livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

Հեռուստադիտողի մոտ ձեւավորված այն կարծիքը, թե «X ֆակտոր» նախագծի ժյուրիի, ավելի ճիշտ՝ մրցատյանի երկու կանայք՝ նորաթուխ տատիկ ՆԱԻՐԱ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆԸ եւ ապագա մայրիկ Գիսանե Պալյանը լուրջ մրցակցության մեջ են, չի համապատասխանում իրականությանը: Տատիկ եւ մայրիկ լինելու հանգամանքի, նաեւ մրցակցության մասին էլ խոսեցինք նրանց հետ:

 

«Պատկերացրեք, եթե մարդը ամեն ինչ ժամանակին պլանավորում է, ժամանակին ասելով՝ նկատի ունեմ գիշերը պառկած որոշում է, թե որ ժամին արթնանա, ինչ անի եւ այլն, ամեն ինչ ստացվում է,- ասում է տիկին Գյուրջինյանը:- Անգամ թոռնիկիս լողացնելը փորձեցինք երեկոյան ուշ կազմակերպել, որ արդեն տանը լինեմ եւ հասցնեմ իրեն լողացնել: Առավոտյան արթնանում եմ շատ շուտ, որպեսզի հասցնեմ փոքրիկի բոլոր կարիքները հոգալ, հետո նոր  դուրս եմ գալիս տանից: Երեւի տատիկ լինելը ամենամեծ երջանկությունն է կնոջ համար: Իսկապես, չէի սպասում, որ այդքան կապված կլինեմ փոքրիկի հետ: Ինչքան էլ գերհոգնած լինեմ, երբ տուն եմ գալիս ու իրեն գրկում, հոգնածությունս լրիվ դուրս է գալիս եւ ինձ լիցքաթափված եմ զգում: Ինչքան էլ զբաղված լինեմ օրվա մեջ, մտածում եմ, որ այս ժամին պարտադիր պետք է լինեմ տանը, որովհետեւ պետք է փոքրիկին լողացնեմ: Ցանկություն է պետք, իսկ ժամանակը պետք է պլանավորել այնպես, որ հասցնես ամեն ինչ»: Իսկ Գիսանե Պալյանի եւ իր միջեւ մրցակցության մասին լուրերը Գյուրջինյանը հերքեց. «Մենք շատ լավ ընկերներ ենք, չգիտեմ՝ ինչպես է դիտվում եթերից: Մենք շատ համերաշխ, նորմալ աշխատում ենք, լարվածություն համենայնդեպս՝ ինձ մոտ, բոլորովին չկա: Ինձ համար ես ինչ-որ առաջադրանք չեմ դրել, որ իմ մասնակիցները պետք է հաղթող լինեն, որովհետեւ շատ լավ մասնակիցներ ունենք, որոնց միջեւ մի ուրիշ պայքար է գնում, բայց իմ կողմից նման խնդիր դրված չէ: Իմ խմբի տղաներին ասում եմ, որ կարեւորը դուք լավ երգեք, եթե անգամ դուրս մնաք նախագծից, այդ օրը ինձ հաճելի կլինի, որ իրենց կատարումը լինի շատ գրագետ, շատ ճիշտ ու լավը, այդպիսով հեռուստադիտողի մոտ տպավորություն կլինի, որ նա շատ լավն էր, բայց դուրս մնաց: Բայց սա հեռուստաշոու է՝ եւ բնական է՝ վերջում պետք է մնա մեկը: Վերջերս ինձ հարցնում են՝ ինչպես է, որ Գարիկի աղջիկները դուրս չեն մնում, այդ հարցին չեմ պատասխանում, որովհետեւ դա չի նշանակում, որ իմ մասնակիցները թույլ են, կամ Գարիկի աղջիկները ուժեղ են, բոլորովին, ուղղակի քվեարկությունը օբյեկտիվ չի լինում»:

Իսկ թե ժյուրիի մյուս անդամներն ինչպե՞ս են վերաբերվում նրա նկատողություններին, նշեց. «Երբ ես ասելիք ունեմ, պարտադիր իմ կոլեգաներին ասում եմ փորձերի ժամանակ կամ համերգից հետո, ոչ թե եթերից: Այն, ինչ ես ասում եմ եթերով, միայն տասը տոկոսն է: Թվում է՝ նորմալ են վերաբերվում, որովհետեւ դա աշխատանքային պրոցես է, ես չեմ կարող մտնել նրանց հոգու մեջ եւ հասկանալ՝ ինչ են մտածում: Բայց նորմալ չեմ ընդունում, երբ ճնշում են գործադրում մասնակիցների վրա: Երբեմն լինում են անարդար նկատողություններ: Իմ նշանաբանն է՝ թող հաղթի ուժեղագույնը, բայց մրցույթներում այդպես չի լինում, երբ ինչ-որ բան մնում է հանդիսատեսի քվեարկությանը, արդար չի լինում. արդեն որերորդ մրցույթն է՝ համոզվում եմ դրանում»: Կարծիքների բախման վերաբերյալ էլ Գյուրջինյանն անկեղծանում է. «Ճիշտն ասած, շոուի համար շատ ժամանակ նույնիսկ մեզ մեղադրում են՝ բերելով անգլիական տարբերակի օրինակը, որ շոուի համար պետք է ստեղծենք լարված վիճակ, բայց մեզ մոտ մի քիչ հայկական մենթալիտետ է, մենք ընկերներ ենք, ու չի ստացվում լարվածություն ստանալ, ասում են՝ պետք չէ բարի լինել»:

ԳԻՍԱՆԵ ՊԱԼՅԱՆԸ մինչ փոքրիկի ծնունդը կհասցնի ավարտին հասցնել նախագիծը, բայց թե ինչպե՞ս է անդրադառնում նրա վրա հուզառատ աշխատանքը, Պալյանը չի բողոքում. «Չեմ կարծում, որ ինչ-որ վատ ձեւով է անդրադառնում, որովհետեւ կարեւորը, որ երաժշտության մեջ եմ: Ինձ համար այդ մթնոլորտը ամենահարազատն է, ու ես վատ չեմ զգում դրանից»: Մրցակցությանը Գիսանեն կողմնակից չէ եւ չի մրցում Գյուրջինյանի հետ. «Անկեղծ ասած, մրցույթների կողմնակից չեմ, հատկապես՝ երգարվեստի ասպարեզում, որովհետեւ երաժշտությունը շատ սուբյեկտիվ կատեգորիա է, եւ ամեն մեկն իր կարծիքը կարող է ունենալ, չկա օբյեկտիվ տեսակետ: Ինչ վերաբերում է Նաիրայի հետ մրցակցության մեջ մտնելուն, ապա իմ ցանկությունն այն է, որպեսզի ոչ թե մենք մրցակցության մեջ լինենք ժյուրիի անդամներով կամ մասնակիցներով, այլ ուղղակի լավ ելույթ ունենանք: Իրապես չգիտեմ՝ ինչ է երեւում էկրանից այն կողմ, բայց իմ կողմից, համենայնդեպս, որպես այդպիսին, հաստատ չկա: Ուղղակի աշխատում եմ իմ գործը լավ անել, որ մասնակիցները լավ ներկայանան»: Հետագայում նախագծի զարգացման մասին կարծում է. «Ոչ թե հնարավոր է կամ հնարավոր չէ, որ ժյուրիի անդամների միջեւ սրվի լարվածությունը, այլ բացառվում է: Այդ տեսակետից սա մի նախագիծ չէ, որ կյանքի ու մահու հարց լինի: Մենք աշխատում ենք, իսկ նախագծից դուրս բոլորով լավ ընկերներ ենք: Նախագիծը՝ ինչպես շատ նախագծեր, կգա կանցնի, կարծում եմ՝ ժուրիի անդամներից բոլորն էլ գիտակցում են այդ, որ սա ընդամենը նախագիծ է: Ընդհանրապես այս նախագիծը պահանջում է, որ ժյուրին պետք է մրցի, բայց ոչ մի լարված իրավիճակ դա իր մեջ չպիտի ենթադրի: Կարծում եմ՝ իրականում պիտի առողջ մրցակցություն  լինի: Բայց չի նշանակում, որ վեճեր պիտի չլինեն, բոլորս մեր սկզբունքներն ունենք, որով շարժվում ենք: Ցանկացած աշխատանք, որտեղ մի քանի հոգի է աշխատում, իր մեջ կարող է պարունակել կարծիքների բախումներ: Դա առողջ մթնոլորտ է, երբ քննարկումներ են լինում, եւ ամեն մեկը իր կարծիքն է արտահայտում: Կամ երբ մեկը մյուսի կարծիքի հետ կարող է չհամաձայնվել, չի նշանակում, որ արվում է շոուի համար, մրցակցության կամ ամբիցիաներից ելնելով: Ամեն մեկն իր կարծիքն ունի եւ արտահայտում է, անկախ նրանից՝ դիմացինին դուր եկա՞վ, թե՞ ոչ: Ուղղակի փորձում ենք մաքսիմալ կոռեկտ լինել: Ես մասնակցին որեւէ բան ասելուց առաջ անպայման աշխատում եմ նախ տեսնել դրականը նրա ելույթի մեջ, որովհետեւ բոլոր ելույթների մեջ ինչ-որ դրական բան կա: Շատ հաճախ լինում է, որ ես հակասում եմ ժյուրիի մյուս անդամներին, բայց դա էլ չեմ ընկալում որպես անձնական վիրավորանք, որովհետեւ դա սուբյեկտիվ կարծիք կարող է լինել»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Մհերն ապրում է իր օտարազգի հարսնացուի հե՞տ

 

Երգիչ Մհերը 2010թ. ապրիլի 20-ին կայացած՝ Առնո Բաբաջանյանին նվիրված իր մենահամերգի օրը հանրությանը ներկայացրեց իր օտարազգի նշանածին: Բայց կարճ ժամանակ անց նրանք բաժանվեցին: Դրանից որոշ ժամանակ անց թերթերից մեկում տված հարցազրույցներից մեկում երգիչն այդ մասին խոսելիս ասել էր. «Բոլորիս հետ էլ պատահում է: Մենք բաժանվել ենք, եւ ես չեմ ուզում մեկնաբանություններ տալ այդ թեմայով: Պարզապես այդպես ստացվեց»: Այսօր արդեն լուրեր են պտտվում, որ բաժանման պատճառն այն էր, որ Մհերի ծնողները չեն ընդունում օտարազգի հարսնացուին, սակայն երգիչն ու իր նախկին նշանածը հիմա ապրում են միասին: Որպեսզի մենք էլ չմիանանք չար լեզուներին, փորձեցինք այս ամենի ճշմարիտ լինելը պարզել հենց Մհերից: Սակայն մեր հնչեցրած հարցին երգիչը տվեց կարճ պատասխան. «Սխալ է»: Իսկ իրենց հնարավոր միացման մասին նա ասաց. «Չեմ կարող այս մասին պատասխանել, այսօր չեմ ցանկանում խոսել իմ անձնական կյանքից»: Այս «բովանդակալից» զրույցից կարելի է եզրակացնել, որ երգիչը անձնական մեծ ապրումների մեջ է, եւ պետք չէ ամեն անգամ նրան հիշեցնել այդ մասին: Հուսանք, որ Մհերը կկարողանա ճիշտ որոշումներ կայացնել եւ գտնել իր երկրորդ կեսին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում