livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

Luiza6Ամեն օր յուրաքանչյուր մարդու տրվում է սեփական կյանքը փոխելու հնարավորություն, որը շատերը անտեսում են: Երջանիկ լինելու համար ընդամենը պետք է գնահատել ունեցածը. ձգտել, չհանձնվել, պայքարել եւ հասնել նպատակին: Վառ կերպար, ուժեղ եւ իմաստուն կին, հաջողակ դերասանուհի, «Պահմտոցի +» հաղորդումից շատերին հայտնի, Երեւանի Կամերային թատրոնում բազմաթիվ կերպարներ մարմնավորած դերասանուհի ԼՈՒԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ «Զարուհու» հետ կիսվեց երջանկության իր բանաձեւով:

- Փոքր տարիքում ի՞նչ էիք երազում դառնալ:

- Երազում էի դիզայներ դառնալ` մոդելավորող: Հետո ուզում էի լինել թարգմանչուհի,

դրանով է պայմանավորված հումանիտար քոլեջ ընդունվելս եւ 8-րդ դասարանից պարսկերեն լեզու սովորելը: Դպրոցի ժամանակահատվածում մեկ անգամ թատրոնի բեմում լինելուց հետո վարակվեցի բեմի հիվանդությամբ, բեմի ցավով ու ընտրեցի այս ամենը:

- Կամերային թատրոնում ո՞րն է Ձեր առաջին դերը:

- Առաջին դերս խաղացել եմ անգլերեն լեզվով, «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ» ներկայացումը ամբողջությամբ պետք է անգլերեն լիներ, իսկ ես անգլերեն գիտեի:

- Կամերային թատրոնը երեք ներկայացումով հանդես եկավ ԱՄՆ-ում, որո՞նք էին այդ ներկայացումները, եւ հանդիսատեսը շա՞տ էր տարբերվում:

Luiza3- Լուսինե Երնջակյանի «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ», «Կառավարական համերգ» եւ «Ի զեն» ներկայացումներն էին: Իսկ հանդիսատեսը շատ ջերմ ու կարոտած էր, պարզապես հումորի տեսակետից տարբերություն կար, բեմում ներկայացված տարբեր իրավիճակներին այլ կերպ էին արձագանքում:

- Ինքներդ հանդիսատեսի կարգավիճակում հաճա՞խ եք գտնվում: Ո՞ր ներկայացմանն եք վերջին անգամ եղել:

- Շատ եմ սիրում լինել հանդիսատեսի կարգավիճակում, թողնում եմ մասնագիտականը մի կողմ եւ վայելում ներկայացումները: Վերջերս այցելեցի մի քանի ներկայացման` «Ջին ջան»-ը Ստանիսլավսկու անվան թատրոնում եւ Դրամատիկ թատրոնում ռեժիսոր Գուժ Մանուկյանի «Ռոմանտիկ կատակերգություն դրամատիկ թատրոնում» ներկայացումներին:

- Ի՞նչ եք զգում ամեն անգամ բեմ բարձրանալիս:

- Այն օրը, երբ ես առանց ներքին անհանգստության բարձրանամ բեմ, նշանակում է` այդ օրը պետք է փոխեմ մասնագիտությունս:

- Կա՞ն դերեր, որոնք փոփոխության են ենթարկվել՝ Ձեր սկզբունքներին դեմ լինելու պաճառով:

- Աշխատելով Կամերային թատրոնում` կնքել եմ իմ մահկանացուն. հետեւելով Կամերային թատրոնի ոճին, ժանրին՝ մենք հանդես ենք գալիս մեր անուններով, այսինքն՝ եթե ես հրաժարվեմ դերից կամ ինչ-որ փոփոխությունների ենթարկեմ այն, ինքս ինձնից, իմ տեսակից կհրաժարվեմ: Ռեժիսոր Արա Երնջակյանը, լինելով ժամանակակից հեղինակ, մեր տեսակից ելնելով է կերպարը ստեղծում: Իսկ ինչ վերաբերում է տրեոլոգիային `սոցիալական կատակերգությո՞ւն, թե՞ պսիխոդրամաներ, այդտեղ եւս ռեժիսորի հետ համաձայնության ենք գալիս, իմ տեսակից ելնելով եմ խաղում:

Luiza2- Բեմում վերապրում եք Ձեր դերը. հետո հեշտությա՞մբ եք վերադառնում իրական կյանք, առօրյային:

- Շատ հեշտությամբ, զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր ասում են` մնում են դերի մեջ: Կստացվեր, որ ես պետք է միայն մի դեր խաղայի տարվա մեջ, իսկ ես շաբաթվա ընթացքում խաղում եմ «Փնտրվում է տղամարդ», «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ»` մոր կերպարը, «Ի զեն»` հերոս փնտրող աղջկա կերպարը: Ես այդ երեք դերն էլ կխառնեի իրար, հանդիսատեսը ոչինչ չէր հասկանա իմ կերպարից:

- Որպես հաջողակ, պահանջված դերասանուհի՝ ամբողջությամբ նվիրվում եք Ձեր գործին: Դրա հետ մեկտեղ, հասցնո՞ւմ եք ժամանակ տրամադրել ընտանիքին, կենցաղային հոգսերին:

- Զբաղվածության հետ մեկտեղ՝ սովորում ես ժամանակը ճիշտ օգտագործել: Երբ վազում ես, ամեն ինչ հասցնում ես: Աշխատում եմ օրվա ընթացքում ազատ ժամանակ գտնել, ընտանիքով հեռուստացույց դիտել, զրուցել կամ ինչ-որ բան քննարկել, տնային գործերից փորձում եմ ամեն ինչ անել: Կարողանում եմ համատեղել ընտանիքն ու սիրած աշխատանքը եւ ամեն տեղ հասցնում եմ լինել լիարժեք: Բայց վազքն ու աշխատանքային զբաղվածությունը կդադարեցնեմ ամառային հանգստիս համար, որպեսզի հետագայում նոր ուժերով ավելի լավ աշխատեմ:

- «Փնտրվում է տղամարդ» պսիխոդրամայում Ձեր մարմնավորած կերպարը փնտրում է երջանկություն: Իսկ ի՞նչ է ձեզ համար երջանկությունը:

- Երջանկությունը… Մենք հաճախ ունենում ենք այդ երջակությունը, բայց այն պահելու ձեւը չգիտենք: Չգիտենք, թե որն է այդ երջանկությունը, մեզ թվում է` հենց այդպես էլ պետք է լիներ ամեն բան: Կորցնելուց հետո զգում ես, որ հենց այդ պահին երջանիկ ես եղել: Ես ինձ համար որդեգրել եմ մի սկզբունք` պետք է ամեն մի վայրկյանից կորզել լավագույն պահերը, կարողանալ քաղել ամենալավը եւ միշտ երջանիկ լինել: Նույնիսկ դժվարությունների մեջ պետք է փնտրել երջանկություն: Կյանքը հենց պայքարի համար է ստեղծված, եթե ուղիղ հարթությամբ` նույն գծով գնար, ես դրանից ոչ մի ձեւով հաճույք չէի ստանա: Ինձ դուր է գալիս խոչընդոտներով լի կյանքը:

Luiza5- Ձեր եւ Հրանտ Թոխատյանի դեպքում տարիքային տարբերությունը խոչընդոտ չդարձավ, արդյունքում տեսնում ենք օրինակելի ընտանիք: Ի՞նչ խորհուրդ կտաք նորաստեղծ երիտասարդ զույգերին:

- Սերը տարիք չի ճանաչում: Ինչպե՞ս կարող ես մինչեւ սիրահարվելը պատկերացնել, թե ի՞նչ հասակի, ի՞նչ տարիքի, ի՞նչ գույնի աչքերով կամ մազերով է լինելու սիրածդ էակը: Դա նշանակում է՝ հաշվարկ կատարել: Մեր դեպքում ամեն ինչի հիմքում ընկած է սերը: Եթե սերը չլիներ, չէր լինի նաեւ ընտանիքը. ես այն մարդկանցից չեմ, ովքեր ինչ-ինչ պատճառներով ստեղծում են ընտանիք: Եթե սերը չլիներ, ոչինչ չէր լինի, որովհետեւ սիրո հետ գալիս է համերաշխությունը, ներողամտությունը, իրար հասկանալը: Իսկ ինչ վերաբերում է նորաստեղծ երիտասարդ զույգերին… ես ճանաչում եմ շատ երիտասարդ զույգեր, որոնք ուզում են ընտանիք կազմել, երջանիկ, մարդավարի ապրել, բայց կենցաղային խնդիրների պատճառով այդ ընտանիքները քայքայվում են կամ ընդհանրապես չեն կազմավորվում: Մարդիկ ընտրում են մասնագիտություն, սակայն աշխատանք չեն գտնում, զբաղվում են մեկ այլ գործով, որ կարողանան տուն ունենալ, մեքենա, եկամտաբեր աշխատանք, եթե ստեղծվեն պայմաններ աշխատելու համար, մեր երկիրը արդյունքում յուրաքանչյուր ոլորտում կունենա մի շարք լավ մասնագետներ: Խորհուրդ կտամ ոչնչի վրա չֆիքսվել եւ չկենտրոնանալ ոչ մի անհաջողության վրա: Պարզապես պետք է ապրել, ապրել՝ նշանակում է պայքարել, սիրել: Կյանքը մեկ անգամ է տրվում՝ իր հաճելի եւ դժվար պահերով: Գիտակցեք, որ ապրում եք: Կին-տղամարդ հարաբերությունները եւս փոքրիկ պայքար է, լավ իմաստով: Իհարկե, զույգի մեջ պետք է լինի փոխհամաձայնություն, բայց երբ դադարում է պայքարը` դադարում է ամեն ինչ: Դու պետք է ամեն պահ նպատակ դնես ու հասնես: Զույգով ավելի հեշտ է, երբ հասնում եք, ավելի եք ամրանում թե՛ հարաբերությունների մեջ, թե՛ որպես անհատ:

- Ամենաշատն ինչի՞ց եք վախենում:

- Մենակությունից… Ես չեմ սիրում մենակ մնալ:

- Հրանտ Թոխատյանը Ձեզ միայնակ հաստատ չի թողնի: Ի դեպ, ի՞նչն եք ամենից շատ կարեւորում տղամարդկանց մեջ:

Luiza7- Բարություն, զգացմունքայնություն, տղամարդկություն... Այդ ամենը կա Հրանտի մեջ, նա շատ վառ անհատականություն է, նա իր տեսակով այնպիսին է, որ էներգետիկան շատ-շատ է: Բայց նրա հետ ապրելը բոլորովին էլ դժվար չէ, քանի որ ինքն ամեն օր իր տան անդամներին կարողանում է տոն պարգեւել: Հրանտը մարդ-տոն է, ինձ համար Հրանտ Թոխատյանը անուն-ազգանուն չէ, դա մարդկային առանձին տեսակ է:

- Իսկ ինչպիսի՞ն է Ձեր մարդկային տեսակը:

- Ես բարի եմ, բայց մի քիչ էգոիստ: Իմ տրամադրությունը շուտ-շուտ փոփոխվում է, տեսակով եմ այդպիսին: Սակայն բեմում հավաքված եմ, կենտրոնանում եմ գործի վրա, բարդ, չսպասված իրավիճակներին հումորով եմ նայում: Երեւի իմ մարդկային տեսակը ձեւավորվել է հենց չսպասված, բարդ իրավիճակների միջոցով: Խոչընդոտները հաղթահարելով են մարդիկ կոփվում: Գիտեք, ամեն հարցում պետք է ունենալ սեփական կարծիք. նույնիսկ, եթե բոլորը որեւէ բան գովաբանում կամ փնովում են, ես ունեմ իմ սեփական կարծիքը:

- Ո՞րն է Ձեր ամենասիրած ֆիլմը, դերասանը, գիրքը:

- Եթե ամբողջ կյանքում մի սիրված ֆիլմ կամ գիրք լիներ, ես կկախվեի: Սակայն դերասանին կարող եմ նշել` երեւի թե Հրանտ Թոխատյանը, որը միակն է ու անկրկնելին: Ինչ վերաբերում է ֆիլմերին` բազմաթիվ ֆիլմեր եմ սիրում, ու պիտի ասեմ, որ շատ եմ սիրում ֆիլմ դիտելու ընթացքը` տաքուկ փաթաթված, հատկապես անձրեւային եղանակին: Սիրված ֆիլմը դա ժամանակի թելադրանքով է, նայած՝ թե այդ պահին ինչ փուլի մեջ ես, ռոմանտի՞կ ես տրամադրված, թե՞ հակառակը` ուզում ես հարուստ ինֆորմացիոն որեւէ բան դիտել, կամ էլ սերիալ: Սակայն ֆիլմերի միջոցով իմ երեւակայությունը չեմ կարող զարգացնել, դա ինչ-որ մեկի երեւակայությունն է՝ արդեն պատրաստի արտադրանքի տեսքով, երեւակայությունը զարգացնում է գիրքը:

- Իսկ փոքրիկ, գեղեցկուհի Լիլիթը սիրո՞ւմ է գրքեր կարդալ:

- Քանի որ սերը ընթերցանության հանդեպ փոքր տարիքից է դաստիարակվում, ես աշխատում եմ այնպես անել, որ իմ երեխայի առօրյայում անպայման լինի նաեւ ընթերցանություն: Շատ ակտիվ երեխա է, սիրում է թատրոնը, բեմը, արդեն լավ «պակլոն» է անում: Դաստիարակել եմ լավ հանդիսատես, նա կարող է երկու ժամ հանգիստ նստել եւ ուշադիր ներկայացում նայել: Նա էլ ինձ պես ընկերասեր է, սիրում է մարդկային շփումը:

- Ձեր ամուսնուն` Հրանտ Թոխատյանին, տեսնում ենք հաղորդավարի կարգավիճակում, իսկ Դուք հաղորդումներ վարելու առաջարկներ ստացե՞լ եք:

- Հիմա Հ1-ով նոր հաղորդում է լինելու. «Casting Studio», որտեղ սկսնակ դերասաններից հաղթող կընտրվի եւ կուղարկվի Հոլիվուդ սովորելու: Հիմա դեռ նախընտրական փուլն է: Խորեն Լեւոնյանի հետ վարում ենք այդ հաղորդումը, ժյուրին էլ Աննա Էլբակյանն է, Լեւոն Հարությունյանը, Հրաչյա Վարդանյանը, որը հենց «Casting Studio»-ի տնօրենն է, նա կապ է հաստատել ԱՄՆ-ում Էնթոնի Մանդելայի հետ, որի ստուդիայում պետք է սովորի հաղթողը:

- Վերջերս կայացավ «Հոբելյանական Հաճախորդ»՝ Ձեր մասնակցությամբ ֆիլմի պրեմիերան: Ավելի հետաքրքիր է թատրոնո՞ւմ խաղալ, թե՞ կինոյում:

Luizza- Դրանք տարբեր հաճույքներ են, տարբեր աշխատաոճ: Եթե թատրոնում կարող ես ունենալ դերիդ սկիզբը, կուլմինացիան, ավարտը, ապա կինոյում դու կարող ես կուլմինացիան նկարել առաջին օրը, սկիզբը նկարել վերջին օրը: Այսինքն, պետք է կարողանաս 5 րոպեի ընթացքում քո էմոցիաները ճիշտ արտաբերել: Կենդանի հանդիսատես չկա, էներգիա չես ստանում, միայն սառը տեսախցիկն է հետեւում քեզ, ու երեւի թե դրանով է պայմանավորված, որ ես ավելի կողմ եմ թատրոնին, այն ինձ ավելի հոգեհարազատ է: Բայց, ինչ վերաբերում է ֆիլմերին, ես շատ եմ սիրում ֆիլմում խաղալ, մեկ անգամ խաղալով` երկար ժամանակ վայելում ես, կադրերը մնում են:

- Հաճախ են առաջարկում սերիալներում նկարահանվել: Ինչո՞ւ եք մերժում, սցենարի համա՞ր, թե՞ դա սկզբունք է:

- Եղել են առաջարկներ, բայց ես չեմ համաձայնվել: Սկզբունք է մի բանի համար, երբ որ ավելի քիչ լինեն դիլետանտ մարդիկ, ես մեծ սիրով կհամաձայնվեմ: Ես ափսոսում են այն դերասաններին, ովքեր սերիալներում են, ես գիտեմ, թե նրանք ինչի են ընդունակ, բայց նրանց զուգընկերը նույն մակարդակի վրա չէ, հետեւաբար՝ ավելի շատ էներգիա է պահանջվում: Կադրը պահելու խնդիր է առաջ գալիս, իսկ այդ «ֆալշից» մի տեսակ սարսռում եմ:

- Ի՞նչ եք երազում:

- Հեռու երազել չեմ սիրում, ցանկություններ եմ ունենում, որոնք օրվա ընթացքում փորձում եմ հասցնել իրականացնել: Զգում ես` քայլ առ քայլ հասար այն ամենաբաղձալի ու ամենամեծ երազանքին, որը մարդիկ բազմոցի վրա նստելով են երազում, այդպես էլ ոչնչի չեն հասնում, քանզի այդ մանր քայլերը եւ ցանկությունները չեն իրականացել, միանգամից փորձել են ձգտել ամենավերին կետին: Յուրաքանչյուր մարդ այդպես պետք է անի, փոքր ցանկութուններ դնի իր առջեւ եւ փորձի դրանք հաղթահարել օրվա ընթացքում, ոչ թե թողնի վաղվան:

Հանդիպումը`

ՄԱՐԻՆԱ ՄԱՐՅԱՆՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում