livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

Liana3Տարին շրջադարձային եղավ երգչուհի ԼԻԱՆԱՅԻ համար: Ի տարբերություն էստրադայի մի շարք ներկայացուցիչների, հանրության եւ լրատվամիջոցների աչքից հեռու, երգչուհին նախ ամուսնացավ, իսկ չորս ամիս առաջ լույսաշխարհ եկավ որդին՝ ԱԼԵՆԸ:

- Հետաքրքիր ու կարեւոր անցում եղավ իմ կյանքում: Անընդհատ հետաձգվում էր  ձայնասկավառակներիս թողարկելը, բայց, գուցե ավելի կարեւոր բան պիտի լիներ եւ եղավ: Ոչինչ, ձայնասկավառակը երբ էլ ասես կլինի: Գիտե՞ք, ես սիրում եմ դադարներ, որից հետո անակնկալներով եմ հանդես գալիս: Սիրում եմ այնպես անել, որ կարոտեն ինձ, սպասեն:

Ավելի լավ է հանրության կողմից սպասված լինես, քան զզվացնես:

- Լիանա, Ձեր ինտրիգներից կարող ենք հիշել տարիներ առաջ հորինած հղիության պատմությունը, որից հետո ամբողջ քաղաքը խոսում էր այդ մասին:

- Հետաքրքիրն այն էր, որ չգիտես ինչու բոլորն ասում էին, որ տղա ունեմ եւ տարիներ անց հենց տղա էլ ունեցա: Ինձ հենց տեսնում էին, ասում էին. «Վայ, դու մի հատ տղա ունես, չէ՞»: Ես էլ ասում էի՝ ուր է ինձ այդքան բախտ, եւ Աստված տվեց:

- Ի՞նչ փոխեց Ձեր կյանքում փոքրիկ Ալենը:

- Այնքան բարդ հարց է: Այնքան բան է փոխել: Նախ, նա միանգամից մի քանի հոգուց ժամանակը գողանում է, նույնիսկ՝ հարեւաններից: Չեմ հասցնում ինձ զգալ երգչուհի, մոռացել եմ, որ նաեւ երգչուհի Լիանան եմ:

Ավելի շատ հիմա մայրական զգացողությունս է, քան երգչուհու: Դեռ ինձ մամայի դերում չեմ զգում: Ե՛վ հղի ժամանակ, ե՛ւ արդեն բալիկի ծնունդից հետո ինձ հաճախ են ասում, որ չթողնեմ երգելս: Նման հաճելի խոսքեր լսելիս՝ հասկանում ես, որ զուր չես աշխատել այսքան տարի, որ հոգի ես դրել այդ ամենի մեջ: Պիտի ասեմ, որ շատ էի կարոտել ծափահարությունները, իմ արվեստով հիացած դեմքերին, դա մի ուրիշ կյանք է: Բայց բալիկս շատ բաներ մոռացնում է: Մի տեսակ շատ ժամանակ է պահանջում եւ դու էլ ավտոմատ չես ուզում ինչ-որ բանի վրա ժամանակ հատկացնես՝ բացի իրենից: Թանկ ես գնահատում ժամանակդ: Չնայած շատ եմ սիրում երգն ու երաժշտությունը, բայց գտնում եմ, կարեւոր է ավելին տամ բալիկիս, քան երգարվեստին: Հետաքրքիրն այն է, որ փոքրիկս շնորհակալ է, ես զգում եմ նրա շնորհակալ լինելը իր դեմքի մի տեսակ արտահայտությամբ: Իսկապես, երբ ասենք լողացնում եմ, կերակրում, նա շնորհակալ հայացքով նայում է, կարծես ասում է՝ շնորհակալ է, որ իրենով եմ զբաղված: Շնորհակալ երեխա է:

-Շատերը Ձեզ մամայի դերում չեն պատկերացնում:Liana

- Ոչ, կզարմացնեմ՝ հակառակն ասելով: Ես ինչ-որ մի բան անելիս՝ փորձում եմ լավ անել՝ ամեն առումներով:

Աշխատում եմ լինել լավ զավակ, լավ թոռնիկ, լավ քույրիկ, փորձում եմ լավ մամա էլ լինել: Հիմա նաեւ տնային, կենցաղային գործերով եմ զբաղված, ես սիրում եմ, որ ամեն ինչ մաքուր ու իր տեղում լինի:

- Նման դեպքերում ասում են, որ կինը երբ մտնում է կենցաղի մեջ, մոռանում է իր մասին, ինչպե՞ս եք հասցնում:

- Մի փոքր դժվար է, հատկապես, երբ մենակ ես այդ ամենն անում: Այստեղ գումարի խնդիրը չէ, որ գան իմ փոխարեն անեն, այլ կարեւոր է, որ ինքդ քո ձեռքով անես: Ոչ ոք քեզ պես հոգատար չի անի: Ճիշտ է, քույրս, մայրս, տատիկս օգնում են: Տատիկս մի քանի թոռներ ու ծոռներ է մեծացրել, բայց հիմա մեծացել է՝ դժվարանում է: Բայց, շատ է սիրում Ալենիս, որովհետեւ ես իր սիրելի թոռնիկն եմ,  դե պատկերացրեք իմ բալիկին ինչպես կսիրի: Ասում է՝ իմ կյանքի վերջին տարիների երջանկությունն է, ես էլ ուղղում եմ նրան, որ՝ տատ վերջին տարիներինը չէ: Տատիկիս լրիվ ուրիշ ձեւով եմ վերաբերվում, կարծես երկրորդ մայրս լինի: Եվ ընդհանրապես, առանձնահատուկ եմ վերաբերվում տարիքով մեծերին:

Ես կարող եմ մեքենայից դուրս գալ՝ տարիքով մեծին օգնել, որ փողոցն անցնի ու էլի շարունակեմ վարել մեքենաս, եւ դրանից հաճույք ստանամ: Այնքան են քչացել նման բաները, որ զարմանք են պատճառում մարդկանց:

Liana4- Լիանա, Ձեր մայրը, թե՞ տատիկն է ավելի շատ խորհրդատու՝ բալիկին մեծացնելու հարցում:

- Մայրս էլ, տատիկս էլ: Բայց, տատիկս՝ ավելի շատ, որովհետեւ տատիկիս հետ եմ ապրում: Մայրս ավելի շատ նկատողություն է անում, քան խորհուրդ է տալիս: Ասում է՝ մոռացել ես, որ երգչուհի ես, մենք երեխային կպահենք դու գնա աշխատի: Բայց, ոչ թե չեմ վստահում, այլ  ինձ մոտ այնպիսի տպավորություն է որ ինձ նման ոչ ոք չի կարող խնամել նրան: Եվ հետո, ինձ թվում է մենակ ես եմ հասկանում, թե ինքն ինչ է ուզում: Ես եմ հասկանում, թե որ լացն ինչ է նշանակում: Լաց ունի, որը նշանակում է, թե սոված եմ, կամ՝ ինձ մենակ թողեցիք այստեղ, կամ հասկացնում է, որ իր հետ խոսենք: Այնքան եմ հետը խոսել, որ արդեն սովորել է: Եվ հետո կարծում եմ, որ հասուն տարիքում ծնվում են խելացի ու ավելի շուտ զարգացող երեխաներ: Հասկանում են՝ ինչ ես ասում, շատ ժամանակ մտածում ենք, որ 4 ամսական է, գուցե չհասկանա, բայց լավ էլ հասկանում է քեզ:

Անցյալ օրն անընդհատ լացում էր, ասում եմ՝ ի՞նչ ես ուզում, բալես, ասաց՝ ջուր: Շոկի մեջ էի, մայրս վախեցած դուրս եկավ սենյակից, ասաց. «Վայ, մամա ջան, դու երեխային կգժվացնես, այնքան ես հետը խոսել, որ 4 ամսականում  սկսել է խոսել»: Ախր, ես ի՞նչ մեղք ունեմ, միշտ խոսել եմ, արդեն սովորել է, որ ես պիտի խոսեմ իր հետ: Ես մեծ մարդու նման եմ իր հետ խոսում:

- Իսկ ո՞ւմ է նման Ալենը:

- Սկզբում, որ նոր էր ծնվել, լրիվ իր պապային էր նման: Նույնիսկ նայում ու նյարդայնանում էի, որ կարելի՞ է մարդ իր մորն այդքան նման չլինի: Ի վերջո, ես եմ 9 ամիս մեծացրել, նույնիսկ մաշկի գույնով էր նման հորը: Բայց հիմա, քանի գնում՝ ինձ է նմանվում: Ծնվելուց հետո, երբ բերել էին, նայում էի ու ասում՝ էս իմ երեխա՞ն է, լրիվ թուխ էր ու նիհար:

Բայց բոլորը սպասում էին, որ կլոր, սպիտակ երեխա է ծնվելու:

- Սովորաբար հայտնի մարդիկ իրենց ամուսնությունը, երեխայի ծնունդը PR  են դարձնում: Դուք փորձեցիք ե՛ւ ամուսնությունը, ե՛ւ երեխային հեռու պահել լրատվամիջոցներից ու հանրության աչքից:

Liana1- Ես երբ ուզում եմ անտեսանելի լինել՝ ինձ մոտ ստացվում է: Ծննդատնից դուրս եմ եկել, բոլորը սպասում էին, որ հիմա լրատվական միջոցները կգան, կնկարեն: Բայց, բացի ամուսնուցս եւ քույրիկիցս ոչ ոք չի եղել: Նույնիսկ մայրիկիս չեմ ասել, որ գնում եմ ծննդաբերելու, որովհետեւ առողջական խնդիրներ ուներ, կանհանգստանար: Իրականում, եթե դրա կարիքը լիներ, եւ եթե ես ցանկանայի PR անել դրանով՝ հաստատ դա ինձ համար խնդիր չէր: Բայց ես ընտանեկան վիճակի մեջ էի, մոռացել էի, որ երգչուհի եմ, ճանաչված եմ: Հիվանդանոցում եմ դա զգացել: Ինձ մոտ լրիվ ուրիշ զգացողություններ էին, ուրիշ բանով էի ապրում, հետո շատ նրբազգաց էի դարձել, կարող է մի փոքր բանից հուզվեի:

Բայց, հիմա անցավ ամեն ինչ: Հետո, առաջնեկն է, այդ ժամանակ մի տեսակ ավելի ես դողում նրա համար:

- Իսկ այդ նրբազգաց շրջանում տարբեր տեսակի բամբասանքներն ինչպե՞ս էին ազդում քեզ վրա:

- Պիտի ասեմ, որ դրական բաներ եմ լսել իմ մասին, նույնիսկ չգիտեին, որ ես ամուսնացել եմ, ով ինձ տեսնում էր՝ առաջինը ոչ թե հարցնում էր՝ ամուսնացել ես, այլ ասում էին.

«Վայ բալիկ ես ունենալո՞ւ, ուրախ ենք, երջանիկ բալիկ լինի»: Հետո ժպտում էի ու ասում, որ նա պապա էլ ունի: Ես նորմալ եմ նայում, եթե առանց ամուսնության բալիկ են ունենում: Բայց, քանի որ ինքս էլ առանց պապա եմ մեծացել, չէի ուզենա, որ իմ երեխան ինչ-որ մի խոցելի տեղ ունենար, որ ասեն՝ պապա, չիմանա, թե դա որն է, ինչո՞ւ ես չունեմ: Ես չէի ուզում նա զգար այն, ինչ ես եմ զգացել: Ես ոչ թե գաղտնի էի պահում այդ փաստը, այլ իմն էր, չէի ցանկանում, որ ոչ ոք մտներ այդ տարածք:

- Բամբասանքները հիմնականում ամուսնուդ հետ տարիքային տարբերության շուրջ էին:

- Ոչ, հավատացեք, ավելի շատ երեւի ես էի դրանից նեղվում, ամուսինս էլ զարմանում էր, ասում էր՝ ես նեղվելու փոխարեն դու ինչի՞ ես նեղվում: Ասում էր՝ հետաքրքիր բան ես ասում, ուրախ չե՞ս, որ քեզանից 10 տարի փոքր տղան քեզ այդպես սիրում է ու պատրաստ է հայր դառնալ, աշխատել իր բալիկի ու կնոջ համար: Զարմանալի է, որ 21 տարեկան տղան լինի այդքան աշխատասեր, նվիրված, այդքան իրեն մեծի նման պահի: Եվ հետո, շատ բաներում օգնում է ինձ, հիմա քանի որ գործնականում շատ ծանրաբեռնված է, նա ասում է գիշերը չեմ քնի կնայեմ երեխային, ես էլ ասում եմ, ավելի լավ է դու քնի՝ առավոտյան աշխատանքի ես:

- Իսկ ինչո՞վ է զբաղվում ամուսինդ:

Liana6- Տուրիստական գործակալություն ունեն, շատ աշխատասեր, պատասխանատվության զգացում ունեցող մարդ է: Երեխա է ունեցել, գլուխ չի պահում, որ չաշխատի: Նա իրեն երջանիկ է զգում: Եվ հետո 21 տարեկանում պապա դառնալը մի քիչ դժվար է: Շատ դեպքերում դառնում են ու չեն զգում, որ պապա են, հետո ժամանակն անցնում է, երեխան մեծանում է՝ նոր են հասկանում: Հետո մի տեսակ հայր դառնալուց հետո մեծացել է, նույնիսկ հագուստներն է մեծի ընտրում: Շատ դրական կողմեր ունի, շատ է ինձ սիրում, ես դա զգում եմ: Օրինակ, նա կողմ չէր, որ ես աշխատեի, բայց հասկացավ, որ ես ոչ թե գումարի, այլ տնից դուրս գալու կարիք ունեմ: Հինգ ամսական հղի ժամանակ էի վերջին անգամ երգել, դրանից հետո տնից դուրս էի գալիս՝ միայն միասին զբոսնելու, ինչ-որ ներկայացումներ, ֆիլմեր դիտելու: Մի տեսակ կարոտել էի բոլորին, գործնական ընկերներիս, աշխատանքային պրոցեսը, հանդիսատեսին էի կարոտել, նրանց ծափահարություններին, ջերմ վերաբերմունքին:

- Ասացիր ծափերին կարոտե՞լ էիր:

- Այո, բայց երբ գնացի աշխատանքի ամեն ինչ տեղն ընկավ: Գուգոն` ամուսինս, սկզբում դեմ էր, որ աշխատեմ ակումբում կամ ռեստորանում, ասում էր, որ մենակ համերգներին մասնակցեմ: Բայց, քանի որ դա իմ առօրյան էր, մի տեսակ սովորել էի դրան, որ ես պիտի աշխատանքի լինեմ ամեն օր, եւ հետո հիմա շատ չեն համերգները:

- Լիանա, ի՞նչ խորհուրդ կտաք նրանց ովքեր նոր են պատրաստվում մայր դառնալ, եւ ովքեր նոր են մայրացել:

- Թող չափսոսան ուշադրության արժանացնել երեխային: Հասկանում եմ, փոքր երեխա է, դժվար է, ահագին ժամանակ ես էլ չէի հասկանում, թե ինչի համար է լացում: Liana5Սոված է, ինչ-որ տեղ է ցավում, որ լացում է: Նա չի կարող խոսքերով բացատրել, իսկ դու որպես մայր՝ պիտի հասկանաս, զգաս, դա միայն մայրն է զգում: Եվ հետո պիտի սեր տան այդ երեխային, որովհետեւ ամեն ինչ նա զգում է: Հաճախ մտածում են փոքր է, ի՞նչ պիտի հասկանա, բայց, սխալվում են, որովհետեւ հղիության շրջանում էլ է երեխան ամեն ինչ հասկանում ու լսում: Ես հղի ժամանակ այնքան էի խոսում երեխայի հետ, որ ծիծաղում էին ինձ վրա: Երբ ծնվել էր ու աչքերը դեռ չէր բացել, որ ասացի. «Վախ, կյանքս, արեւս», միանգամից աչքերը բացեց, նայեց վրաս, բժիշկները զարմացան:

- Իսկ ի՞նչ սպասեն Ձեր երկրպագուները մոտ ապագայում:

- Հենց փոքրիկս մի քիչ մեծանա, անմիջապես կանցնեմ գործի: Չեմ կարող փոքրիկին թողնել, ինձ թվում է սովորել է ինձ ու դժվար կլինի: Բայց, կամաց-կամաց մտովի պլաններ եմ գծում, թե որ երգի վրա տեսահոլովակ նկարահանվի, ինչ երգ երգվի, խոստացված ձայնասկավառակները թողարկվեն: Մայրս միշտ նկատողություն է անում, որ դու անլուրջ մարդ ես՝ ինչպե՞ս կարելի է 2 ձայնասկավառակի պաշար ունենալ ու չթողարկել, արդեն մարդիկ քեզ մոռացել են: Բայց հույս ունեմ որ չեն մոռացել եւ չեն մոռանա: Դեռ հետաքրքիր  բաներ ունեմ մատուցելու մեր հայ հանդիսատեսին:

 





Զրույցը՝ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
Լուսանկարները` ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում