shahnazarovԱյսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՈՎԻ «Սպիտակ վագր» ֆիլմի հայաստանյան պրեմիերան:

Ավելի ուշ այն ցուցադրվելու է նաև հեռուստատեսությամբ: Ֆիլմը ռազմական թեմայով է, բայց առանձնահատկությունն այդքանով չի սահմանափակվում: Երեկ այդ մասին հայտնեց լրագրողներին «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը. «Ռազմական թեմայով կինո նկարելը իսկական արկած է, ծանր աշխատանք: Այլ բան է 4-5 դերասանով մի սենյակում նկարահանումը, մեկ այլ բան՝ միանգամից 40-50 տանկով տեսարանը: Ֆիզիկական մեծ աշխատանք է պահանջվել: Ինչքան մեծանում, այնքան հասկանում ես, որ դա պետք է անել հենց հիմա: Այս ֆիլմում ես ոչ թե ֆորմալ պրոդյուսեր եմ, ինչը հաճախ պատահում է, օրինակ, խնդրում են անունս լուսագրում գրել, այստեղ ես իսկական պրոդյուսերն եմ: Աշխատել եմ սկզբից մինչև վերջ»,-ասաց բանախոսը:

Կարեն Շահնազարովի ֆիլմի սցենարի հիմքում ընկած է գրող, պատմաբան Իլյա Բոյաշովի «Տանկիստը կամ սպիտակ վագրը» պատմվածքը: Ֆիլմի սյուժեի համաձայն, խորհրդային բանակի սերժանտ Իվան Նայդենովը, որի կերպարը մարմնավորում է դերասան Ալեքսեյ Վերտկովը, հրաշքով փրկվում է վառվող տանկից եւ մահացու մարտի է բռնվում «Սպիտակ վագրի»՝ գերմանական ուրվական-տանկի հետ: Կարեն Շահնազարովն ավելի վաղ հայտարարել է, թե ֆիլմը նկարահանվել է 3,5 ամսվա ընթացքում: Մարտական դրվագների մեծամասնությունը նկարահանվել է առանց համակարգչային գրաֆիկայի օգնության: Ֆիլմի բյուջեն կազմում է 11 միլիոն դոլար:

«Ռուսական կինոարտադրության 60 տոկոսը հայերի ձեռքում է»,-կատակեց Շահնազարովն ու ավելացրեց. «Հայկական կինոյի ամենաիրական շուկան Ռուսաստանն է և այդ ուղղությամբ պետք է աշխատել: Հայաստանը փոքր երկիր է՝ փոքրաթիվ բնակչությամբ, իսկ կինոն շուկա է պահանջում: ԽՍՀՄ տարիներին այդ խնդիրը չկար»: Կարեն Շահնազարովը չբացառեց նաև Արցախի մասին ֆիլմ նկարահանելու հավանականությունը. «Կոնկրետ գաղափար չկա, բայց ժամանակ առ ժամանակ մտածում եմ դրա մասին, հնարավոր է՝ առաջիկայում աշխատեմ այդ ուղղությամբ»: Բանախոսը  ասուլիսի վերջում առավել անկեծ լինելով նշեց. «Ինձ համար միանշանակ Հայաստանն առաց Ռուսաստանի, Ռուսատանն էլ առանց Հայաստանի չի կարող լինել»:

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ