livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

ira2Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ՀՀ վաստակավոր արտիստուհի ԻՌԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ երբեւէ չի համբուրվել բեմում… Դերասանուհին կտրականապես դեմ է «բաց» տեսարաններին. անկողին, համբույր...

«Զարուհու» հետ զրույցում նա հրաժարվել է խոսել անձնական կյանքին առնչվող հարցերի շուրջ, ինչն էլ հաշվի ենք առել` հարգելով զրուցակցի կամքը, ինչպես նաեւ խորագրի ձեւաչափը:

-Զգալիորեն փոխվել եք ամառային արձակուրդից հետո: Հատուկ սննդակարգն է պատճառը, թե՞…

 -Հուսամ`դեպի լավն եմ փոխվել: Համենայն դեպս, ինձ այդպես են ասում: Բանն այն է, որ այս ամառ ես լիարժեք հանգստացել եմ: Մեկնել էի Իսպանիա, իսկ Հայաստան գալուց հետո անմիջապես ճանապարհվեցի Վրաստան:

-Փաստորեն, հատուկ սննդակարգ չի եղել:

-Իսպանիայում, օրինակ, միայն ծովամթերքով էի սնվում: Այնտեղ ծովամթերքի մեծ տեսականի կար: Իսկ ես, պետք է խոստովանեմ, որ ծովամթերքի մեծ սիրահար եմ:

-Հանուն մասնագիտության, դերասանները ունակ են խելահեղ քայլերի, իսկ Դո՞ւք:

ira3-Ես էլ բացառություն չեմ: Եթե, նկատի ունեք, ավելորդ քաշը, ապա, այսպես ասեմ, եթե կա անհրաժեշտություն, կարող եմ հեշտությամբ ձերբազատվել ավելորդ կիլոգրամներից, թեպետ, երբեւէ չեմ ձգտել ունենալ նիհար կազմվածք: Անշուշտ, փորձել եմ նվազեցնել քաշս` հասցնելով այն լուրջ թվերի, բայց արդյունքում հասկացա, որ դա ինձ ընդհանրապես չի սազում: Ես հետեւում եմ իմ կազմվածքին եւ, ինչպես ասում են, միշտ «ֆորմայի» մեջ եմ:

-Եթե հարկ լինի մարմնավորել գեշ կնոջ դեր ` պատրաստ ե՞ք: Եվ եթե, այո, ինչի՞ց կտրականապես կհրաժարվեք:

-Գեշ կամ տարիքն առած կնոջ դերից երբեէ չեմ հրաժարվի: Կտրականապես դեմ եմ սեքսուալ տեսարաններին. համբույր, անկողին… Այդ մասին բազմիցս ասել եմ եւ կասեմ իմ զրույցներում: Մեր մտածողությանն այն հարիր չէ: Պետք չէ մոռանալ, որ մենք Հայաստանում ենք ապրում:Առանց այն էլ դերասանների ետեւից մարդիկ ավել-պակաս խոսում են: Եվ ամենեւին հարկ չկա նրանց խոսելու նոր թեմա տալ:

-Բեմում երբեէ չե՞ք համբուրվել:

-Երբեւէ: Գոյություն ունեն բեմական տարբեր հնարքներ: Դա հնարավորություն է տալիս, մեղմ ասած, խաբել հանդիսականին`ձեւացնելով համբույր: Նույնը կարող է արվել տեսախցիկի հետ աշխատելիս:

-Թատրոնում Ձեզ վստահում են, այսպես ասած, իշխող կանանց դերեր: Երբեւէ չե՞ք երազել խաղալ թույլ կնոջ կերպար:

ira1-Երբ 18-19 տարեկան էի ու առաջին բեմական քայլերս էի անում, տարբեր դերեր էի մարմնավորում, Ձեր իսկ ասած, դժբախտ, թույլ կանանց եւ աղջիկների: Բայց այնպես էր ստացվում, որ ինձ երբեւէ չէին տալիս իմ տարիքին համապատասխան հերոսուհիների դերեր մարմնավորելու: Հավանաբար, պատճառը բնավորությունս էր, խառնվածքս: Ինձ ավելի շատ վստահում էին ուժեղ կանանց դերեր: Երազում էի, որ, ահա, օրերից մի օր թատրոն կընդունվեմ եւ այնտեղ հենց իմ տարիքին համապատասխան դերեր կխաղամ: Բայց ոչ… Երբ ընդունվեցի Ռուսական թատրոն աշխատանքի, առաջին դերը, որ ինձ վստահեցին` Իշխանուհին էր` Լ. Շանթի «Ընկած բերդի իշխանուհին» ներկայացման մեջ: Այդ փաստից ես ինձ վատ չեմ զգում: Ավելին` գոհ եմ խաղացանկից:

-Այդ իշխող կանանց մեջ` Իշխանուհին, Խանումը, Մամաեւան, Աննա Անդրեւնան, Ֆիլումենա Մարտուրանոն, Կոմսուհին... Ո՞վ է նրանցից Ձեզ ավելի հոգեհարազատ:

-Բոլորն էլ հոգեհարազատ են: Չգիտեմ, պատահական ստացվեց, թե Ձեր պրոֆեսիոնալ հոտառությունն էր, նշեցիք այն դերերը, որոնց մասին ես մի հեռուստահաղոդման շրջանակներում ասացի, որ նրանք իմ ամենասիրելի դերերն են: Յուրաքանչյուր հերոսուհուն առանձնահատուկ եմ սիրում:

-Դերերի պակաս թատրոնում հաստատ չունեք: Այնուամենայնիվ, Ձեզ վերջին շրջանում գրավում է թատերական ռեժիսուրան: Ինքնահաստատման տարրերն են, թե՞…

ira-Թատերական ռեժիսուրան իմ մասնագիտություններից մեկն է: Ես ոչ միայն դերասան եմ այլ նաեւ ռեժիսոր: Ի դեպ, առաջին մասնագիտությամբ ռեժիսոր եմ: Ինքնահաստատման հետ որեւէ առնչություն չունի: Պարզապես, բարձրագույն կրթություն ստանալուց հետո, աշխատելով պրոֆեսիոնալ թատրոնում ինձ հնարավորություն տրվեց նաեւ փորձել ռեժիսուրայում: Երեւի ստացվեց: Ասյքան աֆիշներ ունեմ արդեն փակցված դիմահարդարման սենյակում (Ժպտում է,-հեղինակ): Եթե չստացվեր, հաստատ գեղարվեստական ղեկավարը չէր վստահի հերթականը` ոչ միայն մանկական, այլ նաեւ երեկոյան ներկայացումները:

-Քանի որ շատ երիտասարդ եք, եւ, ուզեք, թե չուզեք , որպես ռեժիսոր պետք է գործ ունենաք Ձեզ հասակակից դերասան-գործընկերների հետ: Եթե հիշում եք, ներկայացման փորձերից մեկի ժամանակ դերասաններից մեկը ցուցադրաբար հրաժարվեց Ձեզ հետ աշխատելուց, վիրավորվա՞ծ էիք:   

-Ոչ, դա նորմալ երեւույթ է: Դերասաններն էլ են մարդ, ունեն հավակնություններ: Նույնը կարող եմ ասել ինքս իմ մասին:  Ով ով, բայց ես շատ լավ գիտեմ դերասանի հոգեբանությունը: Ռեժիսորը պետք է կարողանա յուրաքանչյուր դերասանի հանդեպ անհատական մոտեցում ցուցաբերի: Միայն այդ ժամանակ համատեղ աշխատանքը կարող է հաջողությամբ պսակվել:

-Դերից հրաժարվելը ոչ պրոֆեսիոնալ դրսեւորում է: Երբեւէ բեմը լքած կա՞ք:

-Մեկ անգամ եղել է… Փորձերից մեկի ժամանակ հրավիրված ռեժիսորի հետ պրոֆեսիոնալ մակարդակի ընդհարում տեղի ունեցավ, եւ ես հեռացա բեմից: Պատճառն այն էր, որ ներկայացման մեջ պետք է մի հատված երգեի: Ներկայացման ռեժիսորը առանց իմ ձայնային տվյալները լսելու, չգիտես ինչու, որոշել էր, որ իմ վոկալը, մեղմ ասած, չի համապատասխանում, փոխարենը հնչեցվեց ձայնագրություն, այլ դերասանուհու մատուցմամբ, ինչը ինձ համար վիրավորական էր:

-Հուսամ, հարթվեցի՞ն Ձեր հարաբերությունները ռեժիսորի հետ:

ira5-Այո, իհարկե:  Ձայնագրությունից` հրաժարվեցի: Իսկ ներկայացման ժամանակ կենդանի կատարմամբ էի երգում:

-Ռեժիսորները հե՞շտ են աշխատում Ձեզ հետ:

-Դժվարանում եմ պատասխանել Ձեր հարցին: Որպես այդպիսին, բողոքներ իմ հասցեին չեմ լսել: Շուտ կռահում եմ նրանց ասածը: Գուցե, մի օր գոհացնում եմ փորձերին, մի օր` ոչ: Դա բնական է…   

-Պարզ է: Ի դեպ, «Ֆիլումենա Մարտուրանո» ներկայացման վերջին տեսարանում, երբ բեմում հայտնվում են երեխաներ, նրանցից մեկը` Ձեր որդին է` Արամը: Տեղյակ եմ, որ շուտով նա կներգրավվի նաեւ Ռ.Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա»  ներկայացման մեջ: Դո՞ւք եք նրան ճանապարհ հարթում դեպի թատրոն, թե՞ իր ցանկությունն է:

-Գիտեք, որեւէ միտումնավոր բան չի արվում: Թատրոնի մարդկանց բոլոր երեխաներին էլ, եթե համապատասխան են, տրվում է հնարավորություն խաղալ «Հրեշը լուսնի վրա» ներկայացման մեջ: Արամը, պարզապես համապատասխան էր, ռուսալեզու է: Արդեն չորրորդ երեխան է այս ներկայացման մեջ փոխվում:

Ինչ արած, երեխաները շատ արագ մեծանում են եւ ստիպված են լինում փոխել: Ի դեպ, այս խոսակցությունը եղել է մինչ «Ֆիլումենա Մարտուրանո» ներկայացման առաջնախաղը, որտեղ Ալեքսանդր Գրիգորյանի մտահղացմամբ, անհրաժեշտ էր ներկայացման ֆինալում չորս փոքր տղա:Եվ ես առաջարկեցի հրավիրել որդուս ընկերներին: Նրանք չորս ընկեր են: Պետք է ասեմ, որ շատ սազում են ներկայացման մեջ: Թմբլիկ, սիրունիկ իտալացիներ ստացվեցին:

-Իսկ եթե հետագայում, Արամը, ցանկանա մայրիկի ուղին բռնե՞լ…

ira6-Թող ինքը որոշի: Չեմ կարծում, նա ավելի շատ ֆուտբոլով է տարված: Վերջերս նա խոստովանեց, եթե իրեն չհաջողվի ֆուտբոլիստ դառնալ` կդառնա բանկիր, իսկ եթե դա էլ չհաջողվի այն ժամանակ կընտրի դերասանի ուղին:

-Որքան հասկացա, շատ ջերմ հարաբերություններ ունեք` մայր-որդի: Այդ առումով, սերիալային Ձեր հերոսուհու` Եվայի, բախտը այնքան էլ չի բերել:

-Եվայի բախտը չի բերել այնքանով, որ նա ամուսնացել է մի տղամարդու հետ, որին չի սիրել: Եվ ստիպված է ապրել սկեսրայրի ու տղայի հետ:

-Մեր օրերում էլ շատ են կանայք, որ հաշվարկով են ամուսնանում:

-Դա միշտ էլ եղել է եւ կլինի: Պարզապես, եթե նախկինում կանայք լռում էին, ինչ-ինչ հանգամանքների բերումով, ասում էին «ամոթ է...», այժմ, վիճակագրության համաձայն, շատ են ամուսնալուծությունները:

-Հանուն ընտանիքի ամրության, այնուամենայնիվ, կինը պե՞տք է ունակ լինի լռելու:

ira4-Այո, իհարկե: Խելացի կինը կարող է լռել, եթե անգամ տղամարդը, ինչ-որ հարցում վրիպել է:

-Դուք այն կանանցից եք, որը կարող է լռե՞լ:

-Հավատացեք, այո: Կարող եմ լռել մինչ համբերությանս բաժակը լցվի: Ես կարող եմ եւ լռել, եւ զիջել տղամարդուն:

-Որո՞նք են Ձեր կանացի թուլությունները:

- Եթե ասեմ, ապա տղամարդիկ կսկսեն օգտվել այդ թուլություններից: Սա, իհարկե, կատակ է, իրականում ինձ շատ հեշտ է վիրավորելը, զգայուն եմ... 

-Արտասվել կարո՞ղ եք…

-Այո… Ինձ անգամ ասել են, որ չափից ավել եմ արտասվում:

-Եզրափակիչ հարցս, եթե Ձեզ առաջարկեն զբաղվել քաղաքականությամբ, պատրա՞ստ եք:

- Ինչու ոչ, եթե զգամ, որ ինձ քաղաքականությունը հետաքրքիր է, ապա, այո, պատրաստ եմ: 

ԶՐՈՒՅՑԸ` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում