livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

Ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոնուհի, Եվրոպայի չեմպիոնուհի ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ ծնվել է Ճագարի (Կատվի) տարում, սակայն ավելի շատ իրեն նմանեցնում է կատվին, քանի որ ճագարը վախկոտ է, իսկ ինքը` ոչ:

Նա է ընդամենը 16 տարեկանում Հայաստանի մարզուհիներից առաջինը մասնակցել ծանրամարտի կանանց աշխարհի առաջնությանը` 2003 թվականին կանադական Վանկուվերում` հանդես գալով 63 կգ քաշային կարգում եւ զբաղեցնելով քսաներորդ տեղը: Նույն թվականի երիտասարդների առաջնությունում արդեն յոթերորդն էր, իսկ Եվրոպայի աղջիկների առաջնությունում (մինչեւ 17 տարեկաններ) հայ մարզուհիներից առաջինը նվաճեց չեմպիոնի կոչումը: 2004թ. Եվրոպայի առաջնությունում 17-ամյա Հռիփսիմեն արդեն տեղ զբաղեցրեց լավագույն վեցնյակում: 2005 թվականի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում նա երկրորդն էր: 2006 թվականի Եվրոպայի առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանն արժանացավ արծաթե մեդալի: 2007 թվականի կանանց աշխարհի առաջնությունում նա մոտ էր մեդալ նվաճելուն, սակայն տեղ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականում: Նույն թվականին Հռիփսիմեն արդեն Եվրոպայի եւ աշխարհի երիտասարդների չեմպիոն էր: 2008 թվականի կանանց Եվրոպայի առաջնությունում  հրում վարժությունում արժանացավ փոքր ոսկե մեդալի: 2009 թվականին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է, նույն թվականին` աշխարհի մեծահասակների առաջնության երրորդ մրցանակակիր, 2010 թվականին` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնությունում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Նույն թվականի նոյեմբեր ամսին մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող է:

- Այս ցանկից երեւում է, որ 2008 թվականի օլիմպիական խաղերում Դուք անհաջող եք հանդես եկել: Ո՞րն էր դրա պատճառը:

- Ես փոխարինել էի Մելինե Դալուզյանին եւ պատրաստված չէի:

- Ինչպես տեղեկացանք, չեք մասնակցել ծանրամարտի Հայաստանի առաջնությանը: Եվ նշում են, որ վնասվածք ունեք:

- Ոտքի վնասվածք էի ստացել բասկետբոլ խաղալու ժամանակ:

- Այսինքն` բացի ծանրամարտով զբաղվելուց, սիրում եք նաեւ ա՞յլ մարզաձեւեր:

- Այո, իհարկե: Խաղում եմ բասկետբոլ, ինչպես նաեւ ֆուտբոլ ու վոլեյբոլ:

- Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել հենց ծանրամարտով. չէ՞ որ Հայաստանում տարիներ առաջ մի քիչ այլ կերպ էին նայում կանանց ծանրամարտին, բռնցքամարտին:

- Ծանրամարտում Հայաստանում առաջին քայլերը հենց ես եմ արել` 1999 թվականին, որպեսզի մեզ մոտ էլ այդ մարզաձեւը զարգանա, եւ ինձ մոտ դա ստացվեց. աղջիկները հետաքրքրվեցին այդ մարզաձեւով:

- Իսկ մինչ այդ որեւէ մարզաձեւով զբաղվո՞ւմ էիք:

- Ոչ, չեմ զբաղվել:

- Ո՞վ է եղել Ձեր առաջին մարզիչը:

- Արմեն Եսայանը, ով հիմա, ցավոք, մեզ հետ չէ: Իսկ հիմա մարզիչս Արման Ղազարյանն է:

- Դուք որտե՞ղ եք բնակվում:

- Կոտայքի մարզի Քասախ գյուղում:

- Այդքան մեդալներ եք նվաճել, լավագույնս ներկայացրել մեր երկիրը տարբեր կարգի մրցաշարերում: Եվ արդյոք դա բավարար չէ՞, որպեսզի Ձեզ էլ Երեւանում ապահովեն բնակարանով, ինչպես եղավ աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանի դեպքում: Նման առաջարկ եղե՞լ է, թե՞ Դուք ուզում եք Քասախում բնակվել:

- Աստված տա, նման առաջարկ լինի, եւ ես չեմ մերժի: Այդպիսի առաջարկներ դեռ չեն եղել: Իսկ Նազիկին բնակարան հատկացրին որպես աշխարհի չեմպիոնուհի: Եվ մեկ էլ օլիմպիական խաղերի մեդալակիրներին կարող են հատկացնել:

- Աստված տա, դառնաք աշխարհի չեմպիոնուհի կամ օլիմպիական խաղերի մրցանակակիր:

- Շնորհակալություն:

- Ասում են, որ Դուք նշանվել եք:

- Ընկեր ունեմ, բայց նշանված չեմ: Ընկերս նույնպես ծանրամարտիկ է` Տարոն Թովմասյանը, նա էլ Քասախից է:

- Իսկ ինքը ինչ-որ արդյունքների հասե՞լ է:

- Նրա լավագույն արդյունքը Հայաստանի չեմպիոն հռչակվելն է, հուսով եմ` ամեն ինչ դեռ առջեւում է:

- Իսկ ո՞ր քաշային կարգում է հանդես գալիս Տարոնը:

- 94 կգ քաշային կարգում:

- Շուտով Մարտի 8-ն է` Կանանց միջազգային տոնը: Ձեզ համար ամենալավ նվերը ո՞րը կլինի, ի՞նչ կցանկանայիք, որ Ձեզ նվիրեին այդ օրը:

- Չգիտեմ: Իսկ ընդհանրապես ես փափուկ խաղալիքներ եմ սիրում:

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում, այսպես կոչված, կանանց միամսյակին` մարտի 8-ապրիլի 7: Այդ միամսյակի ժամանակ Դուք, օրինակ, Ձեր նկատմամբ տղամարդկանց կողմից հատուկ վերաբերմունք զգո՞ւմ եք, թե՞ այդ ամենը ընդամենը ձեւական բնույթ է կրում:

- Մենք ծանրամարտի դահլիճից գրեթե ոչ մի տեղ չենք գնում եւ չգիտենք, թե դա ինչ է:

- Ոմանք ասում են, որ ծանրամարտը կանանց, աղջիկներին զրկում է կանացիությունից, սակայն ես շատ ծանրամարտիկ գեղեցկուհի կանանց ու աղջիկների գիտեմ, եւ Դուք ու Նազիկ Ավդալյանը նրանց թվում եք: Բայց ամեն դեպքում շրջապատում ինչպե՞ս է ընկալվում Ձեր մարզաձեւը: Ճանաչողները, իհարկե, արդեն ճանաչում են, իսկ երբ Ձեզ նոր են ներկայացնում, մարդկանց վերաբերմունքի մեջ ինչ-որ փոփոխություն նկատո՞ւմ եք:

- Փոփոխություն զգում ենք խոսքերի միջոցով. ասում են` կարող է մի հատ խփի, մեզ մի բան լինի:

- Տղամարդու մեջ ամենաշատ ի՞նչն եք գնահատում:

- Հոգատարությունը, ազնվությունը եւ, ամենակարեւորը, հավատարմությունը:

- Ամենաշատ ի՞նչ ճաշատեսակ եք սիրում: Դուք սիրո՞ւմ եք խոհանոցը, ճաշ պատրաստելը:

- Ընդհանրապես խոհանոցից հեռու եմ, սիրում եմ պիցցա` կոկա-կոլայի հետ:

- Իսկ Ձեր ընտանիքը մե՞ծ է:

- Չորս քույրերս եւ ծնողներս:

- Ծնողները սպորտի հետ կապ ունեցե՞լ են:

- Հայրիկս ըմբշամարտով է զբաղվել, հորեղբայրս, հորաքույրս էլ սպորտով զբաղվել են, սակայն ծանրամարտից հեռու են եղել:

- Ինչպես ասացիք, խաղում եք բասկետբոլ, ֆուտբոլ, վոլեյբոլ, իսկ գիրք կարդալու, կինո, թատրոն հաճախելու ժամանակ գտնո՞ւմ եք, ինչպիսի՞ երաժշտություն եք լսում:

- Ինչպիսի երաժշտություն լսելը կախված է տրամադրությունից. ամեն տրամադրություն իրեն հարմար երաժշտություն է պահանջում: Մեկ ամիս առաջ` ուսումնամարզական հավաքների ժամանակ, կարդացել եմ «Պապ թագավոր»-ը: Իսկ կինո, թատրոն հաճախելու ժամանակ չենք գտնում ընդհանրապես:

- Վերջին տվյալներով` Նազիկ Ավդալյանը վնասվածքից ամբողջությամբ չէր ապաքինվել եւ չէր մասնակցելու Հայաստանի առաջնությանը, սակայն մասնակցեց եւ հաղթեց:

- Նազիկի վնասվածքը, կարելի է ասել, արդեն բուժվել է:

- Եթե աղջիկ ունեցաք, կցանկանա՞ք, որ նա զբաղվի ծանրամարտով:

- Ոչ, չեմ ուզի. ամեն դեպքում ծանրամարտը շատ ծանր մարզաձեւ է:

- Իսկ եթե տղա ունենաք, կցանկանա՞ք, որ նա զբաղվի ծանրամարտով:

- Ժամանակը ցույց կտա:

- Իհարկե, գուցե հարցը ժամանակին չէ, բայց ամեն դեպքում` քանի՞ երեխա կցանկանայիք ունենալ:

- Կարելի է ասել` ամեն մեկից մի հատ (ծիծաղում է- Ռ. Թ.):

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

Թյուր կարծիքներ ծանրամարտի մասին

Ներկայացնում ենք որոշ թյուր կարծիքներ ծանրամարտի, իբր, վնասի վերաբերյալ, որոնք հերքվում են մասնագետների կողմից:

Կարծիք առաջին` մանկությունից ծանրամարտով զբաղվող մարզիկները կարճահասակ են մնում: Սա շատ սխալ կարծիք է: Ծանրություններով զբաղվելը ոչ միայն չի խանգարում, այլ նույնիսկ օժանդակում է հասակի աճին: Պետք է հաշվի առնել, որ ծանրամարտիկների միջին հասակը 170-190 սմ է, իսկ դա բոլորովին էլ կարճահասակ լինելու նշան չէ:

Ծանրաձողով վարժությունները վնասակար են ողնաշարի եւ հոդերի համար: Այդ հարցում շատ բան կախված է մարզչից: Փորձված մասնագետը առաջին հերթին կհենվի մեջքի մկանների զարգացման վրա, որից հետո կանցնի ավելի լուրջ մարզումների, ընդ որում, աստիճանաբար: Հարկավոր է նաեւ չափավորել ծանրաբեռնվածությունը: Ավելին` կարող են որոշ հիվանդություններ բուժվել:

Ծանրամարտով զբաղվող կանանց մարմինը փոխվում է եւ ավելի է հիշեցնում տղամարդու մարմնի: Նման փոփոխություններ կարող են լինել միայն անաբոլիտիկ պրեպարատների չչափավորված գործածության դեպքում:

Ծանրամարտով զբաղվող կանայք չեն կարող ծննդաբերել: Հետազոտությունների համաձայն` հենց ծանրամարտիկ կանայք, ում մոտ լավ զարգացած են որովայնի մկանները, ծննդաբերության ժամանակ դժվարություններ չեն ունենում: Ավելին` շատ ծանրամարտիկ կանայք հաջող ծննդաբերությունից հետո վերադարձել են մեծ սպորտ եւ հասել լավ արդյունքների:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում