livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

Կինը՝ իշխանավորի կողքին» խորագրի շրջանակներում այս անգամ ներկայացնում ենք մեր զրույցը Հանրային երկրորդ` Հ2 հեռուստաալիքի «Լրաբեր» հաղորդաշարի քաղաքական մեկնաբան Հրածին Սաֆարյանի հետ, ով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական Արամ Անանյանի կինն է ու նրա անբաժանելի ընկերը… Թե ինչպե՞ս են աշխատանքի մեջ զբաղված զույգերը հանդիպել իրար, ընտանիք կազմել ու շարունակել զբաղվել իրենց նախընտրած գործով, այս եւ այլ թեմաների շուրջ էլ ծավալվեց զրույցը Հ. Սաֆարյանի հետ: Եվ առաջին հերթին երբ Հրածինից հետաքրքրվեցինք, թե նա հիմա ինչպե՞ս է իրեն զգում պաշտոնյա ամուսնու կողքին, պատասխանը եղավ հետեւյալը. «Պաշտոնը մեր կյանքում ոչինչ չփոխեց, քանի որ մեր ընտանիքում կա փոխադարձ սեր, վստահություն եւ փոխադարձ հարգանք: Եվ հետո, մենք որ ամուսնացանք, Արամը դեռ պաշտոնյա չէր, բայց կարեւորը՝ լավ անձնավորություն էր ու կյանքի լավ ընկեր: Իսկ ամուսնանալուց հետո, բնականաբար, մեր կյանքում շատ բան փոխվեց. իսկ մեր առաջնեկի՝ մեր հրաշք Անիի ծնունդից հետո ավելի լուրջ փոփոխություն տեղի ունեցավ մեր կյանքում. նա ուղղակի լցրեց մեր կյանքը` կրկնապատկելով, եռապատկելով մեր ընտանիքի սերն ու երջանկությունը: Բայց մենք միայն Անիով չենք սահմանափակվելու, քանի որ ես էլ, Արամն էլ ուզում ենք, որ շատ բալիկներ ունենանք: Ես մեր ընտանիքում միակն եմ եղել, փառք Աստծո, Արամը ունի ե՛ւ եղբայր, ե՛ւ քույր, բայց մենք որոշել ենք, որ մեր ընտանիքը պետք է մեծ լինի, որ Անին ե՛ւ քույր ունենա, ե՛ւ եղբայր ունենա, որպեսզի երբեք մենակ չլինի»:

 

- Հրածին, հիմա, ըստ էության, Արամը ի պաշտոնե շատ է ծանրաբեռնված աշխատանքով, իսկ Դուք քանի որ ամենալավ` բալիկին մեծացնելու գործով եք զբաղված,  հավանաբար ավելի քիչ ժամանակ եք տրամադրում աշխատանքին: Այ, երբ որ լրագրող կինը տանը սպասում է ամուսնուն, որը ուշ է վերադառնում աշխատանքից, արդյոք կոնֆլիկտը պատրաստ չէ՞...

- Միանգամից ասեմ, որ կոնֆլիկտներ չեն լինում, անգամ լինում են դեպքեր, երբ Արամը առավոտյան 8:00-ին գնում է աշխատանքի եւ ուշ վերադառնում է, երբ Անին արդեն քնած է, այսինքն՝ մի ամբողջ օր հայր ու աղջիկ չեն կարողանում շփվել: Բայց ես լավ գիտեմ, թե ինչ աշխատանք է կատարում Արամը, եւ ես հարգում եմ նրա աշխատանքը, այդ իսկ պատճառով էլ մեր ընտանիքում կոնֆլիկտներ չեն առաջանում: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես հիմա աշխատում եմ մոտավորապես 4 ժամ եւ պիտի ասեմ, որ մեր կոլեկտիվում բացառիկ որակներով մարդիկ են հավաքված, ովքեր ըմբռնումով են մոտենում իմ կարգավիճակին եւ ամեն հարցում ընդառաջում են, որի համար ես իհարկե շնորհակալ եմ:

- Այն, որ բալիկները մեր կյանքի ողջ իմաստն են ու մեր հարստությունը, դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող: Բայց այս կարծիքից դուրս՝ մի հստակեցում. արդյոք այս ժամանկահատվածում, երբ արածդ գործը ինչ-որ տեղ կիսվում է, չի՞ վտանգվում հետագա կարիերայի հարցը. չէ՞ որ այն, ինչ այսօր կա, տարիներով ձեռք բերածի արդյունք է:

- Ես մինչեւ Անիի ծնվելը հասցրել եմ եւ իմ աշխատանքի հաջողությունները տեսնել, եւ այդ հաջողության բերկրանքը զգալ, եւ դժվարությունները ճաշակել, քանի որ ամեն ինչ հարթ չի եղել. նույնիսկ կշեռքի նժարին չեմ դնում` ընտանի՞քը, Անի՞ն, թե՞ աշխատանքը: Կյանքում ամեն ինչ իր տեղն ունի, բայց այս պահին իմ կյանքում առաջնահերթ ու գերակշռող տեղում, բնականաբար, մեր ընտանիքն է ու Անին, եւ համոզված եմ, որ եթե երկրորդ, երրորդ բալիկն էլ ունենանք, ամեն ինչ այդպես է լինելու: Ես հասցրել եմ բավարարվել իմ աշխատանքով ու նրա տված արդյունքով, հետեւաբար ինձ համար այս ժամանակահատվածի ռիթմի մեջ տեղավորվելը դժվար չէ:

- Ասացիք, որ աշխատանքին ավելի քիչ ժամանակ եք տրամադրում, եւ որ կոլեկտիվն էլ Ձեր դրության մեջ մտնում է: Այդուհանդերձ, այս ընթացքում ի՞նչ նյութեր է լուսաբանում Հ. Սաֆարյանը, քանի որ մինչ այս լուսաբանում էիք գրեթե բոլոր պետական այցերը: Եվ բացի այդ, այսօր, երբ հետադարձ հայացք եք գցում Ձեր արած գործին, ո՞ւմ եք շնորհակալ՝ լրագրության, մասնավորապես Հ2-ում կայանալու համար…

- Նախ ասեմ, որ առաջին կուրսի ուսանողուհի էի, երբ ոտք դրեցի Հ2, այն ժամանակ՝ «Պրոմեթեւս», ու պիտի ասեմ, որ իմ բախտը բերեց, որ ես լավ մարդկանց հանդիպեցի, ովքեր իմ կյանքում` աշխատանքիս մեջ մեծ դեր ունեցան եւ օգնեցին ինձ, որ ես համարձակ քայլերով առաջ շարժվեմ: Այստեղ ես առաջինը պիտի նշեմ Հ2-ի տնօրեն Սամվել Մայրապետյանին, ով ինձ երիտասարդ տարիքում ընդունեց աշխատանքի, այն էլ՝ միանգամից «Լրաբեր» հաղորդաշարում: Մեկ-մեկ ինքս ինձ հարցնում եմ, թե ինչպես եղավ, որ այդքան փոքր աղջկան ընդունեցին աշխատանքի, բայց նաեւ ուրախանում եմ, որ ամեն ինչ այդպես է ստացվել: Ես պիտի հիշեմ նաեւ այն ժամանակվա «Լրաբեր»-ի ղեկավար Արամ Սաֆարյանին, որը նույնպես մեծ լումա է ունեցել իմ աշխատանքի մեջ, քանի որ նա ինձ շատ բան է սովորեցրել: Սկզբում մշակութային լուրեր էի մեկնաբանում, որն, ի դեպ, ամենադժվար ոլորտն է, իսկ հետո կամաց-կամաց, էլի պրն Սաֆարյանի «թեթեւ» ձեռքով, արտաքին հարաբերություններ սկսեցի լուսաբանել, հետո՝ նախագահական, քարոզարշավ, ու այդպես հասա քաղաքական ոլորտին, թեեւ ես ամեն թեմայի շուրջ էլ սիրում եմ գրել, ասեմ ավելին՝ մեզ մոտ չկա լրագրող, որը չի կարողանում ցանկացած թեմայի շուրջ գրել: Կան, իհարկե, լրագրողներ, որոնք իրենց նախասիրությունների շրջանակներում ավելի են խորանում այս կամ այն թեմայի մեջ, բայց եթե պետք լինի, բոլորս էլ ամեն ինչ լուսաբանում ենք, քանի որ մենք դա մեր թիմի համար ենք անում: Ասեմ նաեւ, որ պրն Սաֆարյանի՝ օրենսդիր մարմնում աշխատանքի անցնելուց հետո մեր թիմում, փառք Աստծո, բան չփոխվեց, մեր միջավայրը չփոխվեց, քանի որ շնորհիվ մեր ղեկավար, մեր ընկեր Շավարշ Գեւորգյանի ամեն ինչ ճիշտ հունով առաջ շարժվեց, նա մեզ բոլորիս հասկանում է, ընդառաջում եւ ըմբռնումով է մոտենում, մանավանդ՝ այն մարդկանց, ովքեր ընտանիք եւ բալիկներ ունեն: Իսկապես մեզ մոտ շատ առողջ մթնոլորտ է, ինչն, ըստ իս, ամենաառաջնահերթ պայմանն է արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար: Ես կեղծավոր բաներ չեմ ասում, ով էլ որ դրսից մի քանի րոպեով ներս մտնի եւ տեսնի, թե ինչ մթնոլորտում ենք մենք աշխատում, կհասկանա, որ ես դեռ մի բան էլ քիչ եմ խոսում այդ մասին:

- Հրածին, այդքան անկեղծ ու լավ բաներ ասացիք Ձեր աշխատավայրի մասին: Եվ քանի որ հիմնականում երկու երնեկ մի տեղ չի լինում, ուզում էինք, այնուամենայնիվ, հարցնել՝ արդյոք այդ ջերմ ու հաճելի մթնոլորտից բացի, գո՞հ եք նաեւ Ձեր ստացած աշխատավարձից, թե՞ ոչ:

- Իհարկե, շատ կարեւոր է նաեւ ֆինանսական մասը եւ բարեկեցիկ կյանքով ապրելը, բայց ես միայն հացիվ չէի կարող ապրել, քանի որ ես չէի կարող աշխատել մի տեղ, որտեղ ինձ ավելի շատ են վարձատրում, քան Հ2-ում, բայց ամեն օր աշխատանքի գնայի՝ նյարդային վիճակների մեջ ընկնելով ու սթրես տանելով: Երեւի մի քիչ ռոմանտիկ բաներ եմ ասում, բայց մարդը պետք է աշխատի այնտեղ, որտեղ իրեն հաճելի է: Ես չեմ դժգոհում, բայց իհարկե լավ կլիներ, որ մեր լրագրողները այսօր ավելի շատ վարձատրվեին ու ավելի օբյեկտիվ աշխատեին: Բայց ես լավատես եմ եւ կարծում եմ, որ մի օր կգա, երբ բոլորս էլ բարեկեցիկ կյանքով կապրենք:

- Եթե դեմ չեք, լրագրության անվերջանալի թեմայից անցում կատարենք դեպի բուն իշխանավորի կնոջը եւ ճշտենք, թե ոչ միայն հացիվ ապրող Հրածին Սաֆարյանը ինչպես է իրեն զգում Արամ Անանյանի կողքին եւ ինչ կերպ է ապրում:

- Նորմալ ապրում ենք` առանց ավելորդ ցուցադրականության: Արամը ինձ համար լավ ընկեր է, ուշադիր ու հոգատար ամուսին է եւ ամենակարեւորը` ընտանիքի լավ հայր: Մենք բավարարվում ենք մեր ունեցածով, բայց կարեւորում ենք, որ ընտանիքում մշտապես առողջ ու խաղաղ մթնոլորտ լինի:

- Արամից հաճախակի՞ եք նվերներ ստանում:

- Այո, այդ հարցում Արամը անգերազանցելի է: Նա մշտապես, առանց առիթի կարող է ինձ անակնկալ նվերներ. մատուցել, եւ ես դա շատ եմ գնահատում: Գիշերը ժամը 2: 00-ին նա կարող է դուռը բացել ու ծաղիկներով ներս մտնել: Իսկ վերջին նվերը, որ ստացել եմ ամուսնուցս, «Նոթբուքն» էր, որն իմ աշխատանքի ընթացքում շատ է պետք գալիս: Ի դեպ, նա առավել ուշադիր է մեր աղջնակի` Անիի հանդեպ, եւ պիտի ասեմ, որ գործուղումների գնալիս Արամը երբեք ավանդույթը չի խախտում եւ Անիի համար բերում է գեղեցիկ ու ինքնատիպ տիկնիկներ, այսօր աղջիկս տիկնիկների մեծ ընտրանի ունի:

- Ի դեպ, ինչպե՞ս ծանոթացաք Արամի հետ, եւ ե՞րբ հասկացաք, որ գտել եք Ձեր կյանքի երկրորդ կեսին:

- Մինչ մեր ծանոթությանն ու ամուսնության անդրադառնալը, նախ մի մի էպիզոդ պատմեմ, որ սրանից մի հինգ տարի առաջ է տեղի ունեցել. ԱԳՆ-ի շենքի մոտ «ստենդափ» էի արել ու ռեպորտաժ էի պատրաստել, բանից պարզվում է` Արամը այդ ռեպորտաժը տեսել էր ու ընկերոջն ասել. «Էս աղջկա հետ եմ ես ամուսնանալու»: Դրանից հետո մեր ընդհանուր ընկերներից մեկի հրավերքի ժամանակ երբ Արամը ինձ տեսնում է, ասում է` վայ, էս էն աղջիկն ա, ու հետո, սովորական մարդկանց նման, սկսեցինք շփվել, իսկ երկրորդ հանդիպումը եղավ հեռուստաընկերությունում, երբ Արամը իր ընկերների հետ միասին եկել էր տեսագրության հետ կապված ինչ-որ հարցեր ճշտելու:

- Դե, երեւի դա ուղղակի «մահանա» էր…

- «Մահանա» չէր, լավ էլ մտածված էր եկել, հետո նա ինձ հրավիրեց «Ջազվե», եւ ընդհանրապես «Ջազվե»-ն մեծ դերակատարում ունեցավ մեր կյանքում: Ու թեեւ այդ ընթացքում իմ ու Արամի ընկերները արդեն լավ գիտեին, թե ինչ կա Արամի մտքում, եւ տեղյակ էին նրա մտադրություններին, բայց չգիտեին, թե ես ինչ եմ մտածում այդ առթիվ: Այդուհանդերձ, մենք շարունակեցինք պարբերաբար հանդիպել, անընդհատ հետաքրքիր քննարկումներ անել, զրուցել, կիսվել, իսկ մի օր էլ երբ Արամը ինձ տուն էր ճանապարհում, ես նրան ասացի՝ դե լավ, հաջողություն, երեւի էլի կհանդիպենք, ինքն էլ պատասխանեց՝ «ոչ միայն կհանդիպենք», ու ես հասկացա, որ ինչ-որ բան կա, եւ որ ինքս էլ ինչ-որ բան իմ մեջ եմ զգում: Մի օր էլ, երբ Արամի հետ քայլում էինք, Արամի մայրիկը զանգեց նրա «ձեռքին» ու մեզ հրավիրեց իրենց տուն: Գնացինք, շատ ջերմ մթնոլորտում շատ հաճելի հանդիպում տեղի ունեցավ, եւ ես ինձ շատ հարազատ զգացի Արամենց տանը ու հասկացա, որ շատ լավ մարդկանց եմ հանդիպել: Հետո Արամը եկավ ծնողներիս հետ ծանոթանալու, դրանից հետո մենք նախ Արամի քույրիկին ու եղբորը ամուսնացրեցինք, հետո նոր մենք ամուսնացանք: Երեք տարի շարունակ հարսանիքների մեջ էինք:

- Ձեր հարսանեկան արարողությունը ինչպե՞ս անցավ, պահպանեցի՞ք բոլոր հայտնի ավանդույթները, թե՞ չնախատեսված սցենարներ էլ եղան:

- Իհարկե, հայկական ավանդական հարսանիք արեցինք. լավաշ, մեղր, ափսե, ամեն ինչ եղել է մեր հարսանիքի ժամանակ, բայց ամենակարեւորն այն էր, որ շատ ուրախ անցավ մեր հարսանիքը, մեր բոլոր ընկերները, հարազատներն ու մտերիմները կիսում էին մեր ուրախությունը, չկար մի մարդ, որը չուրախանար մեր հարսանիքի ժամանակ: Հարսանիքից հետո Արամի հետ գնացինք Ծաղկաձոր ու այնտեղ էլ մեկ շաբաթ մնալուց հետո վերադարձանք, քանի որ ե՛ւ ես, ե՛ւ Արամը պիտի աշխատանքի գնայինք: Հիմա երբ հիշում եմ մեր հարսանեկան արարողության բոլոր դրվագները, նորից նույն համոզմանն եմ գալիս, որ ոչինչ բաց չենք թողել, քանի որ ամեն ինչ շատ գեղեցիկ էր ու ինքնատիպ:

- Իսկ Արամենց տուն հարս գնալուց հետո Անանյանների ընտանիքում շո՞ւտ անցավ ադապտացիոն շրջանը, թե՞…

- Իմ հայրական օջախում ստացած ջերմությունս կրկնապատկվեց, երբ ոտք դրեցի Անանյանների ընտանիք, ավելին, ամուսնությունից հետո իմ ընտանիքը մեծացավ, չունեի քույր, եղբայր, դա էլ ունեցա, ովքեր ինձ համար այսօր շատ թանկ են:

- Ի դեպ, Ձեր սկեսրայրի` ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի հետ ջե՞րմ են Ձեր հարաբերությունները, եւ երկրորդ՝ որպես լրագրող, ի՞նչ եք անում եւ ի՞նչ եք զգում, երբ Լ. Անանյանի մասին մամուլում վատ բաներ են գրում:

- Մենք սովորաբար ընտանիքում նման հարցերի շուրջ քննարկումներ կատարելու շատ ժամանակ չենք գտնում, բայց երբ որ ես ինքս հանդիպում էի նմանատիպ հրապարակումների, նախ տխրում էի ու հետո բարկանում, թե ինչպես կարելի է այդքան սուտ բաներ գրել: Բայց ինչ արած, այդ մարդկանց էլ պետք է ներել ու հասկանալ, թե ինչու են դա անում:

- Իսկ հիմա Արամենց ընտանիքի հե՞տ եք ապրում, թե՞ առանձին:

- Մենք մեկ տարի ապրել ենք Արամենց տանը, հետո տեղափոխվել ենք իմ ծնողների մոտ, քանի որ մայրիկս Անիին խնամում է, մինչեւ որ մոտ ժամանակներս կունենանք մեր սեփական բնակարանը:

- Իսկ ինչպիսի՞ն է Հրածին Սաֆարյանը հագուկապի հարցում, եւ հասցնո՞ւմ եք հաճախակի թարմացնել Ձեր զգեստապահարանը եւ ինչի՞ն եք հատկապես մեծ ուշադրություն դարձնում:

- Ինձ համար շատ կարեւոր է «դրեսս կոդ» ասվածը, քանի որ չի կարելի նախագահական նստավայր, դեսպանատուն գնալ մի հագուստով, որը չի համապատասխանում տվյալ ինստիտուտի չափորոշիչներին: Ես այդ ամենին հետեւում եմ, բայց չեմ կարեւորում, որ հագուստդ անպայման բրենդային լինի: Կարեւորը ճիշտ եւ կոկիկ հագնվես, թեեւ Արամը ինձ միշտ օգնում է այդ հարցում եւ առիթ չի տալիս, որ ես ինձ մոռանամ, քանի որ ես հիմա ավելի շատ մանկական խանութներով եմ շրջում ու Անիի համար եմ զգեստներ գնում:

- Իսկ պարզե՞լ եք, թե Անին ում է շատ սիրում եւ ում կողքին է իրեն ավելի լավ զգում:

- Դե, իմ մասով որեւէ բան չեմ ուզում ասել, բայց պիտի անկեղծ լինեմ ու ասեմ, որ նա շատ սիրում է Արամին եւ անչափ կապված է նրան, անչափ շատ է սիրում Լեւոն պապիկին, եւ միայն տեսնել է պետք, թե պապ ու թոռ ինչպես են իրենց սերը փոխանցում իրար. դա իրոք նախանձելի իրավիճակ է, որի համար ես իհարկե շատ ուրախ եմ ու հպարտ:

Զրույցը` ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում