livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

meline-1Կանանց ծանրամարտի մասին եղել են եւ այսօր էլ կան տարբեր կարծիքներ: Ոմանք ասում են, որ այն բոլորովին էլ կանացի մարզաձեւ չէ: Կա կարծիք, ըստ որի` մանկությունից ծանրամարտով զբաղվող մարզիկները կարճահասակ են մնում: Սակայն, ըստ մասնագետների, ծանրություններով զբաղվելը ոչ միայն չի խանգարում, այլ նույնիսկ օժանդակում է հասակի աճին:

ՄԻ ՔԻՉ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ

Մեկ այլ կարծիքի համաձայն` ծանրամարտով զբաղվողները աչքի են ընկնում ավելորդ քաշով: Չնայած շատ բան կախված է մարդու օրգանիզմի գիրանալու, այսպես ասած, նախատրամադրվածությունից, ճիշտ ծանրաբեռնվածության դեպքում դժվար թե մարզիկը չափազանց խոշոր չափսերի հասնի:

Իսկ այն հարցում, որ ծանրաձողով վարժությունները վնասակար են ողնաշարի եւ հոդերի համար, շատ բան կախված է մարզչից: Փորձված մասնագետը առաջին հերթին հենվում է մեջքի մկանների զարգացման վրա, որից հետո աստիճանաբար անցնում է ավելի լուրջ մարզումների: Հարկավոր է նաեւ չափավորել ծանրաբեռնվածությունը: Ավելին` կարող են որոշ հիվանդություններ բուժվել: Պարապմունքների սխեման կազմելիս մարզիչը անպայման նկատի է ունենում կանանց օրգանիզմի առանձնահատկությունները: Հարկավոր է հիշել, որ բնությունից կինը ավելի թույլ է: Կա նաեւ կարծիք, որ ծանրամարտով զբաղվող կանանց մարմինը փոխվում է եւ ավելի է հիշեցնում տղամարդու մարմնի: Նման փոփոխություններ կարող են լինել միայն անաբոլիտիկ պրեպարատների չչափավորված գործածության դեպքում:

Ոմանք ավելի հեռուն են գնում` նշելով, որ ծանրամարտով զբաղվող կանայք չեն կարող ծննդաբերել: Սակայն համապատասխան հետազոտությունները ցույց են տվել, որ հենց ծանրամարտիկ կանայք, ում մոտ լավ զարգացած են որովայնի մկանները, ծննդաբերության ժամանակ դժվարություններ չեն ունենում: Ավելին` շատերը հաջող ծննդաբերությունից հետո վերադարձել են մեծ սպորտ եւ հասել լավ արդյունքների: Կանանց աշխարհի անդրանիկ առաջնությունը տեղի է ունեցել 1987 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 1-ը` ԱՄՆ-ի Դայթոնա Բիչ քաղաքում: Առաջնությանը մասնակցել են 22 երկրների հարյուր ծանրորդուհիներ` ինը քաշային կարգերում: Ութ քաշային կարգերում հաղթանակ տարան Չինաստանի մարզուհիները, եւ նրանց հաղթարշավը շարունակվում է մինչեւ այսօր: 1987 թվականից մինչեւ 1998 թվականը կանայք մրցում էին ինը քաշային կարգերում` մինչեւ 46 կգ, 46 կգ-ից մինչեւ 50 կգ, 54 կգ, 59 կգ, 64 կգ, 70 կգ, 76 կգ, 83 կգ եւ 83 կգ-ից ծանր: 1998 թվականի հունվարի 1-ից կանանց համար մտցվեց յոթ քաշային կարգ` մինչեւ 48 կգ, 53 կգ, 58 կգ, 63 կգ, 69 կգ, 75 կգ եւ 75 կգ-ից ծանր:

Հայաստանի մարզուհիներից առաջինը կանանց աշխարհի առաջնությանը մասնակցել է Հռիսփսիմե Խուրշուդյանը, ով կանադական Վանկուվեր քաղաքում 2003 թվականին կայացած կանանց աշխարհի 16-րդ առաջնությունում 63 կգ քաշային կարգում գրավեց 20-րդ հորիզոնականը: Նա այդ մրցումների ժամանակ ընդամենը 16 տարեկան էր եւ նույն` 2003 թվականի երիտասարդների առաջնությունում գրավել էր 7-րդ տեղը, իսկ Եվրոպայի աղջիկների առաջնությունում (մինչեւ 17 տարեկանների միջեւ) հայ մարզուհիներից առաջինը նվաճել է չեմպիոնի կոչումը:

 

ԿԱՆԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ  

Այսօր մենք խոսելու ենք Մելինե Դալուզյանի մասին: Տեղեկացանք, որ նա մարզվում է Ծաղկաձորում, ուստի նախ զրուցեցինք ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ ԱՐՏԱՇԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ.

meline-3- Մարտի 5-ից գտնվում ենք Ծաղկաձորում, որտեղ մինչեւ մարտի 24-ը հավաք ենք անցկացնելու` Լոնդոնի Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով: Հավաքին մասնակցում են Մելինե Դալուզյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը: Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ բոլորը տեսան, թե ինչպիսի վնասվածք ստացավ Հռիփսիմեն եւ անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին Մոսկվայում արմունկի վիրահատություն տարավ: Մելինեի ծունկն էր վնասված, ու նա էլ ծնկի վիրահատության ենթարկվեց: Լուրջ վիրահատություններ էին, որոնցից հետո, բնականաբար, ամիսուկես-երկու ամիս էր անհրաժեշտ, որպեսզի փոքր-ինչ վերականգնվեն եւ վերսկսեն մարզումները: Հիմա մարզվում են, երկուսի մարզավիճակն էլ առաջին փուլի համար շատ լավ է, ամեն ինչ, փառք Աստծո, լավ է ընթանում... Մենք կթողնենք Ծաղկաձորը եւ մոտավորապես մեկշաբաթյա ընդմիջումից հետո նորից կսկսենք հավաքները: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հետ կմտածենք, թե որտեղ անցկացնենք երկրորդ, ապա հաջորդ փուլերը:

- Որքան տեղյակ ենք մամուլից, որոշել եք, որ Հայաստանի կանանց հավաքականը չի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

- Կանանց հավաքականը չի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որովհետեւ, ինչպես արդեն նշեցի, մեր առաջատար երկու մարզուհիները վնասվածքներ ունեին, եւ չէինք հասցնի մինչեւ Եվրոպայի առաջնություն լավագույն արդյունքներ ցույց տալ: Բացի այդ, Եվրոպայի առաջնությանը մասնակցելը պիտի խանգարեր Օլիմպիական խաղերին լավ նախապատրաստվելուն: Երկու օլիմպիական վարկանիշ ունենք: Հուսով ենք, որ Հռիփսիմեի ու Մելինեի մոտ ամեն ինչ լավ կլինի, նրանք կմեկնեն Լոնդոն ու բարձր արդյունքներով կուրախացնեն մեր մարզասերներին:

 

«ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՎԱՐԵԼ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ» 

 

Ապա զրուցեցինք ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆԻ հետ: Նա ծնվել է 1988 թվականի ապրիլի 20-ին` Լենինական (Գյումրի) քաղաքում:

- Ո՞ր թվականից եք զբաղվում ծանրամարտով, ո՞ւմ մոտ, ի՞նչ հաջողությունների եք հասել:

- 2002 թվականից սկսել եմ մարզվել Արտաշես Ներսիսյանի մոտ: 2003 թվականին կայացած Եվրոպայի աղջիկների առաջնությունում (մինչեւ 17 տարեկանների միջեւ) զբաղեցրել եմ չորրորդ հորիզոնականը: Հաղթող ճանաչվեցի 2005 թվականի Եվրոպայի պատանիների առաջնությունում, 2006 թվականին կանանց Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեցի 4-րդ հորիզոնականը, դարձա Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, աշխարհի առաջնությունում նվաճեցի բրոնզե մեդալ: 2007 թվականի կանանց աշխարհի առաջնությունում գրավեցի չորրորդ տեղը, Եվրոպայի մեծահասակների առաջնությունում հռչակվեցի չեմպիոն, իսկ երիտասարդասկան առաջնությունում նվաճեցի արծաթե մեդալ: 2008 թ. կանանց Եվրոպայի չեմպիոն դարձա, բայց հիվանդության պատճառով չմասնակցեցի Պեկինի Օլիմպիական խաղերին: 2009-ի աշնանը նոր միայն սկսեցի մարզվել, աշխարհի առաջնությունում գրավեցի 6-րդ, Եվրոպայի առաջնությանը` չորրորդ տեղը, 2010 թվականի ապրիլին Եվրոպայի առաջնությունում արժանացա արծաթե մեդալի, նույն թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր եմ դարձել:

- Ձեր ծնողները սպորտի հետ կապ ունե՞ն: Քույր, եղբայր ունե՞ք:

- Չէ, ծնողներս կապ չունեն սպորտի հետ ընդհանրապես, ունեմ երկու քույր, մեկ եղբայր: Միայն եղբայրս է զբաղվել սպորտով` ծանրամարտով, բայց հիմա բանակում է:

- Բացի ծանրամարտով զբաղվելը, այլ մարզաձեւով զբաղվե՞լ եք...

meline-2- Գրեթե բոլոր մարզաձեւերով էլ զբաղվել եմ, բայց հիմնականում ինձ գրավել է միայն ծանրամարտը: Ի դեպ, դպրոցում եմ շատ լավ սովորել, գերազանց եմ ավարտել, բայց ավելի շատ սպորտի նկատմամբ հակում ունեի, քան թե սովորելու: Ավարտել եմ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ֆիզկուլտուրայի բաժինը, հիմա սովորում եմ «Հայբուսակ» համալսարանի իրավաբանական բաժնում:

- Եթե լավ եք սովորել, բնական է, գրականության նկատմամբ սեր կունենաք: Ազատ ժամերին ինչո՞վ եք զբաղվում:

- Հիմնականում գիրք եմ կարդում եւ երաժշտություն լսում:

- Ի՞նչ հեղինակներ եք կարդում: Դետեկտիվ կարդո՞ւմ եք: Կինո, թատրոն հաճախո՞ւմ եք:

- Վահան Տերյան եմ շատ սիրում: Ավելի շատ սիրում եմ այնպիսի գրականություն, որը ֆանտաստիկայի հետ կապ չունի: Ազատ ժամերին հիմնականում փորձում եմ հանգստանալ, որովհետեւ մարզումների գրաֆիկը շատ խիտ է. օրական երկու մարզում եմ անցկացնում: Եվ դրանց միջեւ ընկած ժամանակահատվածում  հազիվ հասցնում եմ մի քիչ հանգստանալ:

- Իսկ խոհանոց, ճաշ պատրաստել սիրո՞ւմ եք: Ի՞նչ ճաշատեսակ եք նախընտրում պատրաստել:

- Հիմնականում ինքս ինձ համար եմ պատրաստում: Ամեն ինչ էլ կարող եմ պատրաստել, բայց եթե միայն ես եմ այն ուտելու:

- Իսկ մյուսների համար երեւի Ձեր մա՞յրն է պատրաստում:

- Ես հիմա ծնողներիցս առանձին եմ ապրում:

- Աղջիկների, կանանց մոտ ո՞ր հատկանիշն եք ավելի շատ գնահատում: Իսկ տղաների մո՞տ:

- Կանանց մոտ, երեւի, համեստությունը, իսկ տղամարդկանց մոտ, երեւի, հասկացողությունը եւ ֆիզիկական ուժը:

- Մարտի 8-ը անցավ, հիմա, այսպես կոչված, կանանց միամսյակն է: Մարտի 8-ին ամենաշատ ի՞նչ եք սիրում, որ Ձեզ նվիրեն, եւ յուրահատուկ, հետաքրքիր բան նվիրեցի՞ն:

- Ես ընդհանրապես նվերներ ստանալ չեմ սիրում, եւ դա բոլորն էլ գիտեն:

- Ես, օրինակ, հենց նոր իմացա: Զգո՞ւմ եք, որ իսկապես կանանց միամսյակ է, տղամարդկանց ուշադրության կենտրոնում եք գտնվում...

- Ես դա մի քիչ զգում եմ Մարտի 8-ին եւ Ապրիլի 7-ին, իսկ  այդ միամսյակի մյուս օրերին ընդհանրապես որեւէ առանձնահատուկ ուշադրություն չեմ էլ զգում:

- Ավտոմեքենա վարո՞ւմ եք, ի՞նչ ավտոմեքենա ունեք:

- Իմ բոլոր մեքենաները վաճառել եմ. ընդհանրապես ավտոմեքենա վարել չեմ սիրում:

Պատրաստեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում