livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

Շիկահեր Մարինան, որը  իրականում սեւահեր է, որը կապուտաչյա չէ ու Սինդի Քրոֆորդից գեղեցիկ խալ ունի, իրականում դերասանուհի եւ Էդգար Էլբակյան թատրոնի գեղարվեստական ղեկավար ԼԻԼԻ ԷԼԲԱԿՅԱՆՆ է: Ու ինչպես դերասանուհին նշեց, չէր համաձայնվի նկարահանվել այդ գովազդում, եթե քիչ գումար առաջարկեին: Պարզվում է, Լիլին շատ է նեղսրտել, երբ իրեն սկսել են ճանաչել՝ որպես երգիչ, դերասան Արսեն Գրիգորյանի «Հինգ րոպե» տեսահոլովակում վազող աղջիկ. «Մինչ այդ տեսահոլովակում նկարահանվելը շատ դերեր էի խաղացել: Ասում էի՝ այդքան գործ եմ արել, ու ինձ փողոցում տեսնելիս ասում են. «Վայ, էս են վազող աղջիկն է»: Հեռուստատեսությունը ավելի արագ է ճանաչում բերում, քան թատրոնը»:

 

- Տաղանդավոր դերասաններ Արմեն եւ Աննա էլբակյանների դուստր լինելը Ձեզ խանգարե՞լ, թե՞ օգնել է դառնալ ճանաչված:

- Ե՛ւ շատ լավ, ե՛ւ շատ դժվար է ու պատասխանատու, որովհետեւ միշտ կա համեմատություն եւ միշտ էլ եղել է: Շատերն ասում են՝ մամայի ձայնն ունեմ, բեմադրելիս էլ, ասում են, պապային ես նման: Երբ միշտ լինում է այդ համեմատությունը, մեկ-մեկ վախենում եմ, ուզում եմ լավ ներկայանալ, որ հանկարծ իմ ծնողների բարձր անունը չգցեմ: Բայց երեւի դա ուժ տվեց ինձ՝ ուսանողական տարիներին ինքս ինձ վրա ավելի շատ աշխատելու, որովհետեւ առաջ գնալ ազգանունով կամ ծանոթի միջոցով ճիշտ չէ: Շատերին թվում էր, որ իմ ճանապարհը ավելի հեշտ կլինի, բայց ավելի դժվար էր, որովհետեւ ե՛ւ ինստիտուտում, ե՛ւ թատրոնում ինձանից ավելի շատ էր պահանջվում, ու խիստ էին մոտենում, քան իմ համակուրսեցիներին, որոնց կարելի էր սխալվել, իսկ ինձ` ամոթ էր: Շատ բաներ սովորել եմ ծնողներիցս՝ թե՛ որպես արվեստագետ, թե՛ որպես ծնող եւ թե՛ որպես ընտանիք: Մեր ընտանիքը շատ բաների միջով է անցել՝ ե՛ւ սխալներ են եղել, ե՛ւ թերություններ, նույնիսկ առավելություններ, որոնք ես տեսել եմ ու հիմա փորձում եմ կիրառել իմ ընտանիքում:

- Իսկ ի՞նչ եք կարծում, շուտ չե՞ք ամուսնացել:

- Հայ աղջկա համար, կարծում եմ, շատ ուշ եմ ամուսնացել: Ասում են՝ չէ  հայ աղջիկը պետք է ամուսնանա 18 տարեկանում, բայց ես կարծում եմ, որ շուտ եմ ամուսնացել: Չնայած մայրս 17 տարեկանում է ամուսնացել:

- Ձեր ծանոթներից ի՞նչ արձագանքներ էիք լսում, երբ իմանում էին, որ Լիլի Էլբակյանի ընտրյալը ռեփեր Համոն է:

- Մեր մեջ ամեն ինչ շատ արագ եղավ, ու ես նույնիսկ չհասցրեցի լսել ինչ-որ լուրեր: Ինքս էլ թույլ չտվեցի ինձ լսել բացասական կարծիքներ, որովհետեւ ես սիրահարված էի: Չնայած գիտեմ, որ շատ շատերը գուցե զարմանային: Մեր ծանոթությունից հետո մտածում էի, որ մենք համապատասխան զույգ չենք, ու Համոն անընդհատ ինձ համոզում էր ու հակառակն ապացուցում: Բայց ինչն է հետաքրքիր, որ մեզ հետ շփված մարդիկ հետո արդեն, երբ ինձ ու Համոյին տեսնում էին միասին, ոչ ոքի մոտ հարց չէր առաջանում՝ ինչո՞ւ Համոն եւ ոչ՝ ուրիշը, որովհետեւ այնքան ենք իրար նման: Երբ ծանոթացա Համոյի մայրիկի հետ, շատ զարմացա, կարծես իմ ընտանիքի անդամը լիներ, այնքան նման էր իմ ծնողների մենթալիտետին ու մեր ընտանիքին: Միայն Հայաստանում է, որ մտածում են, եթե ոճը փողոցային է, նշանակում է՝ ինքն էլ է փողոցային: Երբ Համոյի հետ ծանոթացա, հասկացա, որ ինքն ամենակիրթ տղան է աշխարհում, ու գուցե նրա բառապաշարը չի համապատասխանում դրան, բայց կա չէ՞ ներքին կրթվածություն ու կուլտուրա, որը ոչ մեկին չես կարող սովորեցնել:

- Որքան գիտենք՝ ամուսնության առաջին օրվանից առանձին եք ապրում: Ինչպիսի՞ տանտիկին եք:

- Մենք ապրում ենք առանձին: Բայց մաման ինձ շատ է օգնում: Սկզբից  դժվար էր, որովհետեւ մինչ ամուսնանալս ես ընդհանրապես չէի հասցնում տանը ոչինչ անել: Սուտ կլինի, եթե ասեմ, որ մինչ ամուսնությունը շատ եմ եղել խոհանոցում: Ամուսնությունից հետո անընդհատ «օնլայն» մայրիկիս օգնությամբ էի կերակուր պատրաստում: Բայց հետաքրքիր է, դժվարություններ չեն առաջանում, երբ ամեն ինչ սիրով ես պատրաստում ու սիրում ես այն մարդուն, ում համար կերակուր ես պատրաստում: Որ փոքր էի, մաման ասում էր՝ կամուսնանաս հետո սովորելը դժվար կլինի: Ինձ համար կենցաղային գործերը հեշտ են լինում: Ես դա անում եմ շատ արագ, ձեռի հետ, ու հոգս չեմ անում ինձ համար: Օրինակ՝ մայրիկս ավելի շատ է սիրում ամեն ինչը տեղը տեղին անել: Ես էլ կարող եմ ասել, որ ամեն ինչ տեղը տեղին եմ անում, բայց այն անում եմ իմ գործերի արանքում: Կարեւորը այդ ամենը չի խանգարում աշխատանքիս: Հետո Համոն հրաշալի բնավորություն ունի, օրինակ՝ ես նախորդ օրվա ճաշ չեմ ուտում, Համոն հաճույքով ուտում է ու երբեք չի բողոքում:

- Իսկ ո՞րն է Ձեր ընտանիքի ամենասիրելի կերակրատեսակը, որն արդեն լավ եք պատրաստում, եւ համեղ է ստացվում:

- Քյուֆթան՝ վրան լցրած պանիր, սունկ, ու դնում եմ ջեռոցը: Չգիտեմ, շատ համեղ է ստացվում, համ էլ շատ հեշտ է պատրաստելը: Համոն ավանդական կերակրատեսակներ` դոլմա, հայկական ծանր ճաշեր, չի սիրում: Նախընտրում է ավելի թեթեւ կերակուրներ: Ես էլ աշխատում եմ՝ ինչ Համոն սիրում է, այն պատրաստել:

- Չնայած արդեն նշեցիք, որ հենց առաջին օրվանից հարազատ ջերմություն եք զգացել սկեսուրի հանդեպ, բայց  ինչպե՞ս են Ձեր հարաբերությունները:

- Համոյի մայրը բնավորությամբ շատ հանգիստ մարդ է ու երբեք իր կարծիքը չի փաթաթում դիմացինի վզին: Ասում է, դուք երիտասարդ եք, արեք էնպես, ինչպես ուզում եք: Դեռ չի եղել այնպես, որ նույն հարցում տարբեր կարծիք ունենանք: Միշտ համամիտ է լինում իմ կարծիքի հետ, ինչն ինձ ուրախացնում է: Կարելի է ասել՝ իրար լրացնում ենք, դրա համար կոնֆլիկտներ չեն առաջանում: Սկեսուրիս խորհուրդն էլ կարող է լինել. «Տա՛ք հագնվեք, որ չմրսեք»: Այն կարելի է ասել հարազատի վերաբերմունք է: Առաջին օրվանից ինձ ընդունել է այնպիսին, ինչպիսին ես կամ: Չնայած գիտենք, որ Հայաստանում դերասանուհի հարս ունենալը ուրիշ պատմություն է: Եթե խոսում ենք Համոյի ռեփեր լինելուց, ապա դերասանուհու դեպքում, երբ ֆիլմում համբուրվում ես ուրիշ տղամարդու հետ, շատ մարդկանց համար կարող է անընդունելի լինել: Բայց մեր մեջ նման խնդիրներ չեն առաջացել, եւ հետագայում էլ, կարծում եմ, չեն լինի: Համոն իր բնավորությամբ շատ նման է իր մայրիկին: Զարմանալի կթվա, եթե ասեմ, որ մենք դեռ ոչ մի անգամ չենք վիճել: Մայրս ասում է. «Ի՞նչ է, դու բողոքո՞ւմ ես դրա համար»: Ասում եմ՝ ոչ, բայց հետաքրքիր է՝ ինչն է լինելու վեճի պատճառը:

- Շատերը կասեն, որ Լիլին ամուսնուն դարձրեց դերասան: Բայց իրականում…

- Ընդհանրապես չէի ուզում՝ Համոն դերեր խաղար: Բայց նա այնքան շատ էր սիրում բեմն ու թատրոնը, որ այդպես ստացվեց: Ես դասավանդում եմ կինոյի եւ թատրոնի ինստիտուտում, եւ երբ մենք ընկերություն էինք անում, գալիս էր դասերիս ու ուսանողներից շատ էր սովորում: Այդ մեկ տարվա ընթացքում շատ բան սովորեց: Եվ եթե կան դերեր, որ ուսանողներ չեն ուզում խաղալ. հիմնականում Նոր տարվա ներկայացումներին դերասանները գլուխ են պահում, Համոն հաճույքով խաղում է: Օրվա մեջ հինգ անգամ էլ լինի՝ կխաղա, թեկուզ փոքր դեր:  Դրա համար ես չեմ դարձրել իրեն դերասան, ինքն է ընտրել: Ու հիմա նա ավելի շատ է սիրում թատրոնը, քան ես:

- Իսկ Լիլի Էլբակյան դերասանուհին ի՞նչպես է գնահատում Համո դերասանի խաղը:

- Հիմա չեմ ուզում Համոյին գովել, որովհետեւ կարծիք կստեղծվի, թե նստում ենք ու իրար գովում: Համոն հայրիկիս ու իմ պես մի գիծ ունի, որը ձեռքբերովի չէ: Դերասանի մասնագիտության մեջ դա ձեռք չեն բերում, այլ կա՛մ ի ծնե է լինում, կա՛մ էլ՝ ոչ: Ես դրան ասում եմ դերասանական թափ, այսինքն, որ կարողանաս դերը վերցնել ու տանել մինչեւ վերջ: Գուցե Համոն մանրուքների մեջ շատ չխորանա, բայց իր  հետեւից հանդիսատեսը գնում է: Նույնիսկ նկատել եմ, որ նրա ամեն խոսքի վրա հանդիսատեսի կողմից արձագանք է լինում, եւ դա հենց այդ թափի արդյունքն է: Շատ ուսանողների փորձեցինք դա սովորեցնել, բայց չստացվեց: Թատրոնն այսօր ունի երիտասարդ տղա դերասանների կարիք, ու Համոն մեր թատրոնում հիմա շատ օգտակար է:

- Պարզ է, որ շատ քիչ ազատ ժամանակ եք ունենում հանգստի համար, բայց հետաքրքիր է՝ երիտասարդ ամուսնացած զույգը ինչպե՞ս է կազմակերպում հանգիստը:

- Եթե զբոսնելուց շատ ենք հոգնում, տանն ենք անցկացնում: Աշխատում ենք հետաքրքիր անցկացնել մեր օրը: Շատ ընկերներ ունենք, իրենց հյուր ենք գնում, սիրում ենք կինո գնալ, մուլտեր նայել: Համոն շատ է սիրում ֆիլմեր, ես էլ ընկերակցում եմ իրեն: Կամ թատրոն ենք գնում:

- Ժողովրդական այսպիսի մի արտահայտություն կա՝ «Տան գլուխը պետք է տղամարդը լինի», իսկ Ձեր տա՞նը...

- Համոն ունի իր սկզբունքները, որոնք ես իմանալով երբեք չեմ անցնում: Գտնում եմ, որ դա ճիշտ է, որ տան գլուխը տղամարդն է, անգամ Աստվածաշնչում է դրա մասին ասվում: Ես, իմանալով իր բնավորությունը, երբեք չեմ անում այն, ինչը իրեն դուր չի գա: Պատահել է, որ ինձ բացատրել է՝ չի կարելիի պատճառները, եւ գիտակցելով չեմ արել:

- Վերջերս տեղի ունեցավ «Մոխրաման» ֆիլմի պրեմիերան, որտեղ գլխավոր հերոսուհին էիք: Կպատմե՞ք ֆիլմի մասին:

- Կարծում եմ՝ ֆիլմը ստացվել է: Իհարկե, սցենարով միշտ լրիվ ուրիշ պատկերացում  ես ունենում, խաղալիս՝ ուրիշ: Չեմ կարող ասել, թե շատ պրոֆեսիոնալ ֆիլմ է, որովհետեւ ուսանող է նկարահանել, բայց նաեւ չեմ կարող ասել, որ համարձակ չէ ու կարեւոր հարցեր չի բարձրացնում: Քանի որ ֆիլմը չի ֆինանսավորվել, պարզ է, որ որակապես հանդիսատեսին չի զարմացնի: Բայց, եթե ուսանողը ունի ասելիք ու չունի գումար եւ ուզում է ասել, դա հրաշալի է: Ես էլ սցենարը հավանեցի ու համաձայնվեցի նկարահանվել ֆիլմում:

- Սցենարը Ձեզ համար կարեւո՞ր է:

- Եթե արվեստագետը չի հետեւում մտքին, ուրեմն էլ ինչի համար է նա ստեղծագործում: Ինձ համար ամենակարեւրը միտքն է: Եթե ես թատրոնում եմ, ուրեմն պետք է հետեւեմ մտքին, խոսքին: Վերջերս մի երիտասարդ ներկայացումը դիտելուց հետո ասաց՝ ես հասկացա, թե հերոսը վերջում ինչ էր ուզում ասել: Երբ մարդը գալիս է թատրոն եւ  ներկայացումից ինչ-որ բան տանում է իր հետ ու ապրում այդ տողերով, դա արդեն հրաշալի է:

- Լիլի Էլբակյանի համար ավելի հարազատ է խաղալ բեմո՞ւմ, թե՞ ֆիլմի հրապարակում:

- Շատ տարբեր աշխարհներ են: Եթե թատրոնում անմիջապես շփվում ես հանդիսատեսի հետ, ֆիլմում ուրիշ է. դու ստեղծագործում ես ինքդ քո մեջ, բայց ֆիլմը մնայուն է: Ֆիլմում կարող ես նայել եւ շտկել քեզ: Բայց ես սիրում եմ թատրոնը, որովհետեւ էնտեղ եմ ծնվել ու մեծացել:  Չնայած թատրոնում բեմը մոտ է հանդիսատեսին, բայց բեմում ինձ ավելի ազատ եմ զգում: Ֆիլմում կաղապարված ես լինում:

- Անսպասելի ու գեղեցիկ անակնկալներ եղե՞լ են Ձեր երկրպագուների կողմից:

- Երկու տարի առաջ անծանոթ մի տղա սոցիալական ցանցով ինձ գրեց, որ գալու է իմ ներկայացմանը, ասացի՝ արի, գրեց՝ «Քեզ ի՞նչ ծաղիկ բերեմ», պատասխանեցի, որ չեմ սիրում ծաղիկներ: Իրոք, սիրում եմ հողով ծաղիկներ: Այդ տղան գրեց. «Որ ծաղիկ չես սիրում, այդ դեպքում ի՞նչ բերեմ», գրեցի՝ «Ձմերուկ» եւ դա գարնան սկիզբն էր, դեռ ձմերուկ չկար: Եվ այդ տղան եկավ ներկայացմանը մի փոքր ձմերուկով՝ վրան էլ շատ վատ Լիկա փորագրած: Ներկայացման վերջում բարձրացավ բեմ ու այդ ձմերուկը տվեց ինձ: Ամբողջ Կամերային թատրոնը ծիծաղում էր, բայց ես շատ հպարտ, ձմերուկով տուն եկա, կտրեցի, բայց, չգիտես ինչու, այդ ձմերուկից վարունգի համ էր գալիս:

Հ.Գ. Ի դեպ, մեր զրույցից մի քանի օր անց ԼԻԼԻ ԷԼԲԱԿՅԱՆԸ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը ստացավ «Տարվա լավագույն երիտասարդ բեմադրիչ» մրցանակը, ինչի առթիվ շնորհավորում ենք դերասանուհուն:

Զրուցեց ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում