ՆԱԹԵԼԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆԸ ՀԱՕԿ-ի լրատվության պատասխանատուն է, վարում է մարզական եւ պաշտոնական միջոցառումներ, նրան մարզական աշխարհում բոլորն են ճանաչում: Դեռ 8 տարեկանից զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ: Արդեն վեցերորդ դասարանում ընդգրկվել է Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել ԽՍՀՄ առաջնությունների, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադային: ԽՍՀՄ սպորտի վարպետ է:

Տղան զբաղվել է թեթեւ ատլետիկայով, դուստրը` գեղարվեստական մարմնամարզությամբ, սպորտի վարպետ է, ամուսնացել է Հայաստանի առաջատար թենիսիստներից մեկի` Հայկ Զոհրանյանի հետ, մեծացնում է երկու տարեկան որդուն` Դավիթին: Դավիթն արդեն... Ավելի լավ է լսենք տատիկին.

 

-Հունիսի 23-ին` միջազգային օլիմպիական օրը, նա դարձավ երկու տարեկան: Իմ կարծիքով` այդ զուգադիպությունը պատահական չէ. Դավիթը ճարպիկ է, լավ տվյալներ ունի, եւ նրան մարզական ապագա է սպասում:

- Հիմա խոսենք Ձեր մանկության ու պատանեկության տարիների մասին:

- Սպորտային մարմնամարզությունը սիրեցի հիմնականում իմ մարզչի` Ելիզավետա Ազարյանի շնորհիվ: Որպես աղջիկ, կին` ես ավելի շատ բան սովորել եմ իմ մարզչից, քան թե իմ մորից: Նա շատ պահանջկոտ էր թե՛ իր, թե՛ մեր նկատմամբ, նույնիսկ դեկտեմբերի 31-ին էր մարզումների կանչում` չնայած չորս երեխա ուներ, մեծ ընտանիք, պահանջկոտ ամուսին (խոսքը օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի մասին է-Ռ.Թ.): Երբ 1975 թվականին ընդունվեցի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, Ազարյանները չորս տարով մեկնեցին Հոլանդիա, եւ ես մարզումներս շարունակեցի ինստիտուտի հավաքականում: Շատ ծանր էի տանում ընկեր Լիզայի բացակայությունը, նրան նամակներ էի գրում: Բայց հետո հարմարեցի, 1979 թվականին ավարտեցի ինստիտուտը եւ աշխատանքի ընդունվեցի հենց Ազարյանի մարզադպրոցում: Շուրջ տասնհինգ տարի մարզիչ էի աշխատում: Հիմա էլ հաճախ հանդիպում եմ ընկեր Լիզային, զանգում եմ, մի խոսքով` բարեկամական կապերի մեջ եմ Ազարյանների հետ: Այն ժամանակ սպորտային մարմնամարզությունը սիրված մարզաձեւ էր, կարելի է ասել` մոդայիկ էր: Շատ ծնողներ իրենց երեխաներին ուղարկում էին մարմնամարզության խմբակ եւ երաժշտական դպրոց:

- Ցավոք, սպորտային մարմնամարզությամբ զբաղվողների մարզական կենսագրությունը կարճ է տեւում:

- Այո՛, ճիշտ եք նկատել. վաղ տարիքից սկսում են զբաղվել այդ մարզաձեւով, շուտ էլ վերջացնում են: Երեխան ֆիզիկապես ճկուն է լինում, վաղ հասակում մեխանիկորեն մարզաձեւի բարդ տարրերն ավելի շուտ է ընկալում... Շատ բարդ մարզաձեւ է, անընդհատ փոփոխությունների է ենթարկվում, նորանոր բարդագույն տարրեր են մտցվում: Նախկինում հանրահայտ Լատինինան մինչեւ 33 տարեկանը ելույթ էր ունենում, իսկ հիմա բոլորովին այլ է, տեխնիկան կատարաելագործվում է: Ես ընդհանրապես կողմ եմ կանացիությանը եւ դեմ եմ նրան, որ այժմ սպորտային մարմնամարզությունն ավելի շատ սկսել է նմանվել կրկեսային ներկայացումների, եւ այնտեղ գերակշռում են ակրոբատիկան, ուժային տարրերը:

- Դուք ժամանակին նաեւ հեռուստատեսությամբ էիք մարզական լուրեր հաղորդում: Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք հեռուստատեսությունում:

- Դեռ ութ տարեկանից պետական ռադիոյում էի: Մեր դպրոցը ռադիոյի շենքի մոտ էր, մի անգամ եկել էին ելույթի համար երեխաներ ընտրելու, ինձ էլ հավանեցին: Մանկապատանեկան հաղորդումների խմբագրության  գլխավոր խմբագիր Գագիկ Բադալյանն ասաց, որ այսուհետեւ կգնամ հաղորդումներին մասնակցելու: Հետո սկսեցի վարել «Պիոներական լուսաբաց», այլ մանկական հաղորդումներ, վաղ հասակից շփվեցի դերասանների, մշակույթի գործիչների, ընդհանրապես հետաքրքիր մարդկանց հետ, եւ այդ առումով բախտս բերեց: 1979-ին «Լրաբերից» եկել էին ինստիտուտ` նկարահանման, հաջորդ օրը ռադիոյում մանկական հաղորդում էի վարում, ինձ տեսավ այն ժամանակ միակ պետական հեռուստաընկերության «Լրաբերի» ռեժիսոր Արտյոմ Մխիթարյանը եւ առաջարկեց աշխատել հեռուստատեսությունում: Գնացի, մասնակցեցի փորձերին: Ձայնս շատ մանկական էր (ռադիոյում աշխատելն իր կնիքն էր դրել): 1979-ի ապրիլի 6-ին առաջին անգամ ուղիղ եթերում ներկայացրեցի լրատվականի մարզական թողարկումը: Եվ այդպես` շուրջ քսան տարի: Ոմանք ինձ ընդունում էին, ոմանք` ոչ: Երբ մարդ ինքն է լինում սպորտում, հաղթանակը, պարտությունը ուրիշ կերպ է մատուցում, ապրում է դրանով: Բացի մարզական լուրերից, վարում էի նաեւ «Սպորտլանդիա» հաղորդաշարը, առավոտյան մարմնամարզության համալիր դասերը: Ճիշտ առոգանությամբ արտասանելը ես սովորել եմ Հրանուշ Շտայանի մոտ` ասմունքի խմբակում, որը գեղարվեստական խոսքի մեծ դպրոց էր, եւ պարտադիր չէր, որ ասմունքող կամ դերասանուհի դառնայիր, կարեւորը խոսքի կուլտուրան էր, ճիշտ շփվելը, հաղորդակցվելը մարդկանց հետ...

- Որոշ ժամանակ համագործակցել եք A1-ի, «Նոյյան տապանի», հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի հետ, ներկայացրել օրվա ու ամբողջ շաբաթվա մարզական իրադարձությունները: Իսկ ի՞նչ կարծիքի եք այսօրվա մարզական հաղորդումներ վարողների, մարզական լուրեր ներկայացնողների մասին:

- Սրտի ցավ եմ զգում, երբ մարզական մեկնաբանները  նյութը մատուցում են մասնագիտական սխալներով, հենց այնպես: Ոչ միայն պետք է լուր հաղորդել, այլ երբեմն ծանոթացնել, հիշեցնել մարզաձեւի նրբությունների մասին, ինչու չէ, սովորեցնել հեռուստադիտողին: Մինչդեռ սպորտային մարմնամարզության մասին կարող է խոսել մեկը, ով չի տարբերում մարզական գերանը ծանրաձողից: Այսօր մարզական լրատվություն հայթայթելը, ներկայացնելը բավականին հեշտացել է. կան շատ մարզական կայքեր, որոնց լրատվությունն անընդհատ թարմացվում է, իսկ ժամանակին մենք կարողանում էինք օգտվել միայն «Արմենպրեսի», ՏԱՍՍ-ի, երբեմն էլ` «Մայակի» տեղեկատվություններից: Սակայն, ցավոք, մարզական լրագրողների մեծ մասն այսօր չի  խորանում մարզաձեւերի մեջ, ներկա չի լինում մարզական միջոցառումներին: Ինչպե՞ս կարող են այդ դեպքում նրանք ապրել այդ մարզաձեւով, լուր հաղորդելիս դրա մեջ հոգի դնել: Մարզական լրագրողը պետք է գնա մարզադահլիճ, մարզադաշտ, մի քանի ժամ նստի, շփվի մասնագետների, մարզիկների հետ... Մարզական լրագրությունը մեխանիկական աշխատանք է դարձել, եւ բանը կարող է հասնել նրան, որ մեկնաբանը եթերում ակրոբատներին անվանի թեթեւ ատլետներ: Բոլոր դեպքերում այդ գործին պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենալ, որը հատուկ էր մեր սերնդին: Ի վերջո, նյութը եթեր գնալուց առաջ 7-8 հոգի նայում էին, իսկ հիմա բոլորովին էլ այդպես չէ: Երիտասարդ մարզական լրագրողները պետք է ուշադրություն դարձնեն նաեւ նյութի, լրատվության մատուցման ձեւին, լեզվի մաքրությանը...

- Իսկ ի՞նչ վիճակում է այսօր կանանց սպորտային մարմնամարզությունը:

- Տղամարդկանց սպորտային մարմնամարզությունից այսօր էլ հաջողություններ են գրանցվում, օրինակ` վերջերս Հարություն Մերդինյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց նժույգ թափեր վարժությունից, կան լավ տղաներ, երեխաներ` շնորհիվ Ազարյանի եւ Շահինյանի մարզադպրոցների: Պարզապես նրանք քիչ են մրցումների մասնակցում: Իսկ ահա աղջիկների մոտ... Աղջիկները հիմա մարտաֆիլմեր են դիտում եւ ստիպում ծնողներին, որ իրենց տանեն արեւելյան մարզաձեւերի ակումբներ: Սպորտային մարմնամարզությունը, կարծես թե, այսօր մոդայիկ չէ, եւ աղջիկները սկսել են ավելի շատ զբաղվել ուժային մարզաձեւերով` արեւելյան մարտարվեստով, ըմբշամարտով, ծանրամարտով, բռնցքամարտով... Ես նրանց դեմ ոչինչ չունեմ, ուրախանում եմ նրանց հաջողություններով, սակայն կցանկանամ, որ ծնողներն իրենց աղջիկներին ավելի շատ ուղեկցեն կանացի մարզաձեւերի խմբակներ: Հատկապես հիմա, երբ աղջիկները հիմնականում տաբատ են հագնում, ավելի շատ է ընդգծվում նրանց` կանացի կամ ոչ կանացի լինելը, իսկ մարմնամարզությունը աղջկան, նրա շարժումները դարձնում է կանացի, նուրբ, այսպես ասած, մեղմ... Չպետք է մոռանալ, որ նրանք մեր ապագա մայրերն են, եւ նրանց մկանները, մարմինը պետք է համաչափ կոփվի, զարգանա... Այս տարվա հունիսի 1-ին ՀԱՕԿ-ը կազմակերպեց շատ լավ միջոցառում` նվիրված երեխաներին. մանկապարտեզների միջեւ «Սպորտլանդիա» անցկացվեց, եւ դա կարող է խթան հանդիսանալ, որպեսզի ավելի շատ միջոցառումներ կազմակերպվեն, երեխաներն ավելի շարժունակ, սպորտային լինեն: Դրանում մեծ դերակատարում ունեն ծնողները. եթե նրանք ալարում են մի կանգառ ոտքով գնալ, ծխում են, խմում, ինչպե՞ս կարող են երեխաներին քարոզել առողջ ապրելակերպ: Ես այսօր էլ վարժություններ եմ կատարում, քայլում, անընդհատ շարժման մեջ եմ, որովհետեւ շարժումը կյանք է: Նույնը խորհուրդ եմ տալիս բոլորին:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ