livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

amarԿրկին ամառ է, եւ բոլորս հանգստանալ ենք ուզում: Իհարկե, շատերս երազում ենք հանգստանալ ինչ-որ էկզոտիկ կամ չնաշխարհիկ, կամ էլ ավելի մի հնչեղ հանգստյան գոտում, որպեսզի վաղը պարծենանք բարեկամների ու ընկերների մոտ, բայց…Պարզվում է՝ երազելով անհնարինը՝ մեկ էլ բռնացնում ենք մեզ այն փաստի վրա, որ ողջ ամառն անցավ լավագույն դեպքում ֆեյսբուքյան էջում կամ էլ սիրելի բազմոցի տաքուկ գրկում: Դե ինչ, շտապել է պետք եւ սրտանց ցանկանալու դեպքում հաստատ յուրաքանչյուրս մեր գրպանի պարունակությանը համապատասխան կգտնենք մեր ամառային հանգիստն անցկացնելու լավագույն տարբերակը: Ի դեպ, չմոռանաք Ձեզ հետ վերցնել «Զարուհու» հուլիս ամսվա համարը, չէ՞ որ հենց այստեղ է գրված, թե ինչպես եւ որտեղ են հանգստանում մեր հայտնիները:

Բազմաթիվ միջազգային մոդելային մրցույթների մրցանակակիր ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ, նախ կմասնակցի հուլիսի 20-30-ը Իսպանիայում կայանալիք ամենամյա միջազգային «Best Model World & Costa Blanca Fashion week» մրցույթ-փառատոնին, ապա կկազմակերպի իր հանգիստը. Davit-Gharibyan«Մրցույթից վերադառնալուն պես  պետք է բարձրանամ Արագածի հարավային գագաթը: Նախկինում մասնակցել եմ դժվարին արշավների Հայաստանի վայրի բնության գրկում, սակայն վերջին տարիներին գործի բերումով ստիպված եմ եղել հրաժարվել արշավներից ու պարզապես վայելել պասիվ հանգիստ: Սիրում եմ մեկնել հանգստի ընտանիքիս հետ, ինչը, ցավոք, զբաղվածության պատճառով, հաճախ չի ստացվում»: Ի դեպ, մոդելը շոգի դեմ պայքարելու իր բաղադրատոմսն ունի. «Հրազդանի կիրճում առավոտյան մարզումների շնորհիվ, ինձ համար նույնիսկ շոգը տհաճ չէ»: Ամառային արձակուրդների հետ կապված զավեշտներին անդրադառնալիս, վերջինս հիշեց Միսս Իտալիային. «Անցած տարի Բենիդորմում ես եւ միսս Իտալիան կորել էինք: Միջերկրական ծովի գեղեցկությամբ տարված ինքնամոռացության մեջ էինք ընկել եւ երբ ուշքի եկանք, ժամը ժամից անցել էր: Անմիջապես վերադարձանք այն ակումբ, որտեղից դուրս էինք եկել: Դեռ հույս ունեինք, որ մերոնք այնտեղ են: Սարսափելին էլ այն էր, որ նրանց մոտ էինք թողել մեր հեռախոսներն ու գումարը, քանի որ որոշել էինք լողալ գիշերով: Երբ վերադարձանք ակումբ, ասացին, որ մեր ընկերները վերադարձել են հյուրանոց: Իսկ մենք չէինք հիշում հյուրանոցի տեղը, որովհետեւ առաջին օրն էր, որ ժամանել էինք Բենիդորմ: Փորձեցինք գտնել հյուրանոցը, բայց ապարդյուն: Մի քանի ժամ շարունակ մեր հյուրանոցը փնտրելուց հոգնած Միսս Իտալիան ասաց. «Ես քնում եմ»: Զարմացած ասացի՝ ինչպե՞ս, քնո՞ւմ ես… Մի խոսքով, ոչ ոք օգնության ձեռք չմեկնեց, բայց բախտն ինձ ժպտաց: Երբ մոտեցա հեռախոսախցին, որ զանգահարեմ ոստիկանություն, այդ պահին տեսա մի քանի ցենտ հեռախոսատուփի մեջ, ուրախությանս չափ ու սահման չկար, արագ զանգահարեցի եւ եկան մեր հետեւից»: Ինչ վերաբերում է հանգստի համար նախատեսված գումարին, Դավիթի համար միշտ էլ լինում են չնախատեսված ծախսեր. «Հիմնականում գումարը ծախսվում է ընկերներիս ու հարազատներիս համար նվերներ գնելու եւ, բնականաբար, «shopping» ասվածի վրա: Սիրում եմ թարմացնել իմ զգեստապահարանը եւ անակնկալներ մատուցել հարազատներիս ու ընկերներիս»:

Ի տարբերություն մոդել Դավիթ Ղարիբյանի, երգչուհի ՄԱՐԻԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հիմնականում մեկնում է հանգստի ընտանիքի հետ. «Ի դեպ, հաճախ ընկերներս էլ են միանում մեզ: Ամռանը նախընտրում եմ լինել ոչ միայն էկզոտիկ Mariannaհանգստյան գոտիներում, այլեւ այցելել նոր վայրեր, տեսնել ու փորձել նորը, շփվել տարբեր մշակույթների մարդկանց հետ: Այս ամառվա հետ կապված միայն կարող եմ ասել, որ հաստատ կմեկնեմ որեւէ երկիր, բայց թե ո՞ւր, դեռ չգիտեմ»: Շոգի դեմ երգչուհին պայքարում է մի քանի տարբերակով. «Սիրում եմ ամառը, բայց, իհարկե, շոգը երբեմն իսկապես ահավոր է: Այն հաղթահարում եմ սառը ըմպելիքների, լողավազանում լողալու եւ քաղաքից փախչելու միջոցով»: Իսկ Մարիաննայի ամառային հանգիստը միշտ էլ համեմված է եղել հետաքրքիր միջադեպերով. «Մի անգամ մասնակցեցի հյուրանոցում անցկացվող կարաոկե մրցույթին ու հաղթեցի: Հաջորդ օրը բոլորն ինձ ճանաչում էին եւ այդ տարի այդպես էլ անգամ երկրից դուրս չկարողացա հանգստանալ»: Եվ, իհարկե, էլ ինչ հանգիստ առանց գնումների, երգչուհին այս հարցում բոլորովին էլ խնայող չէ. «Եթե տարածքում կան շատ խանութներ, ապա ամենից շատ ծախսում եմ գնումների վրա՝ թե՛ ինձ համար, եւ թե՛ նվերների ու հուշանվերների»:

Ernest-1Եթե երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը դեռ մտածում է որտեղ հանգստանալ, ապա իր ոճով մշտապես առանձնացող երգիչ ԷՌՆԵՍՏ The Best-ը վաղուց կազմել է իր ամառային հանգստի ծրագիրը. «Ամռանը նախընտրում եմ ճանապարհորդել, սիրում եմ հանգիստս անցկացնել նոր քաղաքներ բացահայտելով կամ էլ պարզապես ծովին մոտ լինել: Այս ամառ սկզբում գործնական այցով կմեկնեմ Փարիզ, ապա կհանգստանամ Ֆրանսիայի հարավում: Անկեղծ ասած, երկրի վրա էլ տեղ չկա, որտեղ կուզեի հանգստանալ, երեւի թե լուսնի վրա: Հանգիստս, բնականաբար, կցանկանամ անցկացնել սիրած էակի հետ, թեպետ մեծ հաճույքով ընտանիքիս հետ էլ եմ մեկնում»: Արդեն գրեթե համոզված, որ կրկին պետք է լսենք, որ Էռնեստն էլ բացառություն չէ եւ ամռան հանգստի ժամանակ պարտադիր նվերներ ու հուշանվերներ է գնում, ստացանք բոլորովին այլ պատասխան. «Գումարը ծախսում եմ կոկտեյլների եւ SPA կենտրոնների վրա, ուրիշ էլ ի՞նչ է հարկավոր հանգստանալու համար»:

Irina-DanielyanԴերասանուհի ԻՐԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ գտնում է, որ միեւնույնն է, թե որտեղ, կարեւորը, թե ում հետ կհանգստանա. «Նախընտրում եմ ծովային հանգիստ: Այս ամառ կգնամ որեւէ ծովային ուղղությամբ: Սիրում եմ հանգիստս վայելել հաճելի, մտերիմ եւ ձեռնբաց մարդկանց հետ»: Իսկ ամառային հանգստի ծախսերի մասին, դերասանուհին նշեց կարճ ու բովանդակալից. «Ավելի շատ ծախսում եմ հաճույքների վրա»:

Երբ ոմանք արդեն վայելում են իրենց հանգիստը կամ ավելի ճոխ, բայց իրենց գրպանին համապատասխան հանգստյան գոտի փնտրում, նույն ժամանակ կինոռեժիսոր ՀԱՐՈՒԹ ՇԱՏՅԱՆԸ շարունակում է ողջ ամառ աշխատել ու չդժգոհել. «Ցավոք, այս ամառ դժվար թե ինչ-որ հանգիստ ունենամ, որովհետեւ մասնակցում եմ ֆիլմի նկարահանումների եւ մինչեւ ամառվա վերջ հաստատ չենք վերջացնի: Այդ պատճառով այս ամառ ես կունենամ շատ ակտիվ, բայց ոչ հանգիստ, այլ սիրելի աշխատանք: Ես ակտիվ հանգստի սիրահար եմ, չեմ կարողանում գնալ ինչ-որ տեղ ու հիանալ արեւածագով կամ ծովի ալիքների խշշոցով: Այդ խշշոցը ես պետք է ստեղծեմ, թեկուզ ինչ-որ մի առվակից: Ինձ համար նշանակություն չունի, թե որտեղ կհանգստանամ, կարող եմ Պակիստանում էլ գտնել ինձ հետաքրքրող հանգիստ: Կարեւորը, որ ոչ թե հանգստանաս, այլ վայելես աչքիդ տեսածն ու փորձես հասկանալ եւ ընկալել այն, ինչը քո երկրում չկա: Ընդհանրապես ինձ համար հանգստանալը միայն քնելն է, մնացած դեպքերում չեմ հանգստանում: Գտնում եմ, որ, եթե, օրինակ, գնացել ես արտասահման, չի կարելի ուղեղն անջատել եւ նստել, պետք է վայելես ու նոր-նոր բաներ սովորես, թեկուզ՝ տեղի լեզուն»:

Harut-ShatyanԿինոռեժիսորի ամառներն էլ միջադեպերով ու զավեշտներով բավական հարուստ են. «Ամառային արձակուրդ ասելիս՝ հիշում եմ դպրոցական տարիներս, երբ երազում էի դրա մասին, քանի որ եղել եմ շատ չարաճճի աշակերտ: Անցած ամառ Անապա քաղաքում՝ տեղի ակումբներից մեկում, նստած էի, երբ հանկարծ հաղորդավարը հայտարարեց, որ հաջորդ երգը նվիրվում է Հայաստանին: Բնականաբար միացրեցին շատ հայտնի մի ռաբիս երգ եւ ես ուղղակի չդիմացա՝ ուրախ-ուրախ սկսեցի պարել: Ինձ հետ էին մի քանի արտասահմանցի ռեժիսորներ եւ դերասաններ, որոնք տեսնելով իմ ուրախությունը,  նույնպես սկսեցին պարել եւ ես նրանց սովորեցնում էի մեր հայկական քոչարին»: Գուցե տարօրինակ հնչի, բայց Հարութ Շատյանն իրեն համարում է «աննորմալ ծախսող». «Չեմ կարողանում գումար պահել, ինձ համար գումարը ծախսելու համար է: Ամեն ինչի վրա կարող եմ գումար ծախսել՝ ամենաաննշան բանից մինչեւ ամենաթանկ իրը,  որը նույնիսկ ինձ պետք չէ: Հանգստյան վայրերից պարտադիր հուշանվերներ եմ գնում, որոնք  հիշեցնելու են այդ վայրի մասին եւ այն, ինչը չես գտնի Հայաստանում: Սիրում եմ տեղի ուտելիքները փորձել եւ հիմնականում գումարը գնում է տեղի ուտեստները համտեսելու վրա»:

Վայելե՛ք ամառն ու ընձեռված հանգիստը, չէ՞ որ սեպտեմբերը սարերի հետեւում չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում