livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

zinaidaԶԻՆԱԻԴԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ (ԶՈԼՈՏՆԻԿՈՎԱ) ծնվել է 1950 թվականին` Երեւանում, ավարտել է Մայակովսկու անվան դպրոցը, ապա` անասնաբուժական ինստիտուտը: Սովորելուն զուգահեռ սկսել է զբաղվել գնդակային հրաձգությամբ (ատրճանակ): Նրա առաջին մարզիչը եղել է Նիկոլայ Ղազարովը, ապա մարզվել է Ռաֆիկ Անանիկյանի մոտ, իսկ երրորդ եւ վերջին մարզիչը ամուսինն էր` Յուրի Սիմոնյանը: Չորս անգամ նվաճել է աշխարհի, տասնհինգ անգամ` Եվրոպայի, երեսունչորս անգամ` ԽՍՀՄ, բազմիցս` Հայաստանի չեմպիոնուհու կոչումը: Միջազգային կարգի սպորտի վարպետ է, ինչպես նաեւ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ: Տասնմեկ տարի հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականի կազմում, մեծ սպորտը թողել է 1985 թվականին: Ունի մեկ տղա եւ երկու թոռ:

Տիկին Զինաիդայի հետ հանդիպեցինք ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հրաձգության հանրապետական մարզադպրոցում. արդեն երկու տարի է, ինչ մարզադպրոցի տնօրենն Է, իսկ նախկինում ուսումնական մասի վարիչն էր: Ընդ որում, հարեւանությամբ գործում է երեք մարզադպրոց` չմշկասահքի, հեծանվային սպորտի եւ հրաձգության: Ճիշտն ասած, դժվար էր պատկերացնել նույնիսկ, որ 21-րդ դարում դեռեւս կարելի է հանդիպել նման պայմաններ ունեցող որեւէ հաստատության, առավել եւս` մարզադպրոցի, ուր հաճախում են մայրաքաղաքի երեխաները: Մեր առաջին այցելությունը եղել էր 11-12 տարի առաջ, եւ մենք հասկացանք, որ դժվար թե մարզիկների պատրաստման հարցում էական փոփոխություններ եղած լինեին, քանի որ նույն բազան էր, նույն, մեղմ ասած, տխուր վիճակը, ինչի ականատեսն էինք մեր առաջին հանդիպման ժամանակ: Հենց այդ թեմայից էլ սկսվեց մեր զրույցը: Ինչպես աշխարհի բազմակի չեմպիոնուհին նշեց.

- Այս փոքր սենյակն է, որտեղ գտնվում ենք, երկրորդ հարկում, միգուցե` մի փոքր ավելի մեծ, տնօրենի աշխատասենյակն է, որը նաեւ որպես զինասենյակ է ծառայում. այլ տարբերակ չունենք: Երեխաները հանդերձարան չունեն, չկա հանգստի սենյակ, երբեմն ծնողները գալիս են, ստիպված են լինում մեզ հետ նստել այստեղ եւ սպասել մարզումների ավարտին: Կա զինապահեստ. առանց դրա պարզապես չենք կարող պարապել: Եթե լինի ժամանակակից դպրոց, բազա, այնտեղ կլինեն 25, 50 մետրանոց հրաձգարաններ, եւ երեխաներն էլ ավելի կկապվեն մարզադպրոցի հետ: Այսինքն` այնպիսի պայմաններ լինեն, ինչպիսին 7-րդ զանգվածի գերազանց, ժամանակակից կահավորված մարզաբազայում են: Եթե դա լինի, բարձր արդյունքները երկար սպասեցնել չեն տա:

- Իսկ ելքը ո՞րն է:

- Մեծ հույսեր եմ կապում կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին հանդիպելու հետ: Մենք կառաջարկենք հանրակրթական դպրոցի մասնաշենք, որը պետք է վերափոխել մարզադպրոցի, իսկ դրա համար գումար հարկավոր կլինի. մեզ անհրաժեշտ են հրաձգարաններ, օժանդակ տարածք, հատուկ կահավորված զինապահեստ, մի խոսքով` աշխատանքը շատ է լինելու:

- Կարծես թե գնդակային հրաձգությունը կանացի զբաղմունք չէ: Ինչպե՞ս էին Ձեր ծնողները նայում Ձեր պարապմունքներին:

- Իհարկե, սկզբում ծնողներս չէին համակերպվում այն մտքին, որ ես զբաղվում եմ հրաձգությամբ, սակայն հետո, երբ բավականին արագ հաջողությունների հասա, հաշտվեցին այդ մտքի հետ: Մեր ազգային մտածողության մեջ, ցավոք, աղջիկը եւ սպորտը մի քիչ միմյանցից հեռու հասկացողություններ են: Բայց մեր ծնողները կարող էին հանգիստ լինել, քանի որ շաբաթվա որոշակի օրերի, որոշակի ժամերի նրանց երեխաները գտնվում էին հսկողության տակ, ու նրանց ֆիզիկական, ինչու չէ, նաեւ մտավոր զարգացման, առողջական հարցերով զբաղվում էին կոմպետենտ մարդիկ` մարզիչները: Հիմա նայեք, թե ինչով են զբաղված մեր երեխաները, հաճախ` պարզապես ոչնչով, պարապ-սարապ թրեւ գալով: Եվ առաջին հերթին նրանք կտրվում են փողոցներով թափառելուց, դառնում նպատակասլաց, եւ ես համարում եմ, որ սպորտին պետք է ուշադրություն դարձնեն, ծնողները պետք է ավելի մոտիկից շփվեն, վստահեն մեզ: Մենք հաճույքով հաղորդակցվում, շփվում ենք այն ծնողների հետ, ովքեր գալիս են երեխաների հետ: Ես, օրինակ, անչափ ուրախ եմ լինում, երբ տատիկները, պապիկները բերում են իրենց թոռներին: Իհարկե, նրանք երկար չեն մնում, քանի որ պայմանները թույլ չեն տալիս. չկան հանդերձարան, հանգստի սենյակ... Սպորտն առողջություն է, դիմացկունություն, իսկ այսօր նայում ես երեխաներին` վտիտ, կքված, ծռված: Որքան գեղեցիկ են խաղային մարզաձեւերը` վոլեյբոլը, բասկետբոլը... Իսկ, օրինակ, մարմնամարզությունը պարզապես գեղեցկություն է, պլաստիկա: Էլ չեմ խոսում հրաձգության մասին, որ ինձ չմեղադրեք կողմնապահության մեջ: Բայց ինչպե՞ս չխոսեմ: Ինչպե՞ս կարելի է այսօր պատկերացնել կրակել չիմացող պատանու, որը վաղվա զինվորն է, հայրենիքի պաշտպանը: Սակայն, ցավոք, նրանցից շատերը նույնիսկ զենք բռնել, էլ չեմ ասում` նշանակետին կրակել չգիտեն: Եվ հաճախ զենք օգտագործել չիմանալու պատճառով էլ զոհվում են:

Ի դեպ, ազատամարտի այն ծանր տարիներին մեր մարզաձեւի մասնագետներն առաջարկում էին իրենց օգնությունը զինվորներին նախապատրաստելու գործում, սակայն պաշտպանության նախարարությունը հրաժարվեց օգնությունից` պատճառաբանելով, որ իրենց սպաները շատ լավ գիտեն զինվորներին կրակել սովորեցնելու, զենքից օգտվելու ձեւը:

- Իսկ այսօր դպրոցների, պաշտպանության նախարարության հետ համագործակցո՞ւմ եք զինակոչիկներին, զինվորներին կրակելու հմտություններ սովորեցնելու հարցում:

- Մենք դիմում ենք պաշտպանության նախարարություն` զինամթերքի հարցով, դա էլ բավականին հազվադեպ  է լինում: Սպաների զենքն ուրիշ պրոֆիլի է, մերը` ուրիշ, այսինքն` մարզական: Բայց եթե կայուն կապ, համագործակցություն լիներ, երեւի օգտակար կլիներ ե՛ւ մեզ, ե՛ւ իրենց: Նրանք, ովքեր մեզ մոտ պարապում են բանակ զորակոչվելուց առաջ, արդեն որոշակի հմտություններ ունեն եւ հեշտ կտիրապետեն այն զենքին, որը գտնվում է բանակի ենթակայության տակ: Ես կարծում եմ, որ այդ համագործակցությունը ձեռնտու կլինի ոչ միայն մեզ եւ պաշտպանության նախարարությանը, այլեւ հանրությանն ընդհանրապես:  Իսկ մարզիչները պարտադիր հանրակրթական դպրոցների հետ կապի մեջ են. կատարում ենք 13-15 տարեկան աշակերտների ընտրություն:

- Ի՞նչ է տվել սպորտը Ձեզ:

- Եղել եմ աշխարհի քսաներկու երկրում: Ամեն անգամ մեծ խանդավառություն եմ ապրել` հաղթելով կամ ռեկորդներ սահմանելով Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններում: Թող ինքնագովություն չթվա, բայց իմ միջոցով Հայաստանը ճանաչել են աշխարհի շատ երկրներում, մեր մարզաձեւի այլազգի մարզուհիների հետ հաղորդակցվել եմ, պատմել նրանց իմ երկրի` Հայաստանի մասին: Ես հասարակ բանվորական ընտանիքից եմ, եւ եթե չլիներ պետական հոգածությունը, բարձր արդյունքների չէի հասնի: Նույն պետությունը 1990 թվականին ինձ նշանակեց 120 ռուբլի կենսաթոշակ: Ի դեպ, որպես աշխարհի չեմպիոն, ես հիմա էլ 55 հազար դրամ, այսպես ասած, «մաքուր գումար» եմ ստանում: Դրանք, իհարկե, շատ կարեւոր բաներ են, սակայն ամենակարեւորը սպորտի տվածներից ինձ համար իմ անձնական երջանկությունն է. սպորտը ծանոթացրեց ինձ ու Յուրիին, որից հետո մենք ամուսնացանք, երջանիկ ընտանիք կազմեցինք:

Դժբախտաբար 10 տարի առաջ ամուսինս մահացավ: Թոռներս մոր հետ Ուկրաինայում են, տղաս ապրում է առանձին, ես` առանձին` կատուների հետ (ժպտում է-Ռ. Թ.): Ուզում եմ բոլոր երիտասարդներին կոչ անել, որ ոչ միայն սպորտով զբաղվեն, այլ նաեւ ստեղծեն ամուր ընտանիք, որպեսզի երեխաները չտուժեն, չտառապեն:    

ZINAIDA2- Բոլորովին վերջերս Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հերթական խոշոր հաշվով պարտությունները կրեց` 0:8 եւ 0:5 հաշիվներով: Արդյոք կանանց այդպիսի ֆուտբոլը մեզ պե՞տք է: Չնայած, օրինակ, ոչ կանացի համարվող այլ մարզաձեւերից`  պրոֆեսիոնալ բռնցքամարտից եւ հատկապես ծանրամարտից մեր աղջիկները զգալի հաջողությունների են հասել:

- Ես գնահատում եմ նրանց, լավ հարաբերություններ ունենք, սակայն կան մարզաձեւեր, որոնք ընդունելի չեն կանանց համար:   

- Իսկ Ձեր մարզադպրոց աղջիկներ հաճախո՞ւմ են:

- Իհարկե, ոչ այնքան, որքան մենք կցանկանայինք, բայց դա նույնպես բացատրվում է պայմաններով: Բացի այդ, այսօր բոլորը հիվանդ են համակարգչով, օտար լեզուների ուսուցմամբ, եւ սպորտը մոռացվում է...

Կարեւոր հանգամանք է նաեւ հանրակրթական դպրոցում ֆիզկուլտուրայի դասերի ճիշտ դասավանդումը: Ես ականատես եմ եղել, թե ինչպես ուսուցիչը տալիս է գնդակը եւ ասում` երեխանե՛ր, ֆուտբոլ խաղացեք: Ու ինքը մի կողմ է քաշվում: Մեր ժամանակ պարան էինք մագլցում, մարմնամարզական գործիքների վրա էինք վարժություններ կատարում, վոլեյբոլ, բասկետբոլ էինք խաղում: Եվ մենք հաճույքով էինք ֆիզկուլտուրայի դասերի գնում: Իսկ այսօր շատ հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրայի դասը զուտ ձեւական բնույթ է կրում:


Զրույցը`

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում