livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

altԱյս տարվա մարտին Մալթայում ավարտված Եվրոպայի 2013 թվականի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարում հաղթող էր ճանաչվել Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը: Վիճակահանության արդյունքում կազմավորվել է յոթ խումբ, Հայաստանը հայտնվել է 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները Դանիայի, Պորտուգալիայի, Չեխիայի եւ Ավստրիայի հավաքականներն են:  Մրցաշարը կանցկացվի 2011 թվականի սեպտեմբերի 17-ից մինչեւ 2012 թվականի սեպտեմբերի 19-ը:

 

ԵԹԵ ՄԵՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՓՈՔՐ ՀԱՍԱԿԻՑ ՄԱՐԶՎԵԻՆ...

 

Մեզ հետաքրքրում է, թե ինչպես է հավաքականը նախապատրաստվում մրցաշարին, ուստի դիմեցինք ՀՀ վաստակավոր մարզիչ ՎԱՂԱՐՇԱԿ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ, ով արդեն մեկ տարի չորս ամիս է, ինչ գլխավոր մարզիչն է:

alt- Արդեն սկսել ենք մարզումները Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Վերջին օրերին չմարզվեցինք. անձրեւների պատճառով: Առաջիկա ծրագրերը ներկայացրել ենք ՀՖՖ, ցանկանում ենք միջազգային ընկերական հանդիպում անցկացնել, օրինակ` Վրաստան մեկնել, ուսումնամարզական հավաք կազմակերպել, շաբաթական 3-4 մարզում անցկացնել...

- Բացի մարզադաշտ տրամադրելը, ֆուտբոլի ֆեդերացիան նաեւ որոշակի ֆինանսավորում հատկացնո՞ւմ է, օրինակ` ճանապարհածախսի, սննդի համար...

- Որոշակի գումար հատկացվելու է` գնալ-գալու, մարզվելու, ճանապարհածախսի համար: Կտեսնենք, թե հետագայում  ինչ կլինի: Ի դեպ, աշխարհի ոչ բոլոր ֆեդերացիաներն են գումար տրամադրում:

- Ինձ թվում է` հովանավոր պետք է լինի, եթե ֆեդերացիան համապատասխան գումարը չունի, կամ էլ դա քիչ է: Հովանավորներ կա՞ն: Ի վերջո, աղջիկները մի առաջընթաց քայլ արել են, թող օգնեն, որ մի քայլ էլ անեն:

- Առայժմ ո՛չ հովանավոր ունենք, ո՛չ էլ դրա ակնկալիք, բայց պետք է փնտրենք: Ընդ որում, ոչ միայն մենք, այլ նաեւ նրանք, ովքեր հոգացավ են: Պետք է մտածեն` ինչքան շատ հովանավորներ լինեն, այնքան հաջողությունները շատ կլինեն:

- Եթե մարզումները նորմալ ընթանան, ընկերական հանդիպումներ, հավաքներ լինեն, ի՞նչ կարելի է ակնկալել երկրորդ փուլի հանդիպումներից:

- Մեր ենթախմբի բոլոր հավաքականներն իրենց ներքին առաջնություններն ունեն, դրա համար էլ նրանց համար հեշտ է հավաքականի խաղացողներին պահել լավ մարզավիճակում: Ամեն ինչ հաջող ընթանալու դեպքում կարող ենք դիմակայել, չեմ ասում` կհաղթենք, բայց կարող ենք լավ խաղ ցույց տալ, որ խոշոր հաշիվներ չլինեն: Նույնիսկ կարելի է պայքարել ոչ-ոքի խաղալու համար. աղջիկները շատ լավ են տրամադրված, բայց պետք է մի քիչ օգնել թե՛ ֆինանսական, թե՛ պայմաններ ստեղծելու, թե՛ բարոյական աջակցության հարցերով: Վատն այն է, որ ընկերական խաղեր ենք խաղալու, պաշտոնական խաղեր շատ չունենք, իսկ դա մեզ շատ է խանգարում:

- Տղամարդկանց վարպետ թիմեր եք մարզել, հիմա կանանց թիմի մարզիչ եք, տարբերությունը մե՞ծ է:

- Տղա եւ աղջիկ` արդեն իսկ տարբերություն է, ֆիզիկական տվյալները արդեն իսկ տարբեր են: Բայց եթե մեր աղջիկները փոքր հասակից մարզվեին, ծանոթ լինեին ֆուտբոլային բոլոր գաղտնիքներին, առաջընթացը ավելի շատ կլիներ: Սակայն մեզ մոտ կանանց ֆուտբոլը մասսայական չէ, իսկ տղաների հետ չես կարող համեմատել նույնիսկ աղջիկների գերմանական լավագույն թիմերին:

- Աղջիկները խաղի ժամանակ քմահա՞ճ են:

- Դա կախված է կոլեկտիվից, վերաբերմունքից, մեկը մյուսի նկատմամբ հարգանքից, մարզիչ-ֆուտբոլիստ հարաբերությունից: Եթե կարողանում ես թիմ ստեղծել, դառնում են մի մարդ, մի մարդու նման մտածում են: Իսկ եթե չկարողանանք կարգուկանոն ստեղծել կամ միմյանց չհասկանանք, լրիվ ուրիշ խաղ կլինի: Պետք է կարողանանք ապացուցել, որ ճիշտ ուղու վրա են կամ ինչ պետք է անեն, որ դաշտում օգուտ ստանան, այսինքն` խաղան թիմի համար: Եթե խաղում ես թիմի համար, խաղում ես քեզ համար, եթե խաղում ես միայն քեզ համար, ուրեմն խաղում ես մրցակցիդ համար:

 

ՉԵՄ ԿԱՐՈՂ ԹՈՂՆԵԼ ՖՈՒՏԲՈԼԸ

 

altՄեր զրուցակիցը հարձակվող ՔՐԻՍՏԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ  է, ով սիրում է նաեւ վարսավիրի մասնագիտությունը:

- Ինչպե՞ս հայտնվեցիք ֆուտբոլում:

- Խաղում էի բակում` տղաների հետ. չկային ֆուտբոլ սիրող աղջիկներ, որ իրենց հետ խաղայի: Ընկերուհիս` Գայանե Կոստանյանը, ինձանից մի ամիս շուտ էր գնացել ֆուտբոլի, բայց ես տեղյակ չէի: Մի օր իմ ֆիզկուլտուրայի ուսուցչուհին Գայանեի քույրիկի հետ եկավ, ասաց, որ աղջիկների խումբ կա, որ Գայանեն Նորվեգիա է գնացել: Գայանեն եկավ, ու գնացինք «Քոլեջ» ակումբ, որտեղ ինը տարի շարունակ խաղում եմ:

- Եթե ամուսնանաք, կշարունակե՞ք խաղալ:

- Երեւի` այո: Գուցե հիմիկվա նման պրոֆեսիոնալ չեմ խաղա, բայց չեմ կարող թողնել ֆուտբոլը: Ու ինձ թվում է` այնպիսի ամուսին կընտրեմ, որ ինքն էլ հարմարվի դրան:

- Կա՞ ֆուտբոլիստ, ում կցանկանաք նմանվել:

- Շատ ու շատ գնահատում եմ Մեսիի խաղը:

- Եվ, երեւի, «Բարսելոնայի»:

- Եվ «Բարսելոնայի»:

- Արդեն սեպտեմբերից սկսվում են պաշտոնական հանդիպումները: Ի՞նչ սպասելիքներ ունեք: Ենթախմբում շատ ուժեղ հավաքականներ են:

- Առաջին փուլի թիմերն էլ ուժեղ էին, սակայն երկրորդ փուլի թիմերը, իհարկե, ավելի ուժեղ են: Պետք է բոլորս հավաքված խաղանք ու հաղթենք, եւ կապ չունի` մեր դիմացինն ով է. կարող ենք պարապել ու պայքարել:

- Միջոցներ, հովանավորներ են պետք:

- Այո՛, շատ է պետք: Մենք ուզում ենք, որ մեզ մի քիչ ուշադրություն դարձնեն, հովանավորեն, եւ վստահ եմ` կոգեւորվենք ու ամեն ինչ կանենք:

 

ԿԱՆՉԵՑԻՆ, ԿԱՆԳՆԵՑԻ ԴԱՐՊԱՍՈՒՄ ՈՒ...

 

altԱյժմ զրուցենք դարպասապահ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ, ով այս տարի ավարտում է եվրոպական համալսարանի լեզվաբանության ֆակուլտետը, դասերից դուրս` ազատ ժամանակ սիրում է պարել: Հավանում է Իկեր Կասիլյասի խաղը:

- Սովորաբար ֆուտբոլում բոլորն ուզում են գոլ խփել, դարպասում քչերն են ուզում կանգնել. դարպասապահի մի սխալը կարող է ճակատագրական լինել:

- Բակում խաղում էի, բայց այն ժամանակ չեմ մտածել ֆուտբոլիստուհի դառնալու մասին: Որոշեցի բասկետբոլով զբաղվել, իսկ այնտեղ կար ֆուտբոլի թիմ, ինձ կանչեցին, կանգնեցի դարպասում ու... Անկեղծ ասած, ես էլ սկզբից չէի ուզում դարպասապահ դառնալ, երկու ամիս հարձակվող էի, դարպասապահ չունեինք. ոչ մեկը չէր ցանկանում, ինձ մոտ էլ լավ էր ստացվում... Հիմա արդեն ավելի շատ սիրում եմ լինել այդ դիրքում:

- Ինչքա՞ն եք մտադիր շարունակել խաղալ, թե՞ դեռեւս այդ մասին չեք մտածում:

- Չեմ մտածել, որ հենց, ասենք, դառնամ 24 տարեկան, թողնեմ ֆուտբոլը: Երեւի կթողնեմ ֆուտբոլը, երբ որ ամուսնանամ կամ... Կանանց ֆուտբոլը մի քիչ լավ վիճակում չէ, եւ աղջիկներն ավելի շատ են մտածում ֆուտբոլը թողնելու մասին: Բայց որ սիրում ենք, մի քիչ դժվար է թողնելը:

- Մի փուլ հաղթահարեցիք, սեպտեմբերին երկրորդ փուլն է, ինչպե՞ս եք տրամադրված:

- Երբ որ Մալթայից հաղթանակած եկանք, շատ ոգեւորված էինք, բայց նույնիսկ չշնորհավորեցին, ուշադրություն չկա, որից հիասթափվեցինք: Բայց ամեն դեպքում պիտի խաղամ ու հույս ունեմ, որ լավ կխաղամ:

 

ՖՈՒՏԲՈԼԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԴԱՐՁԱՎ ԻՄ ԿՅԱՆՔԸ

 

altՄեր հաջորդ զրուցակիցը ձախ պաշտպան ՎԱՐԴԻՆԵ ԽԱՆԶԱԴՅԱՆՆ է: Սիրում է օպերա, բալետ, ֆուտբոլում կուռքը Զիդանն է:

- Վանաձորում նույնիսկ տղամարդկանց ֆուտբոլն է վերացել, ինչպե՞ս ստացվեց, որ ցանկացաք զբաղվել ֆուտբոլով:

- Ֆուտբոլ շատ էի սիրում, որը հետագայում դարձավ իմ կյանքը: 4 տարի թեթեւ ատլետիկա էի պարապում: Գնում էի դասի, գալիս, գնում թեթեւ ատլետիկայի, գալիս տուն եւ առանց դաս անելու իջնում բակ ու տղաների հետ ֆուտբոլ խաղում: Երբ մեծացա, զգացի, որ այսպես չի շարունակվի. որքան կարելի է բակում ֆուտբոլ խաղալ: Եթե այսքան շատ եմ սիրում ֆուտբոլը, ուրեմն պետք է լուրջ զբաղվեմ ֆուտբոլով ու մոտ երեք օր չէի քնում, մտածում էի` ինչպես կընդունեն հայրս, մայրս, որ ասեմ` թեթեւ ատլետիկայի չեմ գնում, գնում եմ ֆուտբոլի: Հայրս ֆուտբոլ շատ է սիրում, բայց պապս արգելել էր ֆուտբոլ խաղալ, եւ նա ասաց` ինչ ուզում ես, այն էլ կանենք, ես միշտ քո կողքին եմ: Գագիկ Բուլղադարյանի մոտ տղաների հետ պարապեցի, մի օր էլ թիմի հետ եկանք Երեւան` ֆուտզալի խաղի: Աղջիկ միայն ես էի, մարզիչներից թույլտվություն էի վերցրել ու խաղում էի: «Փյունիկի» ֆուտզալի մարզիչը տեսել էր... Հենց հաջորդ օրը եկան մեր տուն, ծնողներիս հետ խոսեցին.. Եվ այդպես եկա Երեւան` ֆուտբոլի դպրոց: Հիմա Երեւանում չեմ ապրում, Վանաձորում ունեմ աղջիկների թիմ` «Էլեմես» (ի դեպ, երկու-երեք ամիս է` մարզիչներս աշխատավարձ չենք ստանում), նաեւ սովորում եմ, միայն ազգային հավաքականի խաղի ժամանակ գալիս եմ Երեւան:

- Տղաներն ինչպե՞ս են նայում, երբ ասում են` այս աղջիկը ֆուտբոլիստուհի է:

- Տարբեր մտածելակերպի մարդիկ կան, եւ ես շփվում եմ այն մարդկանց հետ, ովքեր ինձ ընդունում եմ: Մենք ապրում ենք 21-րդ դարում: Եթե 14-15 տարեկանում արհամարհել եմ, գնացել եմ իմ նպատակի հետեւից, հիմա էլ կողքի կարծիքները չեն հետաքրքրում:

 

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ



Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում