livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

greta-6.jpegԴեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի դաժան երկրաշարժի 23-րդ տարելիցը, իսկ ողբերգության վերքերը դեռ չեն սպիացել... Ոմանք պարզապես հրաշքով ողջ մնացին, որպեսզի ապացուցեն, որ ապրելու եւ արարելու են նաեւ երկրաշարժի զոհերի փոխարեն:

ԳՐԵՏԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ (ԽՆՁՐՑՅԱՆ) երկրաշարժի ժամանակ ընդամենը երկու տարեկան էր, ուստի, բնական է, այդ օրերից գրեթե ոչինչ չի հիշում ու մեզ ներկայացրեց հարազատների  պատմածները.  

- Դեկտեմբերի 7-ին հայրս աշխատանքից գալիս է եղել, տանը եղել ենք ես, մայրս եւ քույրս: Ընդ որում, մենք երկու օր առաջ էինք տեղափոխվել նոր բնակարան: Երկրաշարժի հետեւանքով զոհվեցին մայրս, հայրս եւ քույրիկս, ես էի ողջ մնացել, ու միայն դեկտեմբերի 9-ին, լսելով իմ ճիչերը, ինձ հանել են փլատակների տակից:

1989 թվականին` երկրաշարժից հետո, մեզ տարել են Ազատան գյուղ, որտեղ որոշ ժամանակ ապրել ենք տատիկիս քրոջ տանը: Հետո մեզ բուժման նպատակով տեղափոխել են Երեւան` նախկին Երիտասարդական պալատը, նույն թվականին` կրկին բուժման նպատակով, մեզ արդեն տարել են ԱՄՆ: Ութ ամիս հետո վերադարձել ենք Հայաստան, եւ պետությունը մեզ Գյումրի քաղաքի Ավստրիական թաղամասում երկու սենյականոց բնակարան է հատկացրել, որտեղ գրանցվել ենք ես, տատիկս, պապիկս, հորաքույրս եւ հորեղբայրս... 1993 թվականին սկսեցի դպրոց հաճախել. բուժումներից հետո իմ առողջական վիճակն արդեն կարգավորված էր: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախադպրոցական մանկավարժության եւ հոգեբանության ֆակուլտետը եւ ավարտեցի այն: 1990 թվականից գրանցվեցի «Փյունիկ» հաշմանդամների կենտրոնում` Հակոբ Աբրահամյանի ղեկավարությամբ, եւ «Փյունիկն» ինձ ապրելու շատ մեծ շանսեր տվեց, ոգեշնչեց, ու կարողացա արդեն շրջապատ դուրս գալ, ինձ լիարժեք մարդ զգալ: Այնտեղ գրեթե բոլորը հաշմանդամներ են, եւ շատ հարազատ է այդ կենտրոնը մեզ համար, որովհետեւ ընտանիքի պես են, ջերմ են, եւ չի զգացվում, որ ղեկավարներ են. բոլորի հետ հարազատի նման են: Եվ սկսեցի մասնակցել ճամբարների Սեւանում, Ծաղկաձորում:

Սեւանում պարապում էի հաշմանդամային սայլակավազք, իսկ ձմռանը, Ծաղկաձորում` լեռնադահուկային սպորտ: Այդպես սկսվեց իմ մարզական կարիերան: 2002 թվականին արդեն սկսեցի երկիրը ներկայացնել: 2002 եւ 2005-ին մասնակցեցի Լոս Անջելեսի անվասայլակով մարաթոնին` առաջին տարին 42 կմ տարածությունը անցնելով 3 ժամ 25 րոպեում, կանանց մեջ գրավելով 5-րդ տեղը: 2006-ին մասնակցել եմ Թուրինի ձմեռային պարալիմպիկ խաղերին` լեռնադահուկային սպորտում, եւ տեղ զբաղեցրել լավագույն տասնյակում: Իսկ 2005-ից միանգամից մարզաձեւս փոխեցի, արդեն սկսեցի ծանրամարտի մարզումները: Զգացի, որ ծանրամարտում ավելի մեծ են շանսերը, մեդալներ նվաճելու ակնկալիքները:

Հայաստանում 7 անգամ առաջին տեղ եմ գրավել: 2007-ին Հունաստանում կայացած հաշմանդամային ծանրամարտի Եվրոպայի բաց առաջնությունում 48 կգ քաշային կարգում արժանացա արծաթե մեդալի: 2008-ի Պեկինի ամառային պարալիմպիկ խաղերում նույնպես հանդես եմ եկել հաշմանդամային ծանրամարտ մարզաձեւում: Այս տարվա հոկտեմբերին ԱՄէ-ում կայացավ միջազգային պարալիմպիկ կոմիտեի կողմից հաստատված ծանրամարտի առաջնություն, որին մասնակցեցին շուրջ 25 երկրի մարզիկներ:

Հայաստանը ներկայացրեցինք ես եւ ոսկեվազցի Սամվել Ասատրյանը: Վերջինս 90 կգ քաշային կարգում զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ ես 48 կգ քաշային կարգում 9 մարզուհիների մեջ գրավեցի 2-րդ տեղը` նվաճելով արծաթե մեդալ:

- Ի վերջո, հաղթեց ծանրամարտը` գյումրեցիների սիրելի մարզաձեւը: Ո՞րն է, ըստ Ձեզ, ծանրամարտը սիրելու գաղտնիքը:

- Ճիշտն ասած, երեւի հոգեբանությունը. որ գյումրեցի ես, ուրեմն պետք է ուժեղ լինես: Կգումարեմ նաեւ կամքը, թասիբը, նամուսը, որ գյումրեցին միշտ առաջին տեղում պետք է

լինի: Ես Գյումրի քաղաքն անչափ շատ եմ սիրում, եւ ինձ մոտ առաջնայինն այն է, որ Գյումրիի պատիվը բարձր պահեմ: Ամեն ինչ անում եմ քաղաքիս համար, թեկուզ իմ անունի համար, որ կարողանամ Գյումրիում բարձր անուն վաստակել: Քանի որ մեր բոլոր մարզիկներն էլ ունեն բարձր արդյունքներ ու ճանաչված են, ես էլ փորձեցի այդ բնագավառում իմ ուժերը ներդնել, ու, կարծում եմ, արդեն ինձ մոտ ստացվել է:

- Իրավունք ստացա՞ք մասնակցելու Լոնդոնի խաղերին:

Greta- Լոնդոնի ցուցակում հիմա գրանցված ենք, ուղղակի դա ավելի կոնկրետ հաստատելու համար պետք է մասնակցենք աշխարհի առաջնությանը, որպեսզի կարողանանք Լոնդոնի այդ հավաքականի մեջ ավելի մեծ տեղ ունենալ:

- Իսկ աշխարհի առաջնությունը ե՞րբ եւ որտե՞ղ է կայանալու:

- Էլի Դուբայում է տեղի ունենալու, կարծեմ, եկող տարվա փետրվարին: ճիշտն ասած, ինչ Դուբայից վերադարձել ենք, չեմ պարապել, որովհետեւ պետության կողմից ոչ մի աջակցություն, նույնիսկ շնորհավորանքներ չեմ ստացել: Մեր կենտրոնի ղեկավար Հակոբ Աբրահամյանը եւ անհատ մարդիկ, ովքեր օգնել են, ասում են` սպասի՛ր, ինչ-որ հարցեր կան պետության հետ կապված. պետք է գնան, հանդիպեն, տեսնեն, հանդիպումներ ունենան...

Անընդհատ սպասումների մեջ ենք: Իսկ մարզումներ չանցկացնելն ավելի շատ անդրադառնում է մկաններիս վրա, որովհետեւ շատ բարդ ձեւով, գերլարումով էի պարապել. տանջանքը շատ-շատ էր: Ամբողջ ներուժս ներդրել էի, որպեսզի կարողանայի մեդալ նվաճել: Եվ երբ դրանից հետո միանգամից դադար է տրվում մկաններին, ու պարապմունքներ տեղի չեն ունենում, կարելի է ասել, ամեն ինչ ջուրն է լցվում:

- Այսինքն` ֆինանսակա՞ն խնդիրներ կան:

- Ֆինանսական հարցերն են, այսինքն` պետությունը պետք է դահլիճի, տրանսպորտի, մարզական վիտամինների եւ սննդի հարցը լուծի, որպեսզի կարողանամ էլի տքնաջան պարապմունքներն սկսել` Լոնդոնում հաջող հանդես գալու համար:

- Գյումրիում կա՞ն այդ հնարավորությունները:

- Ես իմ մարզումները միշտ Գյումրիում եմ անցկացրել, դահլիճը, ամեն ինչ ունեցել եմ պարապմունքի համար: Բայց հիմա, ինչ եկել ենք, դեռ չկա ոչ մի բան, ոչ մի հույս:

- Համոզված եմ` հետեւել եք Փարիզում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությանը, որտեղ մեր ծանրորդներն անհաջողության մատնվեցին, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը ծանր վնասվածք ստացավ: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

- Մարզական հոգեբանությունն անչափ բարդ է, եւ սպորտից դուրս մարդիկ դժվար թե կարողանան հասկանալ մեր հոգեբանությունը: Կարող է դու շատ պատրաստված լինես, շատ ծանր քաշեր բարձրացրած լինես, բայց այդ պահին հոգեբանական ստրեսներ կարող ես տանել ու ձախողվել: Օրինակ` ծափահարությունները, որ ուղղված են քեզ, արդեն ներշնչում են վախ, պատասխանատվություն, որ կարող ես բարձրանալ հարթակ, ոչ մի բան չկարողանաս անել, եւ մարդիկ հուսախաբ կլինեն: Այդ ամենը կապված է հոգեբանության հետ, եւ ինձ թվում է` մեր մարզիկների մոտ հոգեբանական խնդիր կար:

- Ինչքա՞ն եք մտադիր զբաղվել սպորտով:

- Այնքան, ինչքան որ պետությունը տեր կլինի, ինչքան որ իմ ուժերը ներդնեմ, ու դրանք չսպառվեն: Ամեն դեպքում շատ բան կախված է մեր պետության ուշադրությունից, իսկ ես ծանրամարտի մեջ շատ մեծ ակնկալիքներ ու հույսեր ունեմ,  մանավանդ, Լոնդոնի հետ կապված: Բայց, միաժամանակ, պետք է լինեն այդ բոլոր պայմանները:

- Իսկ այժմ խոսենք անձնականից: Որքան գիտեմ, Դուք ամուսնացած եք:

- Այո՛, 2005 թվականին ամուսնացել եմ, 2 տարեկան, 4 ամսական աղջիկ ունեմ:

- Իսկ Ձեր ամուսինը Գյումրիի՞ց է, սպորտի հետ կապ ունի՞:

- Գյումրիից է, բայց սպորտից շատ հեռու է, հիմա Ռուսաստանում է աշխատանքի պատճառով:greta-3.jpeg

- Կնոջ, աղջկա մոտ ի՞նչն եք ավելի շատ գնահատում:

- Առաքինի լինելը: Եթե գյումրեցի ես, ուրեմն պիտի լինես թասիբով, նամուսով, առաքինի, շնորհքով, պատվով:

- Իսկ տղամարդու մոտ ի՞նչն եք գնահատում:

- Ամենաառաջինը` ազնվությունը, ընտանիքին նվիրվելը, հարգելը, աշխատանքի ջիղն ու թասիբը. եթե տղամարդը չաշխատեց, ուրեմն չես կարող նրան լիարժեք մարդ համարել:

Տղամարդը փոքր տարիքից պետք է սկսի աշխատել, որ իմանա փողի գինը, իր քրտինքի արժեքը:

- Ի՞նչ ճաշատեսակ եք սիրում:

- Ուտելիքի հետ կապված այնքան մեծ խնդիրներ կան. ամեն ինչ չէ, որ ուտում եմ: Շատ բացառիկ, հատուկենտ բաներ են իմ ճաշացանկի մեջ, կաթնեղեն չեմ ուտում ընդհանրապես: Իսկ սպորտի հետ կապված` երեւի ավելի շատ վիտամիններ եմ ընդունում, քան հաց եմ ուտում:

- Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր վթարի կամ այլ պատճառով վնասվածք են ստանում, դառնում հաշմանդամ, հիասթափվում են կյանքից, կոտրվում: Դուք կամք եք դրսեւորել, եւ այսօր Ձեզ ճանաչում են նաեւ աշխարհում, ուստի խորհուրդ տալու իրավունք ունեք:

- Առաջինը` խորհուրդ կտայի, որ իրենց մեջ գտնեին կամքի ուժ, որպեսզի կարողանային իրենք իրենց գնահատել, իրենք իրենց հարգել ու աշխարհին ցույց տալ, որ ոչ մի խոչընդոտ չի կարող իրենց կոտրել, որ իրենք ամեն ինչի ընդունակ են: Ոչ մեկը թող ծանր ապրումներ չունենա, չհիասթափվի, որովհետեւ մարդու կյանքը հենց իր ձեռքերում է, ոչ մեկը չի կարող դա փոխել, դա կարող է անել միայն մարդը, ում տրված է կյանքը:

- Իսկ երկրորդ երեխայի մասին չե՞ք մտածում:

- Ճիշտն ասած` ո՛չ, որովհետեւ հիմա ուզում եմ սկսել մարզումներս եւ պատրաստվեմ Լոնդոնի խաղերին... Իսկ հետո` կտեսնենք...

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում