livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

sport2Թենիստուհի ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ այս գեղեցիկ մարզաձեւով պարապում է վեց տարեկանից, այժմ տասներեք տարեկան է: «ԶԱՐՈՒՀՈՒ» հետ ունեցած զրույցում Տաթեւիկը պատմեց. «Մարզվել սկսել եմ «Արարատ» ակումբում, իսկ այժմ մարզումներս անցկացնում եմ Ֆիզիկայի ինստիտուտին պատկանող թենիսի ակումբային կորտերում:

Յոթ տարեկան էի, երբ իմ առաջին մազչի` ընկեր Սուրիկի առաջարկով ծնողներս ինձ տարան Բաթումի` մասնակցելու Աջարիայի «Բաթումի գավաթ» բաց առաջնությանը: Մինչեւ տասը տարեկանների ենթախմբում մասնակցելով առաջնությանը` գրավեցի առաջին պատվավոր հորիզոնականը: Դա ամենատպավորիչ եւ առաջին   հաղթանակն էր ինձ համար: Այնուհետեւ մասնակցել եմ Հայաստանում եւ Վրաստանում անցկացված շատ մրցաշարերի: Միջազգային լուրջ հաջողություն ունեցել եմ 2010 թվականին` Բելառուսում մասնակցելով Եվրոպայի մինչեւ տասներկու տարեկան երեխաների մրցաշարին: Զուգախաղում Ռուսաստանը ներկայացնող Եկատերինա Կզիոնաովայի  հետ գրավեցի երկրորդ տեղը: Շարունակելով մարզումներս` մասնակցել եմ եվրոպական մի շարք մրցաշարերի ինչպես Հայաստանում, այնպես էլ` արտերկրում: Շատ ուսուցողական եղավ նաեւ Անթալիայում եվրոպական առաջնությանը մասնակցելը: Այս տարի կրկին պետք է մեկնեմ Անթալիա, այս անգամ Եվրոպայի պատանինիների թենիսի զարգացման մրցաշարին մասնակցելու համար, բայց արդեն որպես Հայաստանի թենիսի ֆեդերացիայի հավաքականի անդամ:

-Ի՞նչ մրցանակներ եւ ձեռքբերումներ եք ունեցել այս ընթացքում:

- Տարբեր մրցանակների եմ արժանացել, բայց կառանձնացնեմ մի քանիսը.

2007թ.` «Բաթումի»-ի գավաթ, առաջին տեղ,

2008թ.` «ԳՐԻԳՈԼԵԹԻ»` առաջին տեղ,

2010թ.` Բելառուս, եվրոպական մրցաշար` զուգախաղում երկրորդ տեղ,

2011թ.` Հայաստանի մինչեւ տասներկու տարեկանների գավաթակիր` առաջին տեղ:

- Ովքե՞ր են եղել Ձեր մարզիչները, եւ այժմ ո՞ւմ հետ եք մարզվում:

sport- Իմ մարզիչներներն են եղել ընկեր սուրիկը` «Արարատ» ակումբում, ընկեր Արտակը, ընկեր Լենան: Այժմ  մարզվում եմ ընկեր Ռոբերտի մոտ: Բոլոր մարզիչներն էլ պարապունքներն անցկացնում են Ֆիզիկայի ինստիտուտի կորտերում:

- Ո՞ր երկրներում եք եղել:

- Վրաստանում, Աջարիայում, Բելառուսում, Թուրքիայում:

- Ձեր մրցակիցներից ո՞ւմ կառանձնացնեք:

- Իմ մրցակիցների հետ մենք լավ ընկերներ ենք ու մրցակից դառնում ենք միայն կորտում: Մնացած ժամանակ մեկս մյուսի հետ սիրով ե՛ւ մարզվում ենք, ե՛ւ շփվում: Չէի  ցանականա որեւէ մեկին առանձնացնել. նրանք բոլորն էլ լավ թենիսիստներ են:

- Ըստ Ձեզ, ի՞նչ է տալիս մեծ թենիսը աղջիկներին:

- Բոլոր մարզաձեւերն էլ մարդուն, առաջինը, տալիս են առողջություն, կազմակերպվածություն: Իսկ թենիսը,  առավել եւս, տալիս է շուտ կողմնորոշվելու, պայքարելու եւ չհուսահատվելու կարողություն: Չգիտեմ, թե որպես աղջիկ ինչ է տալիս, բայց որպես մարդ` կյանքի դժվարություններին հաղթահարելու բոլոր կարողությունները:

- Հատուկ սննդակարգ ունե՞ք:

- Այո՛, թենիսով մարզվելիս պարապունքների ընթացքում, ավելի շատ էներգիա ես կորցնում (առավել եւս, մրցումների ընթացքում), քան այլ անհատական մարզաձեւերի մարզիկները: Պատահել է, որ մրցաշարի մեկ խաղի ընթացքում կորտը չեմ լքել չորսուկես ժամ:  Դրա համար ինձ անհրաժեշտ է կալորիականությամբ հարուստ սննդակարգ: Ճիշտ է, հաճախ դժվարանում եմ օգտագործել թթվասեր կամ կաթնաշոռ, որոնց  անհրաժեշտությունը շատ է, բայց լավ գիտակցում եմ դրա կարեւորությունը:

sport1- Բացի մեծ թենիսից, ուրիշ ի՞նչ նախասիրություններ ունեք:

- Շատ եմ սիրում բազմակողմանի գիտելիքներ ձեռք բերել, սիրում եմ երաժշտություն լսել, ֆիլմեր դիտել: Ինձ դուր է գալիս  հնեաբանի մասնագիտությունը:

- Ո՞վ  կամ ովքե՞ր են Ձեր կուռքը մեծ թենիսում:

- Համակրում եմ Մարիա Շարապովայի, Ռոջեր Ֆեդերերի, Րաֆայել Նադալի խաղը:

- Այսօր ի՞նչ է անհրաժեշտ թենիսիստուհուն` ապագայում լուրջ հաջողությունների հասնելու համար:

- Այսօր սպորտում ու, առավել եւս, մեծ թենիսում հաջողությունների հասնելու համար պետք է միայն շատ մարզվել եւ շատ մասնակցել միջազգային մրցաշարերի: Մեկ մրցաշարի մասնակցելու համար պահանջվում են երեք ամսվա քրտնաջան պարապմունքներ, աշխատանք, որը մարզիկին տալիս է որակի եւ փորձի բարձրացում: Դա ամենակարեւորն է սպորտում հաջողությունների հասնելու համար:

- Հնարավո՞ր է այսօր Հայաստանում մեծ թենիսով գումար աշխատել:

- Ճիշտն ասած, ես նման հարցերով չեմ հետաքրքրվում: Այսօր մեծ գումարների գայթակղությունը չէ, որ ինձ պահում է այս մարզաձեւում, այլ իմ սերն ու նվիրվածությունը թենիսին: Գիտեմ, որ թենիսը մեծ եկամուտների եւ միաժամանակ մեծ ներդրումների մարզաձեւ է: Հայաստանում թենիսը, ի տարբերություն շատ այլ անհատական մարզաձեւերի, չունի հովանավորության ոչ մի աղբյուր: Մեր ծնողների եւ նրանց ընկերների ջանքների շնորհիվ է, որ մենք մարզվում ենք: Բոլոր ներդնողներին անհրաժեշտ են կայացած մարզիկներ, իսկ կայացած մարզիկ չեն ծնվում, այլ քրտնաջան մարզումների արդյունքում են դառնում: Համոզվելու համար հրավիրում եմ սպորտի բոլոր սիրահարներին դիտելու մեր մարզումները:

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում