livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

sportՇախմատի միջազգային վարպետ ԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ աչքի ընկավ շախմատի կանանց Հայաստանի վերջին առաջնությունում` գրավելով երկրորդ տեղը ու նաեւ ազգային հավաքականում հանդես գալու իրավունք նվաճելով:

Ինչպես տեղեկացանք մեր զրույցից, նա ծնվել է Երեւանում, շախմատիստների ընտանիքում,  մայրը ՀՀ վաստակավոր մարզիչ Աշխեն Սանոյանն է, հայրը` Վլադիմիր Հայրապետյանը, ով նույնպես մարզիչ է ու նաեւ Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի դպրոցի տնօրենը: Քույրը շախմատից սպորտի վարպետության թեկնածու է: Աննան ըստ աստղագուշակի Կույս է, սեպտեմբերի 8-ին կդառնա 23 տարեկան:

«ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԵՂԵԼ»

- Ավարտել եմ ֆիզկուլտուրայի ինստիտուտի շախմատի բաժինը եւ մագիստրատուրան` մարզական լրագրության բաժինը: Մեծացել եմ շախմատիստների ընտանիքում, երկու-երեք տարի մորս մոտ եմ եղել, նա լավ հիմք է դրել, հետո արդեն, կարելի է ասել, փոխանցել է հայրիկին, հայրիկս էլ ավելի կատարելագործում է:

- Ի՞նչ մրցաշարերի եք մասնակցել, ի՞նչ հաջողությունների եք հասել մինչեւ Հայաստանի առաջնությունը:

 

- Կարելի է ասել` հիմնական հաջողություններս Հայաստանում են եղել, միջազգային ասպարեզում, ըստ իս, չեմ փայլել: Փոքրիկ հաջողություններ եղել են. երեք անգամ տարբեր մրցաշարերում միջազգային վարպետի նորմա եմ լրացրել, ամռանն էլ ստացա կոչումը: 2009 թվականին շատ մոտ էի հավաքականի կազմում ընդգրկվելուն: Այն ժամանակ Լիլիթ Գալոյանը մասնակցում էր Հայաստանի առաջնությանը, սակայն իր վարկանիշով արդեն տեղ ուներ հավաքականում: Ես երկրորդ-երրորդ տեղերը կիսեցի Սիրանուշ Անդրեասյանի հետ, բայց լրացուցիչ ցուցանիշներով նա զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը` նվաճելով նաեւ հավաքականում հանդես գալու իրավունք:

- Դառնանք այս տարվա առաջնությանը, որտեղ Դուք եւ Մարիա Կուրսովան, ով արդեն ապահովել էր իր տեղը հավաքականում, պարտություն չկրեցիք: Դուք ակնկալո՞ւմ էիք, որ կարող եք հաջողության հասնել, որն իրավունք կտար ընդգրկվել ազգային հավաքականում:

- Եթե ասեմ` համոզված էի, որ նման հաջողության կհասնեմ, ճիշտ չի լինի: Բայց այս տարի հույսեր ունեի. զգում էի, որ պատրաստ եմ ե՛ւ շախմատային առումով, ե՛ւ հոգեբանորեն: Իսկ երեք տարի առաջ նման զգացողություն չունեի: Եվ մրցաշարի կեսից հետո, երբ միավորը միավորի ետեւից գալիս էր, ավելի էին հույսերս մեծանում, ավելի շատ վստահություն էի ձեռք բերում:

- Ո՞ր պարտիայից հետո զգացիք, որ կարող եք հավաքականի ուղեգրի համար պայքարել:

- Երեւի 6-7-րդ տուրից արդեն հոգեպես տրամադրվել էի դրան:

- Հավաքականի մյուս անդամների հետ շփվե՞լ եք:

- Մինչեւ հավաքական ընդգրկվելն էլ աղջիկներից Լիլիթ Գալոյանի հետ շատ մոտ եմ եղել, Լիլիթ Մկրտչյանի հետ էլ, ով, ի դեպ, հայրիկիս սանուհին էլ է եղել: Անցյալ տարի Էլինայի հետ շփվեցինք Եվրոպայի առաջնության շրջանակներում: Հեռվից միշտ լավ տպավորություն էր թողնում, բայց չէի պատկերացնում, որ այդքան կհավանեմ իրեն. շատ հաճելի անձնավորություն է, շատ անկեղծ: Մարիան էլ լավ անձնավորություն է...

- Մարիայի ամուսին Արման Փաշիկյա՞նն էր ավելի շատ ցավում կնոջ համար, թե՞ Մարիան` ամուսնու համար:

- Մարիան իր քայլը կատարում, գնում, Արմանի պարտիան էր նայում, Արմանն իր քայլը կատարում, գալիս, Մարիայի պարտիան էր նայում:

- Մարիա Կուրսովան բոլորից ուժե՞ղ էր:

- Նա 1996-ից անընդհատ մրցաշարերի է մասնակցում, իսկ դա անչափ կարեւոր է. փորձը շախմատում շատ մեծ նշանակություն ունի: Ես նրա շախմատային ուժը շատ հարգում եմ, եւ ինձ հաճելի է, որ մի թիմում ենք խաղալու:

- Իսկ Դոլուխանովայի ելույթն ինչպե՞ս կգնահատեք: Թիկունքում զգո՞ւմ էիք նրա շնչառությունը:

- Իմ ու նրա միջեւ տարբերությունը երկու միավոր եղավ: Շատերը համարում են, որ Եվգենիայի արդյունքը վատն էր, բայց ես այդպես չեմ կարծում: Բոլորին կամ շատերին թվում է, որ այստեղ բնակվող հայ շախմատիստուհիները թույլ են խաղում, բայց Մարիան է՛լ, Եվգենիան է՛լ, կարելի է ասել, իրենց կաշվի վրա զգացին, որ մեր աղջիկները վատ չեն խաղում, պարզապես նրանց մոտ փորձն է պակաս:

sport2- Ձեր վարկանիշը Հայաստանի առաջնությունից հետո բարձրացա՞վ: Գրոսմայստերի կոչման համար քայլ արվե՞ց:

- Իհարկե արվեց. մոտ 28 կետով բարձրացրեցի գործակիցս, հիմա 2224 կամ 2225 է, կարելի է ասել` քիչ է մնում գրոսմայստերի նորման լրացնելուց: Հիմա կարեւորը գործակիցը չէ, կարեւորն ավելի ուժեղանալն է, իսկ ուժեղանալու հետ կգան արդեն այդ նորմաներն է՛լ, գործակիցներն է՛լ:

- Իսկ ուժեղանալու համար ի՞նչ է հարկավոր. մրցաշարերի՞ մասնակցել, տղաների հե՞տ մրցակցել:

- Բնականաբար, տղաների շախմատը լրիվ ուրիշ շախմատ է` շատ ավելի ուժեղ, եւ նրանց հետ խաղալն ավելի օգտակար կլինի:

- Շատերի կարծիքով` կանանց շախմատն ավելի զգացմունքային, անկանխատեսելի է, իսկ տղամարդիկ ավելի պրագմատիկ են: Դուք է՞լ եք նման կարծիքի:

- Լրիվ համաձայն եմ: Բացի այդ, տղամարդիկ նաեւ «չոր» են, եւ եթե ինչ-որ փոքրիկ առավելություն ստանում են, այն ձեռքից բաց չեն թողնում: Իսկ կնոջ մոտ շատ բան տրամադրությունից է կախված: Ճիշտն ասած, ես կանանց շախմատն ավելի շատ եմ սիրում, այն ավելի հետաքրքիր է, ավելի դիտարժան:

- Բայց չէի ասի, որ Լեւոն Արոնյանի պարտիաները «չոր» են. նա շատ ֆանտազիա ունի, անսպասելի քայլեր է կատարում...

- Լրիվ համաձայն եմ: Շախմատային էլիտայի առաջին տասնյակում, քսանյակում կան շախմատիստներ, որոնց ոճը տարբերվում է, ովքեր, այսպես ասած, «չոր» պարտիաներ չունեն: Բայց գրոսմայստերների մեծամասնությունն ուղղակի «չոր» շախմատ է խաղում. դիրքը պինդ դնում է եւ տանում-բերում, տանում-բերում... Անհետաքրքիր է:

«ՀԱՅ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ`ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆ ԽԱՂՈՒՄ»

 

- Հայաստանում տղամարդկանց շախմատը կայացած է, այսպես ասած, դպրոց կա, իսկ կանանց շախմատը կայացնելու համար ի՞նչ է անհրաժեշտ անել:

- Սա ինձ համար նուրբ թեմա է: Մեզ մոտ ոմանք ասում են, որ, իբր, հայ աղջիկները լավ չեն խաղում, բայց ես դրա հետ համաձայն չեմ: Նախ պետք է քայլեր արվեն, ապա նոր միայն բողոքի, դժգոհության խոսքեր ասվեն: Իսկ քայլեր արվում են միայն կանանց շախմատի հավաքականի համար: Եվ երբ մտա հավաքական, կարելի է ասել` կանաչ լույս վառվեց առջեւս: Բայց հավաքականից դուրս շատ քիչ բան է արվում:

- Մինչդեռ հավաքականի կազմից դուրս կան շնորհալի աղջիկներ:

- Իհարկե կան: Լրացուցիչ ուժեր, ռեսուրսներ ունենք, բայց մոտիվացիա չկա. հայ աղջիկները չգիտեն` ինչի համար են խաղում: Հավաքականի համար տրվում է մի տեղ, եւ այդ մի տեղի համար ամբողջ տարին աշխատում ես, այսպես ասած, կյանքդ ես դնում, բայց մեծ հարցական է` կստացվի՞ այդ մեկ տեղն զբաղեցնելը, թե՞ չի ստացվի: Եվ ստիպված ես ամեն ինչ նորից սկսել, սակայն մեզ մոտ կանանց համար մրցաշարեր չեն անցկացվում, իսկ ոչ բոլորն ունեն դուրս գալու հնարավորություն: Նույնիսկ պարգեւավճարներն են տղաներից չորս անգամ պակաս:

- Երեւի թե մարզերում պետք է զարգացնել շախմատը...

- Վայքից Շուշանիկ Սարգսյանը լավ խաղաց, ազգային վարպետի կոչում էլ ստացավ:

- Շախմատի համար, կարծես թե, շատ բան հարկավոր չէ. խաղատախտակ, համակարգիչ, բայց դա բոլորն էլ ունեն, ո՞րն է հաղթանակի գաղտնիքը. բնական խե՞լքը, մարզվածությո՞ւնը...

- Շատ մեծ դեր ունի լավ մարզչի առկայությունը: Ընդ որում, ոչ միայն շախմատային առումով լավ մարզիչ, այլ նաեւ սրտացավ մարդ, լավ հոգեբան: Հարազատ ինչ-որ մեկը լինի, պարտադիր չէ արյունակցական կապ լինի: Չնայած իմ մարզիչն իմ հայրն է, եւ այդ առումով իմ բախտը բերել է: Մարզիկը պետք է զգա, որ միայն իր համար չի խաղում, որ մարզիչն էլ է ցավում իր համար: Բացի այդ, հաջողությունը կախված է աշխատասիրությունից, համակարգչից, մարզումային խաղընկերոջից... Ուրիշ շատ այլ գծեր էլ պետք է մարդ ունենա, որպեսզի լավ մակարդակի հասնի:

- Հիշողություն...

- Հիշողություն, ինչ-որ տեղ` համառություն:

- Չկոտրվել, չհիասթափվել...

- Չկոտրվելը, չհիասթափվելը շատ դժվար բան է: Օրինակ, ես իմ շախմատային կյանքում երեւի ավելի շատ հիասթափություններ եմ ունեցել, քան ուրախության պահեր: Բայց այդ ուրախության պահն էլ այնքան հաճելի է, որ արդեն այդ հիասթափությունները չեն երեւում, էլի, էլի ես այդ լավից ուզում տեսնել:

«ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ ԸՆՏԱՆԻՔԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»

 

- Զգացե՞լ եք, թե շրջապատում ինչով է շախմատիստուհին տարբերվում մյուս աղջիկներից: Ավելի հավասարակշի՞ռ են, ավելի, այսպես ասած, քայլերը հաշվարկո՞ղ: Օրինակ, եթե մի տղա Ձեզ կինո է հրավիրում, քանի՞ քայլ եք հաշվարկում «այո» կամ «ոչ» ասելուց առաջ:

- Ճիշտն ասած, իմ կյանքում նման դեպք չի եղել, որ կինո հրավիրեն, ու ես ինչ-որ հաշվարկ անեմ: Շախմատիստուհիները նույն աղջիկներն են, նույն հասարակ մարդիկ, պարզապես շախմատը, իմ օրինակով ասեմ, շատ հարցերում դաստիարակում է, շատ հարցերում ավելի սառն ենք դատում, միանգամից չենք տրվում էմոցիաներին... Շախմատը դաստիարակում է վարվելաձեւ, խոսք:  

- Ամենաշատն ո՞վ ուրախացավ Ձեր հաջողությամբ:

- Ինչ-որ մեկին չեմ կարող առանձնացնել, բնականաբար, ամենամեծ երկրպագուն հայրս է: Նրան, մորս, ընտանիքին հանեմ, մնացածին չեմ կարող առանձնացնել: Ընկերս անչափ ուրախացավ: Շատ զույգերի մոտ նկատել եմ, որ տղամարդը փորձում է ճնշել իր ընկերուհուն, չի ուզում, որ նա հաջողության հասնի, երեւա: Ընկերոջս կողմից նման բան չկա: Եթե ինչ-որ տեղ էլ կարող է նեղվել, երբ մրցաշարերի եմ գնում, դա երբեք ցույց չի տա: Մի խոսքով` անկեղծորեն ուրախանում է իմ հաջողություններով:

- Ամուսնանալուց հետո նո՞ւյնը կլինի, թե՞ կսկսի իր իրավունքները ցույց տալ:

- Արդեն ինչ-որ տեղ ես էլ «կհանգստանամ». միշտ մտածել եմ` կարիերան կարեւոր է, բայց երբ որ ընտանիք ես կազմում, առաջին տեղում ընտանիքը պետք է լինի: Քանի դեռ ամուսնության հարց չկա, փորձում եմ առավելագույնն անել, իսկ թե ինչի կհասնեմ, ցույց կտա ժամանակը: Ամուսնությունից հետո էլ չեմ թողնելու շախմատը. դեռ նպատակներ կան:

- Ոմանք ասում են` շախմատը սպորտ չէ, գիտություն է, ոմանք էլ դա արվեստ են համարում:

- Ես ինքս շախմատը չեմ կարողանում սպորտ համարել, որովհետեւ ինձ համար սպորտն առաջին հերթին նյութական ինչ-որ բան է: Շախմատն ինձ համար արվեստ է. ավելի շատ շախմատի մեջ գեղեցկություն եմ տեսնում, հաճույք եմ ստանում դրանից: Դեռ երիտասարդ եմ, եւ երեւի դրանից է, որ նյութականը չեմ տեսնում, միգուցե տարիքի հետ սկսեմ արդեն այդ ուղղությամբ էլ մտածել...

sport3- Այլ մարզաձեւով զբաղվո՞ւմ եք:

- Այլ մարզաձեւով չեմ զբաղվում, պարզապես աշխատում եմ ֆիզիկականիս ուշադրություն դարձնել, ասենք, ամեն առավոտ հայրիկիս ու շնիկիս հետ դուրս եմ գալիս թեթեւ նախավարժանքի:

- Կենդանիներ սիրո՞ւմ եք:

- Շատ-շատ:

- Ուրիշ կենդանի պահո՞ւմ եք:

- Ժամանակին ձուկ եմ պահել, բայց շունն ուրիշ է:

- Ի՞նչ նախասիրություններ ունեք:

- Ճիշտն ասած, կողմնակի զբաղմունքներ այնքան շատ ունեմ, որ հաճախ նույնիսկ զարմանում եմ, թե ինչպես եմ հասցնում շախմատ պարապել: Երգել եմ շատ-շատ սիրում` էստրադային երգեր, եւ շատ տխրեցի, երբ իմացա Ուիթնի Հյուսթոնի մահվան մասին. նրա երգերն էլ եմ շատ-շատ սիրում: Խոհանոց եմ շատ սիրում, թխվածք անել, մի խոսքով` խոհանոցի հետ կապված ամեն ինչ... Տեսահոլովակներ պատրաստել, գիրք կարդալ եմ սիրում: Համակարգչով եմ կարդում, ճիշտ է, տեսողությանը վնաս է, բայց...

- Ի՞նչ գրքեր, ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

- Դետեկտիվ եմ կարդում: Ագաթա Քրիստի եմ սիրում. մինչեւ վերջ չի ասում` ով է մարդասպանը, իսկ ես սիրում եմ գուշակել: Չեյզ եմ կարդում...

- Հիմա ամենատարածված հարցն է «Օդնոկլասնիկում» կամ «Ֆեյսբուքում» գրանցվա՞ծ եք:

- «Ֆեյսբուքում» կամ, բայց իմ անուն ազգանունով չեմ գրանցված:

- Աղջկա մոտ ի՞նչն եք ավելի շատ գնահատում:

- Կարեւորը` անկեղծ մարդ լինի: Ընդհանրապես ձգտում եմ բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալ: Մարդու մոտ փորձում եմ դրականը տեսնել:

- Իսկ տղամարդու մոտ ի՞նչն եք գնահատում: Օրինակ, ֆիրմա մեքենայո՞վ, թե՞ երթուղայինով ժամադրության եկող տղային ավելի շատ կգնահատեք:

- Ինձ համար կարեւորն այն է, որ տղամարդը մեծատառով տղամարդ լինի, եւ կապ չունի` մեքենայո՞վ, թե՞ երթուղայինով է գալիս: Ծեծված խոսքեր են, բայց իրոք դա նշանակություն չունի: Միշտ տղամարդուն կնոջից բարձր եմ դասել ու սիրում եմ, որ տղամարդն իրոք պահում է այն նշաձողը, որ կնոջից կես գլուխ բարձր է լինում: Ոչ թե ցույց տալով, ձեւական, այլ իր պահվածքով, քայլերով, գործով:

- Ձեր սիրո ասպետին ինչպե՞ս եք պատկերացնում:

- Պատկերացնելու հարց չկա, որովհետեւ արդեն երեքուկես տարի ընկեր ունեմ:

- Ամուսնանալու, ընտանիք կազմելու մասին լրջորեն մտածո՞ւմ եք:

- Ընկերս մասնագիտությամբ զինվորական է, սահմանապահ, եւ հիմա պարզապես ամուսնանալու պայման չկա, սպասում ենք լավ ժամանակների:

 

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ` ԼԻՆԻ ՄԻ ԱՂՋԻԿ, ՈՎ ՆՎԵՐ ՍՏԱՆԱԼ ՉՍԻՐԻ»

 

sport1- Մարտի 8-ին ինչ նվերներ եք սիրում ստանալ, նվիրե՞լն է ավելի հաճելի, թե՞ նվեր ստանալը: Կանանց միամսյակի մասին ի՞նչ կասեք:

- Չեմ կարծում` լինի մի աղջիկ, ով նվեր ստանալ չսիրի: Նվեր տալ էլ եմ շատ-շատ սիրում: Որ ասեմ առանձնահատուկ եմ վերաբերվում այդ միամսյակին` ոչ. յուրաքանչյուր օր գալիս ու անցնում է սովորական:

- Ո՞րն է եղել Ձեր ամենահետաքրքիր, ամենալավ նվերը, որին իսկապես չեք սպասել եւ ուրախացել եք:

- Այս պահին ինչ-որ առանձնահատուկ նվեր չեմ հիշում... Երեւի ավելի շատ հանկարծակի նվերից եմ ուրախանում` թեկուզ մի ծաղկից: Ես ընդհանրապես շատ եմ սիրում մի ծաղիկ` առանց փաթեթավորման, առանց ինչ-որ ձեւերի, ժապավենների, ուղղակի մի ծաղիկ` առանց առիթի. դա շատ ավելի հաճելի է: Բոլոր նվերների համար էլ ուրախացել եմ:

Զրույցը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում