livemarks sitemap
Չորեքշաբթի, Մայիսի 27, 2020

sportՀուլիսի 27-ին մեկնարկող Լոնդոնի Օլիմպիական խաղերից առաջ երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆՆ անդրադարձավ հայ օլիմպիականներին,  նախապատրաստական աշխատանքներին, պարգեւավճարներին, նաեւ վստահեցրեց, որ մեր մարզիկներն արգելված խթանիչների հետ կապված խնդիրներ չեն ունենա:

Լրագրողները ցանկացան իմանալ, թե ՀԱՕԿ գլխավոր քարտուղարին բավարարո՞ւմ է այն փաստը, որ Հայաստանն այդ կարեւորագույն մարզական ստուգատեսին ներկայանալու է 25 մասնակցով: ՙՄիակ ֆիասկոն կարելի է համարել հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանի ուղեգիր չնվաճելը: Իհարկե, ձգտում էինք ավելի շատ մարզիկ ունենալ, սակայն կարծում եմ` 25 մարզիկն օրինաչափ է: Սպիտակ քարտերով կարելի է մինչեւ 30 հասցնել, բայց...՚:

Հ. Ռոստոմյանը, պատասխանելով այն հարցին, թե ովքեր են մեդալների հավակնորդները, եւ քանի մեդալ կարելի է ակնկալել, նշեց. ՙՎարկանիշ ձեռք բերած յուրաքանչյուր մարզիկից մեդալ ենք ակնկալում: Կոնկրետ մեդալների քանակ նշել նույնպես չեմ կարող: Ամեն ինչ պետք է անենք, որ նախորդ Օլիմպիական խաղերից ավելի հաջող հանդես գանք: Եթե ցանկանում եք` կարող եմ ասել, որ ասենք, 10-րդ տեղն ենք գրավելու, եւ բոլորն ուրախանան, բայց ես դեմ եմ կանխագուշակություններ անելուն: Այսքան ժամանակ, կարծեմ, միայն ութոտնուկ Պաուլին է հաջողվել անսխալ գուշակություններ անել՚:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ բոլորն էլ մասնակցել են ուսումնամարզական հավաքների, մարզիկներին պատշաճ ձեւով ժամանակակից վերականգնող դեղորայքներով եւ վիտամիններով բուժօգնություն է ցուցաբերվել. ՙԱռաջին անգամ օգտագործել ենք նաեւ հոգեբաններին, հոգեբանական խորհուրդ ենք ստեղծել, աշխատանք է տարվել, տարվում է, հոգեբանները մարզիկների հետ կլինեն նաեւ Լոնդոնում: Իսկ դա, իմ համոզմամբ, պետք է դրական արդյունք տա: Ե'վ բժիշկ կա, ե'ւ մերսող... Բոլոր տեխնիկական հարցերը լուծվել են: Օլիմպիական կոմիտեն ամեն ինչ արել է, որ մեր մարզիկները մեդալներով վերադառնան Լոնդոնից՚:

Բնական է, լրագրողներին հետաքրքրում էր նաեւ հաջողության, հաղթանակի ֆինանսական կողմը. ՙԱրդեն տեղեկացրել ենք, որ կառավարության որոշման համաձայն` ոսկե մեդալակիրը կպարգեւատրվի 20 միլիոն դրամով, արծաթե եւ բրոնզե մեդալակիրները համապատասխանաբար 15 եւ 10 մլն դրամ պարգեւավճար կստանան: Իսկ Օլիմպիական կոմիտեն կրկնապատիկ ավելին կպարգեւատրի մեդալակիրներին, մարզիչները կստանան իրենց սաների վաստակածի 50 տոկոսը: Պարգեւների կարժանան նաեւ բժիշկները, մերսողները, հոգեբանները, ողջ անձնակազմը, իհարկե, տարբեր տոկոսային հարաբերություններով: Այլ կազմակերպություններ էլ կան, որոնք հաղթողներին պարգեւավճար են խոստացել: Բնական է, անհատները, բարեգործներն էլ կպարգեւատրեն մարզիկներին՚:

Մեր գործընկերներից մեկին հետաքրքրում էր այն հարցը, թե մեր մարզիկները խթանիչների հետ կապված խնդիր չե՞ն ունենա: ՙՎստահեցնում եմ, որ նման խնդիր չենք ունենա: ՄՕԿ-ը պարտադրում է, որ մինչեւ Օլիմպիական խաղերը մարզիկները 3 թեստ հանձեն, մենք յուրաքանչյուրից 6 թեստ ենք վերցրել, ընդհանուր առմամբ, ավելի քան 170 թեստ, իսկ դրանցից յուրաքանչյուրը 550 եվրոյին համարժեք դրամ արժե: Ի դեպ, մենք ինքներս ենք այլ երկրների մարզիկներից թեստեր վերցրել, եւ, երբ օլիմպիական գյուղում էլ ստուգեն, վստահեցնում եմ` նման խնդիր չենք ունենա՚:

Ասուլիսի ժամանակ նաեւ տեղեկացանք, որ ՀՀ կառավարությունն Օլիմպիական խաղերին մասնակցելու համար 180 մլն դրամ է հատկացրել, իսկ Օլիմպիական կոմիտեն շատ ավելի է ծախսել:

ՙՀայաստանից մոտ 50 երկրպագու կմեկնի Լոնդոն, բայց այնտեղ 250-300 իսկական մարզասեր անհամբերությամբ սպասում է մեր մարզիկներին: Նրանցից շատերը ոգեշնչող նամակներ են ուղարկել մեզ: Հուլիսի 28-ին հայ համայնքի հետ հանդիպումն է, հուլիսի 29-ին նշվելու է ՙՀայաստանի օրը՚: Այդ օրը տեղի հայկական եկեղեցու տարածքում կներկայացվեն Հայաստանի մշակույթը, ավանդույթները, սպորտի պատմությունը՚:

Մեր փորձառու գործընկերներից մեկին հետաքրքրում էր այն հարցը, թե ինչպես է ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը համատեղելու իր աշխատանքը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի, ինչպես նաեւ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնների հետ: ՙԱնկեղծ ասած, այդ հարցի շուրջ ինքս էլ եմ մտածել, որովհետեւ օրական 12-13 ժամ շենքում եմ կամ մեկնում եմ մարզեր, տարբեր միջոցառումների եմ փորձում ներկա գտնվել, եւ, իհարկե, ծանրաբեռնվածությունը մեծ է: Ու, եթե գա այն պահը, երբ զգամ, որ մեկը մյուսին խանգարում է, ինքս գիտակից մարդ եմ եւ թույլ չեմ տա, որ իմ պատճառով մի քանի հոգի տուժեն: Այս պարագայում` մարզաձեւը: Ինքս բասկետբոլ շատ եմ սիրում, եւ անհնարին է, որ բասկետբոլին վնաս տամ: Եթե զգամ` ժամանակս չի ներում, որպեսզի նաեւ բասկետբոլով զբաղվեմ, բասկետբոլից կհրաժարվեմ: Բայց այս պահին դեռ, իմ կարծիքով, դրա անհրաժեշտությունը չկա՚,- նշեց Հ. Ռոստոմյանը:  

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում