livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

Sirik«Ստեղծված բոլոր մարզաձեւերը մարդու համար են, եւ կապ չունի` տղա ես, թե՝ աղջիկ», - նշում է «Զարուհու» զրուցակից ՀՀ Դոկանդո Կարատեի ֆեդերացիայի աղջիկների միության նախագահ ՍԻՐԱՆՈՒՇ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ ու պատմում իր եւ ճապոնական ռազմական արվեստի՝ կարատեի միջեւ եղած սերտ կապի մասին:

- Սիրանուշ, ինչո՞ւ հենց կարատե:

- Մեծ եղբայրս բոքսի էր գնում, միջնեկը՝ կարատեի: Դե, քանի որ տան փոքրն էի, դպրոց չէի հաճախում, ստիպված գնում էի իր հետ, նստում ու պարապմունքը դիտում, եւ այդպես չորս տարի: Երբ արդեն երրորդ դասարան էի, հասկացա, որ ուզում եմ գնալ կարատեի: Ծնողներս դեմ էին, մանավանդ հայրիկս չէր ուզում անգամ լսել այդ մասին: Բայց մի օր նստած կրկին եղբորս պարապմունքն էի նայում, եւ իր մարզիչը մոտեցավ ու հարցրեց. «Սիրանուշ ջան, կցանկանա՞ս պարապել»: Իր առաջարկով վեր կացա եւ մենամարտեցի մեր երեխաներից մեկի հետ: Պարապմունքի վերջում մարզիչն ասաց. «Եթե ուզում ես պարապել, գնա տուն, սպորտային համազգեստ վերցրու եւ արի»: Եկա տուն ու սկսեցի համոզել մայրիկիս: Մայրս էլ, թեպետ ինքն էլ ժամանակին սպորտով է զբաղվել, ասաց` ամոթ է, աղջիկն ինչպե՞ս սպորտով զբաղվի: Բայց համոզեցի իրեն էլ, հայրիկիս էլ ու ուրախացած գնացի սպորտի: Շատ էի սիրում կարատեն, մի կողմից էլ դրան նպաստեց, որ այդ տարիներին  կարատեիստների մասին կինոներ շատ էին ցույց տալիս: Եվ եթե ֆիլմում աղջիկ կարատեիստ կար, ես ոգեւորվում էի ու մտածում, թե ինչո՞ւ իրենք կարող են անել այդ ամենը` ես չեմ կարող: Այդպես սկսեցի հաճախել պարապմունքների եւ այնքան լավ էի պարապում, որ այդ տարի սեպտեմբերին ընդունվեցի ու արդեն դեկտեմբերին շրջանային մրցումների եմ մասնակցել: Հենց առաջին մրցումներին գրավել եմ երկրորդ մրցանակային տեղը: Ինձ համար արդեն մեծ առաջընթաց էր: Հասկացա, որ սա է իմ գիծը, եւ սպորտը երբեք չեմ թողնի:

- Ի վերջո, կարատեի գնալով՝ Ձեր նպատակը ո՞րն էր՝ հավասարվել եղբայրներին, ինքնապաշտպանված զգալ, թե՞ պարզապես սեր կար սպորտի հանդեպ:

- Շատ եմ սիրում կարատեն: Ընդհանրապես, սպորտը մարդուն պետք է, հենց միայն առողջ եւ ինքնապաշտպանված լինելու համար: Չէ՞ որ ասում են, որ առողջ հոգուն առողջ մարմին է պետք: Հետո երկու եղբայր ունենալով՝ մտածում էի, որ իրենք գնալու են բանակ, ես մնալու եմ մենակ, եթե փողոցում քայլելիս մեկը փորձի վիրավորել, ինչո՞ւ չպաշտպանվեմ:  Շատ աղջիկներ ունենք տարբեր մարզաձեւերում՝ բռնցքամարտում, ծանրամարտում… Ինչո՞ւ նաեւ կարատեում էլ չլինեն, ինչո՞ւ են սահմանափակում դնում աղջկա եւ տղայի միջեւ: Դրա համար էլ որոշեցի, որ պետք է գնամ մինչեւ վերջ:

- Ըստ Ձեզ` այսօր հայուհիները կարիք ունե՞ն ինքնապաշտպանական մի քանի հնարք տիրապետելու:

- Այդպիսի խնդիր կա, ոչ թե պարտադիր է, այլ ցանկալի է, որ իրենք էլ կարողանան իրենց պաշտպանել, որովհետեւ դուրս ես գալիս տնից ու չգիտես` ինչ կպատահի քեզ հետ:

Sirik1- Ի՞նչ մրցանակներ եք ստացել եւ որո՞նք եք ցանկանում ապագայում նվաճել:

- Սկզբից երկրորդ մրցանակային տեղեր էի գրավում, հետո 2000 թվականին դարձա Հայաստանի չեմպիոն: Իսկ 2008-ին օր ու գիշեր պարապելով՝ մեկնեցի Օդեսա, որտեղ տեղի ունեցավ եվրոպական մրցումները: Այնտեղ երկրորդ մրցանակային տեղը գրավեցի, որովհետեւ իմ տարիքային եւ քաշային մասնակից չկար, բայց մի աղջիկ, որը երեք տարի անընդմեջ Եվրոպայի չեմպիոն էր դարձել ռեվանշ նետեց, եւ ես էլ իմ ուժերը փորձելու համար ընդունեցի: Մենամարտեցի եւ, ցավոք սրտի, մեկ միավորի տարբերությամբ գրավեցի երկրորդ տեղը: Հուսով եմ, որ մոտակա տարիներին կգնամ նաեւ աշխարհի մրցումներին:

- Հետաքրքիր է, մարզիկ աղջիկները, սովորաբար, կոպիտ արտաքին են ունենում, ինչպե՞ս է Ձեզ հաջողվում միեւնույն ժամանակ զբաղվել ե՛ւ սպորտով, ե՛ւ, պարզապես, լինել գեղեցկուհի հայուհի:

- Մեր հայերը մի քիչ այլ կերպ են մտածում` եթե սպորտով ես զբաղվում, ուրեմն` պետք է լինես տղայի նման, որը բոլորովին էլ աղջկան սազական չէ: Իհարկե, սպորտի շրջապատում պետք է մարզիկ լինես, բայց, երբ դուրս ես գալիս այլ շրջապատ, պետք է մնաս սովորական  մարդ: Պետք չէ փողոցում ցույց տալ, թե դու կարատեիստ ես ու կարող ես բոլորին ծեծել: Եվ հետո սպորտում այդպես ընդունված չէ, բացառությամբ այնպիսի դեպքերի, երբ քեզ անհանգստացնում են, այդ ժամանակ, իհարկե, պետք է քեզ ցույց տաս. բա էլ ինչի՞ համար ես գնացել սպորտի: Կարատեում մենք ունենք մարզիչ եւ մարզիկ աղջիկներ, որոնց, երբ դրսում տեսնեք, չեք ասի, թե սպորտով են զբաղվում, բայց մարզադահլիճում բոլորովին այլ են:

- Ձեր ուժեղ մարմնում ուժե՞ղ բնավորություն է թաքնված:

- Եթե այդ ուժեղ բնավորությունը չլիներ, չէի ձգտի կամ այդքան արդյունքների չէի հասնի: Չէ՞ որ ուժեղ բնավորությունն է մարդուն դրդում հասնել արդյունքների: Կյանքում էլ, եթե չունեցար ուժեղ բնավորություն, ուժեղ կամք, ինչ-որ բանի չես հասնի, այլ կգաս մի պատի դեմ կառնես ու չես իմանա` ինչ անես, ստիպված կլինես ետ դառնալ ու այդպես ողջ կյանքի ընթացքում: Դրա համար պետք է ուժեղ լինես, իմանաս` քեզ ինչ է պետք: Եթե ինչ-որ ուղի ես ընտրել` պետք է գիտակցես, որ այն նաեւ դժվարություններ է ունենալու, որոնք պիտի հաղթահարես: Եթե չհաղթահարեցիր, ուրեմն` քոնը չէր: Թե՛ կյանքում, թե՛ սպորտում ամեն ինչ սկուտեղի վրա չեն մատուցում, պետք է անընդհատ փորձություններով լի ճանապարհ անցնես, չէ՞ որ ողջ կյանքն է փորձություն: Ուզում եմ, որ մեր աղջիկները այդ ուժը, այդ կամքը ունենան թե՛ ձգտելու, թե՛ պայքարելու եւ թե՛ հասնելու նրան, ինչին, որ իրենք երազում են:

- Իսկ ինչպիսի՞ տղամարդ եք տեսնում Ձեր կողքին: Նա պետք է լինի Ձեզնից առավել ուժե՞ղ, թե՞…

- Կարեւոր չէ, որ լինի մարզիկ կամ կարատեի չեմպիոն, կարեւորն այն է, որ լինի ՄԱՐԴ, հասկանա եւ ընդունի ինձ այնպիսին, ինչպիսին` կամ: Ընդունի, որ ես սպորտով եմ զբաղվում եւ զբաղվելու եմ, որովհետեւ ամեն ինչ ունի սկիզբ եւ վերջ, նա չպետք է գա եւ ասի` գիտես ինչ, դու պետք է թողնես սպորտը, որովհետեւ ես այդպես եմ ուզում: Ես 14 տարի է սպորտի ասպարեզում եմ, խումբ ունեմ, որոնց հետ պարապում եմ, ինչպե՞ս կարող եմ թողնել սպորտը: Եթե պետք է այդ տղամարդը լինի ինձանից ուժեղ, բայց չհասկանա ինձ, նա ինձ պետք չէ:

- Կա կարծրատիպ, որ մարզիկներն առանձնապես ինտելեկտուալ չեն, բայց մենք նույնիսկ մինչ հարցազրույցը զրուցում էինք պատմությունից, մշակույթից, քաղաքականությունից… եւ Դուք ամեն ինչից իրազեկված եք:

- Բացի այն, ինչով դու զբաղվում ես, պետք է իմանաս մնացած ամեն ինչ: Պարապմունքի ժամանակ պետք է սպորտի մասին խոսես, բայց, երբ դուրս ես գալիս այլ շրջապատ, պետք է կարողանաս քեզ այնպես դրսեւորել, որ քեզ հետ խոսելը ե՛ւ դիմացինին հետաքրքիր լինի, ե՛ւ քեզ: Այնպես որ, բացի սպորտից, պարտավոր ես նաեւ բանիմաց լինել:

Sirik2- Անդրադառնանք նաեւ Կարատեի ֆեդերացիային, ինչպե՞ս ստացվեց, որ դարձաք աղջիկների միության նախագահ:

- Քանի որ 14 տարի է այս բնագավառում եմ, միշտ երազել եմ ավելին լինել, ու մի օր ինձ բախտ վիճակվեց, եւ մեր ֆեդերացիայի նախագահն ինձ հրավիրեց ու ասաց, որ ուզում են ես դառնամ ֆեդերացիայի աղջիկների միության նախագահ: Ճիշտն ասած, ապշեցի, որովհետեւ երազել էի այդ մասին, բայց չէի մտածում, որ այն իրականություն կարող է դառնալ: Մի տարի է արդեն ֆեդերացիայի նախագահն եմ, ի դեպ, ասեմ, որ մեր աղջիկների թիվը հասել է 35-ի, եւ թիվը գնալով աճում է:

- Ասում են` աղջիկների խմբում աշխատելը դժվար է:

- Չէի ասի, հակառակը, բոլորս նույն բնագավառից ենք, բոլորիս ձգտումները նույնն է: Հեշտ է աշխատելը, որովհետեւ նույն կերպ ենք մտածում: Եթե եկել ենք, հավաքվել ենք, ուրեմն` բոլորս նույն հարցի շուրջ ենք մտածում:

- Այսօրվա սերունդը, որին Դուք որպես մարզիչ մարզում եք, ի՞նչով է տարբերվում ավագներից:

- Հիմա էլ կան, այն ժամանակ էլ կային պարապող ու չպարապող երեխաներ: Սերնդի մեջ ուղղակի փոփոխությունն այն է, որ հիմա ավելի շատ տեղեկացված են: Իհարկե, կան երեխաներ, որոնք ուղղակի գալիս են առողջ լինելու համար, եւ կան այնպիսիները, որոնք եկել են նվաճելու եւ բոլոր փորձությունները հաղթահարելու համար:

- Որոշակի տեղեկատվություն կա, թե շատ պարապելուց աղջիկների մոտ խնդիր է առաջանում` հետամուսնական եւ ծննդաբերության հետ կապված: Արդյո՞ք կա սահման, որ աղջիկը սպորտով պարապելիս չպետք է անցնի:

- Ինձ շատ են ասել, որ երկար պարապելով` հետագայում խնդիրներ կառաջանան, բայց այն իրականությանը չի համապատասխանում: Եթե այդպես նայենք, ուրեմն` մնացած մեր աղջիկները, օրինակ` ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը, ընդհանրապես պետք է չամուսնանար, բայց ամուսնացել է ու շուտով փոքրիկ կունենա: Սպորտով պարապելը ոչ մի խոչընդոտ չի կարող առաջացնել, հակառակը` այն քեզ միայն առողջություն է բերում: Նման տեսակետ այնպիսի մարդիկ են հայտնում, ովքեր երկար տարիներ պարապել են սպորտով ու ոչ մի արդյունքի չեն հասել ու այն վերագրում են սպորտին:

- Որպես վերջաբան` առաջիկայում ի՞նչ սպասեն մարզասերները Սիրանուշ Ալավերդյանից  եւ կարատեի ֆեդերացիայի աղջիկների միությունից:

- Խոստումներ տալ չեմ սիրում, ամեն ինչ գործով եմ ցույց տալիս: Մեծ ծրագրեր ունեմ, որոնց մասին դեռ չեմ ցանկանում խոսել: Ինչ վերաբերում է աղջիկների միությանը, իմ հնարավորությունների չափով կփորձեմ իրագործել բոլոր ծրագրերը:

Զրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում