olimp1Հուլիսի 27-ին Լոնդոնում մեկնարկում են ամառային Օլիմպիական խաղերը, որին կմասնակցեն նաեւ հայ մարզիկ-մարզուհիները: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը հրապարակել է այն մարզիկների անունները, ովքեր ներկայացնելու են Հայաստանը համաշխարհային այդ գլխավոր մարզահանդեսում:

Ըմբշամարտ` ազատ ոճ` Միհրան Ջաբուրյան (55 կգ), Դավիթ Սաֆարյան (66 կգ), Հաջիմուրադ Նուրմուհամեդով (84 կգ), հունահռոմեական ոճ` Հովհաննես Վարդերեսյան (66 կգ), Արսեն Ջուլֆալակյան (74 կգ), Արթուր Ալեքսանյան (96 կգ), Յուրի Պատրիկեեւ (120կգ):  

Ձյուդո` Հովհաննես Դավթյան (60 կգ), Արմեն Նազարյան (66 կգ):

Լող` Միքայել Քոլոյան, Անահիտ Բարսեղյան:

Հրաձգություն` Նորայր Բախտամյան:  

Բռնցքամարտ` Անդրանիկ Հակոբյան (75 կգ):

Մարմնամարզություն` Արթուր Դավթյան:

Թաեքվանդո` Արման Երեմյան (80 կգ):

Աթլետիկա` Մելիք Ջանոյան, Քրիստինե Հարությունյան, Վարդան Փահլեւանյան, Արսեն Սարգսյան:

olimpՀնարավոր է նաեւ, որ նշված մարզիկների շարքը համալրեն եւս երկու աթլետներ: Նախատեսված է վազորդուհի Ամալյա Շառոյանի մասնակցությունը Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային մրցաշարում եւ ՌԴ բաց առաջնությունում, իսկ գյումրեցի Սեւակ Եղիկյանը ուղեգրի համար պայքարեց Իսպանիայում հուլիսի  5-ին կայացած  մարաթոնյան վազքում: Ընդհանրապես աթլետների վարկանիշային մրցումները իրար կհաջորդեն մինչեւ հուլիսի 18-ը:

Հայտնի է նաեւ Հայաստանի` Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցող ծանրամարտի հավաքականի կազմը: Կարեւոր ստուգատեսին կմասնակցեն Առաքել Միրզոյանը (69 կգ), Տիգրան Գ. Մարտիրոսյանը (77 կգ), Արա Խաչատրյանը (85 կգ) եւ  Նորայր Վարդանյանը (94 կգ), պահեստային կլինի Վանիկ Ավետիսյանը (69 կգ), իսկ կանանց մրցաշարին կմասնակցեն Մելինե Դալուզյանը (69 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ), պահեստային կլինի Իզաբելլա Յայլյանը (56 կգ):

Մենք ցանկացանք տեղեկանալ, թե ինչպես է նախապատրաստվում այդ կարեւորագույն ստուգատեսին մեր հավաքականը ու նախ զրուցեցինք ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ ԱՐՏԱՇԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:

- Ինչպե ՞ս է ընթանում կանանց հավաքականի նախապատրաստական փուլը, որտե ՞ղ եք հավաք անցկացնում:

- Մենք հիմա գտնվում ենք Ծաղկաձորի մարզաբազայում, հավաքներ ենք անցկացնելու մինչեւ հուլիսի 4-ը (հարցազրույցը կայացել է ավելի վաղ.- Ռ. Թ.), հուլիսի 4-ին վերադառնալու ենք տուն, իսկ արդեն հուլիսի 7-ից մեկնելու ենք Ռուսաստանի Դաշնություն` Պոդոլսկ, որտեղ ուսումնամարզական հավաքներ կանցկացնենք մինչեւ հուլիսի 25-ը: Հուլիսի 25-ին արդեն այնտեղից միանգամից Լոնդոն ենք գնալու:

- Իսկ ե ՞րբ են աղջիկները հանդես գալու:

- Մելինե Դալուզյանը ելույթ կունենա օգոստոսի 1-ին` ժամը 13-ն անց 30 րոպեին, նույն օրը` ժամը 17-ին ելույթ կունենան նաեւ Տիգրան Մարտիրոսյանն ու Առաքել Միրզոյանը:

- Իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը ո ՞ր քաշային կարգում հանդես կգա:

- Հռիփսիմեն հանդես է գալու +75 կգ քաշային կարգում` ծանր քաշում, օգոստոսի 6-ին:

- Երկուսն էլ վնասվածքներ ունեին, ամբողջովին ապաքինվե ՞լ են: Ընդ որում, Հռիփսիմեի վնասվածքը մի քիչ ավելի ծանր էր:

- Երկուսն էլ ամբողջովին ապաքինվել են, շատ լավ են: Շնորհակալություն մեր օլիմպիական կոմիտեին, որ ժամանակին Մոսկվայում արվեց վիրահատություն, ոչ մի բան չխնայեցին, հիմա էլ ամեն ինչ նորմալ է, Հռիփսիմեն բարձրացնում է այն նույն կիլոգրամները, որը միշտ էլ արել է, այսինքն` լավագույն մարզավիճակում է:

olimp2- Ի ՞նչ ակնկալիք ունեք, ուսումնասիրե ՞լ եք մեր աղջիկների մրցակցուհիների արդյունքները:

- Կարեւորը` անփորձանք տեղ հասնենք, անփորձանք դուրս գանք մրցահարթակ, ու, եթե այնտեղ Հռիփսիմեն եւ Մելինեն իրենց հնարավորությունները մինչեւ վերջ օգտագործեն, իմ կարծիքով, լավ կլինի. երկուսն էլ մեդալ կնվաճեն: Իհարկե, կրկնում եմ, դա` այն դեպքում, եթե կարողանան անել այն, ինչի ի վիճակի են, որեւէ խանգարող հանգամանք չլինի:

- Իսկ աղջիկների տրամադրությունը ե'ւ մարզական, ե'ւ, այսպես ասած, աղջկական առումներով նորմա ՞լ է:

- Լավ է, լավ է, ամեն ինչ նորմալ է, երբեւիցե այսպես լավ չի եղել, իրենք քաջ գիտակցում են ե'ւ պատասխանատվությունը, ե'ւ մրցումների կարեւորությունը: Մի խոսքով` շատ բարձր տրամադրությամբ պատրաստվում ենք Օլիմպիական խաղերին:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ
Հ.Գ.
Ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզչի հետ հարցազրույցի շարունակությունը, ինչպես նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանի հետ հարցազրույցը կարդացեք կանանց ՙԶարուհի՚ հանդեսի հուլիսյան համարում: