեն նաեւ հայ մարզիկ-մարզուհիները: Կանանց ծանրամարտում մեր երկիրը կունենա երկու ներկայացուցիչ` Մելինե Դալուզյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը:

ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԱՊԱՔԻՆՎԵԼ ԵՆ

 

Մենք ցանկացանք տեղեկանալ, թե ինչպես է  նախապատրաստվում օլիմպիադային մեր հավաքականը ու նախ զրուցեցինք ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ ԱՐՏԱՇԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:

- Ինչպե՞ս է ընթանում կանանց հավաքականի նախապատրաստական փուլը, որտե՞ղ եք հավաք անցկացնում:

- Մենք հիմա գտնվում ենք Ծաղկաձորի մարզաբազայում, հավաքներ ենք անցկացնելու մինչեւ հուլիսի 4-ը, հուլիսի 4-ին մեկնելու ենք տուն, իսկ արդեն հուլիսի 7-ից մեկնելու ենք Ռուսաստանի Դաշնություն` Պոդոլսկ` ուսումնամարզական հավաքների մինչեւ հուլիսի 25-ը: Հուլիսի 25-ին արդեն այնտեղից միանգամից Լոնդոն ենք գնալու:

- Ե՞րբ են աղջիկները հանդես գալու:

- Մելինե Դալուզյանը ելույթ կունենա օգոստոսի 1-ին` 13-ն անց 30, իսկ նույն օրը` ժամը 17-ին ելույթ կունենան նաեւ Տիգրան Մարտիրոսյանը եւ Առաքել Միրզոյանը:

- Իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը ո՞ր քաշային կարգում հանդես կգա:

- Հռիփսիմեն հանդես է գալու +75 կգ քաշային կարգում` ծանր քաշում, օգոստոսի 6-ին:

- Երկուսն էլ վնասվածքներ ունեին, ամբողջովին ապաքինվե՞լ են, Հռիփսիմեի վնասվածքը մի քիչ ավելի ծանր էր:

- Երկուսն էլ ամբողջովին ապաքինվել են, շատ լավ են: Շնորհակալություն մեր օլիմպիական կոմիտեին, որ ժամանակին Մոսկվայում արեցին վիրահատություն, ոչ մի բան չխնայեցինք, հիմա էլ ամեն ինչ նորմալ է, Հռիփսիմեն բարձրացնում է այն նույն կիլոգրամները, որը միշտ էլ արել է, այսինքն` լավագույն մարզավիճակում է:

- Ի՞նչ ակնկալիք ունեք, ուսումնասիրե՞լ եք մեր աղջիկների մրցակցուհիների արդյունքները:

- Կարեւորը` անփորձանք տեղ հասնենք, անփորձանք դուրս գանք մրցահարթակ, ու եթե այնտեղ Հռիփսիմեն եւ Մելինեն իրենց հնարավորությունները մինչեւ վերջ օգտագործեն, իմ կարծիքով, լավ կլինի. երկուսն էլ մեդալ կնվաճեն: Իհարկե, կրկնում եմ, դա այն դեպքում, եթե կարողանան անել այն, ինչի ի վիճակի են, որեւէ խանգարող հանգամանք չլինի:

- Աղջիկների տրամադրությունը ե՛ւ մարզական, եւ, այսպես ասած, աղջկական առումներով նորմա՞լ է:

- Լավ է, լավ է, ամեն ինչ նորմալ է, երբեւիցե այսպես լավ չի եղել, իրենք քաջ գիտակցում են ե՛ւ պատասխանատվությունը, ե՛ւ մրցումների կարեւորությունը: Մի խոսքով` շատ բարձր տրամադրությամբ պատրաստվում ենք օլիմպիական խաղերին:

- Նազիկ Ավդալյանի հարսանիքին ներկա՞ եք եղել, Նազիկը հնարավորություն կունենա՞ ամբողջովին ապաքինվել եւ մասնակցել մրցաշարերի, թե՞ դեռ ոչինչ պարզ չէ:

- Հարսանիքը անցկացվեց «Օջախում»: Շատ լավ էր, բոլորս էլ ուրախացանք, տրամադրություններս բարձր էր... Ես խոսել եմ բժշկի հետ, եւ նա ասել է, որ, եթե Նազիկը շատ ցանկանա նորից մտնել մեծ սպորտ, պիտի նորից վիրահատություն տանի, այսինքն` հանվեն ողնաշարին դրած մետաղյա ֆիքսատորները, որպեսզի ողնաշարն իր ամորտիզացիան պահպանի, հետո արդեն ժամանակը ցույց կտա:

- Իսկ աղջիկների մոտ Նազիկի հարսանիքից հետո ամուսնանալու ցանկություն չառաջացա՞վ: Որքան գիտեմ, Հռիփսիմեն օլիմպիական խաղերից հետո պատրաստվում է ամուսնանալ:

- Չգիտեմ, դա իրենց անձնական գործն է...

«ՇՈՒՏՈՎ ԵՍ ԷԼ ԿԼԻՆԵՄ ՀԱՐՍՆԱՑՈՒԻ ԴԵՐՈՒՄ»

 

Ապա զրուցեցինք ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոնուհի, Եվրոպայի չեմպիոնուհի ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ հետ, ով ծնվել է Ճագարի (Կատվի) տարում, սակայն ավելի շատ իրեն նմանեցնում է կատվին, քանի որ ճագարը վախկոտ է, իսկ ինքը` ոչ:

- Ամբողջովին ապաքինվե՞լ եք, ի՞նչ մարզավիճակում եք հիմա, ի՞նչ ծրագրեր ունեք:

- Հիմա ամբողջովին ապաքինվել եմ, գտնվում եմ լավ մարզավիճակում:

- Որտե՞ղ եք պարապմունքներն անցկացնում, ի՞նչ խնդիրներ կան:

- Մարզումներն անց ենք կացնում Ծաղկաձորում, խնդիրներ չունենք եւ, Աստված տա, չունենանք: Ամեն ինչ նորմալ է:

- Իսկ ավելի լավ չէ՞ր լինի, որ Ձեր նախկին քաշային կարգում հանդես գայիք, թե՞ վերջնականապես որոշված է հանդես գալ +75 կգ քաշային կարգում:

- Արդեն որոշված է. հանդես եմ գալու +75 կգ քաշային կարգում, բայց անձնական քաշս բավականին քիչ է մրցակիցներիս քաշից: Այդ խնդիրը վերջին տարիներին առկա է:

- Բնական է, Ձեր մրցակցուհիների արդյունքների մասին տեղյակ կլինեք: Դուք ո՞ր տեղի ակնկալիք ունեք` չնայած շատ բան հենց մրցումների ժամանակ է պարզվում, երբ հոգեբանական գործոնն է նաեւ ավելանում:

- Բոլոր մարզիկներն էլ ցանկանում են մեդալ նվաճել, ես եւս բացառություն չեմ: Իսկ մեդալի համար (գույնը կարեւոր չէ) պետք է պայքարել: Արտակարգ եմ տրամադրված, մարտական, ոչ մի, ասենք, հոգեբանական ճնշվածություն չունեմ` ինչպես միշտ:

- Համոզված եմ, որ եղել եք Նազիկ Ավդալյանի հարսանիքին: Ի՞նչ տպավորություն ստացաք, ըստ արժանվույն գնահատվո՞ւմ են հայտնի մարզուհիները:

- Հարսանիքից շատ լավ տպավորություններ եմ ստացել, ես էլ ասացի` շուտով ես էլ կլինեմ հարսնացուի դերում:

- Որքան գիտեմ, Դուք որոշել եք ամուսնանալ օլիմպիական խաղերից հետո:

- Այո՛, որոշումը կա, սակայն ամիսը դեռ չենք որոշել:

Հիշեցնենք, որ Հռիփսիմեն ընդամենը 16 տարեկանում Հայաստանի մարզուհիներից առաջինն է մասնակցել ծանրամարտի կանանց աշխարհի առաջնությանը` 2003 թվականին կանադական Վանկուվերում` հանդես գալով 63 կգ քաշային կարգում... Հետագայում նվաճել է բազմաթիվ մեդալներ տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի, աշխարհի առաջնություններում: Սակայն 2008թ. օլիմպիական խաղերում անհաջող հանդես եկավ, քանի որ փոխարինել էր վատառողջ Մելինե Դալուզյանին եւ պատրաստված չէր:

 

ՄԵԼԻՆԵԻ ՀԵՏ ԿԶՐՈՒՑԵՆՔ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ ՀԵՏՈ

Մեր երկրորդ մասնակցի ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆԻ հետ որոշեցինք զրուցել արդեն Օլիմպադայից հետո: Հիշեցնենք, որ նա ծնվել է 1988թ. ապրիլի 20-ին` Լենինական (Գյումրի) քաղաքում: Հաղթող է ճանաչվել 2005թ. Եվրոպայի պատանիների առաջնությունում, 2006թ. կանանց Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել 4-րդ հորիզոնականը, դարձել Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, աշխարհի առաջնությունում նվաճել բրոնզե մեդալ... 2008թ. կանանց Եվրոպայի չեմպիոն է դարձել, բայց հիվանդության պատճառով չի մասնակցել Պեկինի Օլիմպիական խաղերին:

 

ՊԱՅՔԱՐԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՄԻԱՅՆ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ

Մենք զրուցեցինք մեկ այլ գյումրեցու` ԳՐԵՏԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ (ԽՆՁՐՑՅԱՆ) հետ, ով երկրաշարժի ժամանակ ընդամենը երկու տարեկան է եղել, այդ օրերից գրեթե ոչինչ չի հիշում ու մեզ էր ներկայացրել հարազատների պատմածները. «Երկրաշարժի հետեւանքով զոհվեցին մայրս, հայրս եւ քույրիկս, ես էի ողջ մնացել, ու միայն դեկտեմբերի 9-ին, լսելով իմ ճիչերը, ինձ հանել են փլատակների տակից...»:

Բայց նա չի կոտրվել, Սեւանում պարապել է  հաշմանդամային սայլակավազք, իսկ ձմռանը, Ծաղկաձորում` լեռնադահուկային սպորտ: 2002 եւ 2005-ին մասնակցել է Լոս Անջելեսի անվասայլակով մարաթոնին: 2006-ին մասնակցել է Թուրինի ձմեռային պարալիմպիկ խաղերին` լեռնադահուկային սպորտում: 2005-ից սկսել է ծանրամարտի մարզումները: 2007-ին Հունաստանում կայացած հաշմանդամային ծանրամարտի Եվրոպայի բաց առաջնությունում 48 կգ քաշային կարգում արժանացել է արծաթե մեդալի: Մասնակցել է 2008-ի Պեկինի ամառային պարալիմպիկ խաղերին:

Մենք զրուցել էինք նրա հետ «Զարուհու» դեկտեմբերյան համարում, որտեղ նա ներկայացրել էր մարզումների, ֆինանսավորման հետ կապված խնդիրները, մասնավորապես` պետությունը պետք է դահլիճի, տրանսպորտի, մարզական վիտամինների եւ սննդի հարցը լուծեր, որպեսզի կարողանար պարապմունքներն սկսել` Լոնդոնում հաջող հանդես գալու համար:

Զանգահարելով Գ. Վարդանյանին` փորձեցինք տեղեկանալ` լուծվե՞լ են այդ խնդիրները:

- Գյումրու քաղաքապետարանի կողմից որոշակի գումար հատկացվեց մարզումներիս, տրանսպորտի, սննդի հարցերը լուծելու համար: Բացի այդ, մեր «Փյունիկ» կազմակերպության միջոցով գումարային թեթեւակի միջոցառումներ կազմակերպվեցին իմ պարապմունքների ծախսը հոգալու համար: Հիմա ամեն ինչ շատ լավ է, պարապմունքներիս ընթացքը նորմալ է... Քրտնաջան պարապմունքների մեջ եմ:

- Ո՞ր քաշային կարգում եք հանդես գալու:

- Ես 48 կգ քաշային կարգում եմ հանդես գալու:

- Ի՞նչ հույսեր ունեք:

- Ես Լոնդոն մեկնելու եմ մեդալի ակնկալիքով, քրտնաջան աշխատանքներ  ենք տանում Լոնդոնի պարալիմպիկ խաղերին մասնակցելու համար, իսկ պայքարը լինելու է միայն մեդալի, այլ ոչ թե զուտ մասնակցության համար:

- Ե՞րբ է տրվելու մեկնարկը:

- Օգոստոսի 29-ին բացումն է, մենք ամսի 25-ից արդեն մեկնելու ենք: Օլիմպիական խաղերից մի շաբաթ հետո պարալիմպիկ խաղերի բացումն է:

- Ձեր դուստրն արդեն քանի՞ տարեկան է:

- Հուլիսին կդառնա երեք տարեկան: Վերջերս մասնակցեցի «Կարմիր խաչի» մրցումների, էլի առաջին տեղը գրավեցի: Բալիկիս էլ էի բերել, ու նա ինձ երկրպագում էր:  

- Երկրորդի մասին դեռ չե՞ք մտածում:

- Դեռ ոչ: Ընդհանրապես դժվար է ընտանիքն ու կարիերան համատեղելը:

Պատրաստեց

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում