henrikԵրեկ երեկոյան Վալանսի ՙԺորժ Պոմպիդու՚ մարզադաշտում Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Լյուքսեմբուրգի հավաքականի հետ, որն ավարտվեց 1:1 հաշվով:

Հավաքականի մեկնարկային կազմը. Ռոման Բերեզովսկի, Հովհաննես Համբարձումյան, Կամո Հովհաննիսյան, Արտյոմ Խաչատուրով, Ռոբերտ Արզումանյան, Կարեն Մուրադյան, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի, Էդգար Մանուչարյան, Արաս Օզբիլիս, Գեւորգ Ղազարյան: Մեր մրցակիցը, մեղմ ասած, թույլերից է, եւ հանդիպումը հետաքրքիր է ավելի շատ հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանին առնչվող լուրերով: Նա խաղալու է այն մարզադաշտում, որտեղ երկար տարիներ խաղացել է հայրը` վաղամեռիկ Համլետ Մխիթարյանը: Համլետը հարցազրույց է տվել ֆրանսիական Canal+ հեռուստաընկերությանը: Նա պատմել է մանկության մասին, անդրադարձել ազգային հավաքականում եւ ՙՇախտյորում՚ ելույթներին, ինչպես նաեւ նախասիրություններին:
Նշենք, որ Հենրիխը մեծ հեղինակություն է վայելում Ֆրանսիայում, մասնավորապես, Վալանսում, եւ ֆրանսիացի լրագրողները շատ ուրախ էին նրա հետ շփվելու հնարավորություն ունենալու համար:
Ինչ վերաբերում է Դոնեցկի ՙՇախտյորին՚, ապա Ամանորի տոներից առաջ թիմն անցկացրել էր ակցիա, որի արդյունքում 15 երջանիկներ շահել էին ակումբի մարզաշապիկներ: Օրերս թիմի երկրպագուները ակումբի Fan Cafe-ում ստացել են իրենց նվերները: Մասնակիցներից Նատալիա Պոզդնյակովան նշել է. ՙՉնայած ընդամենը երեք տարի է, ինչ երկրպագում եմ ՙՇախտյորին՚, սակայն դրանք լեցուն երեք տարիներ էին: Հաճախ եմ Ուկրաինայում ճամփորդում թիմի հետ, երկու անգամ աջակցել եմ նրան Լոնդոնում: Բնականաբար, ունեմ սիրելի խաղացող, դա Հենրիխ Մխիթարյանն է, սակայն նրա անունն այս մարզաշապիկի վրա կգրեմ միայն այն դեպքում, երբ նա ամուսնանա դստերս հետ՚:
Մենք կփորձենք վերոնշյալի վերաբերյալ իմանալ նաեւ Հենրիխի կամ էլ նրա մոր կարծիքը: Հենրիխը գտնվելու է մեր թերթի ուշադրության կենտրոնում. արդեն երկրորդ անգամ ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ: Ի դեպ, լավագույն հավաքական է ճանաչվել շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որն անցյալ տարի երրորդ անգամ հռչակվեց Համաշխարհային շախմատալին օլիմպիադայի չեմպիոն:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ