livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

AidaԿար ժամանակ, երբ երգչուհի ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ հեռուստադիտողն ամեն շաբաթ տեսնում էր հեռուստաէկրանին: Ընդ որում, ոչ թե երգելիս, այլ ժյուրիի կարգավիճակում, ինչն այսօր, կարծես, թե նորաձեւ է դարձել: ՙԻրավունք՚-ի հետ զրույցում երգչուհին նախ խոսեց այդ, ապա նաեւ իր անելիքների ու նորությունների մասին:

-Նախագծում մասնակցելու հրավերը եղել է հեռուստաընկերության կողմից: Հետաքրքիրը ոչ թե այն էր, որ ոչ պրոֆեսիոնալներ էին մասնակցում, այլ ընդհանուր մթնոլորտը: Նախագծի մասնակիցները ճանաչված չէին, բայց մեծամասնությունը ուներ հիանալի ձայնային տվյալներ: Բազմաոճ, բազմաժանր երգիչ-երգչուհիներ էին, որոնց, երբ քնից արթնացնես, ասես` երգի, կերգեն ու չեն ասի` վայ, ձայնս կտրված է: Ամեն օր նրանք կենդանի երգում են: Ես ուրախությամբ ընդունեցի նախագծին մասնակցելու առաջարկը, որպեսզի կարողանամ իմ խորհուրդները տալ այդ ակումբային կամ ռեստորանային երգիչ-երգչուհիներին, որ չերգեն ուղղակի գումար աշխատելու համար: Համենայնդեպս, տասնհինգ տարի բեմում եմ եւ կարծում եմ` դա ասելու իրավունքն ունեմ: Այդ ընթացքում ժամանակ ունեի, տրամադրեցի ու մասնակցեցի նախագծին: Չնայած ժյուրի հասկացողությունն ինձ համար մի քիչ այլ է, եւ, որքան էլ փորձում էի չնեղացնել մասնակիցներին, սակայն...

- Ինչո՞վ է զբաղված այսօր երգչուհի Աիդա Սարգսյանը:

- Հիմա ինձ մոտ սկսվել է երգերի ընտրության շրջանը: Ճիշտն ասած, երգային առումով վերջին շրջանում դադար է եղել ինձ մոտ: 2010 թվականին եմ թողարկել վերջին ձայնասկավառակս: Երկու տարի է անցել, բայց այս ընթացքում ունեցել եմ շատ բուռն աշխատանքային գործունեություն: Եթե երգիչը կամ երգչուհին, ընդհանրապես արվեստի ներկայացուցիչն ստեղծում է մնայուն աշխատանքներ, որոնցվ նա ճանաչվում է, իրավունք չունի ուղղակի հիմնվի այն գաղափարին, որ ինքն արդեն ճանաչված է եւ անի-չանի, միեւնույն է: Եթե այսօր ինձ մոտ երաժշտական դադար է, նշանակում է` ես չեմ գտել այն ներկայանալի երգերը, որոնցով կարող եմ ներկայանալ հանրությանը: Եթե գտնեմ ասելիքով երգ, բնականաբար, ձայնագրությունը կհաջորդի ասելիքով ու հետաքրքիր տեսահոլովակը: Ունեմ արդեն հայրենասիրական թեմայով մեկ երգ: Այն ինձ նվիրել են:

- Այսօր շատ քիչ կատարողներ կան, որոնք ձայնասկավառակ են թողարկում: Ձեր երկրպագուները սպասե՞ն Ձեզնից նոր ձայնասկավառակ:

- Այսօր մի քիչ ակտուալ չէ ձայնասկավառակ թողարկելը: Գաղտնիք չէ, թե ինչ մեծ գումարների հետ է կապված այն: Ներդնում ես աշխատանքդ ու չես կարողանում ինչ-որ բան ետ ստանալ, արդյունքում օգտվում են ուրիշները: Ես դա ճիշտ չեմ համարում: Առավել եւս, այսօր իմ պարագայում ծախսել հսկայական գումարներ այն դեպքում, երբ ունեմ փոքր բալիկ, ընտանիք, սխալ է: Իրավունք չունեմ ուղղակի կորցնել այն, ինչ վաստակում եմ կամ ունեմ: Եթե կգա ժամանակը, երբ կհղկվի այդ դաշտը, որ կարողանանք լիարժեք մեր երգը ներկայացնել հանրությանը` չկորցնելով մեր ներդրած գումարները, ապա ձայնասկավառակ կթողարկենք: Ամբողջ աշխարհն է դրա վրա. եթե գումար ես դնում, պետք է դրա եկամուտը ՙքաղես՚, որ հետո այդ եկամտից նորից ստեղծես աշխատանքեր:

- Տարիներ առաջ ասում էիք, որ Սեւանում մեծ հողատարածություն ունեք եւ նպատակ ունեք երգելուն զուգահեռ նաեւ բիզնեսով զբաղվել: Այսօր կա՞ այդ հողատարածքը:

- Ունեմ դեռ այդ հողատարածությունը: Շատ բուռն շինարություն սկսեցի, մտադրություն ունեի կառուցել մեծ ռեստորանահյուրանոցային համալիր: Բայց երբ սկսեցի շինարարական աշխատանքները, զգացի, որ դեռ պատրաստ չեմ: Պատրաստ չեմ ի՞նչ առումով: Նման իրավիճակում պետք է կողքիդ ունենաս հավատարիմ մարդիկ, ովքեր այսօր չկան: Այդ ընթացքում գտնվեցին, իբր, շատ բարի կամեցողներ, բայց զգացի, որ ոչ ոք բարին կամեցող չի: Իսկ ամբողջ ծանրաբեռնվածությունն ինձ վրա է: Ամեն օր Երեւանից Սեւան հասնելն ու հետ վերադառնալը դժվար է ու բարդ: Ճիշտն ասած, ուզում եմ վաճառել: Վաճառեմ ու ավելի հետաքրքիր բան նախաձեռնեմ: Լավ մտքեր ունեմ նոր բիզնես սկսելու համար: Չնայած Սեւանի հետ կապված էլ ես շատ լավ մտքեր ունեի, բայց դժվար է ու ծանր աշխատանք:

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում