livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

Թբիլիսիում ավարտվեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որի վերջին տուրում մեր հայրենակցուհի գրոսմայստեր ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ոչ-ոքի խաղաց բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ, վաստակեց 8 միավոր եւ լրացուցիչ ցուցանիշով նվաճեց բրոնզե մեդալը: Նույնքան միավոր ուներ նաեւ ռուսաստանցի Սվետլանա Մատվեեւան, որը հաստատվեց չորրորդ տեղում: Իսկ Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց լիտվացի Վիկտորյա Չմիլիտեն, որը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր: Անտոանետա Ստեֆանովան 8,5 միավորով նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը: Առաջին 14 տեղերը գրաված շախմատիստուհիները իրավունք ստացան մասնակցելու նոկաուտ մրցակարգով աշխարհի առաջնությանը: Մեր զրույցից հետո Էլինան մասնակցելու էր չինական ազգային լիգայի ակումբային առաջնությանը, որին մասնակցել է նաեւ 2007 թվականին: Յուրաքանչյուր կազմում խաղում են երեք տղամարդ, երկու կին, իսկ թիմ կարող են հրավիրել միայն մեկ արտասահմանցու:

 

- Մինչ վերջին մրցաշարը` Եվրոպայի անհատական առաջնությունը, Գրան պրիի մրցաշարում կարող էիք հաղթել, բայց վերջին պահին զիջեցիք` կիսելով առաջին տեղը:

- Ինձ թվում է, որ ինձնից արդեն քիչ բան էր կախված. ինչպես ասում են` աստղերն ինչպես որոշել էին, այդպես էլ ստացվեց: Ցանկացած այլ դասավորվածության դեպքում, եթե հավասար միավորներ վաստակեինք, ես կլինեի առաջինը: Բայց այդ օրը ստացվեց հենց այնպես, ինչպես պետք է ստացվեր. աստղերը կանխորոշել էին:

- Եվ վրացի շախմատիստուհու բախտն էլ չբերեց, քանի որ նա զրկվեց աշխարհի չեմպիոնուհու հավակնորդուհիների մրցաշարին մասնակցելու իրավունքից:

- Ամեն ինչ ստացվեց հենց այնպես, ինչպես անհրաժեշտ էր հնդիկ շախմատիստուհուն: Նման բան ընդհանրապես հազվադեպ է լինում:

- Իսկ այժմ խոսենք Եվրոպայի առաջնության մասին:

- Եվրոպայի առաջնությանը տրամադրված էի, խաղն էլ ստացվում էր. լավ տեսնում էի, զգում խաղը, պահը: Միայն մի ձախողում եղավ, բայց հնարավոր չէ ամբողջ մրցաշարն անցկացնել բարձր մակարդակով, առանց թերության:

- Եթե վերջին տուրում հաղթեիք, կզբաղեցնեիք երկրորդ հորիզոնականը, սակայն ռիսկի չդիմեցիք եւ խաղացիք ոչ-ոքի` ի վերջո զբաղեցնելով երրորդ հորիզոնականը:

- Ես, իհարկե, կարող էի ռիսկի դիմել, որպեսզի փորձեմ զբաղեցնել երկրորդ հորիզոնականը, սակայն մտածեցի, որ կարելի է ռիսկի դիմել միայն այն դեպքում, երբ մոտ ես ոսկե մեդալին, իսկ արծաթի համար չարժե ռիսկի դիմել:

- Ի՞նչ ծրագրեր ունեք:

- Այս տարվանից սկսվում է Գրան պրիի նոր սերիա, որոնց ես էլ եմ մասնակցելու որպես Հայաստանի ներկայացուցիչ: Փուլերից մեկն էլ լինելու է Հայաստանում, եւ շախմատի ֆեդերացիան ինձ է առաջադրել: Իսկ դրանք շատ լուրջ մրցաշարեր են, շատ ուժեր, մարզումներ են պահանջում, շատ ուշադրություն, կենտրոնացում, այդ իսկ պատճառով ստիպված պիտի լինեմ ընտանեկան կյանքը թողնել եւ զբաղվել հիմնականում շախմատով:

ՈՐՊԵՍԶԻ ՀԱՂԹԻ ՀՈՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Շախմատով դեռ Բաքվում է սկսել զբաղվել. չորսուկես տարեկանում հայրը` տնտեսագետ Յուրի Դանիելյանն է սովորեցրել (մահացել է մեկուկես տարի առաջ), որպեսզի, ինչպես Էլինան է կատակով նշում, հոր ընկերներին հաղթի: Արդեն 7 տարեկան էր, երբ հայրը տարել է շախմատի դպրոց: Կարելի է ասել` արդեն 25 տարուց ավելի շախմատում է: 1988 թվականին եկել են Երեւան, որտեղ շարունակել է շախմատ պարապել Հովիկ Խալիկյանի դպրոցում: Բաքվի դեպքերից ոչինչ չի հիշում: Անմիջապես դարձել է սպորտի վարպետության թեկնածու, 1991-ին դարձել է մինչեւ 18 տարեկանների ԽՍՀՄ վերջին չեմպիոնուհի (այն կոչվում էր ԱՊՀ առաջնություն): 1992-ին հռչակվել է մինչեւ 14 տարեկանների, 1993-ին` մինչեւ 16 տարեկանների աշխարհի չեմպիոնուհի, 1993-ին նաեւ եվրոպական մեդալ է նվաճել: 1994-ին արդեն միջազգային գրոսմայստեր էր, 1992-ից խաղում է ազգային հավաքականի կազմում: 2001-ին դարձել է Եվրոպայի առաջին չեմպիոնուհին արագ շախմատից, 2003-ին արդեն հավաքականի կազմում է նվաճել Եվրոպայի չեմպիոնուհու կոչումը, նույն թվականին նրան ճանաչել են Հայաստանի տարվա լավագույն մարզիկ:

- Թիմայի՞ն, թե՞ անհատական մրցաշարերում խաղալն է ավելի դժվար:

- Թիմայինը, իհարկե, ավելի դժվար է. քո արդյունքը կարող է ազդել հանդիպման ելքի վրա, խաղում ես ոչ միայն քեզ, այլեւ բոլորի համար, դու պետք է հետեւես նաեւ, թե թիմային պայքարում, հարեւան խաղատախտակների վրա ինչ է կատարվում: Բոլոր մարզաձեւերում էլ թիմային պայքարն ավելի բարդ է ու պատասխանատու:

- Շախմատի հայկական դպրոցի մասին ի՞նչ կասեք:

- Տղամարդկանց հայկական շախմատի դպրոցը, կարելի է ասել, դասական է. սկսած Տիգրան Պետրոսյանից` եկավ լավ սերունդ, եւ մինչեւ այսօր էլ առողջ սերնդափոխություն է կատարվում: Իհարկե, կցանկանամ, որ մեր կանանց շախմատում էլ լինի նման բան, ինչպես, ասենք, Վրաստանում է: Նրանց մոտ էլ Նանա Գափրինդաշվիլիից է գալիս այդ սերունդը, շախմատային ավանդույթները: Մեզ մոտ չեմ տեսնում երիտասարդ վառ շախմատիստուհիների: Գուցե կան, բայց այնպիսին չեն, ինչպիսին տղամարդկանց մոտ է: Պետք է կարգավորել կանանց շախմատի ուսուցման համակարգը, եւ այդ ժամանակ ինչ-որ բան կստացվի:

- Իսկ գուցե տարիներ հետո նաեւ Դո՞ւք կզբաղվեք դրանով:

- Եթե ես զբաղվեմ դրանով, պետք է թողնեմ շախմատ խաղալը: Եթե շախմատ եմ խաղում, չեմ կարող դրանով զբաղվել: Մի խոսքով` համատեղել չի ստացվի: Հետագայում, երբ կթողնեմ շախմատ խաղալը, իհարկե, կզբաղվեմ դրանով:

- Մե՞ծ տարբերություն կա տղամարդկանց եւ կանանց շախմատի միջեւ:

- Իհարկե, տարբերություն կա, բայց հիմա կանանց շախմատը առաջընթաց է ապրում, մոտենում է տղամարդկանց շախմատին, եւ պատահական չէ, որ շատ կանայք խաղում են տղամարդկանց հետ, ունեն տղամարդկանց գրոսմայստերի կոչում:

- Հունգարացի Պոլգար քույրերն էին խաղում:

- Հիմա միայն Յուդիթն է խաղում, իսկ երկու ավագը չեն խաղում:

- Ո՞րն է տարբերությունը. ինտելե՞կտը, խե՞լքը...

- Տղամարդը մնում է տղամարդ, եւ բնական է, որ տարբերություն կա, բայց չի կարելի ասել, թե կանանց շախմատը տարբերվում է դիտարժանությամբ: Ընդհակառակը` ինձ թվում է, որ կանանց շախմատն ավելի դիտարժան է...

- Կանայք ավելի էմոցիոնա՞լ են, ավելի վառ երեւակայությո՞ւն ունեն:

- Այո՛, էմոցիաներ կան, իսկ տղամարդկանց շախմատը ավելի, կարելի է ասել, «չոր» է, ավելի պրոֆեսիոնալ:

- Կարելի է ասել` ավելի պրագմատիկ:

- Այո՛, այո՛:

- Իսկ, այսպես ասած, ոչ կանացի մարզաձեւերում` բռնցքամարտ, ծանրամարտ, կանանց մասնակցությունն ինչպե՞ս եք դիտում:

- Ընդհանրապես ցանկացած մարզաձեւ կանացի չէ. այնտեղ պայքար է ընթանում: Բայց կարծում եմ` կանանց հետաքրքիր է փորձել իրենց նման մարզաձեւերում. ժամանակն առաջ է գնում, ամեն ինչ առաջընթաց է ապրում, հնարավորություններն ավելի շատ են դառնում, ավելի շատ տեղեկատվություն կա: Եթե տղամարդկանց մոտ ստացվում է, ինչո՞ւ կանանց մոտ չպիտի ստացվի:

- Տեղափոխվենք, այսպես ասած, անձնական ճակատ:

- Շուտով երեք տարի կլինի, ինչ ամուսնացել եմ, ամուսինս Հոլանդիայից է: Չի դժգոհում, որ շատ մրցաշարերի եմ մասնակցում, ընդհակառակը` ուժ է տալիս, ոգեւորում, ասում, որ պետք է խաղամ, որ ինձ մոտ շատ լավ է ստացվում, շարունակեմ... Այդ առումով, իհարկե, բախտս բերել է:

- Նա սպորտի հետ կապ ունի՞:

- Նախկինում` պատանեկության տարիներին զբաղվել է շախմատով:

- Նա Հոլանդիայում է, Դուք` Երեւանում... Դժվար չէ՞:

- Շուտով` Չինաստանի մրցումներից հետո, կգա: Կամ էլ ես կգնամ Հոլանդիա:

- Ամուսնանալուց առա՞ջ էիք ավելի լավ խաղում, թե՞ ամուսնանալուց հետո:

- Չգիտեմ... Ամուսնությունը մի կողմից` օգնում է, մյուս կողմից` խանգարում: Երբ խաղս լավ չի ստացվում, ամուսինս ծանր է տանում, հետո էլ ես եմ նրա ապրումները ծանր տանում: Ես նրան ասում եմ` ավելի լավ է` իմ հանդիպումները օնլայն մի նայիր, որ ծանր չտանես: Ինչ վերաբերում է ընդհանրապես անհաջողություններին, ապա հնարավոր չէ միշտ լավ խաղալ, պարտությունը նույնպես շախմատային կարիերայի մի մասն է, եւ առանց պարտությունների, կորուստների աճ չի լինի:

- Եթե աղջիկ ունենաք, կցանկանա՞ք, որ նա շախմատ խաղա:

- Ես, իհարկե, նրան շախմատ խաղալ կսովորեցնեմ. այն ոչ միայն մասնագիտություն է, այլեւ տալիս է մտածելու, տրամաբանելու, իրադրությունը վերլուծելու ընդունակություն, զարգացնում է մարդկանց: Ես կօգնեմ նրան, որպեսզի իմ սխալները չկրկնի: Ես ցանկանում եմ, որ իմ երեխաները շախմատ խաղան:

- Ի՞նչ հետաքրքրություններ, նախասիրություններ ունեք:

- Սիրում եմ կինոնկար դիտել, գիրք կարդալ, երաժշտություն լսել, թատրոն հաճախել...

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում